հոդվածներ

Միջազգային հարաբերություններում յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը

2020-01-24

Հունվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքըլ Պոմպեոն կոլումբիական Caracol TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները համաշխարհային հանրության հետ համատեղ աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության իրականացման ուղղությամբ: Պետքարտուղարի խոսքով` ամերիկյան ռազմավարությունը գործուն է եւ այն փոփոխել չի պահանջվում:

Հունվարի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան էլ հայտարարեց, թե ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը «հերթական անգամ ապացուցեցին, որ Միացյալ նահանգները երբեք չի հրաժարվել անկախ պետությունների գործերին միջամտության մարտավարությունից եւ վարչակարգերի փոփոխության քաղաքականությունից… Ահա եւ ձեզ, ընկերներ, միջազգային իրավունք` Վաշինգտոնի կատարմամբ»: Սա ասում է այն երկրի ներկայացուցիչը, ում մեղադրում են Ղրիմի «խաղաղ զավթման» համար:

Այնպես է ստացվում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը մեղադրում է մյուսին` այլ պետությունների ներքին գործերին միջամտելու մասով միջազգային իրավունքի խախտման մեջ: Ղրիմի հետ կապված` եղավ հակառակ մեղադրանքը: Բայց այստեղ հարց է ծագում` եթե ուրիշների գործերին միջամտությունն իրականացվում է խաղաղ ճանապարհով, արդյո՞ք դա միջազգային իրավունքի խախտում է: Այս հարցն ինքնանպատակ չէ, քանի որ դրա պատասխանից են կախված ներկայումս աշխարհում տեղի ունեցող գործընթացների շատ գնահատականներ: Անցած տասնամյակների ընթացքում միջազգային իրավունքի ոլորտում զգալի փոփոխություններ են եղել: Պետությունների փոխադարձ հարաբերություններում առանցքային սկզբունքների առաջացման արշալույսին ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը կապակցված էր բացարձակ պետական ինքնիշխանության եւ այդ ինքնիշխանությունն ու պետության սահմանները պաշտպանելու համար ուժի կիրառման իրավունքի հասկացության հետ: Բուն պետությունների կողմից իրենց ներքին կյանքը կարգավորելու ուղղությամբ որեւէ միջազգային պարտավորություն չէր եղել: Վերջին հանգամանքը չափազանց կարեւոր է ինչպես միջազգային հարաբերությունների մեկնաբանման, այնպես էլ քաղաքական իրադարձությունների գնահատման համար:

Կատարված պնդումները պարզաբանելու համար հակիրճ հիշեցնենք միջազգային հարաբերությունների սկզբունքների հանրահայտ ծագումնաբանությունը՝ սկզբունքներ, որոնց վրա մինչեւ օրս խարսխված է միջազգային կարգը: Խոսքը, բնականաբար, Վեստֆալյան հաշտության մասին է: Վեստֆալյան հաշտությունը նշանակում է խաղաղության երկու պայմանագիր` Մյունսթերյան եւ Օսնաբրյուկյան համաձայնագրերը, որոնք, համապատասխանաբար, ստորագրվել են 1648 թվականի մայիսի 15-ին եւ հոկտեմբերի 24-ին: Դրանցով ավարտվեց երեսնամյա պատերազմը Սրբազան Հռոմեական կայսրությունում: Վեստֆալյան հաշտությունը դրեց Եվրոպայում պետական ինքնիշխանության հայեցակարգի վրա հիմնված նոր կարգի սկիզբը: Ազգային պետությունների համակարգը սկսել է ձեւավորվել Վեստֆալյան հաշտությունից (1648) հետո, որը միջազգային պայմանագրերում ամրագրել է Եվրոպայում նոր աշխարհակարգի միջազգային-իրավական դրույթները` պետության տարածքում պետական իշխանության տիրապետություն, անկախություն եւ ինքնուրույնություն (ինքնիշխանություն), տարածքի ամբողջականության ու անձեռնմխելիության ապահովում:

Աշխարհակարգի այդ կոնցեպցիայում առավել կարեւոր հանգամանքն այն էր, որ Վեստֆալյան համակարգը ոչ թե արգելում, այլ թույլատրում էր պատերազմները, այդ թվում` ագրեսիվ-հարձակողական պատերազմները, որոնց սկիզբն ու վարումը այդ համակարգը ճանաչում էր որպես ինքնիշխան պետության օրինական իրավունք: Հետեւաբար` Վեստֆալյան համակարգը չի խոչընդոտել, այլ, ըստ էության, նպաստել է միջազգային իրավունքում ուժեղի իրավունքի ամրագրմանը: Բացի դրանից, Վեստֆալյան համակարգը միջազգային իրավունքում սահմանել է ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը` հետեւելով Ժան Բոդենի (1530-1596) կողմից ձեւակերպված նորմատիվային դրույթին. «Սուվերենությունը հպատակների ու քաղաքացիների նկատմամբ պետության բացարձակ եւ մշտական իշխանությունն է»: Այսինքն` ոչ ոքի իրավունք չէր տրված թելադրել առանձին պետությանը, թե ինչպես վարվել իր ժողովրդի եւ այլ պետությունների հետ:

Նույնիսկ XVIII դարում իրավական պետությունների առաջացումը չհանգեցրեց Վեստֆալյան սկզբունքների վերանայմանը: Պետությունների իրավունքների հանդեպ նման մոտեցումը թանկ արժեցավ Եվրոպային: Պետությունների միջեւ տարբեր փոխդասավորության պատերազմները չէին դադարում: Դա ստիպեց վերանայել պետությունների իրավունքների նկատմամբ այդ մոտեցումը: Մասնավորապես` այդ մոդիֆիկացիան փլուզվեց 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմով, որից հետո առաջացավ նույն Վեստֆալյան սկզբունքների վրա հիմնված` աշխարհի նոր ձեւափոխությունը: Սակայն պատմության մեջ առաջին անգամ լուրջ փորձ արվեց ստեղծելու Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության համար պատասխանատվություն կրող միջազգային մի ունիվերսալ կազմակերպություն (փույթ չէ, թե եվրոպական մայրցամաքի մակարդակով)` Ազգերի լիգա:

Երկրորդ համաշխարհային պատերազմը ռազմական գործողությունների մեջ ներքաշել էր նաեւ այն երկրները, որոնք Վեստֆալյան հաշտության մաս չէին: Այդ ահասարսուռ պատերազմը համաշխարհային պատմության մեջ ստեղծեց միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի վերջին ձեւափոխությունը` Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը, որը միաժամանակ նրա ծաղկումն ու նրա մայրամուտի սկիզբն էր` որպես միավորված ազգային ինքնիշխանությունների միջազգային համակարգ: Ստեղծվել էին միջազգային ինստիտուտներ. 1945 թվականին` Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), 1975 թվականին` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ), ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն (1949թ.):

Բայց իսկական հարվածը Վեստֆալյան համակարգը ստացավ այն ժամանակ, երբ աշխարհակարգի սկզբունքների շարք մտցվեց պետության «միջազգային պարտավորություն» հասկացությունը: Փաստորեն անցած հարյուրամյակի վերջին երրորդ տասնամյակում իրադրությունը կտրուկ փոխվեց, որովհետեւ միջազգային պայմանագրերում պետությունները պարտավորվեցին հարգել մարդու իրավունքները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքը:

Հասկանալի է, որ այդպիսի իրավիճակներում նեղացվում էր այլ պետությունների դեմ ուժ կիրառելու իրավունքը եւ, ընդհակառակն, ընդլայնվում էր միմյանց պահանջներ ներկայացնելու՝ պետությունների իրավունքը։ Հելսինկիի 1975 թվականին Եզրափակիչ ակտում ամրագրված 10 սկզբունքները կաթվածահար արեցին ինքնիշխան պետությունների որոշ իրավունքներ եւ, հակառակը, ընդլայնեցին մյուսները։ Ստանձնած պարտավորությունների պահպանմանն ուղղված՝ ինքնիշխան պետությունների տնտեսական եւ ռազմական հարկադրման մասով որոշումներ կայացնելու՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տրված իրավունքը բոլորովին հարցականի տակ դրեց վերսալյան սկզբունքների գործունակությունը։

Բայց աշխարհակարգի հիմնախնդիրներն էլ ավելի առաջ շարժվեցին: 80-ականների վերջից 1945 թվականի նմուշի աշխարհակարգի ապամոնտաժումը կարող է վկայել սոսկ այն մասին, որ վերը նշված միջազգային սկզբունքների ու ինստիտուտների վրա հիմնված աշխարհակարգը սպառել է իր կայունացնող ներուժը: Միջազգային ինստիտուտներն իրենք էլ ավելի ու ավելի են կորցնում կարեւորագույն որոշումներ կայացնելու ունակությունները (ԵԱՀԿ, ՆԱՏՕ) կամ կազմալուծվում են (ԵԽ): Իսկ առաջացող հիմնախնդիրների լուծումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ավելի հաճախ է իրականացվում միջազգային կոալիցիաների կողմից: Ակներեւ է, որ դասական Վեստֆալյան համակարգը ХХI դարասկզբին վերջնականապես անկում կապրի: Ինքնիշխանության ծավալն ավելի շատ է սահմանափակվում ներքին եւ արտաքին գործոններով: Վերջին տասնամյակների ընթացքում ստեղծվել է միջազգային մարդասիրական իրավունք, որն էապես սահմանափակում է պետության իշխանությունը նրա քաղաքացիների նկատմամբ: Արդի միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը, գործնական կիրառության մեջ հաճախ հակասության մեջ է մտնում երկու այլ սկզբունքների՝ պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հետ: Համաշխարհայնացման գործընթացները լղոզում են ազգային ինքնիշխանության հիմքը:

Ընդ որում՝ սոցիալական ընդհանրություների փոխգործակցության մեջ միջազգային ասպարեզում նկատելի են երկու հիմնական օրինաչափություններ: Դրանք են՝ համաշխարհայնացումը եւ միջազգային հարաբերությունների հատվածականացումը, միասնական, ամբողջական աշխարհի լինելությունն ու նրա պառակտման բոլոր նոր ձեւերը: Հասկանալի է, որ այդ միտումները լուրջ ռեսուրսներ են ստեղծում միջազգային իրավունքը սեփական հայեցողությամբ գործածելու համար:

Այնպես որ, հոդվածի սկզբում նշված պետական գործիչների մեկնաբանություններն ու գնահատականները գործնական իմաստ չունեն: Անվանի Հենրի Քիսինջերը մի անգամ մտավախություններ էր հայտնել, որ գլոբալ փոփոխությունները կարող են վնասել նաեւ Վեստֆալյան սկզբունքներին, ինչը նրան խիստ մտահոգում էր: Եվ իսկապես, ինչո՞վ այժմ կարող են փոխարինել այդ սկզբունքները: Առայժմ դա ոչ ոք չգիտի՝ յուրաքանչյուրը գործում է իր ճշմարտությանը համապատասխան: