հոդվածներ

Քաղաքական «աքցաններ» Հայաստանի համար

2017-10-20

Գրեթե չորս տարի անց այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց եւ հապճեպ անդամակցեց Եվրասիական միությանը, աշխարհում շատ ջրեր են հոսել: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեզանում խնդիրները չեն փոխվել: Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ Հայաստանը կրկին բախվեց նմանատիպ նոր համաձայնագրի ստորագրման խնդրին: Բավական տրամաբանական է, որ այս իրավիճակում երկրում քննարկվող ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք այս անգամ կհաջողվի ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել: Նույնիսկ հոկտեմբերի 13-ին Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ Համակողմանի եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը չավելացրեց վստահությունն առ այն, որ ստորագրումը տեղի կունենա նոյեմբերին նախատեսված ժամանակահատվածում: Ըստ երեւույթին, այս աշխարհում ինչ-որ բան համառորեն չի փոխվում, ինչը մարդկանց ստիպում է կասկածի տակ դնել Հայաստանի՝ ինքնահոժար ինչ-որ բան անելու կարողությունը:

Իսկապես, կա մի բան, որի փոփոխումը ենթակա չէ ժամանակին: Դա Ռուսաստանի խնդիրներն են արեւմտյան եւ թուրքական աշխարհների հետ ունեցած իր հարաբերություններում: Հայաստանի համար այս հանգամանքը ճակատագրական իմաստ ունի, քանի որ նշյալ խնդիրներն ավելի քան մեկ դար ձեւավորում են քաղաքական այն «աքցանները», որոնք սեղմում են ազատ աշխարհ մուտք գործելու՝ նրա ցանկությունը: Քաղաքական աշխարհը Հայաստանի համար սեղմվել է այս՝ Ռուսաստան-Արեւմուտք-թուրքեր եռանկյունու շրջանակներում: Հաճախ տպավորություն է, թե քաղաքական իմաստով Հայաստանն ինքն է այս եռանկյունու զավակն ու պատանդը: Համենայն դեպս, Հայաստանի գոյությունն ու քաղաքական վարքագիծը ոչ ոքի հանգիստ չեն տալիս, բոլորը ցանկանում են տեսնել այս երկիրն իրենց մտադրությունների ենթակայության ծիրում: Նման փոքր երկրի նկատմամբ այս հանգամանքն անհեթեթ է թվում: Սակայն ամեն ինչ իր բացատրությունն ունի:

Հայաստանը՝ որպես պետություն, հարյուր տարի առաջ վերածնվեց տարածագոտու տերությունների անլուծելի հակասությունների կցահանգույցում: Աշխարհի քարտեզի վրա նման պետության ի հայտ գալու բուն փաստը բոլորին անհանգստացրեց: Դրանում շատերն ի սկզբանե տեսան տարածաշրջանում իրենց քաղաքականությունն իրականացնելու համար թե՛ սպառնալիք եւ թե՛ ռեսուրս: Հետեւապես՝ յուրաքանչյուր երկիր փորձել եւ փորձում է Հայաստանն ու նրա խնդիրները վերածել իր քաղաքականության միջոցի: Արդյունքում՝ նրանով փորձում են կանխորոշել այդ ուժերի քաղաքականության միջոցների ճակատագիրը. ուրիշ ոչ մի դերում Հայաստանը ոչ մեկի համար հետաքրքիր չէ: Այս իրավիճակը, բնականաբար, չի կարող բավարարել հայ ժողովրդին, որն ունի սեփական շահերը: Եվ այս ամենի հետ շատերը ստիպված են հաշվի նստել: Իրականում բոլորը ցանկանում են նրան մեկուսացնել եւ զրկել գործողությունների ազատությունից: Միայն այս մոտեցման մեջ են նրանք տեսնում Հայաստանի ռեսուրսը սեփական նպատակների համար օգտագործելու հնարավորությունը:

Բայց ո՞րն է Հայաստանի քաղաքական արժեքը, որ բոլորն ուզում են մեկուսացնել եւ օգտագործել նրան: Պատասխանը պարզ է. Հայաստանն իր բարդ խնդիրներով հանդերձ՝ հարմար գործոն է տարածաշրջանում ցանկացած ծավալապաշտական քաղաքականության զսպման համար: Ռուսաստանի եւ Իրանի համար Հայաստանը կայուն գործոն է` թուրքական պետությունների սերտաճումը զսպելու առումով: Արեւմտյան երկրների համար էլ՝ նույնը: Այս իմաստով բոլոր նշյալ ատյանների շահերը համընկնում են: Պատահական չէ, որ տասնամյակներ շարունակ պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտային իրադրության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների միակարծությունը: Պատահական չէ, որ Հայաստանի անվտանգության հարցերում էլ տարաձայնություններ չկան: Բոլորը նրան ընդունում են որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման համար կարեւոր գործընկեր: Սակայն այլ կտրվածքով`Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասություններում Հայաստանին փորձում են օգտագործել իբրեւ միմյանց փոխադարձաբար զսպելու գործոն: Բոլոր կողմերը ջանում են Հայաստանի վզին փաթաթել իրենց նախագծերը: Եվ այստեղից էլ սկսվում են հայկական պետության դժվարությունները: Հիմնական խնդիրները ծագում են Ռուսաստանի վարած քաղաքականությունից, որը Հայաստանին մեկուսացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից նրա անվտանգության սպառնալիքները նպատակամիտված կերպով ամրապնդելու միջոցով: Իր թուրք հարեւանների հետ Ռուսաստանի ունեցած խնդիրների անլուծելիությունը անլուծելի խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար: Սա է Հայաստանի քաղաքական գոյության ողջ պարադոքսը:

Պարբերաբար հայկական քաղաքականության մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով այս պարադոքսից դուրս գալու գաղափար է առաջանում: Սակայն այս երկու երկրները Հայաստանին որպես դաշնակից ճանաչելու ցանկություն չունեն, նրանք ուզում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ իրենց խնդիրները լուծել համագործակցության միջոցով: Հայաստանը նրանք դիտարկում են միայն որպես սպառնալիք, բայց ոչ ռեսուրս: Եվ հույս ունեն այս սպառնալիքը վերացնել ցանկացած միջոցով եւ, առաջին հերթին, համաշխարհային ուժերի հետ գործարքների ուղիով:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի համար քաղաքական «աքցաններն» ամուր հիմք ունեն: Բայց դա չի նշանակում, որ այս իրավիճակից ելք չկա: Լուծումը հստակ է, բայց ոչ դյուրին. դա ինքնիշխանությունն է եւ հավասար հեռավորությունը բոլորից: Գլոբալ քաղաքական հարաճուն փոփոխությունների պայմաններում նման քաղաքականություն ձեւավորելու հնարավորությունները Հայաստանում երեւակայական չեն: Սակայն դեռեւս չկա ինքնիշխանության փրկարարական էության գիտակցումը: Եվ պատահական չէ, որ բոլորի հայացքներն ուղղված են նրան, թե արդյոք Հայաստանը կարող է անել գոնե մեկ ինքնուրույն քայլ: Հայաստանի քաղաքացիների համար նման քայլի մեջ տեսանելի է իրենց փրկության ճանապարհը, իսկ կողքից ոմանք այն դիտարկում են որպես աղետ իրենց համար: Մինչեւ տարեվերջ շատ բան կարող է հստակեցվել. այնպես չէ, որ Եվրամիության հետ համաձայնագիրն ինչ-որ փրկարարական գործողություն է, բայց այն կդառնա Հայաստանի մտադրությունների ցուցիչը` իր շուրջը ձեւավորված քաղաքական «աքցանները» ճեղքելու առումով: