Новый этап армяно-российских отношений и Азербайджан
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի նախօրեին կրքեր էին բռնկվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բոլոր կողմերից հնչում էր այն ամենը, ինչ հնարավոր էր ենթադրել Փաշինյան-Պուտին հանդիպման հետ կապված ակնկալիքների մասով: Հայաստանի նոր կառավարության ներքին քաղաքականությամբ Մոսկվայի մտահոգության եւ այդ առթիվ Հայաստանի վարչապետի պարզաբանումներից Ռուսաստանի ղեկավարության սպասելիքների մասին պաշտոնատար անձանց ու քաղաքագետների անկեղծ հայտարարություններն անցել էին նույնիսկ հումորի տարակարգը:
Ռուսաստանի պաշտոնատար անձանց արդարացումները, թե նախկին նախագահ Քոչարյանին եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխատվության ենթարկելու մտահոգությունները գալիս են Պուտինի եւ Քոչարյանի անձնական հարաբերություններից, հատում են լրջության սահմանը: Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Հայաստանում որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե «որքանով կարեւոր են Ռուսաստանի եւ նրա հետխորհրդային գործընկերների հարաբերություններում ժողովրդավարության գործոնը եւ արժեքների քաղաքականությունը» (ռուս քաղաքագետ Ս.Մարկեդոնովի հաջող ձեւակերպումը): Հետխորհրդային տարածքում կոռուպցիայի եւ նախկին իշխանության դեմ պայքարի նախադեպը Ռուսաստանի իշխանությունների կողմից դժվար է մարսվում: Բոլոր մյուս հնչեցվող խնդիրները՝ ՀԱՊԿ-ի մասով մտահոգություն, ուրիշ երկրների սպառազինությունների նկատմամբ Հայաստանի հետաքրքրություն եւ այլն, ընդամենը Ռուսաստանի իշխանությունների նյարդայնության անլուրջ արդարացումների համար են: Այդ նյարդայնությունը պատճառ ունի. Մոսկվան այլեւս չունի Հայաստանի քաղաքականության վրա ազդելու որեւէ մեխանիզմ. այն վերացվեց Սերժ Սարգսյանի վասալային իշխանության հետ միասին:
Այսպես թե այնպես՝ Մոսկվայի եւ Երեւանի փոխհարաբերությունների նոր փուլը կգտնի իր լուծումը: Եվ քանի որ Փաշինյանի այցն ունի եւս մեկ առանձնահատկություն՝ այն տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, ոչ պակաս հետաքրքրություն է ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների վրա Ադրբեջանի սեւեռվածության խնդիրը: Փաշինյան-Պուտին հանդիպումից շատ բան են սպասում նաեւ Ադրբեջանում: Պատահական չէ, որ սկսեցին շրջանառվել ՀԱՊԿ-ում Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու գաղափարները եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության նոր հեռանկարների մասին գաղափարները: Ադրբեջանն ակնհայտորեն սպասում է տարածաշրջանում քաղաքական իրավիճակի նոր շրջադարձերի: Նախկին հույսերը չէին արդարացվել:
Հայաստանում հեղափոխական գործընթացների ժամանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական գործունեության աշխուժացման վերջին փուլը դեռեւս մոռացված չէ: Այս տարվա ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակը ցուցադրաբար ակտիվություն էր դրսեւորում Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-նախիջեւանյան սահմանին: Այս գոտի էին տեղափոխվում զորամիավորումներ Ադրբեջանի արեւելյան շրջաններից: Ձեռնարկվում էին ծավալուն զորավարժություններ եւ, նույնիսկ, Նախիջեւանում շփման գիծն անցնելու փորձեր: Այդ երկրի զինվորական եւ քաղաքական ղեկավարությունը անդադար հայտարարում էր իր բանակի լայնածավալ ռազմական գործողությունների պատրաստակամության մասին: Նույնիսկ նշվում էին հարձակման համար հրաման տալու պայմանները՝ այդպես էլ ձեւակերպված էր. «անհրաժեշտ քաղաքական պայմաններում»: Հայաստանի հանրության միջավայրում նույնպես մարդիկ գտնվեցին, որոնք որոշ պայմաններում կանխատեսում էին Ադրբեջանի ռազմական հարձակումները (ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո եւ այլն):
Սակայն հուլիսի 2-ին՝ հերթական զորավարժությունները սկսելու օրը, Ադրբեջանում էներգետիկ կոլապս պատահեց: Կանգ առան միանգամից մի քանի էլեկտրակայաններ՝ երկիրն ընկղմելով կեսգիշերային խավարի ու քաոսի մեջ: Ուշադրության կենտրոնում հայտնվեց Մինգեչաուրի թեման, որտեղ, ըստ եղած տեղեկությունների, ինչ-որ տեխնածին աղետ էր տեղի ունեցել: Թե ինչ էր իրականում կատարվել այդ երկրում՝ այդպես էլ չպարզաբանվեց: Բայց հայտնի դարձավ առանցքային մի փաստ. ադրբեջանական բանակը դադարեցրեց ցուցադրական տեղաշարժերը, իսկ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունից դուրս եկավ «իրենց հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու պատրաստակամության մասին» արտահայտությունը: Ռազմաքաղաքական այդ վիճակը պահպանվում է մինչեւ օրս:
Ո՞րը կարող էր լինել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի այդպիսի կտրուկ շրջադարձի պատճառը: Պատասխանը պարզ է. Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ «չկան անհրաժեշտ քաղաքական պայմաններ»: Հավանաբար գիտակցել է նաեւ այն հանգամանքը, որ այդպիսի պայմանների հույսեր փայփայելն անհիմն էին ի սկզբանե: Ադրբեջանում, անկասկած, հույսեր էին տածում, որ Հայաստանի «թավշյա» հեղափոխությունը կխթանի նրա նոր իշխանությունների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվությունը:
Եվ, չգիտես ինչու, միամիտ մի գաղափար էր հայտնվել. Ռուսաստանին տրամադրել Ադրբեջանի ձեռքով Հայաստանին «պատժելու» ծառայություններ: Ուրիշ ոչ մի բանով հնարավոր չէ բացատրել այդ երկրում տիրող բազմամսյա ռազմական հիստերիան: Բայց ժամանակն արագ ի հայտ բերեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին նման հույսերի ու պատկերացումների սնանկությունը:
Ամեն ինչ շատ ավելի բարդ էր, եւ տեղի ունեցող գործընթացներում Ադրբեջանն առանձնապես դեր չունի: Ոչ ոք չի պատրաստվում ծագած նոր հիմնախնդիրները լուծելու համար օգտվել այդ երկրի ծառայություններից: Ընդհակառակը՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո ծագած նոր իրավիճակը ռազմաքաղաքական ակտիվության հարցերում նեղացրեց Ադրբեջանի հնարավորությունները: Ավելին՝ այդ երկրում ներքին ապակայունացման սպառնալիքը, որի նախանշանները երեւան եկան այս տարվա ամռանը Գյանջայում, Ադրբեջանին ստիպեց «լեզուն կծել» եւ այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում գտնել ավելի մեղմ ձեւեր: Որեւէ աջակցության ամբողջ հույսերը տեղայնացվեցին թրքալեզու երկրների համերաշխության շրջանակներում:
Այնպես որ, փոխգործակցության եւ համագործակցության նոր ձեւերի որոնումներում Ռուսաստանը եւ Հայաստանը կարիք չունեն նայելու Ադրբեջանի կողմը: