հոդվածներ

Ո՞ւմ համար էր նախազգուշացում գեներալ Սուլեյմանիի սպանությունը

Երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ուժերով 2020 թվականի հունվարի 3-ին սպանվեց Կասեմ Սուլեյմանին, կարելի էր նկատել, թե ինչպես կայծակնային արագությամբ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց Լիբիայի հիմնախնդիրը: Մի շարք փորձագետներ սկսեցին իրանցի գեներալի սպանությունը կապել, առաջին հերթին, Լիբիայի շուրջ ծավալվող իրավիճակի հետ: Այսինքն՝ այս սպանության մեջ նրանք տեսան նախազգուշացում ոչ այնքան Իրանի իշխանություններին, որքան աշխարհի տարբեր ծագերում որոշ «տաքգլուխների»: Կասկածներ չկան, որ իրանական վարչակարգին եւս ինչ-որ բան էին ուզում հասկացնել: Բայց Իրանի վարքագծում վերջին շրջանում չի նշմարվում ծայրահեղ լուրջ այնպիսի մի բան, որը կդրդեր այդ երկրի առանցքային առաջնորդներից մեկի նկատմամբ նման դաժան սպանության իրականացման: Վերջին ժամանակներս Թուրքիան էր տարածաշրջանի եւ աշխարհի համար ավելի շատ գլխացավանք ստեղծում: Հենց Թուրքիայի հետ կտրուկ սրվեցին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հարաբերությունները: Եվ հենց Թուրքիան էր, որ ԱՄՆ նախագահին սպառնաց ոչնչացնել նրա տնտեսությունը, եթե նա «անցնի կարմիր գիծը»: Սիրիայում թուրքական էքսպանսիան հանդարտեցնելու համար Միացյալ նահանգները նույնիսկ խրախուսեց Ռուսաստանի ռազմական-դիվանագիտական ​​գործողությունները՝ վերջինիս հանձնելով Թուրքիայի ռազմական գործողությունները զսպելու նախաձեռնությունը:

Եվ հանկարծ ուշադրության կենտրոնում հայտնվում է Իրանը: Ճիշտ է՝ Սուլեյմանիին սպանելու հատուկ գործողության անցկացման անմիջական առիթը Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումն էր, որը կատարվել էր դեկտեմբերի 31-ին՝ «Ժողովրդական զորահավաքի ուժեր» կառույցի աշխարհազորայինների կողմից: Սակայն առիթը դեռեւս չի նույնականացնում նպատակը՝ այն ոչ մի դեպքում չի նշանակում, որ ԱՄՆ-ի նպատակը Իրանի դեմ պատժիչ գործողությունն էր (թեպետ ավելի ուշ ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ այդ հարձակումը կազմակերպել է գեներալ Ղասեմ Սուլեյմանին): Իրանի իշխանությունների պահվածքը, որոնք հունվարի սկզբի բոլոր իրադարձությունների արդյունքներով համընդհանուր պարսավանքի էին ենթարկվում խոցված ուղեւորատար ինքնաթիռի ու «միջուկային գործարքից» միակողմանի դուրս գալու համար, վկայում է նրանց ծայրահեղ շփոթվածության մասին: Այդ երկրի էլիտան երբեք այդքան շփոթված ու նվաստացված չէր եղել: Երկրի իշխանությունները նույնիսկ մտահոգություն էին հայտնում, որ դրսից ինչ-որ մեկը ժողովրդին իրենց դեմ է հանում: Այդպիսի վիճակում հանդես բերել ինչ-որ նախաձեռնություններ` Իրանը չի կարող, մինչեւ չմարսի իր հետ պատահած ցնցակաթվածը: Առավել կարեւոր իրադարձություններն այժմ շրջանցում են Իրանին:

Արժե արծարծել Սուլեյմանիի սպանության խորապատկերին ծավալվող միջազգային մի շարք իրադարձություններ: Մասնավորապես` Թուրքիայի հակասական ակտիվությունը, որը ծավալվել է հունվարի սկզբից, շատ բանի մասին է վկայում: Կարծես թե Սուլեյմանիի սպանության քաղաքական իմաստը «ճիշտ» են հասկացել այդ երկրում, որը դրանից դեռ մի քանի օր առաջ սպառնում էր իր զորքը մտցնել Լիբիայի տարածք: Հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը որոշում կայացրեց զորք ուղարկել Լիբիա՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը օգնելու համար:

Լիբիա զորք մտցնելուն Թուրքիայի խորհրդարանի կողմից տրված հավանությունը միջազգային լայն արձագանք առաջացրեց: ԱՄՆ նախագահ Թրամփը նախազգուշացրեց Էրդողանին ձեռնպահ մնալ այդ երկիր օտարերկրյա միջամտությունից: ԵՄ-ն անհանգստություն հայտնեց իրավիճակի կապակցությամբ: Թուրքիայի գործողությունների քննադատությամբ միաժամանակ հանդես եկան Հունաստանը, Իսրայելը եւ Կիպրոսը: Համատեղ հայտարարության մեջ նրանք նախազգուշացնում էին, որ Թուրքիայի որոշումը կոպիտ խախտում է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1970 (2011) բանաձեւի, որով բռնարգելք է մտցվում Լիբիա զենքի մատակարարմանը»:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից հետո երկրում երկիշխանություն է տիրում. արեւելքում ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում (Տրիպոլիում)` ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ ձեւավորված ազգային համաձայնության կառավարությունը` Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ` հրամանատարությամբ մարշալ Խալիֆա Հաֆթարի, որն անցյալ տարվա ապրիլից փորձում է գրավել մայրաքաղաքը:

Եվ այսպես` Թուրքիան որոշել է անջատաբար գործ ունենալ Տրիպոլիում նստած ազգային համաձայնության կառավարության հետ: Բայց պահը հարմար չէր: Թուրքիայի խորհրդարանի որոշումից մեկ օր անց՝ հունվարի 3-ին, իրանցի գեներալը սպանվեց, եւ ԱՄՆ նախագահ Թրամփն ասաց, որ ոչ մեկին չի թույլատրվի տարածաշրջանում ինքնագլուխ բաներ անել: Իսկ հունվարի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնեց Թուրքիա: Նույն օրը Պուտինը եւ Էրդողանը ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ հանդես եկան հունվարի 12-ին Լիբիայում զինադադար հայտարարելու նախաձեռնությամբ: Հայտարարության տեքստից երեւում է, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է Լիբիայի վերաբերյալ իր ծրագրերից: Ահա տեքստի այդ հատվածը. «Այդ երկրում (Լիբիայում) հաստատուն խաղաղության ու կայունության կարելի է հասնել միայն լիբիացիների կողմից ղեկավարվող եւ իրականացվող քաղաքական գործընթացի միջոցով եւ նրանց միջեւ անկեղծ ու ինկլյուզիվ երկխոսության հիման վրա: Մենք վստահ ենք, որ լիբիացիները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց հայրենիքի ապագայի վերաբերյալ՝ համազգային երկխոսության շրջանակներում, հաշվի առնելով երկրի բացառապես բոլոր քաղաքացիների շահերը»:

Արդեն երկրորդ անգամ Թուրքիայի նկրտումները զսպելու գործով ստիպված էր որոշում կայացնել Պուտինը: Եվ տարօրինակ է, որ Թուրքիայի նախագահն այդպես խոնարհաբար ստորագրեց իր ծրագրերի մերժումը: Բայց տարօրինակ ոչինչ չկա. բոլորը սկսեցին հասկանալ, որ այլեւս անհնար է կատակել: Երկրորդ անգամ ոչ ոք չի նախազգուշացնելու: Իսկ Ռուսաստանի նախագահի համար այս համաձայնագիրը ճանապարհ բացեց դեպի «դիվանագիտական ​​հաղթարշավ»: Հունվարի 13-ին ներլիբիական հակամարտության կողմերը, ինչպես նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները ժամանեցին Մոսկվա՝ համաձայնագիրը հաստատելու համար: Ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ստորագրեցին փաստաթուղթը, սակայն Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը լքեց Մոսկվան ՝ առանց համաձայնագրի տեքստը ստորագրելու: Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ նա կատարել է իր գործը, եւ հիմա գործը Մոսկվայինն է: Ընդ որում` նա սպառնաց, որ «եթե Լիբիայի կառավարության դեմ Հաֆթարի գրոհները շարունակվեն, մենք չենք հապաղի նրան դաս տալ»: Իսկ Ռուսաստանը տեղեկացրեց պատերազմող կողմերի միջեւ Մոսկվայում հաշտության բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու ցանկության մասին:

Սակայն արդեն կիրակի օրը գործընթացը կշարունակվի Բեռլինում, որտեղ Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովում կհավաքվեն ոչ միայն լիբիացիները, այլեւ լիբիական ճգնաժամի հետ փոխկապակցված բոլոր կողմերի ներկայացուցիչները: Իսկ դրանք, ըստ էության, աշխարհի գրեթե բոլոր առանցքային պետություններն են`Ռուսաստանից մինչեւ Միացյալ նահանգներ, Ֆրանսիայից մինչեւ Սաուդյան Արաբիա, Իտալիայից մինչեւ Եգիպտոս: Նրանք, ովքեր ուղղակիորեն միացած չեն, ինչպես Չինաստանը կամ Հնդկաստանը, նույնպես ուշադիր հետեւում են գործընթացին: Չէ որ Լիբիան դարձել է հակասությունների կծիկ, որի մեջ միահյուսվել է ամեն ինչ` ե´ւ համաշխարհային տերությունների շահերը, ե՛ւ ներքին ուժերի ու դերակատարների հակասությունները: Ըստ երեւույթին, Թուրքիան այնքան էլ լավ չի գիտակցում, թե ինչի է հավակնել:

Ինչ վերաբերում է ամերիկա-իրանական հարաբերություններին` ոչ ոք ցանկություն չունի մուտք գործել այդտեղ: Մասնավորապես` այդ մասին հայտարարել է Ռուսաստանը: Բայց փաստն այն է, որ, հրաժարվելով «միջուկային գործարքից», Իրանը սկսել է լրջորեն անհանգստացնել եվրոպական պետություններին: Կարծիքներ եղան, որ այս գործարքից դուրս Իրանը կարող է մոտ ապագայում միջուկային զենք ունենալ: Հունվարի 14-ին Եվրամիությանն առաջարկվել էր բանակցություններ սկսել Իրանի հետ՝ այս ձեւաչափը վերականգնելու համար: Սակայն Իրանն ինքը դեռ պետք է ուշքի գա: