статьи

Армения 2018: время краха мифов

2018-ը մոտենում է ավարտին: Հայաստանում դա նշանակում է 1988թ. ղարաբաղյան շարժման արդյունքում ծնված քաղաքական դասի տիրապետության երեսնամյա ժամանակաշրջանի ավարտը: Երկիրն անցավ ողջ շրջափուլը. ավտորիտար համակարգի ստեղծումից (1996), «ռազմական օլիգարխիայի» վերելքից եւ անկումից (1997-99), քրեաօլիգարխիկ վարչակարգի արմատավորումից (2003-2018) մինչեւ «թավշյա» հեղափոխություն (2018): Կառավարման համակարգից դուրս մղված քաղաքական դասի հետ մեկտեղ պատմության գիրկն անցան քաղաքական կյանքում արմատացած քաղաքական պայքարի գաղափարներն ու մեթոդները: Ավարտվեց ազատ ընտրությունների բացակայության պայմաններում երկարատեւ քաղաքական պայքարի ժամանակաշրջանը: Մասնավորապես` փակ պարբերափուլերը՝ ընտրությունները, դրանց արդյունքների կեղծումը, հետընտրական ընդվզումները, ԿԸՀ-ում եւ Սահմանադրական դատարանում ընդդիմության բողոքարկումները, բողոքների ալիքի ճնշումը խաղաղ կամ ուժային միջոցներով:

Այս շրջանի հաղթահարումը սկսվեց կուսակցությունների արժեզրկումից եւ հասարակության վրա դրանց ազդեցության չեզոքացումից: Քաղաքական դասի եւ հասարակության ուղիները բաժանվեցին: 2012թ.-ից ի վեր հասարակությունը մերժեց կուսակցությունների քաղաքականությունը եւ սկսեց արմատավորել ու մշակել նոր սերնդի քաղաքականություն`քաղաքացիական նախաձեռնություններ: Գործածության մեջ մտավ խաղաղ անհնազանդության տեխնոլոգիան: Ժամանակի ընթացքում տեղի ունեցան իշխանությունների ընդունած որոշումների դեմ անհնազանդության մի քանի զանգվածային գործողություններ`«Դեմ եմ», «100 դրամ», «Էլեկտիկ Երեւան» շարժումները: Զուգահեռաբար, ի հակաշիռ այս միտմանը, հասարակական գիտակցության մեջ խորանում էր վարչախմբի տապալման նպատակով զինված պայքարի անայլընտրանքայնության գաղափարը: Հասարակությանը ներշնչում էին, որ վարչակարգը կարելի է տապալել միայն զինված ապստամբությամբ: 2016թ.-ին զինված ապստամբության կազմակերպման անհաջող փորձը («Սասնա Ծռեր» շարժման անդամների կողմից ՊՊԾ գրավումը) եւ դրան հաջորդած՝ խաղաղ ցուցարարների հանդպ հետագա բռնաճնշումները թուլացրին հանրային գիտակցության վրա զինված պայքարի գաղափարի ազդեցությունը:

Թվում էր՝ հասարակությունը համակերպվել էր անելանելիության հետ: Իշխող վարչակարգն ինքն իրեն ներշնչել էր, որ օրենսդրության հետ ձեռնածություններ կատարելու միջոցով հնարավոր է հավերժացնել սեփական իշխանությունը: Սակայն քրեաօլիգարխիկ վարչակարգի ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրության փոփոխության եւ 2017թ. խորհրդարանական ընտրությունների կեղծման միջոցով նման ծրագիր իրականացնելու փորձը ոչ միայն ձախողվեց, այլեւ երկիրը հասցրեց կրիտիկական եզրագծի: Ժողովրդի առջեւ Սարգսյանի բացահայտ սուտը (երրորդ անգամ պետության ղեկավարի պաշտոնում չառաջադրվելու խոստումը) ժողովրդին համախմբեց նրա դեմ: Մնացածը միայն տեխնիկայի հարց էր. Հայաստանի հասարակությունն արդեն բավականաչափ յուրացրել էր խաղաղ անհնազանդության տեխնոլոգիաների վրա հիմնված պայքարի փորձը: Ժողովուրդը ոստիկանությանն անգործության մատնեց. ոստիկանությունը հանձնեց վարչակարգը՝ հրապարակավ հայտարարելով, որ չեն ուզում ներքաշվել քաղաքական առճակատման մեջ: Սարգսյանն ընդունեց իր սխալը եւ հրաժարվեց վարչապետի պաշտոնից: Իշխող վարչակարգի՝ ԱԺ-ում մնացած պատգամավորներին այլ բան չէր մնում, քան «ժողովրդի ներկայացուցիչ» Նիկոլ Փաշինյանին նշանակել ժամանակավոր վարչապետ: Այնուհետեւ ամեն ինչ գնաց ըստ «հեղափոխության նոտաների»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում փոխվեց երկրի իշխանությունը:

Այս ամենով հանդերձ՝ կարեւոր հանգամանք էր այն, որ հանրային գիտակցության մեջ փլուզվեցին երեսուն տարիների ընթացքում արմատացած բազմաթիվ կեղծ համոզմունքներ: Տասնամյակներ շարունակ բոլոր կողմերից ժողովրդին ներշնչում էին, որ երկրում ստեղծված վարչակարգի դեմ խաղ չկա, իսկ դիմադրության ցանկացած փորձ կարող է հանգեցնել երկրի ապակայունացման եւ անխուսափելի կորուստների: Տարատեսակ մունետիկների սիրված թեզերն էին՝ «չպետք է մոռանալ «Մարտի 1»-ի դասերը» (2008թ. ցուցարարների գնդակահարությունները); «առանց կուսակցական ղեկավարման ժողովրդի գործողություններն ապաքաղաքական ու անարդյունավետ են»; «վարչակարգը կարելի է տապալել միմիայն զենքով»; «վարչակարգը տապալելու պայքարը կհանգեցնի Հայաստանի «ուկրաինացմանը» (Ռուսաստանի միջամտությունը)»; «Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա»; «միայն արտաքին ուժերը կարող են տապելել վարչակարգը»; «օլիգարխները երկրից դուրս կբերեն փողերը» եւ այլն:

Գործնականում պարզվեց, որ այդ բոլոր թեզիսներն ընդամենը գաղափարական փուչիկներն էին, ինչպես եւ գոյություն ունեցող վարչակարգը: Դրա կազմաքանդումից հետո երկիրը չզգաց էլ պետական կառավարման համակարգից կոռուպցիոներների եւ քրեական բիզնեսի գործամոլների հեռանալը: Քաղաքացիների առօրյա կյանքը մնաց առաջվա ռեժիմում, ակներեւ է միայն նախկին «ֆեոդալների» ինքնամեկուսացումը: Պարզվեց, որ հասարակությունը գործ ուներ մակաբույծների անձնակազմի հետ, եւ ոչ ավելին: Մնացյալը չարացածության բարձր չափաբաժինն էր այն քաղաքացիների շրջանում, որոնք խաղաղ հեղափոխության արդյունքում կորցրել էին իրենց ապօրինի արտոնությունները: Նրանց հոգում հույս կա, որ նոր իշխանությունները կկորցնեն վստահությունը, եւ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր:

Համապատասխանաբար՝ հանրային բանավեճերում համառորեն շրջանառվում է այն թեզը, թե «ժողովորդը խաբված» է: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հասարակությանը շանտաժի են ենթարկում «անխուսափելի աղետներով», «երրորդ ուժերի խառնակչություններով» եւ այլն: Առասպելների վակուումը լցվում է նոր առասպելներով: Իշխանությունների ամեն մի սխալ բերվում է որպես իրենց «կանխատեսումների» փաստարկ: Սրան նպաստում է «նախկինների» հանդեպ նոր իշխանությունների որոշակի կոպտությունը: Օրենքի գերակայության մասին հայտարարողները երբեմն հաշիվ չեն տալիս իրենց շատ գործողություններին: «Նախկինների» հանդեպ հանրության լիակատար ժխտողականության մթնոլորտը խթանում է այդ կոպտությունը: Քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է պատժել «նախկիններին» եւ վերադարձնել նրանց յուրացրած ազգային հարստությունը: Թե ինչպես դա կանեն «նորերը»` քչերին է հետաքրքրում:

Մտահոգության առանձին թեմա է իշխանափոխության փաստի ազդեցությունն Արցախի եւ արցախյան հիմնախնդրի վրա: Այստեղ իշխանությունների դիրքերն առավել խոցելի են, քանի որ խուճապահարույց երեւակայությունների համար դաշտն անծայրածիր է:

Այդ առնչությամբ մեծ հրատապություն է ձեռք բերում այն հարցը, թե երկրում ինչ ուղղությամբ են զարգանալու քաղաքական, իրավական եւ տնտեսական գործընթացները: Շատերը համարում են, որ հեղափոխական կառավարությունը պետության զարգացման հստակ ռազմավարություն չունի: Կան նաեւ կարծիքներ, թե արտաքին ուժերը թույլ չեն տա, որպեսզի Հայաստանն անցնի նոր որակի: Կան շատ այլ կարծիքներ եւս... բայց ամեն ինչի դատավորը ժամանակն է: