статьи

Аргумент Армении зашел в тупик

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության չճանաչված լինելու փաստը հաճախ որպես արգումենտ օգտագործվում է մեր փաստարկների դեմ: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշվող այն փաստարկը, որ մենք ԼՂՀ անկախությունը ճանաչելով կվնասենք բանակցային գործընթացին, ինքնին արդեն փակուղի է մտել, որովհետեւ ոչ ոք չի խոսում այդ նույն գործընթացի մասին, թե ինչ տենդենցներ գոյություն ունեն այնտեղ: Էլ չեմ խոսում այն մասին, որ հայկական կողմը երբեք չի ընդունել, որ Ղարաբաղը չի մասնակցում գործընթացին, այսինքն բանակցային պրոցեսի կոնկրետ ֆորմատն ինքնին խոցելի է:

Բացի այս, միջազգային հանրության կողմից առաջարկված է շատ կոնկրետ առարկա, որի շուրջ բանակցություններ կլինեն: Այսինքն, ՄԽ-ի մասին խոսելով, մենք ոչ միայն ֆորմատի, այլեւ առաջարկված առարկայի մասին ենք խոսում: Ո՞րն է այդ առարկան: Այն, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի կոնֆլիկտի կողմերի բանակցությունների միջոցով՝ ՄԽ շրջանակում: Այսինքն՝ Հայաստանին եւ Ադրբեջանին տրված է իրավունք Ղարաբաղի ստատուսը որոշելու: Կոնկրետ Ղարաբաղի ժողովրդին ընդամենը կարծիք արտահայտելու՝ համաձայնվելու կամ չհամաձայնվելու իրավունք է տրված:

Այս է այն առարկան, որի շուրջ բանակցում են: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իրենց՝ բանակցություններին մասնակցելու միակ նպատակն այն է, որ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը որոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Հայաստանն ասում է, որ ԼՂ ստատուսի խնդիրն առեւտրի առարկա չէ, եւ Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել: Ինչի՞ մասին ենք խոսում, չգիտենք, բայց էականն այն է, որ ամեն օր հայտարարելով, թե ստատուսի խնդիրը դա բանակցության միջոցով լուծելու խնդիր չէ, Հայաստանն ամեն օր շարունակում է այդ բանակցությունները Ադրբեջանի հետ՝ դրանով իսկ ճանաչելով Ադրբեջանի իրավունքը՝ որոշելու Ղարաբաղի ստատուսը: Սա է ամենաֆունդամենտալ արատը, որ գոյություն ունի բանակցություններում, եւ որից էլ ծնվում են մյուս բոլոր խնդիրները:

Ի՞նչ հույսեր ունի Հայաստանն այստեղ, պարզ չի ասվում: Արտաքին աշխարհի միջոցով ստիպել Ադրբեջանին, որ նա համաձայնվի՞, թե՞ ուղղակի ժամանակ ձգել: Տվյալ պահին դա էական չէ, էականն այն է, որ այս պրոցեսն ինքնին միայնակ չէ: Ադրբեջանը վաղուց սովորել է միջազգային տարբեր կազմակերպություններն օգտագործելով՝ ինչ-որ լծակներ ստեղծել եւ ազդել ՄԽ համանախագահների վրա, որ նրանք ընդունեն իր առաջարկած տարբերակը: Մենք դրա արտահայտությունը տեսնում ենք տարբեր բանաձեւերի եւ գնահատականների միջոցով:

Հայկական կողմը միայն մի բան է անում՝ ցույց է տալիս, որ պայքարում է, որ Ադրբեջանը ոչ մի կերպ պրոցեսը չհանի ՄԽ-ից, այսինքն օգնում է Ադրբեջանին՝ թողնելով այս ֆորմատը: Սրանից ելնելով է, որ շատերը կարծիք ունեն, թե Հայաստանը եւս պետք է նոր քարտեր դնի սեղանին, իսկ միակ լուրջ փաստարկն այն է, որ ԼՂ ստատուսի խնդիրը չի կարող բանակցային առարկա լինել: Եթե հայտարարում եք, որ դա մեզ համար միանշանակ է, դուք իրավունք չունեք դա քննարկել Ադրբեջանի հետ, իսկ դա անելու լավագույն ձեւը ԼՂՀ անկախության ճանաչումն է: Ճանաչում եք, եւ հարցը հանվում է բանակցությունների սեղանից, չեք ճանաչում, պահպանում եք ստեղծված իրավիճակը եւ միջազգային ասպարեզում այս տենդենցները շարունակվում են: