Ինչ տվեց Պաղեստինին Յասիր Արաֆաթի մահը
Վերջերս համաշխարհային լրատվամիջոցները պայթեցին սենսացիոն մի տեղեկությունից:
Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հանձնարարել է կատարել իր նախորդի` հանգուցյալ Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրմում, պարզելու համար նրա մահվան պատճառը, քանի որ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողական հետաքննության արդյունքները կասկածներ են ծնել, որ նա մահացել է ռադիոակտիվ պոլոնիում 210-219-ով ճառագայթահարումից:
Արտաշիրմումն արդեն կատարվել է, իսկ թե ինչ կպարզի աճյունի փորձագիտական հետազոտությունը, ցույց կտան դրա բուն արդյունքները: Այդուամենայնիվ, ի՞նչ հետևանքներ ունեցավ Պաղեստինի համար Արաֆաթի մահը:
Յասիր Արաֆաթի մահվան խնդրին քաղաքական անդրադարձը, անտարակույս, կպահանջի այն իրավիճակի և հանգամանքների ավելի լայն վերլուծություն, որոնցում Պաղեստինի առաջնորդը հեռացավ կյանքից: Պաղեստինի քաղաքական ղեկավարությունը, նախ և առաջ Յ. Արաֆաթը, չէին կարող համաձայնել կարգավորման ծրագրին, քանի որ դրանով վերածվելու էին իրենց ժողովրդի «վերակացուների»:
2000 թ. սեպտեմբերին` ԱՄՆ-ի նախագահի ընտրության նախօրեին, Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվեց բանակցությունները շարունակելուց և որոշում ընդունեց երկրորդ Ինթիֆադն սկսելու մասին: 2000-ի սեպտեմբերից երկրորդ Ինթիֆադի հետևանքով զոհվել է 545 իսրայելցի, վիրավորվել` 4200-ը, կատարվել է ավելի քան 119 ահաբեկչական գործողություն` մահապարտների միջոցով: Այդ որոշումը բավական ծանր էր Արաֆաթի և Պաղեստինի ղեկավարության համար: Փաստորեն, Իսրայելին պատերազմ էր հայտարարվել, բայց այդ որոշման ընդունման դրդապատճառները ոչ միայն Իսրայելի ու ԱՄՆ-ի դիրքորոշումն ու մտադրություններն էին, այլև արաբական պետությունների դիրքորոշումները:
Դեռ ԱՄՆ-ի հովանու ներքո իսրայելա-պաղեստինյան բանակցությունների ընթացքում արաբական պետությունների դիրքորոշումն ավելի ու ավելի հաշտվողական էր դառնում: Պաղեստինյան ղեկավարությանն օժանդակելու մասին Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս պետությունների առանձին հայտարարություններ չէին վկայում, թե նրանք պատրաստ են ավելի կոշտ դիրք բռնելու ԱՄՆ-ի նկատմամբ: Իրաքի դիրքորոշումն անհաշտ էր, բայց նա, փաստորեն, ոչ մի քաղաքական լծակ չուներ կարգավորման գործընթացի վրա ազդեցություն գործելու համար: Եգիպտոսն ու Հորդանանը բացահայտ ամերիկամետ դիրք էին գրավում և պատրաստ էին ընդունելու կարգավորման, փաստորեն, ցանկացած սխեմա և պաղեստինյան պետության ցանկացած մոդել: Պաղեստինցիներին աջակցելու գործում գլխավոր դերը խաղում էին Սիրիան և Իրանը, որոնք իրական օգնություն էին ցուցաբերում փողով ու սպառազինությամբ: Իրաքն էլ էր սկսել ավելի ու ավելի կարևոր դեր խաղաղ պաղեստինցիներին աջակցելու հարցում: Սակայն ո՛չ Իրանը, ո՛չ Իրաքը իրական քաղաքական ասպարեզի խաղացողներ չէին, նրանք դեր էին խաղում զինված գործունեության ընթացքում, և նրանց դիրքորոշումը ուշադրության չէր կարող առնվել քաղաքական բանակցությունների ժամանակ:
Արաբական պետությունների ղեկավարների` 2001 թ. Ամմանում տեղի ունեցած գագաթնաժողովը ցույց տվեց, որ արաբական պետություններն ամենևին մտադիր չեն հետևողական քաղաքական պայքար մղելու հանուն պաղեստինցիների իրավունքների: Առաջատար արաբական պետությունները, փաստորեն, պաղեստինցիներին զսպվածության կոչեցին և ապավինեցին ԱՄՆ-ին` իբրև միակ ուժի, որն ընդունակ է Իսրայելին ստիպելու գնալ զիջումների: Ամմանի գագաթնաժողովը զուգադիպեց որպես վարչապետ Արիել Շարոնի Վաշինգտոն կատարած առաջին այցին, երբ նա, փաստորեն, հասավ այն բանին, որ Ջ. Բուշը խոստացավ շարունակել Իսրայելին ցուցաբերվող ռազմավարական աջակցությունը և անվտանգության երաշխիքներ տվեց նրան: 2002 թ. Բեյրութում կայացած նույն մակարդակի գագաթնաժողովը, արաբական ու եվրոպական մամուլի գնահատմամբ, շրջադարձային եղավ արաբական պետությունների միաբանության, նախ և առաջ պաղեստինյան խնդրի և Իրաքի առումով: Արաբական պետություններն իրենց համերաշխությունը հայտնեցին Իրաքին, փաստորեն, հայտարարեցին, որ անհնար է իրենց մասնակցությունը հակաիրաքյան կոալիցիային:
Հարկ է նշել, որ Բեյրութի գագաթնաժողովին չէին մասնակցում Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի առաջին դեմքերը: Գագաթնաժողովում նախագահող Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը Յ. Արաֆաթին ձայն չտվեց, իսկ գագաթնաժողովից հետո Եգիպտոսի նախագահ Հ. Մուբարաքը, Սիրիայի նախագահ Բ. Ասադը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Աբդալլան հանդիպում ունեցան և խնդիրները քննարկեցին գաղտնի, արաբական աշխարհին ցույց տալով, թե իրականում ովքեր են լուծում արաբների խնդիրները:
Արաբական աշխարհի առաջատար մյուս պետությունները ևս հաստատ մտադրություն ունեին չպատերազմելու Իսրայելի հետ, չէին կարող որևէ լուրջ քայլ ձեռնարկել ի պաշտպանություն Իրաքի, ինչպես նաև պաղեստինյան ժողովրդի: Ավելին, Բեյրութի գագաթնաժողովը մեկ անգամ ևս ցույց տվեց արաբական պետությունների համերաշխ գործողությունները սահմանափակող շրջանակները, բարեհաճությունը ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, արաբական պետությունների համերաշխ պատրաստակամությունը` ընդունելու պաղեստինյան խնդրի կարգավորման փոքրիշատե չափավոր ծրագիր: Փաստորեն, Բեյրութի գագաթնաժողովի արդյունքները նպաստեցին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը մշակեն պաղեստինյան խնդրի կարգավորման շատ չափավոր և ամբողջությամբ իսրայելամետ ծրագիր: Այդուամենայնիվ, Իրաքի համար արաբական պետությունների ցուցադրական համերաշխությունը շատ կարևոր էր թեկուզ և այն պատճառով, որ դրանով կասկածի տակ էր առնվում Իրաքի դեմ գործողության ծավալման համար արաբական երկրների տարածքները ամերիկացիների կողմից օգտագործելու հնարավորությունը: Եթե, ասենք, Բեյրութի գագաթնաժողովից առաջ Սաուդյան Արաբիան և հատկապես Քուվեյթը հնարավոր էին համարում նման վարկածը, ապա գագաթնաժողովից հետո դա ավելի քան խնդրահարույց էր:
1967 թ. սահմանների շրջանակներում պաղեստինյան պետության ստեղծման ծրագիրը, որը ներառում էր Արևելյան Երուսաղեմը և փոխարենը ենթադրում էր արաբական պետությունների կողմից Իսրայելի ճանաչում, նկատի ուներ Պաղեստինի ոչ թե անկլավային, այլ տարածքային առումով ամբողջական պետության ստեղծումը արևմտյան ափին, ինչպես նաև Գազայի անկլավային հատվածը: Այդ պետության տարածքը պետք է լիներ 6300 քկմ-ից ոչ ավելի, բայց հսկողության տակ պիտի ունենար Հորդանանի գետահովիտը, ջրի մի քանի կարևոր ակունքներ և գլխավորը` Երուսաղեմը: Այդ որոշումը, իրոք, կարող էր հիմք դառնալ ամբողջ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման համար, միաժամանակ նաև` արաբական աշխարհին Իսրայելի տնտեսական և քաղաքական ինտեգրման համար: Ընդ որում, հնարավոր էր Գոլանի բարձունքների խնդրի մասնակի լուծման հեռանկարը, և ստանալով տարածքների մի մասը, Սիրիան կարող էր հրաժարվել Տիբերիայի լճի ջրի պաշարների օգտագործումից: Արաբ փորձագետների խոստովանությամբ, արաբական պետությունների հետ Իսրայելի տնտեսական և քաղաքական համագործակցությունը կհանգեցներ բարգավաճող տարածության առաջացմանը, որտեղ Իսրայելը, ստանալով ընդարձակ շուկաներ, կդառնար Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի, հնարավոր է նաև այլ պետություների զարգացման «շարժիչ ուժ»: Իրաքի, Իրանի և իսլամական այլ պետությունների դժգոհությունները առարկայազուրկ կլինեին: Միաժամանակ, կթուլանային Իրանի դիրքերն արաբական աշխարհում, և վերջնականորեն կկորսվեին Ռուսաստանի դիրքերը: Այս պայմաններում Ռուսաստանն Իսրայելի և Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության այլընտրանք չէր ունենա: Այս կապակցությամբ հարցեր են ծագում. որքա՞ն են իրատեսական պաղեստինյան խնդրի կարգավորման ամերիկյան ծրագրերը, ի՞նչ գործոններ են նպաստում կամ սահմանափակում այդ ծրագրերի իրականացումը:
ԱՄՆ-ն առաջարկում էր ստեղծել 18-ամսյա «անցումային կամ ժամանակավոր» պաղեստինյան պետություն, պայմանով, որ լիովին փոփոխվեին պաղեստինյան վարչակազմն ու ինքնավարությունը, իշխանությունից հեռացվեին Յ. Արաֆաթն ու մյուս անհաշտ քաղգործիչները, իսկ հետագայում` 3-4 տարում, ստեղծվեր լիարժեք, միջազգային ճանաչում ստացած պաղեստինյան պետություն: «Մշտական» պետության սահմանները պետք է որոշվեին իսրայելա-պաղեստինյան բանակցությունների միջոցով` նույն 18 ամսում: Սակայն այդ պլանն իրատեսական չէր թվում:
Իշխանությունից Յ. Արաֆաթի հեռացումն այնքան էլ դժվար խնդիր չէր: Պաղեստինի քաղաքական ղեկավարությունն ու հասարակությունը շատ ավելի իրատես էին, քան թվում էր: Յ. Արաֆաթը պատասխանատու քաղգործիչ էր, ուներ հսկայական փորձ և ընդունակ էր սթափ գնահատելու իրավիճակը: Պաղեստինի ազատագրման կազմակերպությունում, ՖԱԹՀ-ում, ինչպես նաև պաղեստինյան ինքնավարությունում բռնատիրական կարգեր չկային, ինչի մասին գրում էին թերթերը: Արաֆաթը կհեռանար զբաղեցրած պաշտոնից, եթե պաղեստինցիները տեսնեին իրենց նպատակներին հասնելու իրական հեռանկար: Այդ որոշումը նախաձեռնել և պաշտպանել էր նրա քաղաքական շրջապատի գերակշիռ մեծամասնությունը: Պաղեստինյան պայքարի պատմության ընթացքում Արաֆաթը մի քանի անգամ մոտ է եղել այդպիսի որոշման, սակայն նա մնում էր որպես ոչ միայն առինքնող, այլև պաղեստինցիների հեղինակավոր առաջնորդ: Յ. Արաֆաթի անձը մի շարք շատ կարևոր հանգամանքների երաշխիք էր. պաղեստինյան շարժման մեջ որոշակի կարգուկանոնի, ներքին և արտաքին քաղաքականության կողմնորոշիչների պահպանում: Նա մի քաղգործիչ էր, որի հետ հարկադրված էին հաշվի նստելու թե՛ արաբական պետությունների կառավարությունները, թե՛ ՄԱԿ-ն ու միջազգային մյուս կազմակերպությունները: Չնայած լարվածությանն ու անվստահությանը, որ Արաֆաթի հանդեպ ունեին արաբական պետությունների, օրինակ` Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Լիբանանի, ինչպես նաև Իրանի ղեկավարները, հենց նրա անձի շնորհիվ էին պաղեստինցիներին տրամադրվում դրամական ու նյութական զգալի միջոցներ, սպառազինություններ: Արաֆաթը երկար ժամանակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական պետությունների հետ բանակցությունների մասնակից է եղել: Պաղեստինում իսլամական արմատական կազմակերպությունների սաստկացող ազդեցության պայմաններում Յ. Արաֆաթի անձը շատերն ընկալում էին իբրև այլընտրանք չունեցող մի մարդ, որն ընդունակ էր պահպանելու Պաղեստինի կառավարելիությունն ու կարգուկանոնը: Կա շատ անհիմն մի կարծիք, թե պաղեստինյան ուժային կառույցների ենթադրվող լիդերները կարող էին պաղեստինյան ինքնավարությունում տիրանալ իշխանությանը, լիովին անտեսելով Արաֆաթին ու նրա քաղաքական դիրքը: Պաղեստինյան ինքնավարությունում անհնար էր ուժային քաղաքական-վարչական հեղաշրջումը և անհնար էր ինքնավարության ղեկավարի պոստում օրինակարգ ընտրությունը` առանց Արաֆաթի հավանության ու նրա շրջապատի աջակցության: Եթե Պաղեստինի ազատագրման կազմակերպությունում ընդհանուր առմամբ կային ընդդիմադիր խմբեր, ապա ՖԱԹՀ-ում նման խմբեր եթե կային էլ, ապա դրանք արմատական, անհաշտ բնույթ չէին կրում: Ընդհանուր առմամբ, Պաղեստինի ազատագրական կազմակերպությունն աջակցում էր Յ. Արաֆաթին որպես համազգային առաջնորդի: Պաղեստինյան խնդրի կարգավորման սխեմայի մասին Ջ. Բուշի հայտարարության մեջ նրա հեռացման անհրաժեշտությունը չէր մատնանշվում:
Հարկ է նշել, որ Յ. Արաֆաթի փոխարինման գաղափարը նոր չէր, ճգնաժամային ցանկացած իրավիճակում վերակենդանացվում էր Իսրայելի կողմից և քննարկվում համաշխարհային լրատվամիջոցներում: Բացի դրանից, այդ խնդիրն ինքնըստինքյան դժվար լուծելի էր և պահանջում էր լրացուցիչ քաղաքական ռեսուրսների ներգրավում: Արաբական ոչ մի պետություն չէր կարող պնդել նման լուծում: Չնայած Սիրիան կարծիք էր հայտնել, թե Արաֆաթի հեռացումը կարող էր թուլացնել լարվածությունը, բայց նրա արած կոշտ հայտարարությունները կարող էին հանգեցնել արաբական աշխարհում որոշակի դիրքերի կորստյան: Ըստ էության կարելի էր ենթադրել, որ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Հորդանանը կարող էին արտահայտվել Յ. Արաֆաթի պաշտոնանկության օգտին, բայց ավելի շուտ դա կդառնար ցուցադրական ակտ և արաբական այդ երկրների կողմից Յ. Արաֆաթի վրա իրական ճնշում չէր պարունակի:
Արաբական պետությունների մեծամասնության համար Յ. Արաֆաթը շատ անհարմար գործընկեր էր տևական քաղաքական հարաբերություններում, քանի որ թույլ չէր տալիս պաղեստինյան ինքնավարության և պաղեստինյան ազգային շարժման կախվածությունը արաբական մեկ պետությունից: Նա ձգտում էր խուսանավել արաբական առաջատար պետությունների ու Արևմուտքի միջև (օրինակ, ամենևին չէր ընդունում պաղեստինցիների կախումը Իրանից): Բայց արաբական պետությունները հասկանում էին, որ Արաֆաթը շարունակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ երկխոսության մեջ մնալ որպես գործոն: Արաբական պետությունները, փաստորեն, լուրջ նախաձեռնություններ չունեին պաղեստինյան ինքնավարությունում քաղաքական ղեկավարության նոր կազմ ձևավորելու ուղղությամբ: Պաղեստինում ղեկավարության փոփոխման գործընթացի արագացման ցանկացած փորձ պատասխան արձագանք կառաջացներ և կհանգեցներ արաբական աշխարհում տվյալ պետության որոշակի դիրքերի կորստյան:
Յասիր Արաֆաթն ակտիվորեն փոփոխություններ էր կատարում ինքնավարությունում: Նա կառավարությունում ընդգրկել էր խոշորագույն ահաբեկչական կազմակերպությունների` ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչներին, հաստատել էր պաղեստինյան սահմանադրության տեքստը և ձեռնամուխ էր եղել խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախապատրաստությանը: Իհարկե, այդ քայլերը փոքր-ինչ ուշացած էին, և Յ. Արաֆաթի հարաբերությունները իսլամական արմատական կազմակերպությունների պարագլուխների հետ մնում էին լարված:
Այդուամենայնիվ, Իսրայելը հաստատ որոշել էր ազատվել հենց Յ. Արաֆաթից` Ինթիֆադի ոգեշնչողից ու կազմակերպչից: Յ. Արաֆաթը իրադրությունը Պաղեստինում հասցրել էր այնպիսի վիճակի, որ նա պետք էր ոչ միայն Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, այլև իսլամական արմատականներին: Եթե նախկինում արմատականները ծանր քննության թիրախ էին դարձրել Արաֆաթին, ապա ավելի ուշ նրանց պետք էր համազգային պարագլուխ, որը, ըստ էության, կդառնար նաև իրենց պարագլուխը: Անկախ այդ իրավիճակային և սկզբունքային նկատառումներից, պաղեստինյան հանրությունը հասկանում էր, որ միայն Յ. Արաֆաթը կարող է լինել պաղեստինյան պետականության արտահայտիչը, և ի տարբերություն հեղափոխական շատ գործիչների, օրինակ` Մ. Բարգուտիի, մարմնավորել պաղեստինցի «պետականամետներին»:
Քննության առնելով Ջ. Բուշի առաջարկության մեջ եղած այդ կարևորագույն պայմանը` Յ. Արաֆաթի հեռացումը և վարչակազմի վերափոխումը, կարելի է հնարավոր համարել, որ ամերիկացիներն ու իսրայելցիները ենթադրում էին ժամանակ ձգել, որն անհրաժեշտ էր ինքնավարությանը և պաղեստինյան դիմադրության ուժերին հարվածները շարունակելու, պաղեստինցիներին և արաբական պետություններին միանգամայն անպտուղ քաղաքական նոր գործընթացի մեջ ներքաշելու համար, ինչը պետք է որոշ չափով թուլացներ լարվածությունը Մերձավոր Արևելքում: Դա, ամերիկացիների հղացմամբ, պետք է հնարավորություն տար ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու Իրաքի դեմ ուղղված ռազմական գործողությունը: Այսպիսով, այդ առաջարկությունն ու այդ սխեման իրատեսական չէին և ունեին սոսկ քաղաքական-քարոզչական նշանակություն:
Այս ամենը ոչ հեռավոր անցյալի էջերից, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ներկայումս նոր սրացումներ է ստանում։ Վկան` նոյեմբերյան 8-օրյա իսրայելա-պաղեստինյան պատերազմն իր ավերիչ հետևանքներով: