Անհրաժեշտ է նոր որակի անդրատլանտյան դաշինք
ՆԱՏՕ-ի համակարգային խոր ճգնաժամը կապված է եվրոպական քաղաքական «բևեռի» ձևավորման և Եվրոպայի առաջատար պետությունների ու առհասարակ Եվրոպական ընկերակցության ձգտման հետ` ավելի մեծ ինքնուրույնություն ունենալու համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվրոպական պետությունները ստեղծել են արագ արձագանքման եվրոպական կորպուս, որը կոչված է ժամանակի ընթացքում դառնալու ատլանտյան դաշնախմբի այլընտրանք։ ԱՄՆ-ը զգալի ջանքեր է գործադրում անդրատլանտյան հարաբերությունների վերածնության ու խորացման ուղղությամբ, ինչին զգալիորեն նպաստում են անվտանգության հետ կապված միջազգային և տարածաշրջանային շատ խնդիրներ։ ՆԱՏՕ-ն վերստին կանգնած է պառակտման նոր փուլի առջև։ Դրա առավել համոզիչ վկայությունը ոչ թե եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացումն է, այլ Ֆրանսիա-Գերմանիա-Բելգիա, Ֆրանսիա-Իսպանիա-Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա-Գերմանիա-Լեհաստան և այլ, պակաս նշանակալի միջպետական խմբերի առաջացումը։ Այս խմբերն ստեղծվում են կա՛մ եվրոպական, կա՛մ ավելի ընդգրկուն խնդիրների լուծման համար, մի շարք դեպքերում` պաշտոնական բնույթի։ Դրանք շատ ավելի նվազ են սահմանակարգված, քան եվրոպական պետությունների ռազմական դաշինքը, բայց քաղաքական առումով ավելի արդյունավետ են ու նշանակալի։ Այդ խմբերի սխեմաներին համապատասխան էլ հենց կառուցվում է ՆԱՏՕ-ի անդամների դիրքորոշումն ՈՒկրաինան դաշինքի մեջ ներգրավելու հարցի առնչությամբ, ինչն ակնհայտ դարձավ 2008-ի ապրիլին` Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ի դեպ, Թուրքիան հայտնվել էր դաշնախմբի ընդլայնման հակառակորդների ճամբարում, չնայած ՈՒկրաինային ու Վրաստանին աջակցելու բազմաթիվ հավաստիացումներին։ Սա նույնպես վկայում է ՆԱՏՕ-ում առկա լուրջ խնդիրների մասին, որոնց գումարվում են նաև Թուրքիայի ունեցած խնդիրներն ամբողջ Եվրատլանտյան ընկերակցության հետ։ Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական պետությունների հետ պառակտումը տեղի է ունեցել կամ ի հայտ է գալիս ուշացումով, երբ արդեն 90-ականներին ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին սկզբունքային որոշումն ընդունված էր, այլապես այդ հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցությունը կարող էր ավելի կարևոր դառնալ։ 2009 թվականը վճռորոշ դարձավ աֆղանական գործողության տակտիկայի ու հեռանկարների վերանայման գործում, ուր ՆԱՏՕ-ն, չնայած ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների միաբանությանն ու հարաբերական փոխըմբռնմանը, բացահայտ պարտություն է կրում։ Այդ պարտությունն այլ խնդիրների կհանգեցնի Պակիստանում, որը մասնատման նախադրյալներ ունի։ 2012 թվականն է՛լ ավելի կարևոր կդառնա ՆԱՏՕ-ի բարեփոխման գործում, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի հրամանատարության միավորման նոր սխեմայի ստեղծումը, կվերանայվեն տարածաշրջանային և այլ ճգնաժամերի ու հակամարտությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի կանոններն ու մոտեցումները։ Ակնկալվում է, որ Թուրքիան պահանջներ կառաջադրի անվտանգության եվրոպական համակարգի խնդիրների առնչությամբ, քանզի չի ուզում, որ եվրոպական անվտանգությունն ապահովվի ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի միջոցով։ Նշվում է, որ Թուրքիան մշտապես աշխատում է ՆԱՏՕ-ին իր անդամակցությունն օգտագործել Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար։ Թուրքիան ՆԱՏՕ-ում ավելի ու ավելի հաճախակի է ճգնաժամային գործոն դառնում, և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ՆԱՏՕ-ի համընդհանուր ճգնաժամի գլխավոր պատճառը հենց նա լինի։
Միացյալ Նահանգները ձգտում է հակազդել ՆԱՏՕ-ի կազմալուծմանը նախ և առաջ դաշինքի կազմի ընդլայնման միջոցով։ ԱՄՆ-ը Արևելյան դաշնախմբի փլուզման պայմաններում կարողացավ Եվրոպայի առաջատար պետություններին պարտադրել ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագիրը, դաշինքի մեջ ընդունելով Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի միանգամայն անպատրաստ պետություններին, ինչը եղավ ոչ այնքան Ռուսաստանի դեմ, որքան Եվրոպայի փաստական միավորման ու ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ նրա համագործակցության դեմ ուղղված քայլ։ ԱՄՆ-ը լայն աշխատանք է տարել ՆԱՏՕ-ի բյուրոկրատական ապարատի, զինվորական ու քաղաքական շրջանակների, ինչպես նաև Եվրոպայի պետությունների լրատվամիջոցների հետ։ Փաստորեն, Վաշինգտոնը, քողարկվելով անվտանգության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարության պաշտպանության թեզիսներով, ՆԱՏՕ-ում անցկացրեց նոր անդամների ընդունման ծրագիրը։ Դրանով իսկ ՆԱՏՕ-ում նա ձեռք բերեց հավատարիմ դաշնակիցներ` ընդդեմ եվրոպական առաջատար տերությունների։ Արդեն Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի ՆԱՏՕ ընդունվելուց հետո դաշինքում բանավեճ ծավալվեց կազմակերպության հետագա ընդլայնման հարցի շուրջ։ Շուտով լուծվեց ՆԱՏՕ-ի կազմում մերձբալթյան երեք պետությունների ընդգրկման հարցը։ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Բենիլյուքսի և Հյուսիսային Եվրոպայի տնտեսապես զարգացած երկրներն առարկում էին ՆԱՏՕ-ի այդքան արագ ընդլայնմանը։ Դրա հետ մեկտեղ, այս անգամ Ֆրանսիան սկսեց Ռումինիային աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում` որպես ռոմանական երկրի, որի կարծիքին միացավ Գերմանիան, որը Բուլղարիայի հետ կապված էր «առանձնահատուկ» հարաբերություններով։ Ֆրանսիայի նպատակը բալկանյան երկու պետությունների ընդունումն էր ՆԱՏՕ, որոնք նույն կերպ կդառնային մայրցամաքային պետությունների գործընկերներ։ Կարելի է ենթադրել, որ Բալկաններում ՆԱՏՕ-ի ապագա անդամները` Մակեդոնիան և Հորվաթիան, կդառնան Ֆրանսիայի ու Գերմանիայի գործընկերները քաղաքական համաձայնությունների առումով։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի ընդլայնման ամերիկյան այս ծրագիրն ունի շատ հակասություններ, միարժեք գործընթաց չէ և դարձել է անդրատլանտյան խարդավանքների առարկա։ Բալկանները, անտարակույս, դիտվում են որպես եվրատլանտյան քաղաքականության բաղկացուցիչ մաս, և տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Սերբիան ու Չեռնոգորիան, կարող են դառնալ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ։ Խնդրի այդ բլոկը, փաստորեն, արդեն, լուծված է, և մնում է միայն ժամանակի հարցը։
ՆԱՏՕ-ի այդքան բազմակողմ ընդլայնումը, այսպես թե այնպես, հանգեցնելու է ոչ թե դաշինքի և անդրատլանտյան միաբանության նոր որակի, այլ պառակտման խորացման ու հակասությունների սաստկացման։ Սակայն, անգամ այսպիսի բավականին բարդ իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ն ընդունակ չեղավ քաղաքական ու պաշտպանական առումով նոր անդամներ ներառելու, դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր խնդիր է առաջացել։ Ավելի կոնկրետ եթե ասելու լինենք, խոսքը ՈՒկրաինայի ու Վրաստանի մասին է։ Այս կապակցությամբ խնդիր է առաջանում վարելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի այդ ծրագրերին ընդդիմանալու քաղաքականություն, քանի որ դաշնախմբի հետագա ընդլայնումը կհանգեցնի Ռուսաստանի ու Եվրասիայի որոշ պետությունների ազգային շահերի դեմ ուղղված ուղղակի սպառնալիքի։ Եվ ուրեմն, անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի զարգացման միտումները, ծագող խնդիրներն ու դաշնախմբի ընդլայնման շարժառիթները, գործոններն ու պայմանները ներկայացնել որպես ռազմաքաղաքական քայլեր:
ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների ներմիավորման տարբեր գործոնների ու պայմանների քննարկման համար մենք ընդունում ենք հետևյալ հիմնական վարկածները.
-ՆԱՏՕ-ում և ԱՄՆ-ի վարչակազմում, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ազդեցիկ քաղաքական շրջանակներում չկա ՆԱՏՕ-ին Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցության հարցի որոշակի, ընդունված լուծում, այդ հարցն օգտագործվում է որպես քարոզչություն և քաղաքական նախաձեռնություն Ռուսաստանի և Եվրոպայի պետությունների հետ հարաբերություններում,
-ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետությունները, նախ և առաջ` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, ինչպես նաև դաշնախմբի հին անդամ այլ երկրներ, համամիտ չեն ՆԱՏՕ-ի կազմի հետագա ընդլայնմանը, նախընտրելով առայժմ սառեցնել այդ ծրագրերը` կասկածի տակ դնելով նոր երկրների ընդունման անհրաժեշտությունը, որոնք հեռու են սահմանված ստանդարտներից և ունեն պաշտպանական թույլ նշանակություն,
-Արևելյան Եվրոպայի առկա քաղաքական պայմաններում առանցքային խնդիր է դիտվում ՈՒկրաինան, հանուն որի մղվող պայքարը դարձել է ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար երկրների և Ռուսաստանի գերակա խնդիրների էությունը, որը ներառում է մի շարք ուղղություններ, այդ թվում` ՆԱՏՕ-ին ու Եվրոպական ընկերակցությանn ՈՒկրաինայի ներմիավորումը,
-ՈՒկրաինայի համար պայքարը ներառում է Եվրոպայի մեծ ու փոքր երկրների քաղաքական ջանքերը, այն Եվրոպական ընկերակցության կողմից համարվում է եվրոպական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, որը միաժամանակ պարունակում է բարդ հակասություններ, քանի որ Եվրոպայի տարբեր պետություններ կամ պետությունների խմբեր ջանում են կառուցել իրենց քաղաքականությունը և պաշտպանել իրենց շահերը Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերություններում,
-ՈՒկրաինայի հարցի լուծման հետ մեկտեղ հարկ է լուծել նաև Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հաստատման, այդ թվում լայնածավալ բազավորման խնդիրը, առանց որի ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցությունն արհեստական բնույթ կկրի,
-փորձագիտական ընկերակցության կարծիքով ու գնահատմամբ, կազմի, գործառույթների ու պատասխանատվության գոտու ընդլայնման առումով ՆԱՏՕ-ի օրախնդիր առաջադրանքը ՆԱՏՕ-ի մեջ ՈՒկրաինայի ընդունման հարցի քննարկումն է, որի լուծումից է անմիջականորեն կախված ՆԱՏՕ-ին Վրաստանի ներմիավորման հարցի լուծումը,
-առանց ՈՒկրաինայի հարցի լուծման խոսք չի կարող լինել ՆԱՏՕ-ի կազմում Հարավային Կովկասի պետությունների ընդգրկման մասին, ինչն անիմաստ և բարդ բան կլիներ դաշինքի ռազմավարական տարածության կտրտվածության պայմաններում:
ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության խնդիրներից մեկը հակամարտությունների, քաղաքական և սոցիալական կայունության հետ կապված մի շարք հարցերի լուծումն է, ինչն անհրաժեշտ է ոչ միայն ՆԱՏՕ-ի կազմի, այլև դաշինքի պատասխանատվության գոտու և գործառույթների ընդլայնման խնդիրներն ըմբռնելու համար, ուստի Հարավային Կովկասի երկրներում տիրող իրավիճակի հետ կապված հանգամանքները ազդեցություն են գործում ՈՒկրաինայում տիրող իրադրության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների վրա, թեև դա ոչ միշտ է շեշտադրվում:
Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը, որպես Արևմուտքի երկու առաջատար կառույցներ, զարգանում են զուգահեռաբար, և եթե եվրոպական պետությունն ընդունվում է ՆԱՏՕ, ապա դա ենթադրում է նրա անդամակցությունը նաև Եվրամիությանը: Հենց այս հանգամանքն է ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության խոչընդոտներից մեկը, քանի որ Եվրամիությունը բացահայտորեն պատրաստ չէ իր կազմի մեջ ընդունելու բազում չլուծված խնդիրներ ունեցող մի այդպիսի խոշոր պետություն:
ՈՒկրաինայի և Արևելյան Եվրոպայի մյուս երկրների արևմտամետ ներմիավորման հեռանկարների վրա անդրադառնում է նաև ներկա փուլում ԱՄՆ-ի քաղաքականության բացահայտ փոփոխությունը, որը վերանայել է իր մտադրությունները Սև ծովում և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ներկայության և գործողությունների առնչությամբ: Դա կապված է ոչ միայն Ռուսաստանի ակտիվ հակագործողությունների, այլև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերի վերաբեռնման հետ: ԱՄՆ-ի համար ներկայումս ավելի կարևոր է այդ երկրներում ռազմական և հետախուզական ներկայության բազաների տեղակայումը, քան ՆԱՏՕ-ի մեջ նրանց ներգրավումը: Այդ պետությունները բավականաչափ շարժական միջոցներ չունեն, և նրանց ամենաարժեքավոր ավանդը զորախմբերի տրամադրումն է, որոնց գործառույթներն առայժմ «սպասարկման» ոլորտից այն կողմ չեն անցնում։
Ֆրանսիան, Գերմանիան և, փաստորեն, ցամաքային Եվրոպայի բոլոր երկրները դեմ են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, և Վրաստանի առնչությամբ արվող հայտարարությունները սոսկ քարոզչական հնարքներ են: Հարկ է նշել նաև, որ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կողմից ռազմական դաշնազույգի ստեղծումը դարձավ այն բանի ազդանշան, որ ՆԱՏՕ-ում ավելի ու ավելի դժվար է դառնում որոշումների ընդունումը: Այսպիսով, ՆԱՏՕ-ում տեղի ունեցող ճգնաժամային գործընթացների կողքին Արևմտյան աշխարհի պետությունները պաշտպանության այլընտրանքային համակարգերի ստեղծման քայլեր են ձեռնարկում:
Մինչև հիմա պարզորոշ պատասխան չի ստացել այն հարցը, թե որքան է Ռուսաստանի դիրքորոշումը սահմանափակում ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Ինչպես Եվրոպայի անգլո-սաքսոնական, այնպես էլ մայրցամաքային պետությունները, տարբեր նպատակներով ու շարժառիթներով, ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցության «դադարը» շաղկապում են Ռուսաստանի դիրքորոշման հետ, բայց դա հազիվ թե լուրջ հիմքեր ունի, ավելի շուտ ընդլայնման հակառակորդների քաղաքականության հիմնավորման առիթ է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ «դադարի» իրական պատճառը կամ, ավելի շուտ, ավարտը, ՆԱՏՕ-ի երկու «բևեռների» միջև առկա խոր հակասությունն է: ՈՒնե՞ն, արդյոք, Արևելյան Եվրոպայի պետությունները ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություններ:
Այս հարցի կապակցությամբ անհրաժեշտ է քննության առնել այն խնդիրները, որոնք կարող էին միավորել ատլանտյան երկու «բևեռների» ջանքերը: Այդ հեռանկարը միանգամայն սպասելի է, չնայած հակասություններն անդրատլանտյան հարաբերությունների ներսում սաստկանում են: Ներկայումս Աֆղանստանի խնդիրն ու դրա հետ կապված հարցերը առանցքային ազդեցություն են գործում ՆԱՏՕ-ի զարգացման առնչությամբ ամերիկացիների ու եվրոպացիների քաղաքականության վրա: Առանց Աֆղանստանի խնդրի շատ ավելի դժվար կլիներ միավորել Արևմտյան ընկերակցության ջանքերը, բայց Եվրոպայի երկրների համար այդ խնդիրը մինչև վերջ ըմբռնված չէ, և շատ հարցեր են ծագում աֆղանական ռազմարշավի շարունակման առնչությամբ:
Աֆղանական խնդիրը բավականաչափ միավորել է ՆԱՏՕ-ն, բայց չի կարողացել պատշաճ չափով վերացնել հակասություններն այդ կազմակերպության մեջ: Միաժամանակ, այդ տարածաշրջանում Արևմուտքի խնդիրները կարող էին Հարավային Կովկասի և ՈՒկրաինայի ներմիավորման կարևոր գործոն դառնալ ամբողջությամբ վերցրած Եվրասիայում և, առաջին հերթին, կենտրոնական տարածաշրջանում դաշնախմբի դիրքերի ամրապնդման համար։ Իսկ ավելի հեռավոր, ասենք, 10-15 տարվա հեռանկարի նկատառումով, իհարկե, առաջանում է սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի առջև կծառանա Մերձավոր Արևելքի ու Մաղրիբի տարածաշրջաններում, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ասիայում ագրեսիայի օջախների շրջափակման խնդիրը: Ներկայումս Արևմտյան ընկերակցությունը նշված տարածաշրջանների ուղղությամբ անհրաժեշտ ուժեր ու բազաներ չունի այդ խնդիրների իրագործման համար: Հենակետային այդ ցանցը դեռ պետք է ստեղծել, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի պետությունների և ՈՒկրաինայի հետ, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պաշտպանության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ միանգամայն նոր մակարդակի հարաբերությունների ձևավորման: Ռուսաստանի առնչությամբ հնարավոր է երկու սկզբունքային հեռանկար` կամ նրա հետ պայմանավորվածության գալ մի շարք տարածաշրջաններում ազդեցության գոտիների բաժանման հարցում, կամ Ռուսաստանը այս կամ այն կերպ ներգրավել Եվրատլանտյան ընկերակցության ազդեցության գոտու մեջ: Թերևս միայն այս կերպ հնարավոր լինի ՆԱՏՕ-ի ընդլայնումը Արևելյան Եվրոպայի ուղղությամբ, թեև դա էլ խիստ խնդրահարույց է: