հոդվածներ

Հայ-ռուսական հաբերությունների տեսություն

Հատված Ա

Ռուսաստանը

Մաս 1 Ռուսաստանի աշխարհագրական քաղաքականությունը

1.1 Հարցադրումը

Ի՞նչ է Ռուսաստանը:

Այս հարցը թվում է անիմաստ՝ բոլորս էլ կարող ենք բազում տվյալներ և բնութագրեր թվարկել ի պատասխան այս հարցի:

Բայց մեր հարցը սա չէ: Հանրահայտ փաստերի իմացությունը դեռ գիտելիք չէ, պատասխան չէ՝ ի՞նչ է՛ հարցի:

Ի՞նչ է՛ հարցի շեշտը է՛-ի վրա է, այսինքն դա հարցում է էությունից՝ մի բանից, որն ավելի ընդհանուր է քան պարզապես տվյալների գումարը: Դա հարց է նրա մասին, թե ինչպիսի՞ էություն, այսինքն՝ գոյություն, «անհատականություն» է հարցի առարկան, որո՞նք են նրա էական հատկանիշները, որոնք նրան տարբերում են այլ «անհատականություններից», ո՞րն է նրա եզակիությունը, որն էլ թույլ է տալիս նրան տարբերել որպես առանձին էություն:

Մեզ պետք են ոչ թե սոսկ տվյալներ, պատկերացումներ և բնութագրումներ, այլ իմաստավորում և տեսություն: Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն 300 տարի է, ինչ առանցքային են մեզ համար, բայց ի՞նչ է Ռուսաստանը հարցի պատասխանն այն իմաստով, որով մենք ենք այստեղ դնում՝ չունենք: Մեր մեջ ասած, դա մեծ մեղք էլ չէ, քանի որ նման հարցերի պատասխանները հեշտ չեն տրվում, պահանջում են հանրային, մտավոր կյանքի որոշակի կազմակերպվածություն և մակարդակ, այլև՝ ամենակարևորը՝ ինքնուրույնություն, և բացի այդ միշտ վտանգված են վերածվելու զուտ հայեցողական՝ անհիմն մտավարժանքների: Մենք կփորձենք հնարավորինս խուսափել այդ վտանգից՝ առաջնորդվելով մեր սեփական մեթոդով, և հնարավորինս հիմնվելով նյութական տվյալների ընդհանրացման, այլ ոչ թե իդեալիստական և իդեոլոգիական դատարկությունների վրա:

Որևէ երկրի ի՛նչ լինելը հասկանալու համար պետք է նախևառաջ դիտարկել հետևյալ հիմնարար գործոնները՝ ա. աշխարհագրություն, բ. «ցեղը» (նախնական էթնիկ հիմքը), գ. պատմականորեն գոյություն ունեցած ներքին կարգը/կարգերը՝ պետական և հանրային կազմակերպման ձևերը՝ ներքին հարաբերությունները, դ. երկրի դերը միջազգային հարաբերություններում

1.2 Ռուսաստանի աշխարհագրությունը

Հաճախ միայն աշխարհագրական տվյալների վերլուծությունը կամ իմաստավորումը բավական է որևէ երկրի պատմության, այլև այդ երկրի գերակայող ազգային ինքնության առանձնահատկությունների զգալի մասը հասկանալու, բացատրելու համար: Առավել ևս ճիշտ է այս պդնումը Ռուսաստանի վերաբերյալ: Ռուսական ինքնությունը կարող ենք նույնիսկ կոչել առավելապես աշխարհագրական տվյալներով ձևավորված, պայմանավորված ինքնություն:

Ռուսաստանի աշխարհագրության մեջ իր հերթին մի քանի տվյալ կարող ենք համարել առավել կարևոր և ձևավորող գործոններ՝

ա. երկրի մեծությունը,

բ. նրա կենտրոնամետ դիրքը Եվրասիա մայրցամաքում,

գ. լանդշաֆնտները՝ Ռուսաստանը միավորում է եվրասիական մեծ տափաստանային գոտու մեծ մասը, սրան գումարած եվրոպական անտառային գոտու մի մասը (բուն ռուսական՝ մոսկովյան հայրենիքը), հյուսիսային անտառային՝ տայգա և հյուսիսային տափաստանային՝ տունդրա գոտիները: Ահռելի տարածքի մեծ մասը հարթավայրային է, լեռները համեմատաբար քիչ են, հիմնականում երկրի ծայր արևելքում են կոնտրոնացած, և չնայած հսկայական տարածքին՝ երկիրը համեմատաբար միատարր է, կամ ավելի ստույգ՝ իր չափի համեմատա ունի փոքր բազմազանություն, նվազ մասնատվածություն,

դ. խիստ կլիմայական պայմաններ երկրի մեծ մասում, գրեթե անմարդաբնակ կամ նվազագույն բնակեցված հսկայական տարածքներ հյուսիսում և արևելքում,

ե. շեշտված մայրցամաքային բնույթ. համեմատած մեծ տարածքի հետ՝ դեպի ծովային հաղորդակոցություններ ելքերի սակավություն կամ անհարմարություն,

զ. պատմական աշխարհագրության իմաստով՝ օյկումենայից՝ հին աշխարհին հայտնի քաղաքակիրթ տարածքից դուրս երկրների միավորում՝ մեծ տափաստան, հյուսիսային անտառներ և «անապատներ» և այլն:

Դիտարկենք սրանցից որոշներն ավելի մանրամասն՝ իրենց հետևանքներով:

1.2.1 Ռուսաստանի տարածքային մեծությունը

Առաջին իսկ հայացքը աշխարհի քարտեզին միանգամից տարբերում և հակադրում է Ռուսաստանն իր չափերով Եվրասիական մյուս բոլոր պետություններին, այդ թվում դրանցից առավել մեծ չափեր ունեցող՝ Չինաստանին կամ Հնդկաստանին, էլ չասած եվրոպական երկրների մասին (Ռուսաստանը մոտ երկու անգամ մեծ է Չինաստանից, մոտ 6 անգամ Հնդկաստանից, եվրոպական չափով իրենից հետո երկրորդ Ուկրաինայից 28 անգամ, Ֆրանսիայից 34 անգամ և այլն): Այս տարածքային ահամաչափությունն ազդեցություն է թողնում նունիսկ անհատի հոգեբանության մակարդակում: Հատկապես Ռուսաստանի եվրոպական ընկալումը հաճախ իր հիմքում ունի այն զարմանքն ու միաժամանակ անհագստությունը, որը միանգամայն այլ տարածքային մեծությունների սովոր եվրոպացին զգում է՝ քարտեզի վրա Ռուսաստանը տեսնելիս: Մյուս կողմից այս հայացքը ենթագիտակցաբար արթանցնում է նաև եվրոպական քաղաքակրթության խորքում ամրագրված կարևոր այնպիսի պատկերներ և փոխաբերություններ ինչպիքիք են «կավե ոտքերով հսկայի» կամ փոքր և ազատասեր Հելադայի և հսկա ու բռնապետական Պարսկաստանի պայքարի մասին հերոդոտեսյան լեգենդար՝ եվրոպական քաղաքակրթության հիմնադիր պատումը: Սա կարող է դիտարկվել որպես մշակութային «ենթագիտակցության» մեջ արմատավորված հակադրում. ահռելի՝ եվրոպական ընկալմամբ անհամաչափ մեծ տարածք զբաղեցնող պետությունը, կարծես, ինքնին թշնամական, առնվազն՝ օտարության զգացողություն է առաջ բերում, և կապվում է բռնակալության, աստվածաշնչյան և հին հունական բացասական օրինակների հետ, և նույնիսկ զուտ գեղագիտորեն, կարծես, դեմ է եվրոպական ճաշակին, որի հիմքում «ամեն ինչ չափի մեջ» հին հունական դրույթն է:

Չենք խոսում Ռուսաստանի ասիական հարևանների ընկալումների մասին, որոնք մեզ պակաս ծանոթ են, սակայն, հավանաբար դրանց հիմքում էլ միևնույն անհասգտությունը պետք է ընկած լինի՝ գունավորված սեփական մշակութային կաղապարներով:

Հարցն, անշուշտ, միայն հոգեբանությունը չէ: Հոգեբանությունը միայն արտացոլում և երանգավորում է, զգացմունքային ձևակերպում է տալիս նյութական այն իրողութուններին, որոնք բխում են մեկ պարզ փաստից՝ Ռուսաստանի անհամաչափ տարածքային մեծությունից՝ համեմատած իր եվրասիական հարևանների հետ, նույնիսկ, եթե հաշվի ենք առնում, որ տարածքային այդ մեծությունը հավասարակշռված է խիստ կլիմայով, անմարդաբնակ տարածքների զգալի տոկոսով և այլն:

1.2.1.1 Ռուսաստանի տարածքային անհամաչափ մեծությունից բխող հետևանքները

ա. «Բացարձակ անվտանգություն»

Տարածքն այնքան մեծ է, որ ինքնին ապահովում է երկրին «բացարձակ» անվտանգություն: Ռուսաստանին կարող է պարտվել, բայց այդ երկիրը փաստացի հնարավոր չէ նվաճել: Իհարկե երկրի արևմտյան՝ եվրոպական մասերն առավել կարևոր են ու առավել խոցելի, սակայն անծայրածիր տարածքները հնարավորություն են տալիս շարունակել դիմադրությունը նույնիսկ այդ տարածքների կորստի և շարունակ նահանջների դեպքում, ինչպես որ պատմական փորձն էլ բազմիցս ապացուցել է: Այս առումով Ռուսաստանի հետ կարող է համեմատվել միայն ԱՄՆ, այն էլ բավականին հեռավոր և պայմանական կերպով:

բ. Ինքնիշխանություն և ինքնաբավություն

Նույն տարածքային հենքն ինքնին տալիս է նաև փաստացի ինքնիշխանության բարձր չափ: Դրան նպաստում է հենց նույն «բացարձակ անվտանգության» գործոնը, ինչպես նաև ռեսուրսային ահռելի հենքը: Աշխարհի երեսին, թերևս չկա ավելի ինքնամփոփ երկիր: Ռուսաստանը կատարյալ տեղ է ինքնաբավ (ավտարկիկ) քաղաքական և տնտեսական համակարգերի կառուցման փորձերի համար:

գ. Անհամաչափ ազդեցություն

Բնականաբար Ռուաստանի ահռելի տարածքն «աշխատում է» որպես ֆիզիկական ուժեղ ձգողական կենտրոն՝ նման տիեզերքի մեծ մարմինների՝ ստեղծելով անհամաչափ ազդեցություն իր շուրջը, ընդ որում այդ ձգողականությունը տարածվում է եվրասիական ողջ մայրցամաքի երկայնքով՝ Եվրոպայից մինչև Չինաստան և Ճապոնիա:

Պարզ է, որ այս բոլոր գործոնները կարող են դրևորվել առավել կամ պակաս չափով՝ կախված այլևայլ հանգամանքներից, սակայն, նույնիսկ համեմատաբար թույլ Ռուսաստանի դեպքում, դրանց ազդեցությունն ի սպառ վերանալ չի կարող, քանի որ հիմնված է զուտ ֆիզիկական պարզ տվյալի վրա:

1.2.2 Ռուսաստանի կենտրոնական դիրքը Եվրասիայում

Ռուսաստանը ոչ միայն ամենա մեծն է Եվրասիայում, այլև՝ կենտրոնական դիրք է զբաղեցնում մայրցամաքում: Իհարկե խոսքը երկրաչափորեն ճշգրիտ կենտրոնի մասին չէ՝ Ռուսաստնի դիրքը ստույգ կենտրոնից շեղված է դեպի հյուիսիս և արևելք, իսկ քաղաքական և պատմական կենտրոնը՝ դեպի Արևմուտք: Այնպես որ խոսում ենք հարաբերական կենտրոնի մասին: Ավելի ստույգ լինելու համար, կարող ենք Ռուսաստանի աշխահագրական դիրքը կոչել՝ կենտրոնամետ:

Ռուսաստանի համեմատ Եվրասիայի մյուս բոլոր երկրները «եզրային են»: Կարելի է ասել, որ աշխարհաքաղաքական իմաստով Եվրասիան բաժանվում է հենց այդ երկու մեծ հիմնարար հատվածների՝ կենտրոն, որը զբաղեցնում է կամ որին միտվում է Ռուսաստանը, և եզրեր, որոնք միավորում են մնացած բոլորին:

Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը մեկ նախադասությամբ՝ Ռուսաստանը և մյուսները:

Կարելի է ավելի մանրամասեցնել նկարագրությունն, ասելով, որ Եվրասիան բաժանվում է մի կողմից նրա կենտրոնը զբաղեցնող Ռուսաստանի, որի մեջ են մի կողմից առավել մայրցամաքային՝ ծովերից հեռու գոտիները, և մյուս կողմից՝ առավել «սառը ծովերը», և մնացած Եվրասիայի, որն ի համեմատություն Ռուսաստանի կարելի է կոչել «մեծ ծովափ» կամ «մերձծովափ»՝ նույնիսկ այնպիսի երկրները, որոնք Հայաստանի պես ծովի ելք չունեն: Ի տարբերություն Ռուսաստանի, որը «սառը ծովերի» տիրակալն է, «մեծ ծովափը»՝ «տաք ծովերի»-նն է: Վերջին հաշվով հենց սրանով էլ պայմանավորված է այն, որ «Ծովափում» գոյացել են բազմաթիվ միջին և փոքր, այլ ոչ թե մեկ մեծ երկրներ՝ աշխարհագրական պայմանները նպաստում են բազմաթիվ ինքնուրույն միավորների գոյությանը:

1.2.2.1 Ռուսաստանի կենտրոնամետ աշխարհագրական դիրքից բխող հետևանքները

ա. Անվերջ ծավալման ձգտումը

Մայրցամաքի մեծ մասը զբաղեցնող, նրա կենտրոնում գտնվող հսկայական զանգվածը գրեթե ֆիզիկայի օրենքով ձգտում է ծավալման դեպի դեռ չզբաղեցրած արևմտյան և հարավային եզրամասեր՝ մայրցամաքի ամբողջացում մեկ «մոնստր» միավորի մեջ:

Հյուսիսի մեծ մասում և հյուսիս-արևելքում ռուսական պետական զանգվածը հասել է իր մայրցամաքային ծավալման առավելագույն սահմաններին՝ օվկիանոսային ափերին: Սակայն արևմուտքում և հարավում նա հանդիպում է ավելի ուժեղ դիմադրություն, քանզի այստեղ՝ տաք ծովերի «մեծ ծովափին», ինչպես նաև ծովերի և տափաստանի միջակայքի լեռնային մեծ գոտում (Պիրենեյներից մինչև Թիբետ՝ լեռնակազմության այսպես կոչված ալպիական մեծ գոտին) հնուց ձևավորվել են եվրասիական հնագույն քաղաքակրթությունները: Այստեղից երկրորդ հետևանքը, որն առաջինի նյութականացումն է (կոնկրետացումը):

բ. Ձգտումը դեպի տաք ծովեր

Որն այլ անունով կարող ենք կոչել՝ ձգտումը դեպի քաղաքակրթության հին տարածքներ: Ռուսական պետությունը միավորել է որոշ բացառություններով այն բոլոր եվրասիական տարածքները, որոնք դուրս էին հին աշխարհի օյկումենայից՝ քաղաքակիրթ (բառացի՝ բնակեցված, ավելի բառացի՝ տնավորված) տարածքից: Օյկումենան համընկնում է տաք ծովերի ծովափների և նրանց սահմանակից լեռնային ալպիական մեծ գոտու հետ: Օյկումենան բաժանված է եղել և այսօր էլ բաժանված է մի քանի քաղաքակրությունների և բազմաթիվ երկրների, պետությունների և ազգերի, որովհետև նրա ռեսուրսային հնարավորությունները թույլ են տալիս այդ բազմազանության ապահավումը՝ ոչ միայն պարզապես ցեղային, ազգային կամ նույնիսկ պետական, այլ նաև՝ քաղաքակրթական: Ի հակադրություն սրա Եվրասիայի կենտրոնական տարածքները, որոնք միավորված են այսօր ռուսական պետության մեջ պատմաանորեն կարողացել են ապահավել միայն ցեղային բազմազանություն, բայց ոչ քաղաքակրթական և պետական՝ շնորհիվ իրենց սակավ ռեսուրսային հենքի:

Այսօր Եվրասիայում իրար հակադրված են մի կողմից քաղաքականապես բազմաթիվ առանձին մասերի բաժանված նախկին օյկումենան, և մյուս կողմից մեկ քաղաքական միավորի մեջ միավորված նախկին անօյկումենան:

Բնական է ռուսական պետության մեջ միավորված զանգվածի մղումը դեպի հնուց ի վեր քաղաքակրթական զարգացման հենք ապահովող օյուկեմենայի տաք ծովերը, որոնց հասնելու ճանապարհին էլ ընկած է մեծ ալպիական գոտին, այդ թվում Հայկական Լեռնաշխրան ու Կովկասը:

Եվրասիական մայրցամաքի այս անհավասարկշիռ ուժային դաշտը, մշտական՝ մե՛րթ ուժգնացող, մե՛րթ քողարկված, բայց խորքում երբեք չդադարող աշխարհաքաղաքական լարման աղբյուր է:

գ. Զսպման խնդիրը

Բնական է, որ որպես ռուսական հսկայի ծավալման ձգտման հակադարձ պետք է առաջ գա զսպման խնդիրը:

Այս խնդիրըն եղել է մասնավորապես բրիտանական քաղաքականության նպատակը 19-րդ դարում, հատկապես հարավային ուղղությամբ՝ դեպի Մերձավոր Արևելք, Հնդկաստան և Հեռավոր Արելևելք: Սակայն բրիտանական քաղաքականությունն չի եղել միագիծ (ավելի մանրամասն սրա մասին՝ հոդվածի շարունակությունում): Այն հետապնդել է միաժամանակ երկու իրար հակադիր նպատակ՝ մի կողմից ռուսական հսկայի արդեն հիշյալ զսպումը, մյուս կողմից էլ նույն ռուսական ուժի օգտագործումը որպես գործիք եվրոպական ցանկացած միավորման դեմ: Այս ներքուստ հակասական քաղաքականությունը հնարավոր եղավ հաջողությամբ իրացնել որոշ ժամանակ, սակայն, ոչ անվերջ: Ի վերջո այդ քաղաքականությունը պայթեց սեփական իսկ ներքին լարումից՝ երկու համաշխաևհային պատերազմների արդյունքում: Գինն եղավ Եվրոպայի և մասամբ բուն Մեծ Բրիտանիայի որպես աշխարհաքաղաքական առաջին կարգի սուբյեկտների ոչնչացումը, եթե չասենք ինքնասպանությունը, իսկ Ռուսաստանի զսպման դերն անցավ արտաեվրասիական ուժին՝ բրիտանական «պահուստ» ԱՄՆ-ին: Զուտ եվրասիական ներքին ուժով այլևս անհնար եղավ զսպել եվրասիական կենտրոնական զանգվածի ծավալումը դեպի եվրասիական եզրեր: Եթե չլիներ Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութացումը, ռուսական համաշխարհային տիրապետությունն անխուսափելի էր դառնում, մյուս կողմից էլ, թե չլիներ բրիտանական հակաեվրոպական քաղաքականությունը՝ Միացյալ Եվրոպան սեփական ուժերով ի զորու կլիներ դիմակայել ռուսական ծավալմանը: Իհարկե դա արմատապաես այլ Միացյալ Եվրոպա կլիներ և պետք է լիներ քան այսօր է՛:

դ. Փլուզման վտանգը

Զսպման խնդրի հակադիր մարտահրավերն է՝ Ռուսաստանի փլուզման վտանգը: Որքան էլ մեծ մարտահրավեր է ռուսական ծավալման վտանգը, պակաս խնդրահարույց չի թվում համաշխարհային կայունության տեսակետից, նաև այդ հսակայական տարածքի քաղաքական մասնատումը, և դրանից բխող անկանխատեսելի հետևանքներն ու հնարավոր տևական քաոսը:

Ռուսաստանն աշխարհի առավել բազմազգ պետություններից է, ընդ որում բազմազգ ասելով, այստեղ պետք է հասկանալ այն, որ Ռուսաստանը միավորում է իր կազմում ոչ միայն ռուսական, այլև բազմաթիվ այլ ազգերի բնիկ տարածքները՝ կովկասյան ժողովուրդներ, թաթարներ, սիբիրյան ժողովուրդներ: Այսինքն՝ սա, օրինակ, ԱՄՆ կամ նման այլ պետության բազմազգությունից տարբեր իրավիճակ է: Անշուշտ Ռուսաստանի հնարավոր մասնատման սցենարում բազմազգության գործոնն առջանային դեր է խաղում, քանի որ վերջին 200 տարվա մեջ Եվրասիյում նոր պետությունների առաջացման հիմքն ազգայինն է:

Սակայն Ռուսաստանի բազմազգության դերը պետք չէ չափազանցնել: Ի տարբերություն Ռուսական Կայսրության և ԽՍՀՄ-ի ներկայիս Ռուսաստանի բազմազգությունը որոշ իմաստով ձևական է:

Նախ՝ Ռուսաստանի հսկակայան տարածքներ՝ արևելքում և հյուսիսում գրեթե անմարդաբնակ են: Աչքաչափով դրանք Ռուսաստանի տարածքի կեսը կամ կեսից ավելին են:

Օրինակ, Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնում գտնվող (Ռուսաստանի աշխարգրական կենտրոնը Էվենկիայի Վիվա լճի մոտ է) նախկին Էվենկյան ինքնավար շրջանի (օկռուգ) (այժմ՝ Էվենկյան շրջան՝ ռայոն Կրասնոյարսկի մարզում՝ կռայում) տարածքը 767 հազար քառակուսի կիլոմետր էր, որը համեմատելի է Թուրքիայի տարածքի հետ, բայց բնակչութունն ընդամենը 16 հազար մարդ, ինչը համեմատելի է Աշտարակ քաղաքի բնակչության թվի հետ, որից բուն էվենկները՝ 3 հազար 800 մարդ (2002-ի տվյալներով):

Յակուտիայի հանրապետության տարածքը 3 միլիոն քառակուսի կիլոմետրից ավելին է, այսինքն՝ համեմատելի է Հնդկաստանի տարածքին (եթե Յակուտիան լիներ անկախ, նա իր տարածքի չափով կլիներ աշխարհում 7-8-րդ տեղերում) իսկ բնակչությունը՝ 900 հազարից մի փոքր ավել, այսինքն՝ Երևանից մի փոքր քիչ, որից յակուտները 460 հազարից մի փոքր ավել (2010-ի տվյալներով), այսինքն՝ մի քիչ ավելին քան Գանձակում (Գյանջայում) և, ի դեպ, նույն էվենկների՝ 21 հազար, այսինքն՝ շատ ավելի քան բուն Էվենկիայում: Յակուտիայի հսկայական տարածության մեծ մասն անմարդաբնակ է՝ բնակչությունը կենտրոնացած է Լենա գետի ստորին հոսանքի և Լենայի մի քանի վտակների ափերով: Մոտավորապես նույն կերպ է բաշխումը սիբիրյան այլ ժողովուրդների բնիկ տարածքներում՝ մեծ տարածքներ, սակավ բնկաչություն, ռուսական մեծամասնություն (բոլոր տվյալները չենք ստուգել, կարող են լինել առանձին բացառություններ): Ընդ որում՝ Սիբիրի հարավային՝ ավելի մարդաբնակ գոտում ռուսները նույնպես մեծամասնություն են, բացի մի քանի փոքր շրջաններից, ուր ապրում են բուրյատները, տուվացիներն ու ալթայացիները:

Այնպես որ ազգային անջատողականությամբ Ռուսաստանի փլուզումն այնքան էլ հիմնավոր հեռանկարներ չունի, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանի այն բնիկ ժողովուրդներից, որոնք ունեն սեփական հանրապետություններ՝ համեմատաբար ուժեղ ազգային գիտակցություն, քաղաքական պայքարի կամ քաղաքական ինքնուրույնության ավանդույթ և համեմատաբար ուժեղ ազգային տարածքներ ունեն միայն մի քանիսը՝ թաթարները, բաշկիիրները, չեչեները, դաղստանցիները, գուցե էլի մի քանիսը: Սրանք բոլորը նույնիսկ միավորված ուժերով չեն կարող պայքարել հանուն անկախության, եթե չլինեն խիստ բարենպաստ արտաքին և ներքին հանգամանքներ:

Ամեն դեպքում ազգային անջատողականության տեսակետից Ռուսաստանի առավել խոցելի կետերն են՝ Կովկասի արևելքը, որը բարենպաստ պայմաններում կարող է կապ հաստատել Կովկասից հարավ ընկած պետոթյունների հետ, Վոլգայի վերին հոսանքը, ուր կենտրոնացած են մի քանի ազգային հանրապետություններ՝ Թաթարստանը, Բաշկորտոստանը, Ուդմուրտիան, Մորդովիան, Չուվաշիան, Մարի էլը, այլև՝ ծայր հյուսիս արևելքում՝ Յակուտիան: Վոլգայի հանրապետությունները մոտ են Ղազախստանին, իսկ Յակուտիան ունի ծայրամասային դիրք, ռեսուրսային ուժեղ հենք, և անջատողականության որոշակի, թեկուզ թույլ ավանդույթներ:

Այդուհանդերձ Ռուսաստանի տարածքի մեծ մասը հուսալիորեն յուրացված է ռուս ազգի կողմից, որը համեմատաբար միատարր է, և ունի պետական հզոր ավանդույթ: Ռուսական պետական ավանդույթի հզորության մասին պատրանքներ ունենալը մեծ սխալ կլիներ: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ռուսական որևէ՝ նույնիսկ առավել արմատական ընդդիմություն, իշխանության գալով գրեթե բնազդաբար գործում է այդ պետական ավանդույթի ծիրում: Այսպես՝ ոչ միայն բոլշևիկները, այլև 1917-ի կարճ ընթացքում Ռուսաստանը փաստացի առաջնորդած էսեռները, այլև տարբեր երանգավորման սպիտակ գվարդիականները, իսկ մեր ժամանակներին ավելի մոտ՝ հետկոմունիստական Ռուսաստանի այսպես կոչված «դեմոկրատները»՝ Ելցինի և մյուսների գլխավորությամբ:

Ռուսաստանն ունի վերածննման մեծ կարողություն՝ փլուզումներից և անկումներից վերականգնվելու փորձ և «զորություն», որի հիմքում արդեն հիշատակված՝ ռուսների կողմից հսկայական տարածքի մեծ մասի հաջող յուրացումն է, ոչ ռուսական ազգային նույնիսկ առավել աչքի ընկնող միավորների համեմատական թուլությունն է, ռուս ազգի քաղաքական-պետական ավանդույթի ուժը և բնազային խորք ունենալը:

Այսքանով Ռուսաստանի ահռելի տարածքի փլուզման կամ մեծ անկայունացման մարտահրավերը, նույնիսկ, եթե դա միայն փոքր տեսական հնարավորություն է այնպիսի սցենար է, որը չի կարող իր անկանխատեսելիությամբ ու մեծությամբ չազդել Եվրասիայի ժողովուրդների երևակայության վրա: Որքան որ ընդհուպ մինչև ենթագիտակցության մակարդակ անհագստացնող է Ռուսաստանի պես հսկայի գոյությունն ու ծավալման հեռանկարը, նույնքան էլ անհագստացնող է այդ նույն հսկայի փլուզման պատկերացումը:

Սա էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի հարակարծություններից (պարադոքսներից) ևս մեկը՝ նրա չափից ավելի ուժեղանալը սպառնալիք է Եվրասիայի բոլոր ժողովուրդների համար, բայց նրա չափից ավելի թուլանալն ու փլուզվելը նույնքան սպառնալիք է այդ նույն ժողովուրդների համար: