статьи

Почему олигархия любит публично читать проповеди?

Ցանկացած քրեաօլիգարխիկ վարչակարգ բնույթով անխիղճ ու անամոթ է: Իմաստ չունի հատուկ ծավալվել այս թեմայով. խղճից զուրկ մարդկանց իշխանատենչությունն ու փողատենչությունը սահմաններ չունի: Սահման կարող է դնել միայն վախը: Անգութ մարդը միայն մյուսների կողմից իր անձի ֆիզիկական վերացման սպառնալիքից է վախենում:

Հայաստանում գործ ունենք հենց այդպիսի վարչակարգի հետ: Իսկ սույն հոդվածում հետաքրքրություն է ներկայացնում մի կարեւոր հանգամանք (կամ երեւույթ)` օլիգարխիկ վարչակարգի անդամների կողմից բարոյական հասկացությունների` խղճի, բարոյախոսության, խրատաբանության վկայակոչումները: Եվ ամենակարեւորը` ցանկացած մեկի, ով կհամարձակվի քննադատել կամ մեղադրել իշխանավորներին, հրապարակավ ամոթանք տալու ցանկությունը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանրային գործունեությունը եւ իշխանության ջատագովների կողմից այդ գործունեության պաշտպանության բնույթը ամենաթարմ ու վառ փաստերն են, որոնք հաստատում են մեր դիտարկումը: Հայ հասարակությանը խղճի եւ հնազանդության են կոչում «Զինծառայողների օգնության» համար քաղաքացիներից նոր դրամահավաքի իրականացման ուղղությամբ իշխանությունների բոլոր ծրագրերին ու ձեռնարկներին աջակցելու առումով: Ընդ որում` ցանկություն է առաջանում, նախեւառաջ, ամոթանք տալ նրանց, ովքեր մատնացույց են անում բանակում կոռուպցիայի եւ հափշտակությունների փաստերը:

Նույնը վերաբերում է էներգակիրների թանկացումների դեմ բողոքներին. ՀՀԿ-ի դեմագոգերներն, առաջին հերթին, «խրատ են կարդում» դժգոհ մարդկանց գլխին: Եվ այսպես... տասնամյակներ շարունակ: Թվում է` հասարակության ազգային հարստությունը եւ պետական ​​կառավարման համակարգը յուրացրած գործիչներն ամենաշատը պետք է խուսափեին հասարակության հետ երկխոսությունը բարոյականության ոլորտ տեղափոխելուց: Ինչո՞ւ խառնել «մեղվի փեթակը» եւ հասարակական-քաղաքական կյանք բաց թողնել այնպիսի հասկացություններ, որոնք իսպառ բացակայում են բռնատեր-օլիգարխների կյանքում: Բայց` ոչ: Մենք վաղուց ականատեսն ենք նրա, որ բարոյախրատական կատեգորիաները վերջիններիս շուրթերից հնչող ամենասիրված հասկացություններն են: Նշանակում է` դրանում նրանց համար կենսականորեն կարեւոր ինչ-որ բան կա: Ըստ երեւույթին, դժվար է պաշտպանել սեփական դիրքերը կյանքում, առանց այդ կատեգորիաներին դիմելու: Խրատաբանության (мораль-հեղինակի օգտագործած եզրույթը, որը տվյալ տեքստում ունի հանրային բարքերի, բարոյախրատական ընդունված կանոնների դրվածքի իմաստ-խմբ.) եւ բարոյականության կատեգորիաների վրա հիմնված դեմագոգիան այդ մարդկանց ձեռքում ուրիշների իրավունքները յուրացնելու արդարացումն է, եւ ոչ միայն իրավունքները:

Ցանկացած բռնատեր չի կարող չատել նրանց, ում հարստությունն ու իրավունքները յուրացրել է: Այս ատելությունը ծնունդ է առնում է հնարավոր հատուցման վախից: Իսկ ատելությունը ծնում է բռնություն, որի նպատակը այն վերջինի յուրացումն է, որը չի հաջողվել խլել հասարակությունից՝ ազատ կամքի յուրացումը: Այդպիսի բռնությունը հնարավոր չէ առանց հասարակական գիտակցությունը նպատակաուղղված կերպով ապակողմնորոշելու: Այստեղ էլ օգնության է հասնում խրատաբանության եւ բարոյականության թեմաներով դեմագոգիան: Ինչպես իր «Խրատաբանական դեմագոգիան` որպես բռնության ջատագովության ձեւ» հոդվածում ճշգրիտ նկատել է ռուս հետազոտող Աբդուսալամ Հուսեյնովը, «խրատաբանական դեմագոգիան եւ բռնությունն այնքան սերտորեն են միմյանց հետ կապված, որ խրատաբանական դեմագոգիան անխուսափելիորեն հանգեցնում է բռնության, իսկ բռնության պարտադիր պայմանը խրատաբանական դեմագոգիան է»: Այս քաղաքական պրակտիկան բավական լավ ուսումնասիրված է եւ դրա ապակառուցողական էությունը` միանգամայն թափանցիկ: Բայցեւայնպես, այն բավականաչափ արդյունավետություն է դրսեւորում ողջ աշխարհում:

Հետեւաբար` անիմաստ չէ հետեւյալ հարցը. ինչո՞ւ է այս պրակտիկան արդյունավետ: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզություն մտցնել մարդկանց հասարակական-քաղաքական կյանքի որոշ կողմերի մեջ: Առաջին հերթին պետք է նշել, որ «սոցիալական խրատաբանությունն» է որոշում ցանկացած հասարակության հիմքերը: Դա ոչ իրավական կատեգորիաներում բարոյական սկզբունքների մարմնավորումն է: Այն սահմանում է հոգեւոր տարածքը եւ մարդկանց միջեւ համաձայնության ու համագործակցության ընդհանուր պայման է հանդիսանում: Յուրաքանչյուր հասարակություն ունի իր խրատաբանությունը: Ընդ որում` չպետք է շփոթել խրատաբանությունը եւ բարոյականությունը: Դեռ Հեգելի ժամանակներից համարվում է, որ խրատաբանությունը պահանջների մի ամբողջություն է, որը հանրության կողմից միշտ ներկայացվում է մարդուն` դրսից, իսկ բարոյականությունը մարդու զուտ սուբյեկտիվ արժեհամակարգն է: Բարոյական մարդն ընդամենը հաշվի է առնում հանրային խրատաբանության գոյության փաստը: Բարոյական անձի օրենքը նրա խիղճն է, իսկ պետության խիղճը, ըստ Հոբսի, օրենքն է: Պետությունում ընդունված օրենքը չի կարող անտեսել հանրային խրատաբանությունը: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչու խրատաբանությունը, հասարակության անդամների համար առանձնահատուկ նշանակության պատճառով, միշտ պարարտ հող է հանդիսանում դեմագոգիայի համար: Չկա մարդու կամքը ճնշելու առավել արդյունավետ եղանակ, քան նրան ուրիշների հանդեպ մեղքի զգացում ներշնչելը:

Դրա վրա է կառուցված բռնության ունիվերսալ մեքենան: Անհնար է ընկճել եւ հնազանդեցնել մարդուն, եթե նրա հոգում չի ներդրվել սեփական իրավացիության նկատմամբ կասկածանքը: Խրատաբանական դեմագոգիայի ծավալները սահմաններ չունեն: Այդպիսի պրակտիկայի հրեշավորության օրինակ է հայերի եւ Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ջատագովումը, որոնց, նախքան բնաջնջելը, ներշնչում էին մեղքի զգացում «պետական ​​դավաճանության համար»: Այդ պրակտիկայից քիչ է տարբերվում ԽՍՀՄ-ում ստալինյան բռնաճնշումների ջատագովումը: Մարդկանց զանգվածաբար բռնաճնշումների էին ենթարկում եւ վերացնում ոչ միայն մեղադրանք ներկայացնելով, այլեւ նրանց ներշնչելով պետության հիմքերը սասանելու մեղքը, իսկ հասարակությանը՝ «ազգի թշնամիների» մասին գաղափարը: Երկու դեպքում էլ տեսնում ենք մարդկանց ազատ կամքի յուրացման կամ ճնշման օրինակներ:

Ազատ կամքի յուրացման ավելի պակաս տարածված փորձի կարելի է հանդիպել ամեն տեղ եւ ամենուրեք, որտեղ պետության մեջ իշխանությունը յուրացվում է անօրինական կազմավորումների կողմից: Մերօրյա Հայաստանում ի սկզբանե ամենասիրված միջոց էր դարձել երկրի ապակայունացման եւ պաշտպանունակության քայքայման համար մեղքի ներշնչումը՝ ապագայում անխուսափելի կորուստների շանտաժի հետ մեկտեղ: Իշխանավորների գործողություններին հնազանդվելու կոչերը հիմնված են հենց անհնազանդներին պետության պաշտպանունակությունը քայքայելու համար մեղքի զգացում ներշնչելու վրա: «Ազգ-բանակ-եկեղեցի» թեզի շահարկումներն այս պահին ընդամենը մարդկանց կամքը ճնշելու նկարագրված փորձի նորովի մարմնավորումն են: Այնուամենայնիվ, ինչպես կարելի է նկատել, ընչապետական ​​իշխանության դեմագոգիան արդեն կորցնում է իր արդյունավետությունը: Դիրքերը փրկելու գործում այս իշխանություններն իրենց խրատաբանական դեմագոգիայի համար հույս դրել են վերջին ռեսուրսի՝ պատերազմում տուժած զինծառայողների ճակատագրի վրա: Իսկապես որ, սրանց անամոթությունն ու անխղճությունը սահմաններ չեն ճանաչում: