статьи

Азербайджан. безуспешная попытка фальсификации концепций

Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են անում, հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջավայրում ծավալուն տարամեկնություններ են սկսում հակամարտության կարգավորման միջազգային դիվանագիտությունում առկա իրավիճակի շուրջը: Բացառություն չեղավ նաեւ հերթական հայտարարությունից հետո, որը դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում հնչեց արդեն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին մասնակցող համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների մակարդակով:

Բայցեւայնպես` ներկայում իրավիճակը լիովին հստակ է: Հակամարտող կողմերի եւ միջնորդների մոտեցումներում դեռ երբեք այսքան մեծ որոշակիություն չէր եղել: Եվ դա տեղի ունեցավ Բրատիսլավայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին, երբ Ադրբեջանը հանդես եկավ չափազանց բաց հայտարարությամբ` ԵԱՀԿ Նախարարների խորհրդի մասնակիցներին ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման` պաշտոնական Բաքվի դիրքորոշումը: Սակայն դա կատարվեց որոշ զգուշավորությամբ, քանի որ փաստաթուղթը հրապարակվել էր Սլովակիայում Ադրբեջանի դեսպանության Twitter-ում: Նման փաստաթուղթը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում քննարկման դնելը կնշանակեր Մինսկի խմբի համանախագահների առաջարկած` կարգավորման քննարկվող նախագծից Ադրբեջանի հրաժարում:

Պետք չէ մասնագետ լինել` հասկանալու համար, որ Ադրբեջանն առաջարկում է փուլ առ փուլ իր իրավասությանը հանձնել Արցախի տարածքը եւ նրա կարգավիճակը որոշելու արտոնությունը` համարելով, որ դրա լրիվ իրավունքն ունի: Այսպես` այդ փաստաթղթի համաձայն, առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի լիակատար եւ անվերապահ դուրսբերումը այժմ ԼՂՀ-ի կողմից վերահսկվող տարածքներից: Դրան պետք է հետեւի ադրբեջանցի բնակչության վերադարձը: Հաջորդ փուլով Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը Ադրբեջանի կազմում` Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան:

Առաջադրելով այն գաղափարը, թե կոնֆլիկտային վիճակի կարգավորման իրավական հիմքը Ադրբեջանի Սահմանադրությունն է, վերջինս փաստորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած` կարգավորման սկզբունքներն ու տարրերը: Բայց, քանի որ նույն այդ փաստաթղթում մատնանշված է, որ Ադրբեջանն առաջվա պես հակված է քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը` Մինսկի խմբի շրջանակներում, պարզվում է, որ ԵԱՀԿ-ին, ուղղակի, բանակցությունների նոր օրակարգ է պարտադրվում: Թե ինչու Ադրբեջանն այդպիսի քայլի դիմեց` առայժմ անհասկանալի է: Սակայն այդօրինակ քայլով Բաքուն կասկածի տակ դրեց բուն բանակցությունների հեռանկարը:

Այդ հանգամանքը Հայաստանին թույլ տվեց պարզություն մտցնել կոնֆլիկտային իրավիճակի էության մեջ եւ հիշեցնել հակամարտող կողմերի հանձնառությունները: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի իր ելույթում հայտարարեց, որ Բաքուն խաղաղ կարգավորման նախապայմաններ է ներկայացնում, եւ Հայաստանը մերժում է տվյալ ապակառուցողական մոտեցումը: Այսինքն` Արցախի ժողովրդի իրավասության առնչությամբ Ադրբեջանի պահանջները լեգիտիմ չեն: Հետեւաբար` Ադրբեջանը «պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որեւէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն»:

Հասկանալի է, որ առաջացած իրավիճակը պետք է գնահատական ստանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդպես էլ եղավ: ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ` նշելով, որ նախկինի պես հաստատակամորեն հակված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի միջնորդությանը: Նրանք կողմերին կոչ են անում համագործակցել միմյանց եւ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց կհանձնարարեն շարունակել միջնորդական ջանքերը: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դարձյալ ընդգծել են, «որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ պատճառով մենք կոչ ենք անում կողմերին վարել բարեխիղճ բանակցություններ առանց արհեստական ձգձգումների ու պայմանների»: Նրանք ողջունել են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների` 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո նորից հանդիպելու մտադրությունը:

Այդպիսի հայտարարությունից հետեւում է, որ միջնորդները կողմերին առաջարկում են հրաժարվել բոլոր նախապայմաններից եւ բանակցությունները շարունակել այն կանոնների հիման վրա, որոնք հաստատված են 2009 թվականից: Այլ հեռանկարներ նրանք չեն տեսնում, քանզի համարում են, որ «ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»: Փաստորեն՝ միջնորդները հասկանալ տվեցին, որ բանակցությունների վարման այլ կանոններ եւ այլ օրակարգ չեն լինելու: Հասկանալ տվեցին, որ հակամարտող կողմերն այլ ընտրություն չունեն, քան ամեն ինչ թողնել՝ ինչպես կա, եւ շարունակել կատարել անվտանգության ու հումանիտար խնդիրների մասով արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ամենաշատը դա վերաբերում է Ադրբեջանին ու նրա նոր նախաձեռնությանը: Բաքվի պատասխանը համանախագահների հայտարարությանն առայժմ չկա: Իր դիրքորոշումը համանախագահներին պարտադրել՝ Ադրբեջանը չկարողացավ, բայցեւ հրաժարվել եղած կանոնների ու օրակարգի հիմքով բանակցություններից՝ նույնպես հեշտ չէ: Առայժմ կա միայն Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իր հայ գործընկերոջ հետ վերջին բանակցությունները ծանր էին, եւ որ մի շարք լուրջ հարցեր մնում են չհամաձայնեցված: Դատելով Զոհրաբ Մնացականյանի հայտարարության կետերից, «մի շարք հարցերը» չափազանց երկար են:

Մնում է պարզաբանել՝ ինչո՞ւ Ադրբեջանն, այնուամենայնիվ, որոշեց գնալ բանակցությունների մթնոլորտի սրացմանը: Ըստ երեւույթին, այդ երկրի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի նկատմամբ հարաբերություններում իր համար տագնապալի նախանշաններ է նկատել: Միջնորդներն այն մտքին են հակվում, որ հակամարտության գոտում միջազգային ներկայացուցչությունը պետք է մեծացվի: Հոկտեմբերի սկզբին Արցախ ժամանած ամերիկացի կոնգրեսականները հայտարարել էին շփման գծում անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմների համար վճարելու՝ իրենց երկրի մտադրությունների մասին: Հայաստանը պնդում է, որ «Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որեւէ իրավիճակ, որը ձեւավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին եւ 2016-ին: Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող եւ հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով»։

Այդպիսի իրավիճակում նորից իր սիրած «ռազմական դիվանագիտությանը» դիմելը ծայրաստիճան վտանգավոր է դառնում Ադրբեջանի համար: Շփման գծում իրավիճակի սրացումը միայն արդիականացնում է վերահսկողության մեխանիզմների տեղադրման թեման: Ռազմական հռետորաբանությունն իջեցվել է մամուլի մակարդակի: Հայաստանի եւ համանախագահների վրա ազդելու ոչ մի այլ միջոց Ադրբեջանը չունի: Մնում է միայն բանակցային գործընթացը վտանգի տակ դնել հասկացությունների նենգափոխման միջոցով: Այդպիսի փորձ արվել էր, բայց արդյունքներն աննկատելի են: Ըստ երեւույթին՝ հաջորդ քայլը կլինի ազդեցիկ «հովանավորներին» դիմելու հերթական գործողությունը: