հոդվածներ

Պուտինը կզարմանա

Ռուսաստանում կատարվող իրադարձությունները, մասնավորապես ներկայումս վարչապետ Պուտինի կրկին նախագահության աթոռին վերադառնալու հեռանկարը, հայաստանյան ողջ հասարակության, այդ թվում քաղաքական շրջանակների քննարկման թեման է դարձել: Հատկանշական է, որ շատերը նախեւառաջ մտահոգված են, թե նրա հետ նաեւ Քոչարյանի վերադարձն է իրատեսական դառնում:
Սակայն մեծ քաղաքականությունը մեր քաղաքական գործընթացների վրա կարող է ազդել այնքանով, որքանով տեղի կտա մեր հասարակությունը: Այնինչ հասարակությունն է նման սպասումների մեջ, ինքն է նման բաներ հորինում: Մինչդեռ Հայաստանում ոչ ոքի չի հետաքրքրում, որ Պուտինը լրիվ այլ խնդիրներով ու նպատակներով է իր ձեռքը վերցնելու իշխանությունը... Այստեղ կարծես հետաքրքրում է մի հարց, եւ բոլորը կարծես սպասում են՝ Քոչարյանը կգա՞, թե՞ ոչ:
Եթե մի երկիր, մի հասարակություն անչափ վախենում է մի բանից, անընդհատ այդ սպասումներն ունի, մեխանիկորեն այդ երեւույթը բերում է իր կյանք: Ամիսներ առաջ Հայաստանում բոլորը գիշեր-ցերեկ խոսում էին արաբական հեղափոխությունների մասին, եթե մի փոքր էլ այդ տրամադրությունները շարունակվեին, վստահեցնում եմ՝ հեղափոխությունը կբերվեր Հայաստան:
Եթե հիմա Հայաստանում հետաքրքրության առարկան դառնա՝ Քոչարյանը կգա՞, թե՞ չի գա, ապա անպայման նա կգա: Իսկ եթե մեզ այլ խնդիրներ են հետաքրքրում Պուտինի գալուստով, ինչպես, օրինակ, կապված Հայաստանի անվտանգության եւ այլ հարցերի իրականացման հետ, կգան դրանք: Թե ինչու է կոնկրետ Քոչարյանի վերադարձի հարցը հիմա բոլորին հետաքրքրում, դժվար է ասել, սակայն Պուտինը հաստատ այստեղի խոսակցություններից, կարծում եմ, շատ զարմացած կլինի:
Թեպետ հոգեբանական վիճակը, որը կա մեզանում, կարելի է բացատրել նախեւառաջ փաստով, որ գուցե երկիրն անընդհատ փոփոխությո՞ւն է ուզում, բայց առավել իրատեսական պարզաբանումը՝ սա մեր համընդհանուր ստրկատիրական հոգեվիճակն է արտահայտում:
Մենք մշտապես մեր հարցերը չենք փորձում ինքներս լուծել եւ սպասում ենք, որ ռուսը գա՝ մեր հարցերն էլ լուծի: Հովանավորներ փնտրելու եւ մեր փոխարեն որոշումներ կայացնելու գործը օտարին հանձնելու սովորությունից, ցավոք, մենք այդպես էլ չենք կարողանում ազատվել: Մինչդեռ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: