статьи

Место и роль церкви в монархиях и конституционных государствах

Վերջին երկու տասնամյակում Հայաստանում բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել, որոնց համար ոչ քիչ գումար է ծախսվել։ Սակայն այն հարցը, թե բացի ծիսական ծառայություններ մատուցելուց, այդ նոր եկեղեցիները ինչ խնդիրներ են լուծում, աշխարհայացքային ու հոգևոր առումով ինչ նոր որակ են տալիս հասարակությանը, քննարկումների թեմա չի դառնում։

Եկեղեցին, որպես հոգևոր-հանրային ինստիտուտ, և եկեղեցիները, որպես ճարտարապետական կառույցներ առանձին և միևնույն ժամանակ փոխկապակցված թեմաներ են, որովհետև ժամանակի թռիչքին համահունչ փոխվում են նաև հասարակությունների հոգևոր և աշխարհայացքային պատկերացումներն ու բովանդակությունը, ինչին զուգահեռ փոխվում է նաև ճարտարապետությունը։

Պետք է փորձել հասկանալ, թե ինչ նպատակներին էին ծառայում լայնածավալ եկեղեցաշինությունն առաջ և մեր օրերում։ Քանի որ մենք պատրաստվում ենք քննարկել եկեղեցական ճարտարապետության ճանաչողական ներուժը, ուստի առաջարկում ենք համաձայնվել հեղինակի հետ այն հասարակ ճշմարտության հետ, որ խոշոր և մեծաքանակ եկեղեցիներ ու վանքեր կարող են կառուցել միայն նյութական մեծ հնարավորություններ և վեհ նպատակներ ունեցող հասարակությունները: Չէ՞ որ միայն կենսական պատճառներն ու նպատակներն են կարող մարդկանց հարկադրել, որ տասնամյակներ ծախսեն այդքան թանկարժեք շինություններ կառուցելու համար:
Այդ առումով այնքան էլ հավանական չի, որ միայն հոգու փրկության և աստվածավախության պատճոռներով է հանրությունը կարող իրեն թույլ տալ կառուցել մի տաճար, որն իր արժողությամբ հավասար է այս կամ այն հանրության անդամների բազում սերունդների ստեղծած նյութական հարստություններին:

Լայնածավալ եկեղացաշինության հակվածությունը պետք է ավելի բանական և անմիջականորեն շոշափելի պատճառներ ունենա: Համենայն դեպս, փաստերը վկայում են, որ այս կամ այն տարածքի տնտեսական բարգավաճման աստիճանը հաճախ չի համապատասխանում եկեղեցաշինության ծավալներին: Սրա բացատրությունը կարելի է գտնել մեկ այլ տեսանկյունով խնդիրը դիտարկելու դապքում, այն է` Իշխանության զորեղության աստիճանի ցուցադրությունը:

Եկեղեցու և պետական կազմավորումների միջև կապի հիմնահարցի վերաբերյալ ոչ բոլոր հետազոտություններն են մինչև վերջ պարզաբանում լայնածավալ եկեղեցաշինության հանդեպ տարբեր ժամանակաշրջանների իշխանավորների հակվածության բացառիկ երևույթը: Շատ է ասվում այն մասին, թե եկեղեցին միշտ էլ հասարակական-քաղաքական կյանքի ինստիտուտներից մեկն էր և միապետների իշխանության ամրության անփոխարինելի հենարանը: Այստեղ արժե անդրադառնալ միայն մեկ ասպեկտին` եկեղեցու և միապետական տերության միջև անխզելի կապի բացառիկ երևույթի բուն էությանը:

Խնդիրն այն է, որ այդ հանգամանքի լիակատար ըմբռնման բացակայությունը դժվարացնում է հետևյալ հարցի պատասխանը գտնելը. ժամանակակից սահմանադրական պետություններում ո՞րն է Եկեղեցու և պետության տարանջատման արդի սկզբունքի էությունը: Ավելի ճիշտ` ինչո՞ւ Եկեղեցին կորցրեց իր բազմահազարամյա պետականաստեղծ գործառույթը` այն դեպքում, երբ միապետությունների ողջ պատմությունը սերտորեն կապված է կրոնական այդ ինստիտուտի պատմության հետ: Իսկ այստեղից կհանգենք այն հարցին, թե` ո՞րն է ժամանակակից աշխարհակարգում Եկեղեցու ճակատագիրը:

Կարելի է բավարարվել այն պնդմամբ, որ բոլոր ժամանակների միապետներն աստվածներին (Աստծուն) տուրք էին տալիս` աստվածավախման զգացմունքից ելնելով, հանուն որի զոհաբերում էին իրենց տերությունների հարստությունների նշանակալից մասը: Բայց այդ դեպքում հարկ կլինի պատասխանել հետևյալ հարցին. ինչո՞ւ նման աստվածավախությունը շատերին չէր զսպում վանականներին առանց երկմտանքի սպանելուց: Պատմությունն առատ է այդպիսի դեպքերով: Կամ էլ` պատմութայն մեջ որտեղի՞ց հայտնվեց տարբեր հպատակների կրոնական հակվածությունները հարգելու բացառիկ երևույթը, այսիքն` ինչո՞ւ միապետներն Աստծու տաճարներ էին կառուցում տարբեր հավատքներ ունեցող հպատակների համար: Չէ՞ որ յուրաքանչյուր Եկեղեցի իր միապետին պետք է ներշնչեր սեփական բացառիկության ու մնացյալ Եկեղեցիների, առավել ևս` այլ կրոնների «անհավատության» մասին միտքը: Կարող են նաև բազմաթիվ այլ հարցեր ծագել:

Վեր հանված հարցերը կարող են վկայել միայն այն, որ միապետները կառուցում էին եկեղեցիներ (մզկիթներ, սինագոգներ և այլն), մեծավ մասամբ, ոչ թե հանուն սեփական հոգու փրկության, այլ, ավելի շուտ` իրենց իշխանության պահպանման նպատակից ելնելով: Համատասխանաբար, եկեղեցիներ էին կառուցում, մեծավ մասամբ` իրենց հպատակներին հնազանդեցնելու նպատակով, բայց ո՛չ` հանուն Աստծու: Նման պնդումը կարող է մեզ օգնել շատ ավելի խորն ըմբռնելու միապետական տերությունների բուն էությունն ու ողջ աշխարհով մեկ սփռված լայնածավալ բազմադարյան եկեղեցաշինության բացառիկ երևույթը: Ավելի հեշտ կլինի հասկանալ նաև պատմությունից հայտնի` աստվածավախությամբ ու օրինապաշտությամբ այնքան էլ չփայլող միապետների կենսափիլիսոփայությունը: Որպես արդյունք` ավելի դյուրին կլինի ըմբռնել հասարակությունների և պետությունների պատմության բուն տրամաբանությունը:

Վերոնշյալ պնդումն ամենևին դժվար չէ փաստարկել, եթե կանգ առնենք ցանկացած կրոնական համակարգի առանցքային քաղաքական իմաստի վրա: Բոլոր միապետների «փրկությունն» էր «տիրակալի` Աստծու ընտրյալ լինելու» դրույթը, որն ամրագրված էր ցանկացած կրոնական ուղղության մեջ: «Ցանկացած իշխանություն Աստծուց է»,– ահա՛ այդ դրույթը, առանց որի ոչ մի կրոն հնարավորություն չէր ունենա երկար ժամանակ գոյատևելու: Այս «Աստծո ճշմարտությունը», ըստ եկեղեցական ավանդույթի, կրոնի հետևորդներին մեկնվում էր ամենապարզ ու համոզիչ ձևով, այն է` մարդկանց ներշնչելով, իբր` «աշխարհում միայն մեկն ունի բոլորին իշխելու իրավունք», ինչն էլ դեռ հնուց եկեղեցին վերածեց առանցքային պետականաստեղծ գործոնի:

Բնականաբար, ճշմարտությունն առ այն, որ` «ցանկացած իշխանություն Աստծուց է», շատ ավելի խորն է նման պատմական մեկնությունից: Ներկայումս շատերն են հասկանում, որ այս բանաձևը հետևյալ ճշմարտության արտացոլումն է. «Մարդը կա՛մ իշխում է մեկ ուրիշին, կա՛մ` ոչ»: Այլ կերպ ասած` ուրիշներին կարող է իշխել միայն այնպիսի անձնավորությունը, ով օժտված է այլոց գիտակցությանը տիրելու և սեփական կամքին նրանց ենթարկելու ընդունակություններով: Դա, իրո՛ք, Աստծու շնորհ է և բնավ ոչ բոլորին է ի վերուստ տրված: Սակայն մեզ այժմ հետաքրքրում է այդ հարցի ավանդական եկեղեցական մեկնությունն ու դրա դերը մարդկության պատմության մեջ:

Աստծուն խորը հավատացող հասարակությունները չէին կարող «տիրակալի` Աստծու ընտրյալ լինելու» դրույթն անտեսել: Եթե այդպես չլիներ, ապա մարդկանց պետական միավորումներն ընդհանրապես անհնարին կլինեին: Հասկանալի չէր լինի նաև` եկեղեցական կազմակերպության ռազմավարական իմաստը, քանի որ զորեղ լինելու համար լոկ խրատները թույլ գործոն են: Կրոնն ի սկզբանե պետք է ունենար քաղաքական գործառույթ, այսինքն` մարդկանց հարաբերությունների կանոնակարգման գործառույթ` նրանց բարոյական զարգացվածությունից անկախ: Եկեղեցուն հենց այդպիսի՛ գործիք էր տրամադրում հասարակության հավատը տիրակալի` Աստծու ընտրյալ լինելու մեջ: Դա թույլ էր տալիս եկեղեցիների առաջնորդներին մատնանշել այն անձին, ով Աստծո ընտրյալ է. հասարակությունները կարող էին միայն ծունր դնել ու բացականչել. «Կեցցե՜ տիրակալը»: Իսկ տիրակալին մնում էր Աստծո ունունից օրենքներ «իջեցնել», դրանով հիմք դնելով պետականաստեղծ կյանքին։

Միապետական կարգի պետական կազմավորումների ձևավորման այսպիսի տրամաբանությունը հստակորեն ուրվագծում է եկեղեցու և տիրակալի դերերի, ինչպես նաև` նրանց փոխհարաբերությունների իմաստը: Հենց այստե՛ղ ենք մենք գտնում եկեղեցու զորեղացման ու նրա հեղինակության բարձրացման հանդեպ բոլոր միապետների հակվածության մեկնությունը: Միապետները (նույնիսկ` նրանք, ովքեր Աստծուն չէին հավատում) ստեղծում էին եկեղեցու հենքը, իսկ եկեղեցին պաշտպանում էր հպատակների հավատն առ տիրակալ` Աստծու ընտրյալ լինելի միջոցով: Դրանով իսկ պետական միավորումն ստանում էր իր կայացման ու կայուն գործունեության համար անթերի ամբողջական համակարգ:

Այսպես էր հազարամյակներ, և թվում էր, թե ոչինչ չի կարող փոփոխել առկա վիճակը: Բայց Աստծու հավատը նույնպես կոնկրետ ձևեր ունի: Միշտ գալիս է մի ժամանակ, երբ մարդիկ փոխում են Աստծու ճշմարտությունների մասին իրենց ընկալումը: Այդ առումով, մեզ հետաքրքրում է մեր ժամանակներում եկեղեցու ճակատագիրը` անհրաժեշտ է հակիրճ քննարկել մարդկային խմբակցությունների քաղաքական կազմակերպման սխեմայի որակական փոփոխությունը, իսկ ավելի կոնկրետ` սահմանադրական կարգի պետության էությունը: Այդ ընթացքում պարզ կդառնա նաև` հանրույթների կյանքում եկեղեցու դերի արմատական փոփոխության տրամաբանությունը:

Բնական է, որ, մարդկանց իրավունքների հավասարության սկզբունքի առաջանալուն մեկտեղ, տիրակալների, որպես Աստծու ընտրյալների հանդեպ հավատը պետք է սպառվեր և իր դերը, որպես պետականաստեղծ գործոն, կորցներ:
XVIII դարից սկսած` ազատականության (լիբերալիզմի)` անձի ազատության և հավասարության իդեալների հանդեպ հավատ ընծայած Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի ժողովուրդները իշխանություն ձևավորելիս եկեղեցու առանցքային դերը մերժեցին: Պետությունները սկսեցին կազմավորվել ըստ քաղաքացիների հավասար հիմունքներով համընդհանուր պայմանագրի, այն է` Սահմանադրության հիման վրա, ինչը հանդիսանում է գլխավոր նորմատիվային օրենք։ Եկեղեցին, սեփական կամքի հակառակ` այդ գործընթացից հետ էր քաշվել, ինչը հատուկ ամրագրվեց սահմանադրությունների տեքստերում: Եկեղեցական ինստիտուտի հազարամյա դերը սասանվեց:

Ավելին` Եկեղեցու գլխավոր ինստիտուտներից մեկը կորցրեց իր արդյունավետությունը, այն է` Ճշմարտության մասին վեճը: Ազատական գաղափարախոսությունը պետական կյանքում մերժեց բարձրագույն ճշմարտության իրավունքի մենաշնորհը: Փոխարենը, որպես սահմանադրական պետությունների հիմնական սկզբունքներից մեկը` արմատավորվեց սեփական կարծիքն արտահայտելու ազատության սկզբունքը: Եկեղեցու քաղաքական դերն սպառվեց: Եկեղեցուն վիճակված էր հասարակությունների կենսագործունեության մեջ սկզբունքորեն այլ դեր որոնել: Դրանից եկեղեցաշինությունը չնվազեց, սակայն արմատապես փոխվեց եկեղեցական գործունեության դերը:

Սակայն, աշխարհի ոչ մի անկյունում կրոնական ինստիտուտները վերջնականապես չեն համակերպվել իրենց այդ ճակատագրին։ Ինչպես առանձին երկրներում, այնպես էլ միջազգային հարթությունում նրանք փորձում են պետական կյանքում բանեցնել իրենց ազդեցությունը։ Շատ երկրներում, որտեղ հայտարարվել է իրավական պետություն կառուցելու նպատակը, սակայն որտեղ հաստատվել են օլիգարխիկ ու ավտորիտար ռեժիմներ, եկեղեցիները սերտաճում են իշխանությունների հետ ու նրանց մատուցելով ծառայություններ, ձեռք են բերում լուրջ աջակցություն։
Ավելին, առանձին երկրներում նրանք վարում են կրոնական այլ հանրույթների գոյության մերժման քաղաքականություն, որոնք այլ կրոնական արժեքների են դավանում։ Չեն դադարում նաև ժողովուրդների մեջ սերմանել ինքնության էթնոդավանանքային միասնական վրա հիմնված պատկերացումները։

Այնուամենայնից, պետության մեջ եկեղեցու քաղաքական դերակատարության գործառույթը սպառված է։ Լայնամաշտաբ եկեղեցաշինությունը չի կարող վերականգնել հին փառքը։ Հանրությունների կյանքում, մարդկանց հոգևոր սնունդ տալու գործում, եկեղեցիները կարող են ունենալ լուրջ դերակատարություն, ինչպես նաև հումանիտար ոլորտներում։ Սակայն դա էլ ոչ բոլորին է հաջողվում նպատակների ու ցանկությունների անորոշության պատճառներով։