статьи

Տեղեկատվական միասնական քաղաքացիական դաշտ ձեւավորելու առաջարկ ԶԼՄ-ների խմագրերին եւ լրագրողներին

Հարգելի գործընկերներ,

Գաղտիք չէ, որ Հայաստանում իշխանությունը դե ֆակտո չի պատկանում ժողովրդին։ Հանրության պարբերաբար փորձերը հաստատել սեփական իշխանությունը մշտպես ձախողվում են։ Կարծում ենք, որ դրա հիմնական պատճառներից մեկը պետական իշխանություն ձեւավորելու հանրության նվազ կարողություններն են։ Եթե հանրությունը կարողանար ճիշտ գնահատել իրավիճակը, հստակ խնդիրներ ձեւակերպել եւ գտնել իրավիճակից դուրս գալու մեխանիզմները, ապա հնարավոր կլիներ հաղթահարել սեփական իշխանությունը հաստատելուն խոչընտդոտող տարբեր օբյեկտիվ գործոնները եւ արդյունքում մեծապես կմեծանար հաջողության հասնելու հավանականությունը։

Կա տեսակետ, որ հանրության վերոնշյալ վիճակը մեծապես պայմանավորված է վերջինիս ապակողմնորոշված լինելու հանգամանքով։ Հանրության գիտակցության մեջ սիստեմատիկորեն ներդրվում են ապակողմնորոշող տեղեկատվական բանաձեւեր, ինչի արդյունքում ձեւավորվում են կեղծ համոզմունքներ։ Ինչպես ցույց է տալիս փորձը անկախ ԶԼՄ-ներն առանձին ի վիճակի չեն ադյունավետ կերպով դիմադրել այս երեւույթին։

Անկախ ԶԼՄ-ների ազդեցությունը հանրության վրա տաբեր միջոցներով (ֆինանսական խնդիրների հարուցում, անկախ հեռուստատեսություններին արտոնագրերի չտրամադրում, հակահասարական, հակադեմոկրատական արժեքների, ատելության, բռնության քարոզչություն, անկախ փորձագետների, լրագրողների վարկաբեկում, կեղծ «ընդդիմադիր ԶԼՄ-ների» ստեղծում, լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումներ եւ այլն ) նպատակաուղված կերպով մշտապես չեզոքացվում է։

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ ենք գտնում միասնական քաղաքացիական տեղեկատվական հատուկ քաղաքականություն վարելու միջոցով ձեւավորել հակամենաշնորհային տեղեկատվական դաշտ։ Դա հնարավոր է, եթե անկախ ԶԼՄ-ները միասնական ջանքերով առաջ քաշեն այնպիսի դիսկուրս, այնպիսի թեմաներ եւ հարցադրումներ, որոնք, տեղեկատվական դաշտում կամրագրեն պրոդեմոկրատական, առաջադեմ հանրության ապակլանային, համակարգային դեմոկրատական ռադիկալ փոփոխությունների, իշխանափոխությանը հանգեցնող քաղաքացիական դիմադրության օրակարգը եւ կստիպեն իշխանական քարոզչամեքենային (որը հիմնված է կլանային մտածողության վրա եւ որը չի աշխատում, երբ վերջինս չի կարողանում սահմանել «կոնկրետ կերպարանքով թշնամուն») կատարել այնպիսի քայլեր, որոնք կթուլացնեն սեփական դիրքերը եւ հակառակը՝ կուժեղացնեն անկախ ԶԼՄ-ների ազդեցությունը։

Հակամենաշնորհային տեղեկատվական դաշտի ստեղծմանը նպաստելու համար առաջարկում ենք հիմնել անկախ ԶԼՄ-ների խմբագիրների եւ լրագրողների մասնակցությամբ շաբաթը մեկ պարբերականությամբ իրականացվող «կլոր սեղանի» ձեւաչափ։