ԱԶԳԱՅԻՆ - ՀՈԳԵՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1
Այսպես կոչված իշխանափոխության մասին, այսօր արդեն շատ է խոսվում: Սակայն իշխանափոխություն մենք տեսել ենք 2 տարի առաջ, եւ եթե այս անգամ էլ իշխանափոխության երեւույթը սահմանափակվի միայն անձերի այս կամ այն խմբի մեկը մյուսով փոխարինությամբ, ապա այդպիսի փոփոխությունների մասին նույնիսկ խոսել էլ չարժի: Դրա համար խոսքը այսօր պիտի գնա փոփոխությունների որակային նոր տիպի մասին: Մեզ մոտ շատերը հեղափոխություն բառը հասկանում են գռեհիկաբար, որպես բռնի հեղաշրջում: Պատմությունը, սակայն, հազարավոր բռնի հեղաշրջումներ գիտի, որոնք հեղափոխություն չեն, եւ հակառակը՝ հայտնի են այսպես կոչված ՙթավշյա՚ հեղափոխություններ, որոնք ընթանում են առանց բռնության: Կարեւորը ձեւը չէ՝ բռնի կամ խաղաղ, այլ էությունը, եւ ըստ այդմ, ցանկացած որակական փոփոխություն հեղափոխական է: Հեղափոխությունը ամենեւին էլ միայն քաղաքական երեւույթ չէ: Որպեսզի ավելի ճիշտ ընկալենք այդ բառի իմաստը եւ ազատվենք գռեհիկ կաղապարներից (որոնց ծագումը, մեծ մասամբ, սովետական անցյալից է գալիս), մի փոքր անդրադառնանք լատիներեն revolutia բառի ծագումնաբանությանը: Ըստ այդմ, revolutia բառը ունի հետեւյալ իմաստները՝ պտույտ, շրջապտույտ, շարժում (օրինակ, արեւի կամ անիվի), ապա նաեւ վերադարձ, վերականգնում, նորոգում: Այս նշանակությունների ծագումը Նոր տարվա հնագույն ծեսերի հետ է կապված, երբ, ըստ առասպելաբանական պատկերացումների, ծերացած եւ հոգեւորի հետ իր կապը կորցրած աշխարհը պիտի վերանորոգվեր, երիտասարդանար, նոր դինամիկա ստանար: Այստեղ Նորը եւ Հինը, Սկիզբը եւ Վերջը իրար հետ գտնվում են դիալեկտիկ միասնության մեջ: Դրա համար, եթե մի կողմից սա նորոգում է, իր ժամն ապրած հնի տապալում, ապա մյուս կողմից՝ վերադարձ է, վերանորոգում է, շրջապտույտ: Պարզ է, որ այս առումով հեղափոխությունը, «revolutia»-ն նախ հոգեւոր ներքին ակտ է, հետո արդեն՝ կոնկրետ գործողություն: Հասարակագիտական կտրվածքով սա նշանակում է, որ գալիս է մի պահ, երբ տվյալ հասարակությունը կամ հասարակարգը սպառում է իր ներքին հնարավորությունները, կաղապարվում է, ճահճանում, զրկվում դինամիկայից, եւ այդ պարագայում նրան պետք է մի նոր շարժ, նոր իմպուլս, նոր թարմ հայացք, այսինքն՝ հենց վերանորոգում եւ շրջադարձ: Այդ իսկ պատճառով պատմության մեջ ցանկացած հասարակարգ էվոլյուցիոն եւ հեղափոխական զարգացման ցիկլերի համադրություն է: Այդ ցիկլերը կոնկրետ դեպքերում շատ տարբեր երկարություն կարող են ունենալ, բայց բնական են ու անշրջելի, ինչպես ցերեկվա եւ գիշերվա հերթափոխությունը:
Հեղափոխական գործընթացի հոգեբանական եւ միստիկական նշանակությունը ընդգծում է ամերիկացի հոգեբան Ռ. Լիֆթոնը. նա համարում է, որ գոյություն ունի ՙհեղափոխական անմահություն՚, որի տակ հասկացվում է սեփական մահկանացու բնության հաղթահարումը՝ հավերժ հեղափոխական գործընթացին մասնակցելու միջոցով:
Հետաքրքիր է evolutia եւ revolutia բառերի ծագումնաբանության փոխհարաբերությունը: Եթե առաջինը նշանակում է «ելք», այսինքն, փիլիսոփայորեն ասած, «շարժում դեպի արտաքին աշխարհ», իսկ դա, ի վերջո, ցանկացած «օտարացման» սկիզբն է, ապա երկրորդը նշանակում է փաստորեն ոչ այլ ինչ, քան «դարձ» (ե՛ւ շարժում, ե՛ւ վերադարձ, եւ այլ իմաստներով), այսինքն՝ նոր շարժում դեպի ներքին աշխարհ, դեպի ակունք, էություն: Այսպիսի անսպասելի ասպեկտները մեր առջեւ իմաստային մի ամբողջ դաշտ են բացում, սակայն պետք է սահմանափակվենք այսքանով եւ անցնենք ավելի կոնկրետ ոլորտների:
2
Ընդունեցինք արդեն, որ այսօր Հայաստանում որեւէ իշխանափոխություն (եւ ոչ միայն վաղաժամկետ, այլ ասենք, եթե այն կատարվի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում, հերթական ընտրությունների միջոցով) կարող է իմաստ ունենալ, եթե նա զուգակցվի հոգեւոր-արժեքային հեղափոխությամբ, այսինքն՝ որակական նոր փոփոխություններով: Այստեղ պետք է ընդգծենք, որ այս առումով հասկացված հեղափոխությունը ոչ թե միաժամկետ ակտ է, որը սկսվում եւ ավարտվում է իշխանության փոփոխության հետ, այլ շարունակական գործընթաց, որը կարող է տեւել 1-3 տարի: Դա հասարակության եւ նրա անդամների մի ինքնամաքրում է եւ ինքնանորացում, եւ այս առումով կարելի է այն համեմատել կրոնա-բարոյական այնպիսի երեւույթի հետ, ինչպիսին է՝ զղջումը, ապաշխարհումը: Այսպիսի հեղափոխությունը, այո՛, դարձ է:
Հայկական պատմությանը անծանոթ չէ հեղափոխություն երեւույթը: Հեղափոխություն էր, օրինակ, քրիստոնեության ընդունումը: Իսկ մեզ ավելի մոտ ժամանակներում՝ XIXդ. վերջի եւ XX դարի սկզբի ազատագրական պայքարը հայտնի է «Արեւմտահայ Հեղափոխություն» անունով: 1975 թվից իրենց գործունեությունը սկսած ՀԱՀԲ-ը (ASALA) եւ «Հայկ. Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ը (հետագայում՝ «Հեղափոխական բանակ») եւս այն դիտում էին որպես հեղափոխության վերսկսում: Հայկական հեղափոխությունը վերանորոգում էր, «դարձ» էր այնքանով, որ վերականգնեց հայ իրականության մեջ գրեթե մոռացված այնպիսի երեւույթներ, ինչպիսին են մարտական ոգին, հերոս-մարտիկի կերպարը, ապստամբական-դիմադրական ոգին, անկախության, պետականության գաղափարը եւն.: Դա նոր տիպի էլիտայի ծնունդ էր: Մյուս կողմից, պետք է նշել, որ Հայ Հեղափոխություն երեւույթը, ըստ էության, չի հասել իր ավարտին գոնե այնքանով, որքանով վերջնական լուծում չեն ստացել նրա առաջադրած նպատակները եւ գերխնդիրները: Հետեւաբար, տեղին է խոսել Հայ Հեղափոխության պարբերական վերսկսման եւ պատմական պերմանենտության մասին: Եվ քանի որ XIX դարավերջի Հայ Հեղափոխության առաջատար կազմակերպությունը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, գոնե այսօրվա վիճակով եւ իր վերնախավային շերտում կարծես մոռացել է հեղափոխության գաղափարը, ուրեմն ազգային հեղափոխության մի կողմ նետած դրոշը այսօր պարտավոր են բարձրացնել ազգայնական-հայրենասիրական ուժերը:
Այսպիսով պարզեցինք, որ Ազգային մեր Հեղափոխության խնդիրը չի սահմանափակվում միայն քաղաքական պահի մարտավարությամբ, այլ ունի ռազմավարական ծրագրի նշանակություն: Այսինքն՝ 1) այն չի սկսվում ու վերջանում միայն ՙիշխանափոխությամբ՚, այլ շարունակական գործընթաց է եւ ունի պարբերաբար ցիկլերով վերսկսվելու միտում, եւ որպես այդպիսին՝ պերմանենտ է; 2) անկախ նրանից, թե երբ սկիզբ կդրվի նրա իրագործումը՝ տվյալ կոնկրետ քաղաքական իրավիճակի պայմաններում, թե որեւէ այլ ժամանակահատվածում, այն որպես ռազմավարական ծրագիր, մնում է ազգային գերխնդիր; 3) որպես ազգային հեղափոխություն, այն պարունակում է իր մեջ ազգային վերականգնման, վերանորոգման, դարձի առավել մեծ տարրեր, եւ այդպիսով, նրան կարելի է դասել պահպանողական հեղափոխությունների շարքին (ինչպիսին է, օրինակ, Իրանի 1979թ. հեղափոխությունը):
3
Ընդհանուր առմամբ, մեր ազգային հեղափոխության մոտակա ժամանակներում իրագործվելիք մարտավարական մասը, այսինքն՝ Հայ Հեղափոխության, այսպես ասած, հերթական ցիկլը պետք է ընդգրկի հետեւյալ երկու մեծ ոլորտները՝ ա) ազգային, բ) սոցիալական: Այսինքն՝ իր բնույթով մեր հեղափոխությունը կարելի է անվանել ազգային-սոցիալական (ինչ-որ առումով՝ նաեւ սոցիալիստական): Այս երկու ոլորտներից առաջինը առավելապես վերաբերվում է հոգեւոր ոլորտին, երկրորդը՝ նյութականին: Այս երկու ոլորտների փոխհարաբերությունը գրաֆիկորեն կարելի է արտահայտել խաչի ձեւով, ուր ուղղահայաց գիծը արտահայտում է դեպի վեր ընթացող հոգեւոր հարթությունը, իսկ հորիզոնականը՝ նյութական, սոցիալական, տարածային հարթությունը:
Հեղափոխության առաջին՝ ազգային հարթությունը, ենթադրում է ազգային ինքնության, ինքնատիպության վերանորոգում եւ վերականգնում, առանց որի անհնար է որեւէ ստեղծագործական մշակույթի ստեղծում, ազգային արժեքների իմաստավորում, վերարծարծում, եւ, որ շատ կարեւոր է, շարունակական վերաիմաստավորում՝ փոփոխվող պայմաններում, առանց սակայն կորցնելու էությունը: Այսպիսով, հեղափոխության ազգային բաղադրամասը պիտի իրենից ներկայացնի ոչ թե ազգային արժեքների, զուտ պահպանողական, ավանդապաշտական, ՙազգագրական՚ վերարծարծում, որը միշտ էլ դատապարտված է ձախողման, այլ պիտի լինի վերանորոգչական մի շարժում՝ նորարարության ստեղծագործական վերածնության պաթոսով եւ հենց դրանով էլ՝ հեղափոխական:
Երկրորդ՝ սոցիալական բաղադրամասը պիտի ելնի հետեւյալ դրույթներից. եթե ազգը դիտվում է որպես առաջնային արժեք, եւ ազգային-պետական մարմինը միասնական օրգանիզմ է, որի անդամները իրար հետ կապված են ոչ միայն ընդհանուր շահով, այլեւ ՙսիրիր մերձավորիդ՚ սկզբունքով, հետեւաբար, հասարակությունը պետք է հոգա իր կարիքավոր եւ անօգնական անդամների հոգսերը եւ օժանդակի նրանց: Այս առումով այդպիսի հասարակությունը ոչ միայն ՙսոցիալական է՚, այլեւ՝ սոցիալիստական, քանի որ մաքուր կապիտալիզմի համակարգը ելնում է հակառակ դրույթներից. այն հասարակությունը դիտում է որպես էգոիստ անդամների մեխանիկական գումար, ուր ՙմարդը մարդուն գայլ է՚: Ազգային արժեքների վրա կառուցված հասարակությունը պիտի նաեւ նյութական կառուցվածքով լինի հնարավորին չափ արդար եւ «եղբայրական»:
Սրանք ազգային հեղափոխության երկու մեծ ոլորտներն են:
Ըստ այդ բաժանման, կարելի է նշել նաեւ Հոգեւոր Հեղափոխության երկու առանցքային բառերը, կամ նրա կարգախոսը՝ Հայրենիք եւ Արդարություն: Կամ, եթե հաշվի առնենք նաեւ ազգային ոլորտի բարոյական բաղադրամասը՝ Հայրենիք, Ճշմարտություն, Արդարություն, ինչը համապատասխանում է մեր ազգային աշխարհընկալման հիմնական արժեքներին, ինչպես նաեւ հնդեվրոպական քաղաքակրթության բոլոր հին ու նոր ուսմունքներին («Ռիգվեդայից» մինչեւ Զրադաշտ, Զրադաշտից մինչեւ Պլատոն, Պլատոնից մինչեւ Հռոմ, քրիստոնեական միջնադար եւն.): Այս երեքը միասին համապատասխանում են մեկ այլ ազգային-ժողովրդական մտածողության արխետիպին, որը արտահայտվում է ՙԿարգ ու կանոն՚ բառերով:
Ազգային Հայկական Հեղափոխության այս հերթական ցիկլը, ինչպես ասացինք, միաժամկետ չի, այլ կկրի շարունակական բնույթ՝ տեւելով 1-3 տարի: Այն պետք է լինի հնարավորինս ընդգրկուն եւ տարողունակ:
Որպեսզի այն չվերածվի հերթական ՙիշխանափոխության՚, նրա մեջ պետք է ընդգրկվեն հայ իրականության բոլոր ոլորտները՝ կառավարությունը, քաղաքական կազմակերպությունները, եկեղեցին, մշակույթը, գիտությունը եւն.: Բոլորը պետք է անցնեն ձուլարանի կրակի միջով եւ նորացված դուրս գան այնտեղից: Միայն այդպիսով մենք կկարողանանք դիմակայել XXI դարի մարտահրավերներին, այլապես դատապարտված ենք մնալու գորշ գավառականության հավաքատեղի:
Սա վերաբերվում է ե՛ւ մեր ավանդապահներին, ե՛ւ «մոդեռնիստներին»:
Ազգային հեղափոխությունը պետք է կերտի նոր էլիտա, որը ինչքանով պահպանողական է, նույնքանով էլ՝ նորարար, հեղափոխական:
Ռազմավարական առումով, իհարկե, Հայկական Հեղափոխությունը այսքանով չի ավարտվում: Նրա գլխավոր քաղաքական նպատակը մնում է միասնական Հայաստանի ստեղծումը՝ XXI դարում, իսկ հոգեւոր առումով՝ նրա նպատակը պետք է լինի այնպիսի շարժ առաջացնել, որն իր ընդգրկունությամբ եւ հետեւանքներով կհամեմատվի 301թ. քրիստոնեական դարձի, եվրոպական Վերածնունդի և նման շարժումների հետ: