Ընտրություններն Արցախում| տարօրինակ առաջին փուլ
Մարտի 31-ի քվեարկության օրվա առավոտից հետո, երբ խոսակցություններ տարածվեցին, թե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսի շեմը, տարօրինակ զգացողություն առաջացավ, որ հաշվված ժամերի ընթացքում ինչ-որ բան էր կատարվել: Բանն այն է, որ դեռեւս գիշերը նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում գրեց իր թեկնածուի հաղթանակի մասին, իսկ Հարությունյանի կողմնակիցները նույնիսկ փորձում էին Ստեփանակերտում հրավառություն անել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեարկության ողջ օրը բոլոր կողմերից ձայներ էին հնչում տարբեր խախտումների մասին, շատերը կարծում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են այնպես, որպեսզի դրանք ավարտվեն առաջին փուլում: Արայիկ Հարությունյանի կողմնակիցները եւս չէին թաքցնում իրենց մտադրությունները:
Սակայն արդեն ապրիլի 1-ին ժամը 14:00-ին ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ նախնական տվյալներով Արայիկ Հարությունյանին հաղթանակի համար չի հերիքում մոտավորապես 0,8 տոկոս քվե: Համապատասխանաբար` քվեարկության երկրորդ փուլը նշանակվում է ապրիլի 14-ին: Ինքը` Հարությունյանը զարմանալի սիրալիրությամբ համաձայնվեց գործերի այդպիսի ընթացքին եւ նույնիսկ փորձ չարեց վերաստուգել ընտրողներից ստացած իր ձայներին առնչվող իրավիճակը: Շատ արագ նա ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց վերաստուգումներից հրաժարվելու իր մտադրության մասին: Հանրությունը տարակուսած էր մնացել: Արցախի Հանրապետության նախագահի ու խորհրդարանի համապետական ընտրությունների քվեարկությունից հետո ստեղծված իրավիճակը ցուցադրեց իր աննախադեպ հանելուկային լինելը:
Բայց ոչ մի հանելուկ էլ չկար: Պարզապես ոչ ոք ամենասարսափելի երազում անգամ չէր կարող տեսնել այնպիսի մի իրավիճակ, երբ քվեները կարծես թե կան, իսկ հաղթանակի մասին հայտարարել հնարավոր չէ: Բայց այդպես երբեմն լինում է, երբ մարդիկ չեն հասկանում, թե ինչի կարող է վերածվել քաղաքացիների հանդեպ անխոհեմ վերաբերմունքը` հատկապես ընտրությունների ժամանակ: Նրանք, ովքեր փորձել են նախկին մեթոդների` վարչական ու ֆինանսական ռեսուրսների, ինչպես նաեւ ընտրողներին նպատակամիտված ապակողմնորոշելու, վախեցնելու եւ ուժային հալածանքներ կիրառելու եղանակով ընտրություններն ավարտել առաջին փուլում, հայտնվել էին արտասովոր վիճակում: Նրանք ուշացած գիտակցեցին, որ այդ ռեսուրսները բավարար չեն հաղթանակն իրենց վերագրելու համար: Արցախի քաղաքացիներն իրենց ակտիվ դիրքորոշմամբ ձախողեցին այդ ծրագրերը` ցույց տալով, որ ժամանակներն արմատապես փոխվել են, եւ նրանք, ովքեր մնացել են անցյալում, արդեն չեն կարող թելադրել իրենց պայմանները:
Այսօր Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, որը շատ է հիշեցնում Հայաստանի Հանրապետության 2017-ի ներքաղաքական պատկերը: Ինքնապաստան իշխանությունները դեռ հույս ունեն, որ կհաջողեն իրենց հաղթանակ վերագրել երկրորդ փուլում: Իշխանությունն արդեն իրեն վերածել է քաղաքական պղպջակի, եւ ժողովուրդը, ինչպես թույլ է տվել, այնպես էլ թույլ չի տա ոչ մեկին ու երբեք իրենից խլել իր չարդարացված մտադրությունների համաձայնությունը:
Թե երբ կպայթի այդ պղպջակը, ցույց կտա ժամանակը: