հոդվածներ

Հայկական ընդդիմության հիմնախնդիրները

Կուսակցությունների նկատմամբ հանրության վստահությունը շարունակում է մնալ ցածր: Այդ հանգամանքը դրսեւորվել էր դեռ անցյալ տարի անցկացված` Երեւանի ավագանու եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակաշրջանում: Այլ բան չէր էլ կարող լինել. երկու տասնամյակների ընթացքում կուսակցությունների արժեզրկումը հանրային գիտակցության մեջ ձեւավորել է ոչ միայն անվստահություն, այլեւ ժխտողականություն: Ըստ էության, «թավշյա» հեղափոխության ժամանակ հանրությունը մերժեց ոչ միայն այն ժամանակ գործող վարչակարգին, այլեւ բոլոր քաղաքական կուսակցություններին: Պատահական չէ, որ բողոքավորները միայն մեկ հեղինակություն էին ճանաչում` զանգվածային շարժման առաջնորդին: Նույնիսկ նրա զինակիցները լուրջ չէին ընկալվում: Անցկացվող հեղափոխական գործընթացի նկատմամբ հասարակության վերաբերմունքում բունտային բնույթ էր երեւան եկել: Անգամ զանգվածային գործընթացները համակարգող առաջնորդն ինչ-որ պահի հայտնվել էր «ժողովրդի զայրույթի» թիրախում: Ժողովուրդը մենակ էր մնացել իր եւ իր նպատակների հետ դեմառդեմ` նրան ինչ-որ կամք թելադրելն ուղղակի անհնար էր: Առաջնորդը կարող էր միայն ի կատար ածել ժողովրդի կամքը:

Խորին «խոնարհմամբ» ժողովրդի մոտ հրապարակ եկած մի քանի կուսակցությունների ղեկավարներ կարող էին միայն խոսափողով կանգնել բեմից հեռու՝ ոչ ավելին: Քչերն էին նկատում, քչերին էր հետաքրքրում նրանց այցելությունը: Դա էր քաղաքական ուժերի երկարամյա անպտուղ եւ կոմֆորմիստական գործունեության գինը: Մարդիկ չէին մոռացել խորին խոնարհմամբ Սերժ Սարգսյանի մոտ գնացող կուսակցությունների առաջնորդների «ֆոտոսեսիաների» ակտերը նրա` նախագահ եղած ժամանակ: Իսկ կուսակցությունների նկատմամբ հանրության այդ ժխտողական վերաբերմունքն արտահայտվեց հետո` հետհեղափոխական շրջանի ընտրություններում նրանց ստացած քվեների տեսքով:

Հատկանշական է, որ լավագույն վիճակում չէին ու չեն նաեւ իշխանափոխությունից հետո ստեղծված նոր կուսակցությունները: Նախորդների «մեղքը» ինքնաբերաբար փոխանցվել էր նրանց: Տպավորություն է, որ հանրությունը չի հետաքրքրվում բուն կուսակցական հաստատությամբ: Համենայն դեպս` հատուկ հետաքրքրություն ինչ-որ նոր կուսակցության հանդեպ հանրության կողմից նկատելի չէ, եթե նույնիսկ այդպիսի կուսակցություններն իրենց ընդդիմադիր են կոչում: Այստեղ որոշակի դեր է խաղում նաեւ նոր քաղաքական ուժերի գործունեությունը: Արդիական թվացող այնպիսի օրակարգային հարցեր, ինչպիսիք են՝ Կուսակցությունների մասին եւ Ընտրությունների մասին օրենքների վերաբերյալ քննարկումները, շատ քչերին է հետաքրքրում: Այնպիսի տպավորություն է, կարծես նոր կուսակցությունների մեծամասնությունը հրատապ քաղաքականությունը տեսնում է այնպես, ինչպես նախորդներն էին տեսնում անցած 29 տարիների ընթացքում: Համենայն դեպս` միայն հատուկենտ մարդիկ են մասնակցում բանավեճերին եւ արտահայտվում երկրի հրատապ հիմնախնդիրների մասին:

Ասվածի լույսով` զարմանալի չէ, որ ակտիվ քաղաքականության մեջ առայժմ մտնում են հիմնականում անցյալի ծառայություններով ճանաչվող գործիչներ կամ տարատեսակ գործիչների խմբեր, որոնք հեղափոխության արդյունքում կորցրել են իրենց քաղաքական դիրքերն ու քաղաքական դեմքը: Ամենատիպական օրինակը «Վերնատուն» ակումբի կադրային կազմն է: Նման ձեւաչափի հայտնությունը հնարավոր դարձավ երկրում քաղաքական խոր վակուումի արմատավորման պատճառով: Տվյալ ակումբում հավաքվել են գործիչներ անցած տասնամյակների ողջ քաղաքական տարրապատկերից: Մի կողմից` կառավարող կուսակցության անձեւությունը, մյուս կողմից` քաղաքական կուսակցությունների վերը նկարագրված կրավորականությունը հանգեցրել են քաղաքական կյանքի լճացման: Այդպիսի իրավիճակում հին գործիչների` քաղաքական դաշտ մտնելու հայտը, հավանաբար, արձագանքի հնարավոր էֆեկտի հետ է կապվում: Իհարկե, հատուկ արձագանք նկատելի չէ: Խիստ սովորական են անցյալի գործընթացներից գրեթե միշտ անմասն, բայց երբեք առանձնապես ոչ մի դեր չխաղացող անձանց հայտարարություններն ու գնահատականները:

«Երկրի վրա կախված վտանգի» մասին թեզը ի զեն վերցնելու` «Վերնատուն» ակումբի անդամների փորձերն արդյունավետությամբ չեն պսակվում: Գործնականորեն բոլոր այդ գործիչներն առանձին-առանձին եւ միասին տասնամյակներ շարունակ ղեկավարվում էին հենց այդ թեզով` ժողովրդին կոչ անելով համախմբվել իրենց շուրջ եւ փոխել իշխանությունը: «Հանցավոր իշխանության փոփոխություն» հասկացությունը Հայաստանի` անխտիր բոլոր ընդդիմադիր ուժերի քաղաքական զինանոցում էր` սկսած 1992 թվականից: Այդ թեզը բոլոր ժամանակների ընդդիմադիրներին թույլ էր տալիս հեռանալ իրենց քաղաքական միավորումների էության ու նպատակների մասին հարցերից: «Մենք ժամանակ չունենք` վարչախումբը երկիրը հասցրել է անդունդի եզրին»,- այս արտահայտությունն ամեն տեսակի ընդդիմադիրների անփոփոխ մանիֆեստն էր:

Այժմ նույնպես սեմինարի մասնակիցները խոսում էին շատ ծանոթ բառապաշարով` երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բոլոր որոշումները կայացնում է մեկ մարդ. իշխանությունները բռնաճնշումներ են գործադրում` երկիրը գլորվում է 1937 թվականի մթնոլորտ: Եվ ամփոփումը. «մենք ժամանակ չունենք` վարչախումբը երկիրը դեպի անդունդ է տանում»: Ոչինչ չի փոխվել քառորդ դարի ընթացքում: Քաղաքականություն վերադարձած հին քաղաքական գործիչներն հետները վերադարձրել են իրենց «փրկարարչական» գաղափարները: Նրանց ամբողջ հույսն այն է, որ հանրությանը կարելի է անխուսափելի կորուստների մասին գաղափար ներշնչել: Բայց նոր պայմաններում նման գաղափարները միանգամայն զավեշտալի են դարձել. ընդդիմադիր հեռուստաալիքով հեռարձակվող ուղիղ ռեպորտաժներում ողջ լրջությամբ 37-ի մասին խոսելու համար պետք է լավ երեւակայություն ունենալ: Դա եւս անհամարժեքության խորացման մասին է վկայում: Նշանակում է` կասկածներ չկան, որ ակումբի տանիքի տակ հավաքված գործիչները շատ շուտով կհայտարարեն, թե չեն կարողանում մնալ քաղաքականությունից մի կողմ քաշված: Ավելի շուտ՝ կհայտարարվի այս կամ այն լուսանցքային դեմքերի հետ հարաբերություններ հաստատելու ուղեգիծ՝ այնպիսի դեմքերի, որոնք փորձում են «իրենցով անել» «հերոսի» կամ «փրկիչների» առասպելները: Ամեն ինչ հին է, ինչպես կյանքը: Հետեւաբար` արդյունքները նույնպես պետք է հին լինեն, այսինքն` ոչմիձեւի:

Հնարավոր է՝ ի հայտ կգան նաեւ անցյալից ծանոթ գործիչների կողմից կազմավորված այլ ընդդիմադիր ձեւաչափեր: Բայց մի բան պարզ է՝ նոր իրավիճակի նկատմամբ համարժեք մոտեցումներ հազիվ թե կարելի կլինի նրանցից սպասել: Անհրաժեշտ են նոր գաղափարների ու ծրագրերի կրողներ, որոնք ունակ են կազմավորելու բնականոն քաղաքական պայքար: Քաղաքական դաշտի վակուումը բավական տագնապահարույց երեւույթ է: Մյուս կողմից էլ՝ նկատելի չէ, որ գործող իշխանություններն ընդունակ են ներազդել այդպիսի վիճակի վերացմանը: Ավելի շուտ՝ պակասում է ըմբռնումը, որ երկրի զարգացման համար դա կարող է կործանարար լինել: Պակասում է նաեւ նոր պայմաններում կուսակցական աշխատանքի փորձը: Անցած տարիների կուսակցական գործունեության կարծրատիպերը ծանրանում են քաղաքական գործիչների գիտակցության վրա՝ թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմության շարքերում:

Այդ դեպքում հարց է ծագում՝ կարո՞ղ է արդյոք հանրակարգայնացվել Հայաստանի քաղաքական համակարգը 2018-ի իշխանափոխությունից հետո: Ի՞նչ է հարկավոր դրա համար:

Որքան էլ տխուր է դա գիտակցել, բացակայում են արդյունավետ գործող քաղաքական համակարգի ստեղծման բազմաթիվ ուղիներ: Կա միայն մեկ ուղի՝ գործունակ քաղաքական կուսակցությունների կազմավորում, որոնք ի վիճակի են կազմակերպել եւ իրականացնել իրենց գործունեությունը երկրի Սահմանդրությանը լիովին համապատասխան: Ազատ ընտրությունների մեխանիզմը, կարծես թե, արմատներ է ձգել Հայաստանի քաղաքական կյանքում: Մնում է, որ կազմավորվի նաեւ այն անձը, ով ցանկանում է ստանալ այդպիսի ընտրությունների մասնակցության իրավունք, եւ ով դրան արժանի է: