Новые интриги вокруг нагорно-карабахского конфликта
Այս տարվա դեկտեմբերին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ կարծիքներ են հնչում, թե ընտրություններն այս տարի անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի որոշումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել արցախյան հիմնախնդրի հետ: Նման խոսակցությունների առիթ է ծառայել սեպտեմբերի 28-ին Դուշանբեում անցկացված՝ ԱՊՀ գագաթաժողովը, որից հետ Փաշինյանն առաջին անգամ բարձրաձայնեց ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը: Քանի որ այդ գագաթաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ հայտարարվել էր, որ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ, ընտրությունների ու Արցախի թեմաները միահյուսվել, դարձել էին մեկ միասնական հարթություն: «Կրակին յուղ» էր լցրել Ալիեւը, որը հոկտեմբերի 10-ին հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցություններն անցկացվել են, անցկացվում են եւ պիտի անցկացվեն բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»՝ նշելով, որ հայկական կողմը փորձում էր փոխել բանակցությունների ձեւաչափը, սակայն արդյունքի չհասավ:
Ադրբեջանի նախագահի ցուցադրական ոգեւորությունը միանգամայն հասկանալի է: Փաշինյանի մի շարք հայտարարություններից հետո, թե Արցախի ժողովրդի անունից բանակցությունները պետք է վարի վերջինիս ղեկավարությունը, բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափի փոփոխության սպառնալիքը սկսել է Ադրբեջանին խիստ անհանգստացնել: Այդ երկրի նախագահը կարող էր պարտավորություն ստանձնել հրաժարվելու շփման գծում սադրանքներ հրահրելուց՝ պայմանով, եթե Հայաստանի ղեկավարությունը հրաժարվի բանակցություններում Արցախի իշխանություններին ներգրավելու իր պահանջներից: Դատելով Երեւանում տեղի ունեցած՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Փաշինյանի այն հայտարարությունից, թե բանակցային գործընթացում փոփոխություն մտցնելու նպատակ ինքը չունի, ակնհայտ է դառնում, որ Դուշանբեում Ալիեւին ինչ-որ խոստում կարող է եւ տրված լինել: Բայց դրանից հետեւություն անել, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը կապված է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ինչ-ինչ ծրագրերի հետ՝ վաղաժամ է: Ինչ-որ հույսեր է փայփայում միայն Ադրբեջանը: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 15-ին տարածել է արցախյան խնդրի վերաբերյալ հատուկ մի հայտարարություն՝ հույս հայտնելով, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայկական նոր կառավարությունը «կհասկանա Ադրբեջանի օկուպացված տարածքներից զինված ուժերը դուրս բերելու անհրաժեշտությունը»: Թե ինչ են ակնարկում եւ ինչի վրա են հույս դնում՝ միայն իրենք գիտեն:
Այլ հարց է, որ Արցախի խնդրի կարգավորման մասով վերջին ամիսներին որոշակի ինտրիգ է նկատվում: Առաջին՝ Անկախության օրվա առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը նշել էր, որ «առաջիկա ամիսներին ի հայտ կգան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հնարավորություններ»: Երկրորդ՝ օրերս աշխատանքային այցով Բաքու ժամանած՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Ջորջ Քենթը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում վերջին ժամանակներս ձեռք բերված առաջընթացը՝ ներառյալ Նյու Յորքում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները»: Ընդ որում՝ նա հատուկ կարեւորությամբ հիշեցրել է բոլորին, որ «ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման իր պարտավորություններին»:
Ըստ երեւույթին, տվյալ հայտարարություններն ընկալվել էին իբրեւ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման վկայություն: Ռուսաստանյան լրատվամիջոցները միանգամից աշխուժացրին հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման թեման: Հայտնվեցին նույնիսկ հաղորդումներ առ այն, որ այդ հակամարտությունների կարգավորմամբ շահագրգռված է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հենց նա է ցանկանում հաշտեցնել Հայաստանին ու Ադրբեջանին: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման մասին խոսակցություները ձեռք բերեցին էլ ավելի լուրջ իմաստ, երբ հաղորդումներ տարածվեցին, թե ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը մտադիր է հոկտեմբերի 20-ին աշխատանքային այց կատարել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երթուղով: Նա ճշտել էր, որ պլանավորում է այդ երկրներում «հանդիպել գործընկերների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` անվտանգությանն առնչվող մի շարք հարցերով ամերիկյան շահերն առաջ մղելու համար»: Ռուսաստանի մասով այդ այցի իմաստը պարզ է. շարունակել այն երկխոսությունը, որն ամռանը Հելսինկիում սկսել էին Թրամպը եւ Պուտինը: Սակայն Հարավային Կովկասի երկրներ այցի իրական նպատակն առայժմ այնքան էլ հասկանալի չէ: Անվտանգության հետ կապված ինչպիսի՞ հարցերի շարք է մտադիր այստեղ առաջ մղել Բոլտոնը:
Այդ հարցերի մեջ, անկասկած, պետք է ուրվագծվի Իրանի թեման` այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացման համապատկերին դրանից չես խուսափի: Չէ որ ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել միջուկային գործարքից, մի շարք պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի բուն երկրներին, ապա այստեղ դրանցից յուրաքանչյուրի հասարակությունը փորձում է առաջիկա այցը տեսնել սեփական հիմնախնդիրների լույսի ներքո: Ադրբեջանում շատերը համարում են, որ կովկասյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները ժամանակի հետ սկսում են փոխվել: Նրանց կարծիքով` այսօր ԱՄՆ-ը նախեւառաջ շահագրգռված է կովկասյան տարածաշրջանի լիակատար կայունության եւ անվտանգության հաստատմամբ` չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծվածությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության առջեւ ամբողջությամբ: Այդ երկրում հուսով են, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ նախագահի խորհրդականի բանակցությունների հիմնական թեմաներից մեկն ավելի շուտ լինելու է Հայաստանի հետ հակամարտության կարգավորումը:
Վրաստանը, որը սեւեռվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրի վրա, բնականաբար, հույս ունի, որ խոսակցությունն առաջին հերթին գնալու է երկիրը վերջերս ազդարարված եվրատլանտյան դաշինքում ընդունելու մասին: Մյուս բոլոր հարցերում Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները միանգամայն գոհացուցիչ են:
Հայաստանի վերաբերմամբ Միացյալ Նահանգները միշտ ունեցել է յուրահատուկ դիրքորոշում: Հայաստանին երբեք չեն հանդիմանել Ռուսաստանի եւ Իրանի հետ սերտ հարաբերությունների համար: Ընդհակառակն՝ ամենաբարձր մակարդակով միշտ հայտարարվել է, որ Հայաստանն իրավունք ունի ինքը որոշելու՝ ում հետ ինչպիսի հարաբերություններ պահպանել: Երբեք չի ասվել, որ Հայաստանում ռուսական ռազմահենակետի առկայությունը լուրջ խնդիր է Միացյալ նահանգների եւ ՆԱՏՕ-ի համար: Ավելին՝ ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում Հայաստանի դերը միշտ ընդգծվել եւ ընդգծվում է գրեթե բոլոր հայտարարություններում: Հիմա նմանապես Հայաստան այցելած նույն Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետական քարտուղարի փոխօգնական Ջորջ Քենթը հայտարարել է՝ ԱՄՆ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման ուղղությամբ: Ավելին՝ նա վստահություն է հայտնել, որ Թրամպի եւ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս:
Ամեն դեպքում Միացյալ նահանգների հարավկովկասյան քաղաքականության մեջ՝ մասնավորապես արցախյան հիմնախնդրի գծով, որոշակի հստակություն կերեւա մոտ ապագայում: Առայժմ ԱՄՆ դիրքորոշման մեջ պահպանվում է ավանդական այն թեզը, համաձայն որի՝ «առանց տարածքների որոշակի մասի վերադարձի, հակամարտությունը չի կարող կարգավորվել»: Իսկ Հայաստանի ներսում դժվար թե մոտ ապագայում հաղթահարվի երկրում եւ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ արցախյան հիմնախնդրի լույսի ներքո գնահատելու սովորությունը: