статьи

Какое будущее ждет политическую систему Арцаха?

2020-05-09

Ներկայումս Արցախում առավել քննարկվող թեման երկրի քաղաքական համակարգի ապագան է: Անցկացված համապետական ընտրություններն արդիականացրել են հնարավոր փոփոխությունների սպասումները: Արցախում քաղաքացիների ազատ կամքը ճնշող ռազմաքաղաքական կոշտ վարչակարգի գոյության 28 տարիները հասարակությանը դուրս էին մղել սեփական ճակատագրի վրա ազդելու որեւիցե հնարավորությունից: Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը հույս ներշնչեց, որ 1991 թվականից հետո առաջին անգամ Արցախի ժողովուրդը հնարավորություն է ստացել ազատ ընտրությունների միջոցով կազմավորելու պետական կառավարման մարմիններ: Սակայն 2020 թվականին անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը եւ Արցախի ու Հայաստանի գործող իշխանություններն այդպիսի ընտրությունների անցկացմանը պատրաստ չէին: Կաշառման եւ ընտրակեղծիքի մեքենան դրսեւորեց իր արդյունավետությունը: Երկրի քաղաքական համակարգի ապագան նորից հայտնվեց սպառնալիքի տակ:

Արցախում իրավական պետություն կառուցելու` 1991 թվականին հայտարարված գործընթացն աղճատվել է գրեթե ամենասկզբից` 1992 թվականի կեսից: Դրանում առանցքային դեր են խաղացել Հայաստանի եւ Արցախի` տարբեր կուսակցական պատկանելություն ունեցող իշխանությունների միջեւ հակասությունները: 1991 թվականի դեկտեմբերին Անկախության հանրաքվեի անցկացումից հետո տեղի են ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները: Կազմավորվել էին կառավարությունը եւ Ինքնապաշտպանության ուժերի շտաբը: Բայց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահից հետո եւ ռազմական պարտությունների խորապատկերին քաղաքական համակարգի արմատական ձեւափոխություն անցկացվեց: Ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ) Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որի ենթակայության տակ էին դրվել կառավարությունը եւ Ինքնապաշտպանության ուժերի շտաբը: Իրավակարգը կամայականորեն խախտվել էր քաղաքական նպատակահարմարության նկատառումներով: Արթուր Մկրտչյանի կողմից նշանակված` Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը հեռացվեց պաշտոնից եւ նրա տեղը նշանակվեց Սամվել Բաբայանը:

Պատերազմի ավարտից հետո պաշտոնական պետական ինստիտուտները վերականգնելու փորձերն անհաջողության էին մատնվել: Քոչարյանն ընտրվել էր նախագահ, սակայն իրական իշխանությունը հայտնվել էր այն ժամանակ արդեն ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ձեռքում: Շատ շուտով նա հաստատեց ռազմաքրեական դիկտատուրա, որն իրեն էր ենթարկել բոլոր պետական հաստատությունները: Բռնաճնշումների մեքենան ավարտուն տեսքի էր բերվել:

Ընդհուպ մինչեւ 1999 թվականը տվյալ վարչակարգը ոչ միայն կայուն գործում էր, այլեւ սկսել էր քաղաքականապես ծավալվել ՀՀ տարածքում: Հայաստանի խորհրդարանում ինչ-որ պահի նույնիսկ Սամվել Բաբայանի աջակցությունը վայելող խմբակցություն էր գործում: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Բաբայանի դրությունը ծայրաստիճան թուլացել էր, ինչը հանգեցրեց ղարաբաղյան բանակի հրամանատարի պաշտոնանկմանը: Հնարավորություն առաջացավ պետական հաստատությունների օրինական գործառույթների վերականգնման եւ հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման համար: Սակայն այդ ժամանակաշրջանը կարճ տեւեց` ընդամենը մինչեւ 2004 թվական, երբ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում ընտրողները մերժեցին գործող իշխանությունների թեկնածուին եւ ընտրեցին անկախ թեկնածու Էդուարդ Աղաբեկյանին: Իրենց դիրքերը պաշտպանելու համար իշխանությունները կազմավորեցին նոր կուսակցություն գործարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

2005 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այդ կուսակցությունը ստացավ ձայների մեծամասնությունը եւ կազմավորեց ԼՂՀ կառավարությունը: Բակո Սահակյանի իշխանության գալով` որպես նախագահի պաշտոնի համար իշխանությունների միասնական թեկնածու, բավական արագ կերպով բռնաճնշումների մեքենան վերականգնվեց: Ընդ որում` այն ընդլայնեց իր գործառույթները եւ, փաստորեն, դարձավ ողջ Հայաստանի «ժանդարմը»: Այդ ընթացքում հայ հասարակությունը մեկ անգամ չէ, որ տեսավ այդ վարչակարգի գազանային երախը (2008-ի մարտի 1-ի իրադարձությունները, Բերձորի դեպքերը, Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու պատմությունը): ՀՀ-ում իշխանափոխությունից հետո բռնաճնշումների մեքենան Արցախում զգալի խափանումներ տվեց: Սակայն Հայաստանի հեղափոխական իշխանությունների թողտվությամբ 2020 թվականի համապետական ընտրություններում Արայիկ Հարությունյանը եւ նրա կուսակցությունը կարողացան տիրանալ նախագահի պաշտոնին ու Արցախի խորհրդարանի պատգամավորական մանդատների մեծամասնությանը:

Իրավիճակը կախվել է օդում: Խնդիրն այն է, որ Հարությունյանը շատերի կողմից դիտարկվում է որպես օլիգարխ: Հատուկենտ մարդիկ են նրա անվան հետ կապում հասարակության ազատ կամքի ճնշամեքենայի վերջնական ապամոնտաժման հնարավորությունը: Ընդհակառակն` մեծամասնությունը տագնապում է, որ նոր նախագահը կգնա այդ մեքենայի արդյունավետությունը վերականգնելու ուղիով:

Իրավիճակը պարզվելու համար քիչ ժամանակ է մնացել: