статьи

Сформируется ли в Армении новая политическая система?

2019-06-28

Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումից մեկ տարի անց երկրում շարունակում է կարեւորագույն խնդիր մնալ նոր քաղաքական համակարգի բնույթը: Կապիտալի թելադրանքից պետական ​​կառավարման ինստիտուտի ձերբազատումը եւ ազատ ընտրությունների մեխանիզմի արմատավորումը հնարավորություն տվեցին քաղաքական գործընթացները դուրս բերել օրինական հուն: Սակայն, որքան էլ տարօրինակ է, քաղաքական կյանքում ստեղծվել է խոր դատարկություն` բոլոր գործող ուժերը կորցրել են երկրի քաղաքական կյանքի վրա իրենց ազդեցությունը: Եվ այս հանգամանքը խորքային պատճառներ ունի:

Հայաստանի անկախ գոյության բոլոր տարիներին քաղաքական համակարգը ձեւավորվել եւ գործել է ազատ ընտրությունների մեխանիզմի բացակայության պայմաններում: Այս հանգամանքն իր հետքն է թողել քաղաքական սուբյեկտների բնույթի վրա: Շարունակաբար ծնվող այդ սուբյեկտներն իրենց համար փնտրում էին կուսակցությունների օրինական գործառույթներին բնավ չհամապատասխանող դերեր: Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էին գործել կուսակցությունները, երբ քաղաքական կյանքում բացակայում էր դրանց գործունեության համար առանցքային պայմանը՝ ազատ ընտրությունները: Ո՞րն էր կուսակցությունների գործունեության իմաստը: Գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունները փնտրում էին իրենց նպատակներին հասնելու այլ ուղիներ:

Այս կուսակցական գործունեությունը հանգեցնում էր գործող վարչակարգերի հետ առեւտրի պայմանների ստեղծման: Իրական արտահայտությամբ` այդպիսի գործունեությունը հանգում էր ընդդիմադիր կուսակցական կոալիցիաների դերում համապետական ​​ընտրությունների մասնակցության՝ եւ հետընտրական զանգվածային բողոքի գործողությունների կազմակերպման: Այս կրկնվող շրջափուլերում կուսակցությունների մի մասը գնում էր վարչակարգի հետ գործարքի եւ օգնում ճնշելու հասարակության մեջ եղած ցանկացած ընդդիմություն՝ առկա վարչակարգից ստանալով քաղաքական եւ ֆինանսական խրախուսանքներ: Ընտրությունների արդյունքում կազմավորվելիք իշխող դաշինքները ստեղծվում էին կոալիցիայի թույլտվություն ստացած բոլոր կուսակցությունների միջեւ ազդեցության ոլորտները բաժանելու նպատակով: Պայմանով, որ կոալիցիայի բոլոր անդամները կպահպանեն վարչակարգի համար միասնական կարգապահություն:

Նման գործելակերպը տասնամյակների ընթացքում մշակել է բազմաթիվ կեղծ-քաղաքական ավանդույթներ: Եվ ամենակարեւորը` շատ քչերն էին հետաքրքրված ազատ ընտրություններով: Այդպիսի ընտրությունները կարող էին միայն խաթարել վարչակարգերի հետ գործարքի հիմքը: Բացի դրանից, այն պահանջում էր, որ կուսակցությունները զբաղվեին իրական կուսակցական գործունեությամբ, որին ոչ ոք պատրաստ չէր, եւ ցանկություն էլ չուներ:

Ի՞նչ տեղի ունեցավ 2018 թվականի «թավշյա» հեղափոխության արդյունքում: Նոր իշխանությունների հետ առեւտրի պայմանները վերացվեցին, կուսակցությունները մնացին ազատ ընտրությունների ողորմածությանը: Եվ միանգամից բոլորը հասկացան, որ ավանդույթ դարձած քաղաքական գործունեության մեթոդները կորցրել են իրենց իմաստը եւ արդյունավետությունը: Տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունները սպառել են իրենց դերը քաղաքական գործընթացում: Ընտրողներն առավելապես անտեսում են նախընտրական ցուցակները` նախապատվություն տալով կամ «հեղափոխական վարչապետի» ցուցակներին, կամ տեղական կլանների թեկնածուներին: Այսինքն` ընտրական գործընթացները տարանջատվել են կուսակցություններից:

Պետք է ակնհայտ լինի, որ նկարագրված իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Անցած տարվա ընթացքում երկրում ձեւավորվել են մի շարք նոր կուսակցություններ, որոնք նոր մոտեցումներ են հռչակում կուսակցական գործունեության համար: Համենայն դեպս, նրանց գործունեության մեջ չի նկատվում Հայաստանի նոր իշխանությունների հետ գործարքի պայմաններ ստեղծելու ցանկություն: Սակայն, առարկայորեն, նրանք դեռ չեն կարող տեսանելի ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:

Բայց այժմ, փաստացի հարցը կարող է լինել այն, թե արդյո՞ք հասարակությունն ունի գաղափարական եւ մտավոր ներուժ՝ արդյունավետ գործող քաղաքական կուսակցությունների ձեւավորման համար: Այս իմաստով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինքնին առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Թվում է` այն պետք է հնարավորություն ունենա դառնալու իրական կուսակցություն: Բայց իշխող քաղաքական ուժի` վերջերս կայացած համագումարը ցույց տվեց, որ այստեղ իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ:

Նախեւառաջ տարբեր մեկնություններ առաջացրեց վարչապետ Փաշինյանի թեզը, թե իրենց կուսակցությունը չի ընդունում որեւէ «իզմ», այսինքն` աշխարհում առկա բոլոր քաղաքական գաղափարախոսությունները մերժվում են: Իրական արժեք են ճանաչվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են`«պետություն», «քաղաքացի», «սահմանադրություն» եւ այլն: Այսպիսի մոտեցումը իրականում մերժում է «կուսակցությունների» հայեցակարգի արժեքը, քանի որ կուսակցությունը չի կարող լինել համընդհանուր երեւույթ («կուսակցության» սահմանումն ինքնին ծագում է «մաս» հասկացությունից):

Այն, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդներն իրականում կուսակցությունը չեն արժեւորում, վկայում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կուսակցության խորհրդի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրենց որոշումը: Ընդ որում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր տարածքային ստորաբաժանումները լուծարվել են: Դժվար չէ կանխագուշակել, որ կուսակցական աշխատանքում նախապատվությունը կտրվի վարչական ռեսուրսին: Բայց ի՞նչ է վարչական ռեսուրսն ազատ ընտրությունների եւ կոռուպցիայի բացակայության պայմաններում: Ոչ ոք նման բան երբեւէ չի տեսել: Եթե ​​կապիտալն առանձնացված է քաղաքականությունից, ապա ո՞ր էներգիայով կարող է գործել վարչական ազդեցության քաղաքականությունը:

Արծարծված բոլոր հարցերը չունեն պատասխան եւ չեն էլ կարող ունենալ: Անհնար է ազատ ընտրությունների ինստիտուտը եւ լրատվամիջոցների ազատությունը նպատակաուղղված արմատավորել քաղաքական կյանքում՝ անտեսելով քաղաքական կուսակցությունների ազատ մրցակցությունը: Իսկ գործունակ կուսակցությունների կայացման համար իրական պայմաններ երկրում դեռ չկան: Թե ուր կարող է տանել վերը նկարագրված գաղափարական խառնաշփոթը, դժվար է կանխատեսել: Առայժմ նկատելի է, որ քաղաքական դատարկությունը լցվում է ապագաղափարական, լուսանցքային տարբեր խմբերի իռացիոնալ ակտիվությամբ: