Այլ նյութեր

Ռուս-թուրքական հարաբերությունների վանդակը և տոտալ պատերազմը

Ռուս-թուրքական մեծ վանդակը

Արդեն երկու դար է, ինչ հայ ժողովուրդն ապրում է ռուս-թուրքական հարաբերությունների միջակայքում, սակայն, ո՛չ հայ պատմագիտությունը, ո՛չ քաղաքական միտքը՝ չնչին բացառություններով, չեն կարողացել մեր ժողովորդին հստակ բացատրել խնդրի էությունը։

Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ միայն հակամարտության ու պատերազմների, այլև փոխշահավետ համագործակցության և դաշինքների պատմություն է։

Ընդ որում, այս ցիկլերը՝ հակամարտությունների և փոխգործակցության ենթակա են շատ պարզ օրինաչափության։

Ռուսներն ու թուրքերը մրցում եմ միմյանց հետ՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում գերակայության համար, և այդ մրցման մեջ, հաճախ Արևմուտքն աջակցել է Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի։

Բայց մյուս կողմից էլ, հաճախ են ստեղծվել իրավիճակներ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան փոխգործակցել են ընդդեմ նույն Արևմուտքի։

Երկու այս իրավիճակն էլ իրենց ազդեցությունն են ունեցել հայ ժողովրդի ճակատագրի վրա։

Ռուս-թուրքական հակամարտության փուլերում հայերն ու հայկական հարցը դարձել են գործիք ռուսների ձեռքում ընդդեմ թուրքերի, իսկ Հայաստանը՝ ռազմական բախումների թատերաբեմ, որի հետևանքը եղել է Հայաստանի հայաթափումը, կոտորածները, վերջապես՝ ցեղասպանությունը։

Արդեն 1829-ին երբ ռուսները հայտնվեցին Կովկասում, սկսվեց Արևմտյան Հայաստանի հայաթափումը, որը հետագայում այդքան բարդացրեց հայկական ազատագրական պայքարի խնդիրը, և ցեղասպանության նախերգանքն էր։

Այս մեծ վանդակից, տեսականորեն դուրս պրծնելու միայն մեկ տարբերակ կա՝ ճիշտ համարված իրավիճակում մանևրել դեպի Թուրքիայի հետ խոսակցություն։ Ինչպես Թուրքիան է մանևրում Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ ստեղծելով իր ինքնիշխանությունը, նույն կերպ և Հայաստանը պետք է կարողանա հասնել նման քաղաքականության, այլ ոչ թե միշտ միայն զոհի դերում հանդես գալ։

Ռուս-ադրբեջանական փոքր վանդակը

Սա որոշ չափով պատճենում է և կրկնում է առաջինը։

Ինչպես Արևմտյան Հայաստանի հայաթափումը սկսվեց ռուսների հայտնվելով Կովկասում, այնպես էլ Ղարաբաղի հայաթափումն ու Ղարաբաղի հայկական իշխանությունների քայքայումը սկսվեց ռուսների հետ մելիքների հարաբերությունների հաստատմամբ։

Հայտնի է, որ ռուսական նպատակը Ղարաբաղյան խնդրում այն է, որ ոչ հայերը, ոչ էլ թուրքերը վճռական հաղթանակ չտանեն։

Վերջին շրջանի բանակցությունների գաղտնիքն այն էր, որ հայկական հաղթանակի արդյունքները ռուսներն ուզում էին օգտագործեին, փաստացի՝ փախցնեին հայկական հաղթանակը, որի հաշվին պայմանավորվեին Ադրբեջանի հետ՝ խաղաղապահները՝ ռուսներին, տարածքները՝ թուրքերին սխեմայով։ Հենց այս պատճառով էլ տեղ չէր մնում հայ-ադրբեջանական իրական փոխզիջման, որն անխուսափելի էր, եթե միջնորդությունը չլիներ։ Քանի որ հայկական հաղթանակի պտուղները ռուսներն էին ուզում քազած լինել, հայերը մնում էին պարադոքսալ կարգավիճակում՝ հաղթողներ առանց ոչ մի բանի։

Այս՝ փոքր վանդակից կարելի է դուրս գալ, միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ Ադրբեջանի բանակն այն գործիքը չէ, որն ի զորու է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։

Տոտալ պատերազմ

.....Մեր նպատակը պետք է լինի հնարավորինս բացել իրավիճակը, հնարավորինս անկանխատեսելի ու անվերահսկելի դարձնել այն։ Մասամբ դա արդեն անում ենք, բայց դեռ հեռու ենք վերջնական նպատակից։ Սրա համար մեզ պետք է ժամանակ։

Խուսափելու համար ռազմական պարտության հնարավորությունից և երկարացնելու համար ժամանակը, պետք է ընդունենք «տոտալ պատերազմի» դոքտրին։ Խոսքը տվյալ դեպքում նրա մասին է, որ տարածքային որևէ կորուստ չի նշանակում պարտություն, քանի դեռ հայկական բանակը, հայկական ղեկավարությունն ու հայ ժողովուրդը պատրաստ են դիմադրել։

Այսինքն, եթե ծայրահեղ դեպքում թուրքերը նույնիսկ մտնում են Ստեփանակերտ կամ նույնիսկ ամբողջ Ղարաբաղն են գրավում, դա ինքին չի նշանակում պարտություն, քանի դեռ հայկական զինված ուժերը շարունակում են կռվել։ Չնայած օրինակը ծայրահեղ է, բայց ռազմական տրամաբանության տեսակետից ծայրահեղություն չկա։

Այստեղ հնարավորություն կա բռնացնելու թշնամուն իր իսկ ստեղծած հակասության և պլանավորման սխալի վրա։ Նրանք պլանավորել են տարածքային պատերազմ, որը ներկայացնում են, սակայն, որպես վճռական նպատակներով պատերազմ։ Այսինքն՝ գրավում ենք Ղարաբաղը և կռիվը պրծնում է՝ այսքանն է իրենց պլանավորումը։ Սակայն վճռական նպատակներով պատերազմը չի կարող ավարտվել որևէ տարածքի գրավմամբ, այլ պետք է ավարտվի հակառակորդի զինված ուժերի և քաղաքական կամքի ջախջախմամբ։

Եթե ընդունում ենք, որ սա Ղարաբաղի պատերազմ չէ, այլ Հայաստանի, ապա հաղթելու համար այս պատերազմում, պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ փաստացի՝ Հայաստանը նվաճել։ Այս տարբերակի համար, ոչ թուրքերը, ոչ ռուսները չունեն Պլան Բ:

........