статьи

Парламентские выборы| У кого есть надежды?

Որքան մոտենում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկը, այնքան ավելի ակնհայտ են դառնում քաղաքական ուժերի մտադրությունները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը փորձում է ընտրողների համար ընդունելի ընտրացուցակ կազմել եւ ամենաքիչն է մտածում հաղթանակի մասին, որին ոչ ոք չի կասկածում: Ամենաշատ իրարանցումն այլ կուսակցությունների շրջանում է: Նրանք համոզված են, որ բոլոր իրենց ջանքերն ուղղված են լինելու ընդդիմությանը հատկացվելիք մանդատների երեսուն տոկոսից առավելագույնը ստանալուն: Միայն երկու ուժ կարող է ունենալ այդպիսի հնարավորություն. դա պայմանավորված է գործող ընտրական օրենսգրքով: Ընտրական խոչընդոտը կեղծիքի է վերածվել. երկու ուժ պետք է ավելի շատ ձայն հավաքի, քան նախընտրական մրցավազքին մասնակցող մնացյալ քաղաքական ուժերը միասին:

Նկարագրված պայմաններում անհրաժեշտ էր ակնկալել նախընտրական դաշինքներ ձեւավորելու համընդհանուր ձգտում: Շատ կուսակցությունների համար միայնակ ընտրությունների գնալը ռիսկային է դառնում, հատկապես` ընտրողների շրջանում կուսակցությունների հանդեպ շատ թույլ հետաքրքրության պատճառով: Բոլորի համար այդ հանգամանքն ակնբախ դարձավ Երեւանի ավագանու վերջին ընտրություններում: Միայն մեկ կուսակցություն է փոքր-ինչ լավատեսորեն տրամադրված` «Բարգավաճ Հայաստան»-ը, որը կարողացել էր Երեւանի ավագանու ընտրություններում հավաքել ձայների 7 տոկոսը: Բայց այս կուսակցությունը նույնպես նախընտրական ցուցակի ձեւավորման հարցում բարդ խնդրի առջեւ է կանգնած: Նրա ներկայացուցիչները չեն թաքցնում, որ մտադիր են ցուցակից հեռացնել գործարարներին՝ ընտրացուցակներն ինչ-որ կերպ գրավիչ դարձնելու համար:

Այսպիսի ընտրությունները, որտեղ ընտրողներն ունեն ազատ կամարտահայտման պայմաններ՝ Հայաստանում նորություն են: Երկու տասնամյակ երկրում գործող վարչակարգերը ընտրողներին այդպիսի շանս չէին թողնում: Այդ ողջ ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշումները եւ կաշառատվությունը մարդկանց կամքի ազատ արտահայտությունը զսպելու մեխանիզմներ են եղել: Գոյություն ունեցող կուսակցությունները, որոնք լավ էին հասկանում այդ հանգամանքը, խաղադրույքը կատարում էին ոչ թե ընտրողների քվեների, այլ վարչակարգի հետ ստվերային գործարքների վրա: Միայն այդ գործարքներում էին նրանք տեսնում պատգամավորական մանդատներ ստանալու իրական ռեսուրս: Բայց ժամանակները փոխվել են, քաղաքական ուժերը հարկադրված են ապավինել միայն ընտրողների ձայներին՝ այլ ռեսուրս չկա: Իսկ դա շատ անսովոր ու նաեւ ոչ այնքան հաճելի հանգամանք է Հայաստանի քաղաքական ուժերի համար: Չէ որ կուսակցությունների մեծամասնությունը գործնականում կուսակցական կնիք ունեցող մեկ մարդու կուսակցություն է, ինչպես ասում են` «մարդ-կուսակցություն»: Դրանք նախատեսված են ոչ թե ազատ ընտրությունների, այլ գործող վարչակարգերի հետ գործարքների համար:

Ամենեւին պատահական չէ, որ երկու տասնամյակների իրական կուսակցական գործունեությունը հասցված է եղել իր համար «վարչակարգի հետ շաղկապող գործընկեր» ապահովելու ձգտմանը: Ամենից հաճախ այդ գործունեությունը հասցվում էր քաղաքական դաշտում «միակ ընդդիմության» դերում գերիշխանություն ունենալու միջոցների որոնմանը: Ընդդիմադիր կուսակցությունները պայքարում էին ոչ թե իշխանության, այլ միմյանց դեմ, եւ միակ շարժառիթը ընդդիմադիր խմբակցություն դառնալու ցանկությունն էր: Քաղաքական ուժերի շարժառիթն այժմ եւս նույնն է մնում: Բայց նոր կառավարության հետ պայմանավորվելու համար նախկին պայմանները չկան: Ստիպված են ընտրողներին ներկայանալ որոշ գաղափարներով: Սակայն «թավշյա» հեղափոխությունից հետո երկրի հասարակական-քաղաքական կյանքում ստեղծվել է որոշակի մթնոլորտ, որը չի օժանդակում գաղափարական քաղաքական պայքարին: Շատ դիտորդներ հասարակության այս վիճակը բնութագրում են որպես համընդհանուր գաղափարական սնանկացում: Մի վիճակ, երբ ողջ քաղաքական կյանքը կախված է մեկ մարդուց` ժամանակավոր վարչապետ Փաշինյանից: Առայժմ երկրում ամեն ինչ կախված է մեկ անձի կամքից եւ գործողություններից: Մնացածները ստիպված են կողմնորոշվել այդ գործողություններով: Քաղաքացիների մեծամասնությունը հակված չէ ընկալել այլ քաղաքական սուբյեկտների խոսքերն ու գործողությունները: Հենց այսպիսի պայմաններում ենք ստիպված անցկացնել ընտրությունները:

Առաջին բանը, որ նկատելի է՝ ընտրությունների մասնակցությունից գործարարները հրաժարվելն է: Դա նրանց առջեւ Փաշինյանի դրած պայմանների արդյունքն է, բայց նաեւ իրենք են հասկացել, որ պատգամավորի մանդատն այլեւս չի տալիս այն բարիքները, որ ունեին նախորդ իշխանության օրոք: Իշխանափոխության արդյունքում քաղաքական դաշտում տեղի ունեցավ «փոխատեղում»` խոշոր սեփականատերերը դուրս մղվեցին պետական կառավարման համակարգից: Իշխանությունն առավելապես անցավ «տարատոհմիկ» մտավորականներին: Սեփականատերերը ստիպված են փնտրել այլ ռեսուրսներ՝ իրենց սեփականությունը եւ գործարարության պայմանները պահպանելու համար: Իներցիայով նրանք այդպիսի ռեսուրսներ տեսնում են նոր կառավարության հանդեպ համակրանք տածելու մեջ (հերթով հավաստում են «հեղափոխության գաղափարներին» եւ Նոր Հայաստանին իրենց հավատարմությունը):

Ինչպես երեւում է, ամենադժվար ընտրությունը ծառացած է նախկին իշխանական կուսակցության` ՀՀԿ-ի առջեւ: Այդ, ըստ էության, իշխանությունը կորցրած խոշոր սեփականատերերի ակումբը փլուզվեց: Կուսակցությունում մնացին միայն ակումբի նախկին սպասավորները, այսպես կոչված` քաղաքական թեւը: Ժամանակին այդ կուսակցության համար ձայներն ապահովում էին մեծ սեփականատերերը՝ շանտաժի եւ ընտրողներին կաշառելու միջոցով: Քաղաքական թեւը ստանում էր մանդատներ եւ Ազգային ժողովում ապահովում ակումբի անդամների շահերը: Իշխանության կորստից հետո վերջիններս մնացին «անտեր»՝ մեկը չկար, որին ծառայեին: Հասարակական գիտակցության մեջ այդ գործիչների կերպարն առավել անընդունելին է: Նրանք չեն կարող նոր կառավարության հետ պայմանավորվածությունների գնալ: Հուսալ, թե այդ հանրապետականները կարող են բավականաչափ ձայներ ստանալ՝ անիրատեսական է:

Հասարակության կողմից ամբողջությամբ մերժված լինելու վախը ժամանակին ստիպեց ՀՀԿ-ին հրաժարվել Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցությունից: Բայցեւայնպես` ՀՀԿ նախկին քաղաքական թեւից որոշ գործիչներ պնդում են, որ այժմ անհրաժեշտ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ըստ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, դա թույլ կտա կուսակցությանը «ապաշխարել» իր սխալների համար եւ գործնականում դա ապացուցել իր հետագա աշխատանքով: ՀՀԿ մյուս անդամները հուսով են, որ իրենց ընտանիքի անդամների ու բարեկամների ձայները կբավարարեն խորհրդարան անցնելու համար:

Ըստ երեւույթին, հանրապետականների գլխավոր խաղադրույքը ընտրական օրենսգրքում պահպանված վարկանիշային ընտրակարգի վրա է կատարվում: ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը նախագահ եղած ժամանակ` աչքի առաջ ունենալով ապագա ընտրակեղծարարությունները, լավ է աշխատել ույն օրենքի դրույթները «մշակելիս»: ՀՀԿ խմբակցությունը կարողացավ նախքան Ազգային ժողովի լուծարումը, տապալել նոր օրինագիծը, որում առաջարկվում էր հանել վարկանիշային կոչվող ընտրակարգը: Երեւում է` հանրապետականները հույս ունեն, որ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները կարող են հին մեթոդների գործադրմամբ` ՀՀԿ-ին ձայներ ապահովել: Ակներեւաբար անտեսվում է փաստը, որ այդ մարմինների ղեկավարները ժամանակին աշխատում էին ոչ թե կուսակցության համար, այլ` գործող իշխանության: Եվ դա անում էին` պահպանելու համար ապօրինաբար ձեռք բերված իրենց սեփականությունն ու արտոնությունները: Ու դեռ հարց է` շանտաժի եւ ընտրակաշառքի մեթոդները կարո՞ղ են արդյոք բավականաչափ արդյունավետ լինել:

Ամեն դեպքում` նոր պայմաններում եւ հին օրենքներով Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունները գլուխկոտրուկ են Հայաստանի ողջ քաղաքական դասի համար: Թե ում հույսեր են իրատեսական եւ ումը՝ պատրանքային, ցույց կտա քվեարկությունը: