հոդվածներ

Ինքնորոշման ուժը| Կանխորոշվա՞ծ էր արդյոք Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում

2017-05-13

Իս­կա­կան պար­տութ­յու­նը սե­փա­կան

ի­րա­վունք­նե­րից ինք­նա­կամ հրա­ժար­վելն է:

Ջավահարլալ Ներու

Արմատական գլոբալ քաղաքական փոփոխությունների ժամանակներում բոլոր ժողովուրդների առջեւ ծառանում է մի հարց. ինչպիսի՞ մարտավարություն ընտրել` ոչ միայն սպառնալիքները քեզնից վանելու, այլեւ փոփոխությունները քո շահերին առավելագույնս ծառայեցնելու համար: Որպես կանոն, կատարված ընտրության բնույթը կախված է ժողովրդի քաղաքական աշխարհընկալումից` թե´ կորուստները, թե´ հաջողությունները այս կամ այն ընտրության արդյունք են: Ըստ այդմ էլ ազգային քաղաքական աշխարհընկալման բանականության կամ առասպելաբանականության աստիճանը ժողովուրդների համար ունենում է ճակատագրական նշանակություն:

Հետեւելով աշխարհակարգի փոխակերպումների ներկա շրջափուլում (սկսած 1985 թվականից) շատ պետությունների ու ժողովուրդների պատուհասած աղետներին, կարելի է մատնանշել աշխարհի բանական ընկալման ցածր աստիճանի հանգուցային պատճառը` հակվածությունը «սառը պատերազմի» ժամանակաշրջանի մտակաղապարներին: ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան, Ուկրաինան այդպես էլ չկարողացան գիտակցել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված կայուն աշխարհակարգը` աշխարհում ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխության պատճառով, կորցրել է իր արդյունավետությունը: Չգիտակցվեց այն հանգամանքը, որ «սառը պատերազմի» շրջանում կազմավորված սահմաններն ու միջազգային հաստատությունները չեն կարող պաշտպանված լինել ո´չ միջազգային իրավունքի նորմերով, ո´չ համաշխարհային առանցքային տերությունների ազգային շահերով: Չգիտակցվեց նաեւ այն, որ պետությունները կորցրել են իրենց միջազգային դերերը, քանի որ դրանք կանխորոշված էին նույն աշխարհակարգի բնույթով:

Էլ ավելի բարդ եղավ մյուս` աշխարհի քաղաքական քարտեզում հայտնված նոր պետությունների վիճակը: Այդ պետությունների առաջին քաղաքական ընտրախավերը ոչ միայն դրսեւորեցին հակվածություն «սառը պատերազմի» ժամանակաշրջանի մտակաղապարներին, այլեւ արագ խճճվեցին ավանդական ազգային քաղաքական առասպելաբանության ցանցում: Իրեն զգալ տվեց նաեւ այդ ընտրախավերի մասնակի կամ լիակատար քաղաքական տգիտությունը, որոնք ի զորու չէին հասկանալ միջազգային հարաբերությունների տարրական հիմունքները: Թե ինչպես նման աշխարհընկալմամբ կարելի է ապահովել տվյալ պետության անկախ գոյությունը (ընդ որում` շատերը հակամարտ հարաբերությունների մեջ էին իրենց հարեւանների հետ կամ ուղղակի փլուզվել էին), դժվար չէ ենթադրել:

2011 թվականից սկիզբ առած «արաբական գարունը» շատ արագ ցույց տվեց, որ աշխարհում արդեն տրվել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման մեկնարկը: Մերձավոր Արեւելքի` այդ շրջանում ձեւավորված պետությունները արեւմտյան տերությունների քաղաքականության ճնշման տակ սկսեցին փլուզվել: Միաժամանակ այդ պահից ի հայտ եկավ մեկ այլ միտում. այս կամ այն չափով կաթվածահար եղան կամ սկսեցին փլուզվել աշխարհակարգի բազմաթիվ հանգուցային հաստատություններ` 2011 թվականին ԵԱՀԿ-ն Աստանայի իր գագաթաժողովում չկարողացավ նույնիսկ գործողությունների ծրագիր ընդունել, իսկ Եվրամիությունը կանգնեց իր հետագա գոյության նպատակահարմարության փաստի առջեւ:

Ամեն դեպքում աշխարհում արդեն ոչ ոք չի բացառում, որ գնալով միջազգային հաստատությունները ստիպված են իրենց գործառույթները իրավաքաղաքական կարգավորման հանձնել միջազգային կոալիցիաներին, որոնք կազմավորվում են այս կամ այն խնդրի շուրջ եւ հակված են կարգավորման ռազմաքաղաքական եղանակներին: Մարդու իրավունքի` 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում օրինականացված սկզբունքը դարձել է վարչակարգերի պաշտոնանկության եւ պետությունների վերաձեւման քաղաքականության հիմքը: «Միջազգային հանրություն» հասկացությունն ամորֆ իմաստ է ձեռք բերել: Այդպիսին են փոփոխությունների ժամանակաշրջանի ունիվերսալ իրողությունները: Եվ այդ իրողությունները բոլոր ժողովուրդների համար մշտապես ստեղծում են ճգնաժամային պայմաններում կենսապահովման ուղիների փնտրտուքի հրամայականը:

Ճիշտ տեղում չի փնտրվում փրկարար ուժը

Ինչո՞ւ այս հոդվածի նախաբանում հարկ եղավ ներկայացնել անցման շրջանների հիմնախնդիրների հակիրճ տեսությունը: Պատասխան. որովհետեւ սույն հոդվածում կփորձենք հիմնավորել աշխարհակարգերի արմատական փոփոխությունների շրջաններում իրենց կենսակայունության ապահովման գործում ժողովուրդների ու պետությունների` հաջողված եւ չհաջողված լինելու ունիվերսալ պատճառը: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, շատերին չի հաջողվում դիմակայել կորուստների եւ ազգային աղետների հանգեցնող պայմաններում: Իսկ դա տեղի է ունենում այն դեպքում, երբ ազգային գիտակցության մեջ լիովին բացակայում են այնպիսի հասկացություններ, որոնք ի զորու են ապահովել ժողովրդի կենսունակության յուրահատկությունները:

Այդ առումով համարձակվենք պնդել, որ նշված հասկացություններն առնչվում են Ինքնորոշման [1] եւ Ինքնիշխանության ոլորտին: Ժողովրդի կողմից այդ հասկացությունների խորքային իմաստի թերըմբռնման պարագայում փրկարար ուժ փնտրելու` նրա ցանկացած գործողություն կտանի միայն կորուստների ուղիով: Քանզի ճիշտ տեղում չեն փնտրվում ուժի աղբյուրն ու ռեսուրսը: Ժողովրդի ինքնորոշումը քաղաքական ընտրություն է` ունիվերսալ անորոշության պայմաններում: «Հենց մարդու եւ նրա հանրույթների ինքնորոշումն է, որ իրերի ու երեւույթների օբյեկտիվ աշխարհի հետ փոխգործողությամբ, կերտում է այնպիսի հանգամանքներ եւ հարաբերություններ, որոնք իրենցից ներկայացնում են տվյալ փոխգործողության օբյեկտիվա-սուբյեկտիվ եւ իդեալա-նյու­թական արդյունքներ: Արդյունքներ, որոնք պատմություն են կերտում» [2]:

Այստեղ պետք չեն հայտնագործություններ. ինքնորոշման գործողությունն ինքնին ժողովրդին քաղաքական ազգի վերածելու եղանակ է` քաղաքական միավորի, որն ընտրում եւ հայտնում է իր ռազմավարական նպատակը, արժեքներն ու սկզբունքները: Եվ այստեղ ամենագլխավորն այն է, որ Ինքնորոշմամբ ձեւավորված Ինքնիշխանությունը ծնում է ազգի Ուժի աղբյուր եւ բավականաչափ ռեսուրս, որն ի զորու է ապահովել նրա կենսունակությունն ու կենսակայունությունը: Այդպիսի ռեսուրս ձեւավորվում է «իրերի ու երեւույթների օբյեկտիվ աշխարհի հետ» հարաբերություններից, քանի որ ինքնորոշվող սուբյեկտը շատ արագ դեր է ստանում միջազգային հարաբերություններում` դեր, որը բոլորին կստիպի հաշվի նստել իր հետ: Ծնվող օբյեկտը իր հանդեպ վերաբերմունքն ի սկզբանե կբաժանի «բացասական» եւ «դրական» մասերի` դրանով իսկ ապահովելով իր շուրջ եղած ուժերի հավասարակշռությունը եւ, հետեւաբար, իր անկախությունը:

Ինչպես տեսնում ենք, այնքան էլ հեշտ չէ հասկանալ Ինքնորոշման եւ ինքնորոշվող սուբյեկտի Ուժի (կենսունակության եւ կենսակայունության) կապի տրամաբանությունը: Հենց այդ կապի չըմբռնումը հաճախ ծնում է վախ Ինքնորոշումից`շատերն այդպիսի գործողության մեջ տեսնում են «իրերի ու երեւույթների օբյեկտիվ աշխարհին» նետված մարտահրավեր եւ իր իսկ գոյությանն ուղղված սպառնալիքի աղբյուր: Դրա համար ավելի հաճախ մենք հանդիպում ենք Ինքնորոշումից եւ Ինքնիշխանությունից հրաժարվելու հակվածության, ինչպեսեւ սուբյեկտի` իրենից դուրս ուժ փնտրելու չգիտակցված հակվածության: Որպես կանոն, այս վերջին հակումն էլ ծնունդ է տալիս ապակառուցողական գործոնների մի շարանի, ինչը տեսնում ենք բազմաթիվ ժողովուրդների ու պետությունների պատմության մեջ: Սակայն դրանից ճիշտ հետեւություններ սովորաբար չեն արվում, եւ անհաջողությունն էլ պայմանավորվում է «ուժեղ հովանավորների» բացակայությամբ:

Բերված պնդումների փաստարկմանն էլ կնվիրվեն հետագա դատողություններն այս հոդվածում: Ինչպես թվում է, ավելի հրատապ թեմա չկա, համենայն դեպս՝ հայ ժողովրդի համար, որն ազգային աղետի ենթարկվեց 1914-18 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի գլոբալ փոփոխությունների հետեւանքով, եւ որը բարդ պայմաններում է գտնվում նաեւ մեր օրերում: Թե´ Օսմանյան կայսրության անկման պատմությունը, թե´ ԽՍՀՄ-ի 1991թ. ապամոնտաժման ժամանակաշրջանը ակներեւաբար ցուցադրում են ճգնաժամային պայմաններում ներգրավված ժողովուրդների ազգային ծրագրերի արդյունավետության եւ անարդյունավետության օրինակները: Այդ պատմության մի շարք դիտանկյունների վերլուծությունը լավ հնարավորություն է տալիս բնութագրելու եւ հասկանալու ինչպես Ինքնորոշման, այնպես էլ Ինքնորոշումից հրաժարվելու ֆենոմենը:

Ինքնորոշումը եւ իրավունքներից ինքնակամ հրաժարվելը

Հպանցիկ անդրադառնանք ԽՍՀՄ փոխակերպումների շրջանի փաստերին եւ հայ ժողովրդի գործողությունների տրամաբանությանը: ԽՍՀ միության ապամոնտաժման շրջանում Հայաստանի անկախ պետականության կառուցումն ընթացավ չափազանց հակասական գաղափարախոսական մթնոլորտում: Տակավին չհասցնելով գնահատել ԽՍՀՄ-ում սկսված «Վերակառուցման» քաղաքականությունը, հայ ժողովուրդը բախվեց Լեռնային Ղարաբաղի ինքնա­վար մարզի (ԼՂԻՄ) ժողովրդի ինքնորոշման փաստին, որն արտահայտվեց մարզը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու պահանջով: Երկու տարվա ընթացքում (1988-1989) ժողովրդի միջավայրում բյուրեղացավ համընդհանուր ինքնորոշման գործընթացը` որպես իրավաքաղաքական գործողությունների կուռ ալգորիթմ: Ժողովրդի զանգվածային գործողություններին շատ արագ միացան այն ժամանակվա կոմունիստական իշխանությունները: Իրենց հերթին` միութենական իշխանությունները զինվեցին բռնաճնշումների պրակտիկայով:

1988 թվականին պաշտպանելով Գերագույն խորհրդի որոշմամբ (1988թ. հունիսի 15-ի որոշումը) Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու վերաբերյալ ԼՂՀ-ի որոշումը, Հայաստանի ղեկավարությունը համարձակվեց այդ հիմնախնդիրը դնել միութենական Կենտրոնի առջեւ: Կենտրոնը, բնականաբար, մնաց անդրդվելի: Եվ այստեղ մենք գործ ունենք հայ ժողովրդի կյանքում տեղ գտած` ռազմավարորեն կարեւոր ընտրության հետ: 1989 թվականը նշանավորվեց Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին վավերագրի ի հայտ գալով (Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ու ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1889թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը): Այդ փաստաթուղթը կարելի է գնահատել որպես Ինքնորոշման դասական ակտ, որն արտահայտվեց միութենական Կենտրոնի եւ 1989թ. նոյեմբերի 28-ին ԼՂԻՄ-ում ստեղծված ու Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի ենթակայության տակ գտնվող, այսպես կոչված, Կազմակերպական կոմիտեի (Կազմկոմիտե) գործողությունների հանդեպ խաղաղ անհնազանդությամբ: ԽՍՀՄ իշխանությունները դիմեցին աննախադեպ քայլի` մարզում իշխանության մարմինների լուծարման եւ արտակարգ դրության ռեժիմի հաստատման: Ավելի ուշ մենք կվերադառնանք սույն թեմային` գնահատելով այդ իրավիճակում ԼՂԻՄ բնակչության գործողությունների իմաստը:

Իսկ այժմ անդրադառնանք հաջորդած երկու տարիներին (1990-91թթ.) Հայաստանի քաղաքական փոխակերպման դիտանկյանը: Այստեղ քաղաքական իրադարձությունների տրամաբանությունը փոխվում էր ԽՍՀՄ-ի նշմարվող ապասերտաճմանը համապատասխան: Հայկական ԽՍՀ-ում իշխանության եկած ժողովրդական շարժման (Հայոց համազգային շարժում` ՀՀՇ կուսակցություն) լիդերները 1990թ. օգոստոսին ընդունեցին անկախ պետության կառուցման մասին Հռչակագիր, որում Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) պետության տարածք էր նշվում այն երկրի տարածքը, որը միավորվել էր 1989թ. օգոստոսի 1-ի որոշմամբ: Մինչ այդ անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր նաեւ ԼՂԻՄ-ը: Սակայն պետականակերտման ռազմավարությունը Հայաստանում արմատապես փոխվեց, երբ 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեն անցկացվեց միայն նախկին Հայկական ԽՍՀ տարածքում: ՀՀ նոր իշխանությունները փաստորեն հրաժարվեցին 1989 թվականի որոշումից: Լեռնային Ղարաբաղը դեկտեմբերի 10-ին առանձին անցկացրեց անկախության հանրաքվեն, իսկ մինչ այդ` 1991թ. սեպտեմբերի 2-ին, հռչակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այնուհետեւ ՀՀ իշխանությունների նոր մոտեցումն էլ ավելի որոշակիացավ: 1991թ. դեկտեմբերի 21-ին, հետխորհրդային տարածքում ձեւավորված Անկախ պետությունների միության իրավական փաստաթղթերի շրջանակում, Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց [3] նրա բոլոր մասնակիցների, այդ թվում նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության ինք­նիշխանությունն ու գոյություն ունեցող սահմանները` չճանաչելով ԼՂՀ անկախությունը:

Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց ոչ միայն միավորված պետություն կառուցելու ռազմավարությունից, այլեւ ԼՂՀ անկախության ճանաչումից` ըստ էության ԼՂՀ-ի իրավաբանական իրավունքը տալով Ադրբեջանին: Պետական քաղաքականության առօրյա մտավ մի սկզբունք` Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել բոլոր այն խնդիրների համար ցանկացած իրավաքաղաքական պատասխանատվությունից, որոնք դուրս են նախկին Հայկական ԽՍՀ սահմանների շրջանակներից: Սակայն հատկանշականն այն է, որ 1991թ. սեպտեմբերի 21- ին անկախության մասին հանրաքվեի անցկացումից եւ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն հայտարարելուց հետո ՀՀ-ն չընդունեց պետական անկախության մասին հատուկ Հռչակագիր` իբրեւ այդպիսին, վկայակոչելով 1990 թվականի Հռչակագիրը: Այդ հանգամանքը լղոզեց Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական մոդելը: Լղոզեց նաեւ պետական քաղաքականության տրամաբանությունը:

Ավելի շուտ` Ինքնորոշման հիման վրա անկախ պետության կառուցման սկզբունքից երկիրն անցել է «անկախություն` համաձայնությամբ» սկզբունքի: Խոսքը Ռուսաստանի հետ համաձայնեցված գործողություններին գերակայություն տալու մասին է, որտեղ մերժվում են ցանկացած այն գործողությունները, որոնց վերաբերյալ չկա Ռուսաստանի համաձայնությունը: Դրանով իսկ պետական քաղաքականության մեջ երեւան եկավ իրավունքներից ինքնակամ հրաժարվելու միտում` ի նպաստ համաձայնեցված անվտանգության: Բայց կյանքն իսկույնեւեթ ցուցադրեց այդպիսի քաղաքական փիլիսոփայության սնանկությունը. չէ՞ որ ԱՊՀ շրջանակներում ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու գոյություն ունեցող սահմանները, Հայաստանը միաժամանակ ճանաչել է ԼՂՀ-ի դեմ օրինական հիմունքով ուժ կիրառելու` նրա իրավունքները: Այդ կարեւոր հանգամանքը չէր գիտակցվել: Այդպիսի ուժ Ադրբեջանի կողմից կիրառվեց անհապաղ, ինչն արյունահեղության հանգեցրեց 1992-94 թվականներին: Ռուսաստանի հետ համաձայնեցված գործողությունները զերծ չպահեցին երկիրը պատերազմից: Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին այդ շրջանում հայտարարված ռազմավարությունն այդպես էլ մնաց թղթի վրա` իբրեւ հռչակագիր:

* * *

Վերը նկարագրված իրադարձություններից քառորդ դար անց հայկական պետականության իրավաքաղաքական իրողությունները` ի դեմս երկու պետական կազմավորումների` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, ձեռք բերեցին բարդ ու հակասական ձեւեր: Հայաստանի Հանրապետությունը կաշկանդված մնաց ինչպես անվտանգության, այնպես էլ ֆինանսատնտեսական ոլորտներում Ռուսաստանի պարտադրած պայմանագրերի համակարգով: Թուրքիան 1993 թվականից ի վեր փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: Այդ սահմանը պաշտպանում են ռուսաստանցի սահմանապահները, իսկ երկրի տարածքում օրինականացված է ռուսական ռազմահենակետի մնալը: Միաժամանակ` ԼՂՀ-ն սեփական Սահմանադրությամբ ամրագրեց իր կողմից վերահսկվող տարածքները եւ հրաժարվեց արտաքին զորքերի մուտքը այդտեղ: ԼՂՀ-ի հիմնախնդրով արդեն ավելի քան քսանհինգ տարի զբաղվում է միջազգային մի կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հաշտության պայմանակարգը պահպանվում է ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի հավասարակշռության հիման վրա: Բայցեւայնպես` ներկայում մենք գործ ունենք անլուծելի եւ բավական վտանգավոր մի իրավիճակի հետ` կապված Արցախում «ստատուս-քվո»-ի բնույթի հետ: Դրա էությունը հանգում է նրան, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքը միջազգայնորեն ճանաչված է Ադրբեջանի օգտին: Սկզբնապես հայկական քաղաքականությունում պետական շինարարության իրավական կողմերի անտեսումը չէր կարող չհանգեցնել նման բարդությունների:

Ամփոփելով արված դատողությունները, հարկ է խոստովանել, որ տեղ գտած մոտեցման` հայկական պետականության կազմավորման արշալույսին ընդունված ոչ հայանպաստ որոշումների համար պետք է որ լուրջ հիմքեր լինեին: Հայաստանի այդօրինակ քաղաքականությունն ինչ-որ բացատրություն ստանում է, եթե նկատի ունենանք, որ 1991 թվականից սկսած` որպես հանգուցային ուղղություն, ընդունվել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտության ռազմավարությունը` «խաղաղություն ամեն գնով» հայեցակարգի հիման վրա: Ընդ որում, պետք է նկատել, որ երկրի ղեկավարությունը ցուցադրաբար հրաժարվել էր Ինքնորոշման եւ անվտանգության ապահովման հարցերում լիակատար Ինքնիշխանության քաղաքականությունից: Ինքնորոշում հասկացության արժեքը չէր գիտակցվել: Համապատասխանաբար` նոր կազմավորված պետության անվտանգության եւ զարգացման ապահովման հույսերը այլ հասկացությունների ու գործոնների հետ էին կապվում: Պարզ է, որ այդ հասկացությունները պետք է փնտրել Ինքնորոշման փիլիսոփայության շրջանակներից դուրս: Ինչպես նշվել էր վերը, նշանաբան էր վերցվել «անկախություն` համաձայնությամբ» հայեցակարգը: Թե որն էր այդպիսի մոտեցման արմատավորման պատճառը` կփորձենք պարզաբանել հետագա դատողություններում:

Պատմության հոգեբանական բեռան թելադրանքը

Վերը բերված դատողություններից պետք է պարզ լինի, որ նոր կազմավորված` «համաձայնության փիլիսոփայության» հայկական պետականության անվտանգության եւ զարգացման ապահովման հույսերը սկզբնապես միջազգային հանրության հետ էին կապվում: Ընդ որում, Հայաստանի ղեկավարությունը յուրահատուկ պատկերացում ուներ այդ հանրության մասին:

Քանի որ Հայաստանի նոր քաղաքական ընտրախավի պետական ուղեգիծն ի սկզբանե կառուցվել էր Լեռնային Ղարաբաղի Ինքնորոշման գործոնի գերակշռության պայմաններում, արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու առանցքային դրույթները [4] բխում էին այդ հանգամանքից: Ընդհանրացված տեսքով այդ ռազմավարությունը կարելի է ներկայացնել հետեւյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը հակասում է աշխարհակարգին: Համապատասխանաբար` պետք է ենթարկվել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի այն պահանջներին, որոնք արտահայտում են այդ աշխարհակարգի կամքը: Դա է Հայաստանի միակ ռազմավարական խնդիրը: Մեր կողմից նրանց պահանջների ընդունումը կլուծի հակամարտությունը եւ այնժամ կարելի է հասնել գլխավոր ռազմավարական նպատակին` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտեցմանը: Հարկավոր է հատուկ սրտաճմլիկ վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանի հանդեպ»:

Այդ մոտեցման մեջ մեզ պետք է հետաքրքրի մեկ կարեւոր տեսանկյուն. նախասկզբնական աներկբա համոզվածություն, որ միջազգային հարաբերությունների սուբյեկտ-երկրները հնարավորություն չունեն ազդելու նրանց դիրքորոշումների վրա, ովքեր հանդես են գալիս «աշխարհակարգի» անունից` միջազգա­յին ատյանների դիրքորոշման վրա: Այսինքն` երկրների ինքնիշխան որոշումներն ու գործողությունները աշխարհակարգի վրա ներազդելու գործոն չեն հանդիսանում: Բացի դրանից, վստահություն այն բանում, որ միջազգային հանրության դիրքորոշումը մշակվում է բացառապես աշխարհակարգի կանոնների` միջազգային իրավունքի հիման վրա:

Բայց որտեղի՞ց հայկական ընտրախավի քաղաքական աշխարհընկալման մեջ հաստատվեց վախ աշխարհակարգից` ի դեմս «միջազգային ատյանների», իսկ իրականում` ի դեմս ազդեցիկ տերությունների: Ինչպես նաեւ` որտեղի՞ց է գալիս ազդեցիկ տերությունների դիրքորոշման վրա սուբյեկտի ազդեցության անհնարինության համոզմունքը: Ինչո՞ւ իրավունքներից հոժարակամ հրաժարումն ի նպաստ աշխարհակարգի` դիտարկվում է որպես ողջամտության բարձր արտահայտություն: Կրկին ընդգծենք, որ նշանակալի ինչ-որ բան պետք է բացակայի աշխարհընկալման համակարգում, որպեսզի «աշխարհակարգի» թելադրանքի ներքո գնալ իրավունքներից հրաժարվելու ուղիով` հանուն փրկության («խաղաղության ամեն գնով»:) Այստեղ խնդիրն այն է, որ միջազգային հարաբերություններով ու աշխարհակարգի խնդիրներով հետաքրքրվող ցանկացած մարդ գիտի, որ միջազգային հարաբերությունները խարսխվում են ազգային շահերի, ուժերի հավասարակշռության եւ միջազգային իրավունքի վրա: Համապատասխանաբար` այդ երեք «կետաձկների» վրա էլ հիմնած է աշխարհակարգը: Այսինքն` աշխարհակարգի իրավական ֆետիշացումը միշտ կասկածելի է, առավել եւս` համաշխարհային կարգի գլոբալ փոփոխությունների շրջանում: Բացի դրանից, ուժերի հավասարակշռության համակարգում ինքնիշխան սուբյեկտի դերի չմբռնումը կարող է ժողովրդին վերջնականապես խճճել միջազգային գործընթացների ճիրաններում:

Այս հարցերի պատասխանները շատ պարզ են. որեւէ դրական դեր չի տրվում միջազգային քաղաքականության մեջ ինքնորոշման միջոցով ինքնիշխան ռազմավարություն ձեւավորելու բացառիկությանը [5]: Ավելին` այդ բացառիկության մեջ դիտարկվում է միայն պետության անվտանգության եւ բուն գոյության սպառնալիքը: Այսպիսին է հայկական պետականության քաղաքական փիլիսոփայությունը: Եվ այդ փիլիսոփայությունն արդեն բերել է հայկական պետության ինքնիշխան իրավունքների անդառնալի կորուստներ եւ ստեղծել անվտանգության հարաճուն սպառնալիքներ: Այդու` հայկական քաղաքականության մեջ կիրառվող մոտեցումների վերանայման որեւէ փորձ չի արվում: Դա պետք է բացատրություն ունենա:

Վախ պատմությունից

Նպատակահարմար է այսօրվա քաղաքական համոզմունքների ձեւավորման ակունքները փնտրել պատմության մեջ: Ֆիզիկական բնաջնջում վերապրած (1915-20թթ. Ցեղասպանություն) հայ ժողովրդի համար ֆիզիկական գոյատեւման խնդիրը վերջին հարյուրամյակում չէր կարող գերակա չլիներ: Ընդ որում, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ինչպես նաեւ ազգային անվտանգության մասին ժամանակակից պատկերացումները չէին կարող չձեւավորվել տեղ գտած ցեղասպանության փաստի ներգործությամբ: Ցեղասպանության շրջանի բուն իրողությունները, ինչպես նաեւ դրանից հետո արված զանազան հետեւությունները չէին կարող չմշակել աշխարհընկալման յուրահատուկ համակարգ: Այդ յուրահատկությունն ինքնօրինակ հոգեբանական վիճակի արդյունք է, որը ձեւավորվում է այնպիսի հասկացության ազդեցության ներքո, ինչպիսին է «ցեղասպանության համախտանիշը»: Այլ բան լինել չէր էլ կարող, քանի որ ազգային այդպիսի մեծածավալ աղետը չէր կարող խոր հետք չթողնել հայերի հաջորդ սերունդների հոգեբանության մեջ: «Վախ պատմությունից» ֆենոմենը, ընդհանրապես, վճռական գործոն է ազգային աղետների փուլեր վերապրած շատ ժողովուրդների գիտակցությունում: «Պատմության վախի համախտանիշը» հստակ դրսեւորվում է բազմաթիվ ժողովուրդների գիտակցության մեջ, ինչպես օրինակ` թուրքերի, գերմանացիների, ճապոնացիների եւ այլոց: Նման համախտանիշի թելադրանքից ձերբազատվելն այնքան էլ դյուրին չէ:

Անզորությունից ծնվող ատելություն, ճակատագրից խռովածություն, «իրերի ու երեւույթների աշխարհի» հանդեպ մեղքի վերացական զգացում, կատարածի համար անխուսափելի հատուցման մոլուցք, թվացյալ կամ իրական հակառակորդի (մասնավորապես` վախ համաշխարհային տերություններից) դիվականացում, պատերազմի սարսափ եւ ամեն գնով խաղաղության հասնելու ձգտում… բոլոր այս հասկացությունները «պատմության վախի համախտանիշի» արտահայտություն են, որոնք ձեւավորում են մարդկանց շատ սերունդների անհամարժեք պատկերացումներն ու գործողությունները: Հաճախ մարդկանց դատողությունները եւ գործողությունները ձեռք են բերում ինքնաոչնչացնող բնույթ: Մարդիկ ջանում են ազատվել ցանկացած իրենց ձգտումներից` դրանց մեջ տեսնելով սպառնալիք իրենց ֆիզիկական գոյությանը: Սեփական պատմության եւ սեփական ազգային իրողությունների իմաստավորման ցանկացած ջանք վերածվում է սոսկ իր ազգային գժտությունները շարունակականորեն արդարացնելու փորձի: Իսկ իրական կյանքի ցանկացած հաջողություններ (առավել եւս` իրական հակառակորդի դեմ հաղթանակները) վերածվում են վերացական պատժի հանդեպ վախի զգացումի:

Դժվար է ժխտել, որ այդ զգացումներից շատերը խոր արմատներ ունեն հայերի ներկա սերունդների գիտակցության մեջ: Թվում է` հանուն արդարության հզոր շարժումը եւ 1991-94թթ. արցախյան պատերազմում տարած հաղթանակը կարող էին «ցեղասպանության համախտանիշը» հաղթահարելու խնդրում (որպես պատմության վախի համախտանիշի լոկալ դրսեւորում) նշանակալի գործոն դառնալ հայ ժողովրդի համար: Սակայն, ինչպես այդ պատերազմի շրջանում եղած արձագանքների, այնպես էլ «Խաղաղություն ամեն գնով», «Խաղաղություն ինքնիշխանության գնով» բանաձեւերով անվտանգության մասին ցայսօր հարատեւող բանավեճի դիտարկումները վկայում են, որ հասարակական գիտակցության մեջ կայուն կերպով արմատավորված են, համենայն դեպս՝ «մեղքի զգացումը», ինչպես նաեւ «հատուցման մոլուցքը»: Նույնիսկ կարելի է պնդել, որ արցախյան պատերազմում տարած հաղթանակը շատ մարդկանց գիտակցության մեջ մի քանի անգամ ուժեղացրել է այդ զգացումները: Այսինքն` այստեղ մենք գործ ունենք միանգամայն յուրօրինակ աշխարհընկալման հետ:

Այստեղ անհրաժեշտ է ճշտել, որ բավականաչափ տարածված «վրեժ թուրքերից» եւ թուրքերի հետ խաղաղությունից հրաժարվելու փիլիսոփայությունը (այսպես կոչված` Հայ Դատի «հեղափոխական» փիլիսոփայությունը) ոչ մի կերպ չի վկայում հայերի մեջ այլ աշխարհընկալման առկայության փաստի մասին: Արդարությունը վերականգնելու` աշխարհին ուղղված Պահանջի քաղաքականությունը («Պահանջատիրություն»), «հանուն ազատության» գիտակցված մահվան գնալու տրամադրվածությունը («Ազատություն կամ մահ») արտացոլում են «ցեղասպանության համախտանիշով» թելադրված նույն հոգեբանական վիճակը, տվյալ դեպքում` անզորության զգացողությունը: Կարելի է համարձակորեն պնդել, որ ե´ւ իրավունքներից հանուն փրկության Հրաժարվելու քաղաքականությունը, ե´ւ աշխարհին ուղղված` Պահանջի քաղաքականությունը խարսխված են նույն կեղծ փիլիսոփայական հիմնէության վրա, որն արտահայտվում է հետեւյալ պարադիգմայով.

- «Ուժն է ծնում իրավունք. մենք թույլ ենք. աշխարհը մեր դեմ է եւ անարդար. մենք չենք կարող պայքարել ողջ աշխարհի դեմ. մենք չունենք հովանավորներ»:

Տարբեր են միայն այդ համոզմունքներից բխող հետեւությունները (բնականաբար` նույն կերպ կեղծ): Համարվում է, որ «աշխարհն անարդար է», իսկ մեր արդարությունը «աշխարհին նետված ձեռնոց է»: Հետեւությունը. կամ հաշտվում ենք իրողությունների հետ, կամ հեռանում ենք անհավասար պայքարի այս անարդար աշխարհից: Հետաքրքիրը սոսկ այն է, որ միեւնույն աշխարհընկալումն ունեցող մարդկանց կազմը հարյուր տարուց ավելի շարունակում է այդ հրապարակային բանավեճը` միմյանց մեղադրելով «ազգի դավաճանության» մեջ: Արմատացած փիլիսոփայության հիմնէությունը կասկածի տակ չի դրվում: Ստեղծված իրողություններում որեւէ այլ փիլիսոփայության օբյեկտիվ գոյության հնարավորությունը, որն ի զորու է ապահովել ժողովրդի երաշխավորված կենսունակային յուրահատկությունները, չի դիտարկվում:

Իր եւ աշխարհի նկարագրված տեսլականը չէր կարող կարճ ժամանակում ձեւավորվել: Բավական է աչքի անցկացնել պատմության փաստերն ու պատմագրական նյութերը` համոզվելու համար, որ նման աշխարհընկալումը եւ նշված բանավեճը գոյություն են ունեցել նաեւ 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ: Այդ ողբերգությունը դրանք սոսկ հասցրել է հիվանդագին համախտանիշի: Հասկանալի է դառնում նաեւ, որ այդպիսի բանավեճի մթնոլորտում ժողովրդի գործողությունների ձեւավորումը չէր կարող չհանգեցնել պարբերական խաթարումների, որոնք ինքնին խթանվում էին այդ բանավեճի վրա հիմնված տարբեր հասարակական խմբերի գործողություններում: Արդյունքում` ոմանք մահանում էին դիմադրության ժամանակ, մյուսները` ոչնչացվում առանց դիմադրության: 1915թ. Ցեղասպանությունը վերը նշված աշխարհայացքի ու դրանից սերված գործողությունների աստվածացումն էր: Պետք է խոստովանել, որ նկարագրված աշխարհայացքն ինքնին ժողովրդի գոյությունը քաղաքական ցանկացած օբյեկտիվ փոփոխությունների պայմաններում դարձնում է անհնար: Այդպիսի փոփոխություններին ցանկացած արձագանք հանգեցնում է մահացու արդյունքի, քանի որ ժողովրդին դարձնում են խոչընդոտ եւ, համապատասխանաբար, միջազգային քաղաքական գործընթացների թիրախ:

Որտե՞ղ է ելքը կեղծ համոզմունքներից: Անխուսափելի՞ էր արդյոք 1915 թվականի Ցեղասպանությունը

Իսկ ինչո՞ւմ է կայանում կենսունակության եւ կենսակայունության մեկ այլ փիլիսոփայությունը: Պատասխանը նույնն է. Ինքնորոշման տեխնոլոգիայի տիրապետման մեջ: Ուրեմն` ինչպիսի՞ հանգամանքներ ու հարաբերություններ կարող է ստեղծել ինքնորոշման այս կամ այն ձեւը` իրերի ու երեւույթների օբյեկտիվ աշխարհի հետ փոխգործողությամբ: Տվյալ դեպքում մեզ, առաջին հերթին, հետաքրքրում են այն հանգամանքներն ու հարաբերությունները, որոնք օժանդակում են ինքնորոշված հանրությանը, մասնավորապես ինքնորոշվող սուբյեկտին Ուժ տվող ռազմավարական նպատակի իրականացմանը: Կրկնենք, որ քաղաքական աշխարհի հենց տվյալ դիտանկյունն է առավել դժվարճանաչելի, ինչը եւ Ինքնորոշման ֆենոմենի նկատմամբ քամահրական վերաբերմունքի պատճառն է: Իսկ այդպիսի քամահրանքի արդյունքները միշտ աղետալի են:

Առաջադրված հարցի պատասխանը որոնելու լավագույն ուղին համառոտ անդրադարձն է Օսմանյան կայսրության անկման եւ հայոց ազգային աղետի (1915-20-ական թվականների Ցեղասպանության) ժամանակաշրջանին: Մեզ որոշակիորեն հետաքրքրում է հայ եւ թուրք ժողովուրդների ընտրության այս կամ այն ձեւը, որն ի զորու է ստեղծել ինքնորոշված հանրության նպատակների իրականացմանն օժանդակող հանգամանքներ ու հարաբերություններ: Այդ նպատակով բերենք Օսմանյան կայսրության անկման պայմաններում հայ ժողովրդի համար ծագած իրավիճակի երկու առավել բանական գնահատական: Նկարագրվող շրջանն ուշագրավ է նրանով, որ այն վերլուծելիս կարելի է խոսել ժողովրդի համար բախտորոշ բնույթ ունեցող խնդիրների մասին: Մասնավորապես`հնարավորություն կա գնահատելու ժողովրդի վարքագծի բնույթը եւ նրա փաստացի արդյունքը:

Բերենք երկու մտահասու գնահատական: Քննարկվող թեմայի գիտակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւյալ համընդհանուր բնութագիրն է տալիս [6] հայ ժողովրդի համար ծագած խնդրին ու դրա արդյունքի օրինաչափությանը:

«Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից: Բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո Թուրքիայի համար պարզ դարձավ, որ եւս մեկ պատերազմ, եւ նա կորցնելու է նաեւ Հայաստանը: Դրանից խուսափելու միակ միջոցը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր… Եվրոպական տերություններն իրավիճակի իրենց անհամաձայնեցված միջամտությամբ ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար… Դժվար է չխոստովանել, որ կենացմահու այդ պայքարում հայերն ի սկզբանե դատապարտված էին կործանման, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի գոյության գիտակցությունն անգամ»:

Գործնականում նույն բնութագիրն է տալիս [7] հայտնի հայ գործիչ, նկարագրվող ժամանակաշրջանի վկա եւ ակտիվ մասնակից Շահան Նաթալին.

«Հայ-թուրք կռիւը անխուսափելի էր: ... Ի՞նչ էր մեր կռիւին հիմքն ու սկզբունքը. – Ըլլալ ազատ մարդ, տէրը մեր քրտինքին, ապրիլ մեր պատիւով եւ զարգանալ ազգային արժէքներով: ... Թուրքը մեր միջոցներով չէր, որ պիտի ճանչնար մեր ուխտը: Մենէ առաջ շատեր՝ Յոյներ, Սերպեր, Բուլգարներ, Ռումէններ, նման ուխտով իջեր էին հրապարակ եւ հասեր էին իրենց նպատակին՝ ի վնաս թուրքին: ... Թուրքը ըմբռներ էր գոյութեան այս կռիւին իմաստը, որ իր գոյութեան վրայ անդրադարձեր էր իրեն համար ալ գոյութեան կռիւի ձեւով: ... Թուրքը Յոյն, Սերպ, Բուլգար, Ռումէն ժողովուրդներու ապստամբութիւններէն եւ ազատագրական պայքարներէն եթէ դուրս եկած էր հսկայ հողեր եւ միլիոններով ժողովուրդ կորսնցնելով, նաեւ սորված էր շատ բան: Ի՞նչ էր սորված Թուրքը այդ բոլորէն: Շատ ահաւոր մէկ բան, որ իր յաղթանակին գլխաւոր զէնքը եղաւ հայթուրք կռիւին մէջ: ... Թուրքերը Թուրք ազգ ստեղծելու համար բռնեցին շիտակ ճամբան: ... քաղաքական կեանքի մէջ օրէնքն է ղեկավարողը: Սուլթան Համիտ հարիւր հազարով կոտորելով, շրջանները այլասերելով ու լեզուները փոխելով, իսկ նոր Թուրքերը միլիոնով կոտորելով եւ յաջորդական քայլերով ստեղծեցին Թուրք ազգը եւ ապացուցին, որ շատ աւելի լաւ գիտեն ազգ կերտելու գիտութիւնը: ... Օտարին մեղքն ու պատասխանատուութիւնը ժխտած չենք ըլլալ երբեք, մեր աղէտներուն մէջ, եթէ կրկնենք ու երեքնենք, որ որքան շատ յոյս դնենք օտարին վրայ, ով կ’ուզէ ըլլայ այս օտարը, այնքան քիչ կ’ըլլայ մեր իրաւունքը օտարի պատասխանատուութեան մասին խօսելու եւ ընդհակառակը: Ահա այս շատ էական սկզբունքին մէջ է, որ Թուրքերը շատ աւելի խելացի են, քան Հայերը: Եւ այս սկզբունքի կիրարկումը եղած է անոնց յաղթանակին պատճառներէն մէկը, ինչպէս նաեւ մեր պարտութեան: Որովհետեւ ան, անկախ բոլոր ուրիշ աղաղակներէ, ոչ միայն արտաքին աշխարհի աչքին արժէք մը դարձուցեր է Թուրքը, այլ նաեւ կարող դարձուցեր է Թուրք արգանդը Մուսթաֆա Քէմալներ ծնելու»:

Վերը բերված երկու գնահատականները համընկնում են այն բանում, որ Օսմանյան կայսրության փլուզումն անլուծելի խնդիր է ստեղծել հայ ժողովրդի համար: Այսինքն` հաստատվում է, որ այն ժամանակ ստեղծված հանգամանքների ուժեղ ճնշման տակ ժողովրդի բնաջնջման փաստը կանխորոշված էր: Պատմագրության մեջ ներկայում եղած գնահատականները շատ քիչ են տարբերվում վերոբերյալից: Այդպիսի կարծիքի հեղինակների գլխավոր փաստարկը ստեղծված հանգամանքներն իմաստավորելու եւ, առավել եւս, ոչ միայն իր ֆիզիկական պահպանման, այլեւ որեւէ դրական ազգային ծրագրի իրագործման նպատակով ողջամիտ ընտրություն կատարելու համար հայ ժողովրդի մեջ բավականաչափ քաղաքական հատկանիշների բացակայության դրույթն է:

Մենք կարող ենք համաձայնել սոսկ այն փաստի հետ, որ նկարագրվող պատմության մեջ տեղի չունեցավ հայ ժողովրդի (ինչու չէ, նաեւ կայսրության բազմաթիվ այլ բնաջնջված հանրույթների) համընդհանուր ինքնորոշման այն արդյունավետ ձեւը (համընդհանուր ռազմավարորեն ճշտված ընտրության իմաստով), որը «իրերի ու երեւույթների օբյեկտիվ աշխարհի հետ փոխգործողությամբ կարող էր ստեղծել այնպիսի հանգամանքներ եւ հարաբերություններ, որոնք իրենցից ներկայացնում են տվյալ փոխգործողության արդյունքները»: Արդյունքներ, որոնք կարող էին կերտել պատմության այլ ընթացք»:

Միաժամանակ` բազմաթիվ տեղեկություններն ու ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հայ ժողովրդի առանձին հատվածներ եւ կառույցներ փորձում էին մշակել վարքագծի զանազան դիրքորոշումներ ու տիպօրինակներ` ունակ դիմակայել Օսմանյան կայսրության փլուզման պայմաններում ծնված ապակառուցողական երեւույթների եւ գործընթացների էքսպանսիային: Այդ դիրքորոշումների հետ կարճ ծանոթությունն ինքնին ունակ է պարզաբանել մեզ հետաքրքրող շատ հարցեր: Այդ դիրքորոշումները կարելի է բաժանել ըստ հետեւյալ գծապատկերի.

Ա. Հայկական ուժերի համախոհությունը Օսմանյան սահմանադրությանը եւ երկրի ներքին բարենորոգչության ուղղությամբ թուրքական կուսակցությունների հետ համակարգված քաղաքականության վարումը: Այստեղ ներգծվում է նաեւ հակումը բարեփոխումների օժանդակման գործում եվրոպական տերություններ բողոքարկելու գաղափարին: Այն միտքը, թե անհրաժեշտ է լինել օրինակելի քաղաքացիներ, յուրովի է համոզել բոլորին` դրանում դիտարկվում էր երաշխիք թուրքերի ագրեսիայից: Այդպիսի քաղաքականությունը հայկական Դաշնակցություն եւ Հնչակյան կուսակցությունների կողմից տարբեր կերպ էր անցկացվում ընդհուպ մինչեւ 1913 թվականը (աջակցելով մերթ երիտթուրքերի հակասուլթանական հեղաշրջմանը, մերթ ընդդիմության հեղաշրջմանը ընդդեմ երիտթուրքերի): Այդ ամենն ավարտվեց, երբ Իթթիհադ կուսակցությունը հերթական հեղաշրջումն իրականացրեց երկրում [8] եւ «օրեն­քից դուրս» դրեց հայ ժողովրդին ու նրա կուսակցությունը: Հայերի համանման պահվածք է նկատվում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում, երբ պահանջվում էր հայերի մասով կողմնորոշվել պատերազմի մասնակցության ձեւաչափում: Օսմանյան հայերը մասնակցել են 1914 թվականի զորահավաքին եւ համալրել օսմանյան բանակի շարքերը: Այդ դիրքորոշումը նպատակ էր հետապնդում պահպանել հայ-թուրքական համերաշխությունը եւ հեռացնել կառավարության կողմից հալածանքների սպառնալիքը [9];

Բ. Հույսը ռուսաստանյան քաղաքականության եւ պատերազմում Օսմանյան կայսրության պարտության հետ կապելը: Այս դիրքորոշման վառ արտահայտություն է 1913թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրության տարածքում ակտիվ գործունեություն ծավալելու եւ Ռուսաստանի քաղաքականության ներքո տեղի ունեցող գործընթացներին մասնակցելու մասին Դաշնակցություն կուսակցության որոշումը: Նույն մոտեցման մեկ այլ արտահայտություն է Վանի 1915թ. փետրվարյան ապստամբությունը, որտեղ Ռուսաստանի ծրագրերի հետ էին առնչվում հաջողության հույսերը;

Գ. Համախոհությունը ինքնապաշտպանության գաղափարին: Տարբեր շրջաններում այդպիսի մոտեցումն իրեն դրսեւորել է անջատ ձեւով: Այդպիսի համախոհությունը, ավելի շուտ, քաղաքական գործընթացների առջեւ անզորության արդյունք էր` առանց քաղաքական նպատակի ինքնապաշտպանության իմաստն այդպես էլ անհասկանալի մնաց:

Բոլոր դեպքերում համընդհանուր քաղաքական ինքնորոշման գաղափարը որեւէ կերպ չդրսեւորեց իրեն: Անկախ պետություն հայտարարելու եւ կառուցելու գաղափարի մեջ ոչ ոք որեւիցե փրկարարական իմաստ չէր տեսնում: Ընդհակառակն` այդ գաղափարը միահամուռ մերժվեց նույնիսկ կուսակցությունների կողմից, որոնք ի սկզբանե այդպիսի նպատակ էին հետապնդում: Եթե նման գաղափար կար էլ, ապա այդպիսի պետություն ստանալու հնարավորությունը դիտարկվում էր բացառապես համաշխարհային տերությունների աջակցության գաղափարի շրջանակներում: Այսինքն` ոչ թե ինքնորոշման, այլ Օսմանյան կայսրության հանդեպ արտաքին հարկադրանքի միջոցով: Ապստամբության եւ ինքնապաշտպանության գաղափարները գոյություն ունեին եւ իրականացվում էին տեղայնորեն` քաղաքական ինքնորոշման գաղափարի հետ կապից դուրս: Արդյունքում ընտրության բոլոր ձեւերը եւ դրանց վրա հիմնված վարքագծի տիպօրինակները ոչ միայն չարդարացրին իրենց, այլեւ ժողովրդին անօգնական դարձրին [10] 1915 թվականին հայերին կոտորելու` թուրքերի հրեշավոր ծրագրերի առջեւ: Պետությունը բռնազավթած երիտթուրքերի կողմից «պետական դավաճանության» մեջ մեղադրվեց եւ ոչնչացվեց օրինապաշտ մի ողջ ժողովուրդ:

Ի սկզբանե արծարծելով տվյալ հոդվածում ինքնորոշման թեման, մենք մասնավորապես նպատակ ունեինք ցույց տալու Օսմանյան կայսրության փլուզման շրջանում հայ ժողովրդի ազգային աղետի էական պատճառը: Այդպիսի աղետն անդառնալի էր, քանի որ ազգային գիտակցության մեջ բացակայում էր քաղաքական ինքնորոշման գաղափարը: Ապստամբության մասին, տերությունների օգնության, ինքնապաշտպանության, կայսրության բռնի փլուզման արդյունքում հաջողության մասին հայերի զինանոցում եղած վերացական գաղափարները չէին կարող ձեռք բերել որեւէ դրական իմաստ, եթե չկար ինքնորոշման ճանապարհով ինքնիշխան ազգային գործոնի ձեւավորման գաղափարի բախտորոշ փրկարարական իմաստի ըմբռնումը: Չ­կար ըմբռ­նումն այն ի­րո­ղութ­յան, որ գո­յութ­յուն ու­նեցող քա­ղա­քա­կան միա­վո­րի փլուզ­ման պայ­ման­նե­րում ինք­նա­պահ­պան­ման եւ քա­ղա­քա­կան կա­յաց­ման միակ ունի­վեր­սալ ե­ղա­նա­կը ինք­նո­րոշ­ման ճա­նա­պար­հով նոր քա­ղա­քա­կան ինքնիշ­խան միա­վո­րի ձե­ւա­վո­րումն է: Այդ «գաղտնիքը» հասկանալ վիճակված էր կայսրության միայն մեկ ժողովրդի` թուրքերին: Նրանք էլ կարողացան ոչ միայն դուրս գալ համատարած ճգնաժամից, այլեւ ստեղծել ազգ եւ պետություն: Իսկ հայկական քաղաքական միտքը նույնիսկ հաջորդ տասնամյակների ընթացքում չկարողացավ գիտակցել նշյալ հանգամանքը: Նույնիսկ, փորձելով հասկանալ Հայաստանի առաջին հանրապետության (1918-20թթ.) բազմաթիվ անհաջողությունների պատճառները, չէր գիտակցվում, որ հօգուտ գոյատեւման իրավունքներից հրաժարվելու սկզբունքը ցույց է տվել իր իսկական կործանարար էությունը: Ընդհակառակը` համոզմունք էր արմատավորվել, թե բոլոր կորուստները հետեւանք են այն բանի, որ հայերն ուզում էին առավելագույնը:

Եվ դա պատահական չէ. չորս հարյուր տարի զրկված լինելով քաղաքական գործունեության համար պայմաններից, օսմանյան հայերը չկարողացան յուրացնել քաղաքական ուժին տիրապետելու գաղտնիքները: Հետագա դատողություններում այդ տեսանկյանը մենք դեռ կանդրադառնանք:

Թուրքերի ինքնորոշումը

Որ թուրքերն ունեին այդպիսի քաղաքական աշխարհընկալում, կարելի է դատել այն գործողություններից, որ ցուցաբերեցին Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության հետեւանքով իրեց պատուհասած ազգային աղետից հետո: 1919-21թթ. Քեմալ Աթաթուրքի շարժման պատմությունը կարող է Ինքնորոշման դասական օրինակի ուսումնասիրման համար դառնալ նմուշային թեմա` ցուցադրելով, թե ինչպես կարելի է ստեղծել հանգամանքներ եւ հարաբերություններ, որոնք կարող են, ի հեճուկս ողջ աշխարհի, ծնել այլ ընթացք:

Օգտվելով բացառապես քրեստոմատիական տվյալներից [11], հակիրճ ներկայացնենք այդ գործողությունները` ուշադրությունը կենտրոնացնելով գլխավոր հարցի վրա. որտեղի՞ց է ի հայտ գալիս ուժի պաշարը (ինչպես է ծնվում ուժը) ժողովրդի ինքնորոշման ժամանակ:

Անտանտի զորքերի կողմից Կոստանդնուպոլի զավթումից (1918թ. նոյեմբեր) եւ լիակատար կապիտուլյացիայի ստորագրումից հետո հաղթանակած տերությունները ստիպեցին սուլթանին ձեռնամուխ լինել պլանաչափ զինաթափմանն ու օսմանյան բանակի կազմալուծմանը:1918թ. դեկտեմբերին սուլթանը լուծարեց պատգամավորների պալատը, այնուհետեւ իշխանությունները փակեցին քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, միություններն ու ակումբները, ինչպես նաեւ որոշ գիտալուսավորչական ընկերություններ, արգելեցին ցանկացած հանրահավաքների ու ժողովների անցկացումը, խստիվ գրաքննություն մտցրին մամուլում: Սեւծովյան նեղուցները եւ սուլթանի խամաճիկային կառավարությունը հայտնվեցին հաղթողների լիակատար վերահսկողության տակ: Ստամբուլի ոստիկանությունը եւ ժանդարմերիան անցան բրիտանացի գեներալի ենթակայությանը, որն օսմանյան մայրաքաղաքում միութենական կայազորի հրամանատարն էր:

Հետագայում կայսրության տարածքում տեղակայվեցին այլ պետությունների զորքեր: Բալկաններից այստեղ հարյուր հազարավոր փախստականների հոսքերի, ինչպես նաեւ լուծարված բանակի զինվորներից առաջացած զինված ավազակախմբերի պատճառով երկիրը քաոսի մեջ էր: Տերությունները կայսրության լիակատար մասնատման ծրագրեր էին մտմտում: Ստեղծվել էր մի իրավիճակ, որի դեպքում թուրքերը կարող էին ասել. «աշխարհը մեր դեմ է»: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, թուրքերին դա քիչ էր հուզում: 1919թ. մայիսի 19-ին ազդեցիկ գեներալ Մուստաֆա Քեմալը` հրաժարվելով բանակի կազմալուծման ծրագրերից, որպես 9-րդ բանակի հրահանգիչ, ժամանել էր Սամսուն: 1919թ. հունիսի 22-ին Ամասիայում Քեմալը հրապարակեց մի շրջաբերական, որտեղ ասվում էր, որ երկրի անկախությունը վտանգի մեջ է, ինչպես նաեւ պատգամավորների գումարում հայտարարեց Սվազի կոնգրեսին:

1919թ. հուլիսի 8-ին Քեմալը ազատ արձակվեց օսմանյան բանակից: 1919թ. հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 7-ը Էրզրումում տեղի ունեցավ կայսրության արեւելյան վեց վիլայեթների համագումարը (Erzurum Kongresi), որին հաջորդեց սեպտեմբերի 4-11-ը անցկացված Սվազի կոնգրեսը: Մուստաֆա Քեմալը` ապահովելով այդ համաժողովների հրավիրումն ու աշխատանքը, այդպիսով սահմանեց «հայրենիքի փրկության» ուղիները: Սուլթանական կառավարությունը փորձեց հակադարձել դրան, եւ 1919թ. սեպտեմբերի 3-ին հրամանագիր արձակվեց Մուստաֆա Քեմալին ձերբակալելու մասին: Սակայն վերջինս արդեն բավականաչափ կողմնակիցներ ուներ հակազդելու համար այդ հրամանագրի կատարմանը: 1919թ. դեկտեմբերի 27-ին Մուստաֆա Քեմալին ցնծությամբ դիմավորեցին Անգորայի բնակիչները:

1920 թվականի հունվարի 12-ին Ստամբուլում տեղի ունեցավ պատգամավորների նորընտիր պալատի նստաշրջանի բացումը, որի տեղերի մեծամասնությունը Քեմալի կողմնակիցներն էին ստացել: Փետրվարի 23-ին մայրաքաղաքի ստուգայցում երեւաց բրիտանական նավատորմիկը, մարտի 2-ին հրաժարական տվեց կառավարությունը, իսկ մարտի 10-ին բրիտանական զինվորական իշխանությունները ձերբակալություններ սկսեցին առավել ակտիվ պատգամավոր-ազգայնականների շրջանում: 1920թ. մարտի 15-ի լույս 16-ի գիշերը բրիտանական ծովային հետեւակի ջոկատները գրավեցին բոլոր կառավարական շենքերը:

Օսմանյան խորհրդարանի լուծարումից հետո (1920թ. մարտի 16-ին) Քեմալը Անգորայում հրավիրեց սեփական խորհրդարանը` Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), որի առաջին նստաշրջանը բացվեց 1920թ. ապրիլի 29-ին: Քեմալն ինքը ընտրվեց խորհրդարանի նախագահ եւ Ազգային մեծ ժողովի կառավարության ղեկավար, որն այն ժամանակ չճանաչեց տերություններից եւ ոչ մեկը: Ապրիլի 29-ին ԹԱՄԺ-ն ընդունեց օրենք, որով մահվան կդատապարտվի ցանկացած ոք, ով կասկածեր նրա օրինավորությունը: Դրան ի պատասխան` Ստամբուլի սուլթանական կառավարությունը մայիսի 1-ին հրապարակեց Մուստաֆա Քեմալին եւ նրա կողմնակիցներին մահվան դատապարտող հրամանագիր:

Քեմալականների հիմնական անմիջական խնդիրը պայքարն էր հայերի դեմ` արեւելքում, հույների դեմ` արեւմուտքում, ինչպես նաեւ ընդդեմ Անտանտայի կողմից կայսրության տարածքի բռնազավթման եւ դե-ֆակտո պահպանվող կապիտուլյացիայի պայմանակարգի:

1920 թվականի հունիսի 7-ին Անգորայի կառավարությունն անվավեր հայտարարեց Օսմանյան կայսրության բոլոր նախկին պայմանագրերը: Բացի դրանից, ԹԱՄԺ-ի կառավարությունը հերքեց եւ վերջնարդյունքում, ռազմական գործողությունների ճանապարհով, տապալեց սուլթանական կառավա­րության եւ Անտանտի երկրների միջեւ 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի պայմանագրի վավերացումը, որը նրանք համարում էին անարդար կայսրության թուրք ազգաբնակչության նկատմամբ: Օգտվելով այն իրավիճակից, որ պայմանագրով նախատեսված միջազգային դատական մեխանիզմ չէր ստեղծված, քեմալականները բրիտանացի զինծառայողների թվից պատանդներ էին վերցնում եւ նրանց փոխանակում երիտթուրքական կառավարության անդամների ու այլ անձանց հետ, որոնք հայերին կանխամտածված ոչնչացնելու մեղադրանքով ներկալված էին Մալթայում:

Այսպիսով` անմիջականորեն բռնազավթումից ազատ տարածքում ստեղծվեց նոր անկախ իշխանության կենտրոն, որը հիմնադրեց իր օրենքը եւ օրենքից դուրս դրեց սուլթանի կապիտուլյացիոն պայմանակարգը: Այդ պայմանակարգին եւ զավթողական ուժերին հայտարարվեց պատերազմ: Աթաթուրքն անձամբ վերջնագիր նշանակեց Բրիտանիայի ներկայացուցիչներին` նրանց առաջարկելով հեռանալ կայսրության տարածքից:

Հասկանալի է, որ առաջին պահերին Աթաթուրքի գործողությունները կարող էին սոսկ քմծիծաղ առաջացնել բոլոր կողմերից: Բայց քմծիծաղել կարող էին միայն նրանք, ովքեր չէին հասկանում ինքնորոշման ուժը եւ ուժի աղբյուրը, որին տիրապետում է ինքնորոշվող սուբյեկտը: Իսկ այդպիսի ուժի աղբյուր դառնում է դիրքորոշումների եւ շահերի նոր դասավորությունը նոր ինքնիշխան սուբյեկտի շուրջ: Հնուց ասվում է, որ «Ինքն իրեն ստեղծող ոգին դրվում է աշխարհը կառավարող ուժերի ալիքի վրա»: Այսինքն` ինքնիշխան սուբյեկտը փոխում է արտաքին վերաբերմունքն իր նկատմամբ եւ ստանում էներգիա` ի պաշտպանություն իրեն: Ինքնիշխանությունը ծնում է անկախության եւ զարգացման երաշխիքներ: Աթաթուրքի շարժման առիթով արժե հակիրճ խոսել այդ մասին, քանի որ հատկապես դիտարկվող օրինակով ամենից ակնառուն է երեւում «Ինքնորոշման առեղծվածային ուժը»:

Աթաթուրքն անհապաղ ձեռնամուխ եղավ արտաքին ուժերի հետ հարաբերությունների կազմավորման խնդրին: Արտաքին քաղաքական հայեցակարգը բխում էր նախկին կայսրության ավերակների վրա ազգային անկախ պետություն ստեղծելու եւ քաղաքակիրթ աշխարհից մարդկային վերաբերմունք պահանջելու` նրա ձգտումներից: Անատոլիա ժամանելու առաջին իսկ օրերից նա պահանջ դրեց Թուրքիան ազատել իմպերիալիստական վերահսկողությունից: Սվազի կոնգրեսում Աթաթուրքը հանդես եկավ ընդդեմ ամերիկյան մանդատի` Թուրքիայի եւ Օտտոմական կայսրության մնացյալ տարածքների նկատմամբ:

Բայց սոսկ պահանջը քաղաքականությունում քիչ բան է նշանակում: Աթաթուրքը վարպետորեն հասկացավ շահերի հավասարակշռություն հասկացության եւ այդ շահերն իր օգտին փոխելու տեխնոլոգիայի իմաստը: Եվ դա աշխատեց արագ ու արդյունավետ: Տերությունները սկսեցին անջատ հանդիպումների ու գործարքների գնալ` ձեռք բերելով իրենց համար շահավետ պայմաններ` զենքի եւ փողի փոխանակմամբ: Առաջինը «ծակվեց» Իտալիան, եւ այդպես շարունակ:

1920 թվականի դեկտեմբերի 24-ին Աթաթուրքը ստորագրեց [12] Խորհրդային Ռուսաստանի հետ «Բարեկամության մասին նախնական պայմանագիր», որում Անտանտի ներխուժման դեմ պայքարի պայմաններով Ռուսաստանից զենք եւ փող ստանալու հավաստիացում կորզեց: Բացի դրանից, Ռուսաստանը պարտավորություն ստանձնեց չճանաչել ոչ մի պայմանագիր, որը չի արժանացել Թուրքիայի ազգային մեծ ժողովի հավանությանը:

Այդ շրջանում կիրառվող դիվանագիտական մեթոդներն ուղղված էին գլխավորապես արեւմտյան տերությունների միջեւ հակասությունների օգտագործմանը եւ, առաջին հերթին, Անգլիայի համար դժվարություններ ստեղծելուն: Աթաթուրքն օգտագործում էր Սեւրի պայմանագրից Ֆրանսիայի դժգոհությունը եւ Թուրքիայի ամբողջականությունը պահպանելու գործում ֆրանսիացի կապիտալիստների շահագրգռվածությունը: Արդյունքում լուծվեց գլխավոր խնդիրը` տերությունները հրաժարվեցին Անատոլիան մասնատելու ծրագրերից: 1922թ. հոկտեմբերի 11-ին օտտոմանյան Մուդանիա նավահանգստային քաղաքում ստորագրվեց հաշտություն քեմալականների եւ Անտանտայի միջեւ: Եվ այդպես շարունակ … Թշնամիներն առանձին վերցրած վերածվում էին «համախոհների» ու դաշնակիցների, իսկ նոր կառավարության ամբողջ եռանդն ուղղված էր, ինչպես ծրագրել էին, երկրի հետագա մաքրմանը «ոչ թուրքերից»` հայերից, հույներից եւ այլ ժողովուրդներից: Աթաթուրքին հաջողվեց նույնիսկ հասնել բնակչության փոխանակության` իր երկրի եւ Հունաստանի միջեւ:

Ով ինչում հմո՞ւտ է

Սույն հոդվածի նպատակների համար Թուրքիայում նոր պետականության կայացման գործընթացի հետագա նկարագրությունն արդեն հրատապ չէ: «Հրեշը», որը նկատի ուներ Շահան Նաթալին, կայացավ բարձր նոտայի վրա: Ամբողջ մնացածը ժամանակի գործ էր: Այս հոդվածի նպատակների համար հետաքրքրություն է ներկայացնում մեկ այլ հանգամանք. հայերի աչքերի առջեւ տեղի ունեցած` նոր Թուրքիայի ինքնորոշման գործընթացը բոլորովին չգիտակցվեց հայ քաղաքական գործիչների կողմից: Հայկական քաղաքական միտքը մնացել էր ավանդական պատկերացումների շրջանակներում: Դարձյալ բոլոր դատողություններն ամբողջ տարիներ հանգում էին նրան, թե ում հետ գործ ունենալ` Ռուսաստանի՞, Անգլիայի՞, թե՞ Աթաթուրքի: Այսինքն` ո՞ւմ նախագծերում է նպատակահարմար ներգրվել: Միտքը, թե ինքնորոշման միջոցով ինքնիշխան ազգային ռազմավարությամբ զինվելը կարող է լրջորեն ազդել ցանկացած տերությունների դիրքորոշումների ու գործողությունների վրա` ձեւավորելով ինքնիշխան սուբյեկտի շուրջ ուժերի հավասարակշռություն, այդպես էլ չարմատավորվեց նույնիսկ «բախտի կամոք» առաջացած Հայկական առաջին հանրապետության քաղաքական ընտրախավի գիտակցության մեջ: Չկար նույնիսկ այն ըմբռնումը, որ 1918թ. Անդրկովկասյան սեյմի փլուզումից հետո առաջին գործը պետք է լինի Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունումը` նրա ռազմավարական նպատակների, տարածքի եւ այլնի հստակ սահմանումներով [13]: Իսկ արդեն այն բանի ըմբռնումը, թե ինչպես է ինքնիշխանությունը ստեղծում ուժի եւ անկախության պաշար, առհասարակ չկար: Ուժը եւ պաշտպանվածությունը տեսնում էին արտաքին հովանավորության մեջ:

Հատկանշական է, որ իրավունքի եւ ուժի պարզ փիլիսոփայությունն անհասանելի էր մնում նույնիսկ վերը հիշատակված Շահան Նաթալիի համար: Դրա հաստատումն են վերջինիս խոսքերը [14], թե` «Քաղաքական առումով ազգը եւ հայրենիքը նշանակում է բնակչության միասեռ մեծամասնություն որոշակի տարածքում: Ամբողջ մնացածը էությունը չի փոխում: … Մեր սխալն այն էր, որ մենք դա չենք տեսել, մենք թուրքի հետ չենք կռվել նրա մեթոդով ու նրա զենքով, եւ դա մեր մեղսակցությունն է մեր ժողովրդի բուն ֆիզիկական գոյության նկատմամբ: Հենց դրա համար, մեր կարծիքով, Հայաստանի հայացումն ավելի մեծ նշանակություն ունի, քան հայկական պետականության հռչակումը»:

Ըմբռնումը, որ այն ամենի հիմքում, ինչը նա նկատի ունի, ընկած է հենց ինքնիշխանությունը, այլ ոչ թե թուրքական մեթոդի պատճենումը, ի հայտ չեկավ անգամ տարիներ անց: Պարզ ճշմարտությունն այն է, որ ազգային մեծամասնությունը չի կարող հայտնվել ինքնիշխան ռազմավարություն չունեցող տարածքում: Թշնամաբար տրամադրված իշխանության կենտրոնի դեմ կարող է պայքարել միայն ինքնորոշմամբ կազմավորված իշխանության նոր կենտրոնը: Իսկ ամբողջ մնացածն առաջանում է անխուսափելի կանոնավոր պատերազմի եւ իրենց ազգային իշխանության ռազմաքաղաքական վերահսկողության տակ անցած ժողովուրդների զուգընթացական զտման արդյունքում: Աթաթուրքը բոլորին ցույց տվեց, թե ինչպես է դա արվում: Շատ տասնամյակներ անց նույնը մենք տեսանք Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

Վերադառնանք այն հարցին, թե ինչու Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ չկարողացան գալ այդպիսի քաղաքական պրակտիկայի: Չէ որ ստուգապես հայտնի է, որ 1839թ. Թանզիմաթը (իրավական բարեփոխումներ) պետական քաղաքականություն հայտարարելու պահից սկսած` կայսրության քրիստոնյա ժողովուրդները կարճ ժամանակաընթացքում մեծ հաջողությունների հասան մշակութային եւ սոցիալ-տնտեսական կյանքում: Կարելի է նույնիսկ պնդել, որ օսմանահպատակների ընդհանուր միջավայրում թուրքերն աստիճանաբար լուսանցք էին մղվում: Կայսրության բոլոր ժողովուրդների իրավունքների հավասարեցումը խթանում էր հատկապես ոչ թուրք ժողովուրդների զարգացումը: Մինչ այդ, բոլոր իրավունքները, առաջին հերթին, զենք կրելու եւ ձի թամբելու իրավունքը միայն օսման-մահմեդականներն ունեին: Իսկ 1876 թվականի Սահմանադրության ընդունումը քրիստոնյա ժողովուրդներին թույլ տվեց ուժեղ դիրքեր զբաղեցնել կայսրության քաղաքական կյանքում (պատահական չէ, որ սուլթանն արագ չեղարկեց Սահմանադրությունը):

Բայցեւայնպես` Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների գրեթե 400-ամյա իրավազուրկ բնակությունը չէր կարող քաղաքական մտածողության հմտություններից չզրկել ամբողջ սերունդների: Հիմնված լինելով իրավունքների անհավասարության սկզբունքի վրա, կայսերական կյանքը օսման-քրիստոնյաների բազմաթիվ սերունդների դուրս է դրել քաղաքական գաղափարների եւ պրակտիկայի ոլորտից: Կայսրության փլուզման շրջանում տվյալ հանգամանքը ճակատագրական դեր էր խաղացել այդ ժողովուրդների համար: Նրանց տրված չէր հասկանալ, որ իրենց սպառած քաղաքական համակարգերի փլուզման ժամանակաշրջաններում կա կենսապահովման միայն մեկ եղանակ` ինքնորոշման միջոցով ինքնիշխան սուբյեկտի կազմավորումը: Դա տրված էր հասկանալ Անատոլիայի միայն մեկ ժողովրդի` թուրքերին: Նրանք էլ ստացան պետություն` հետագա ուժեղ դաշնակիցներով հանդերձ: Հայերը նույնպես կարող էին ստանալ, եթե 1913 թվականին երիտթուրքերի կողմից իշխանությունը բռնազավթելուց հետո ինքնորոշվեին եւ հայտարարեին Արեւմտյան Հայաստանում սեփական պետությունը ստեղծելու մասին: Բռնազավթիչների իշխանության դեմ գործել կարող է իշխանության միայն նոր կենտրոնը: Բոլոր տերությունները կդառնային ինքնորոշված այդ սուբյեկտի դաշնակիցները` նրանց համար Օսմանյան կայսրության փլուզման ծրագրերի առումով ավելի լավ գործոն այն ժամանակ չկար: Աթաթուրքի շարժման հաջորդ փորձը դարձավ իշխանության Նոր կենտրոն հասկացության բախտորոշ իմաստի վառ ապացույցը: Չգիտակցելով այդ ամենը, հայկական Դաշնակցություն եւ Հնչակյան կուսակ­ցությունները տեղայնացրել էին իրենց գործողությունները համաօսմանական հիմնախնդիրների շրջանակներում` անզորություն դրսեւորելով ստեղծված իրավիճակի դեմհանդիման:

Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ: Հոգեբանական իմաստով հայերը շարունակում էին մնալ օսմանահպատակներ, որոնց ժամանակն ու դերը արդեն անցել էր: Չնայած կայսրությունում ապակառուցողական երեւույթների խորացման փաստին, 1890-ականների կեսից սկսած` թուրքերի ու հայերի միջեւ քաղաքական եւ քաղաքակրթական սահմանազատում տեղի չէր ունեցել: Մինչ թուրքերը նպատակամիտված կերպով իրագործում էին պետության բռնազավթման ուղեգիծ, հայ քաղաքական գործիչները երկրում սահմանադրական կարգի հաստատման գաղափարներ էին մտմտում:

Չնայած օսմանյան հայերի ճակատագրում նշանակալի դեր էին խաղում Ռուսաստանի գավառական գործիչներ, հայկական կուսակցությունների սկզբնավորման շրջանում դրանց քաղաքական գաղափարախոսությունների ու քաղաքական պրակտիկայի ձեւավորման համար գաղափարական պաշարամիջոցը օսմանահպատակության աշխարհայացքն էր: Համաձայնողականությունը` որպես կենսապահովման տեխնոլոգիա, կարող էր ծնունդ տալ կղերաբուրժուական շրջանակների քաղաքական փիլիսոփայությանը, այն դեպքում, երբ որպես հեղափոխական շերտերի հիմք, կարող էր դառնալ սոսկ ապստամբական տրամադրությունների քաղաքականացում: Անիմաստ է ենթադրել, թե քաղաքական մտածողության այդ երկու տեսակները կարող էին ողջամիտ քաղաքական աշխարհընկալում ստեղծել: Կարելի էր սոսկ ակնկալել անվերջանալի մի բանավեճ, որտեղ այդ երկու ճամբարների գաղափարակիրներն ազգային դավաճանության մեջ մեղադրում էին միմյանց: Այլ բան չէր էլ կարող լինել այնպիսի պայմաններում, երբ քաղաքական մտածողության մեջ բացակայում էր ինքնորոշման փիլիսոփայությունը` ցանկացած ողջամիտ քաղաքական աշխարհընկալման գաղափարական հենքը: Ո´չ օսմանյան, ո´չ ռուսական գավառներում հայերը նման կատեգորիաներով չէին մտածում:

Ինչ ունենք մենք այսօր

Այժմ պարզ է դառնում, թե ինչպես է 20-րդ դարասկզբի պատմությունը դետերմինացրել հաջորդ սերունդների հայերի քաղաքական աշխարհայացքը: Հայկական սփյուռքին դուրս թողնենք մեր դատողությունների համատեքստից: Ավելի կարեւորն այն է, որ 1991թ. Խորհրդային միության փլուզման եւ Հայաստանի Հանրապետության ի հայտ գալու պահից երկրում միանգամից հարություն առավ պատմության խնդիրների շուրջ դարավոր բանավեճը: Նորահայտ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կառավարող կուսակցությունը ձեւակերպեց մի դիսկուրս, որտեղ ՀՅԴ կուսակցության կողմից երկրում ծավալված բանավեճը խլացրեց քաղաքականության մասին բոլոր մնացյալ խոսակցությունները: ԽՍՀՄ-ի փլուզման իրողությունները պրոյեկցվեցին 20-րդ դարասկզբին Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների փլուզման իրողությունների վրա: Այդ դիսկուրսում քաղաքական աշխարհը Հայաստանի նոր քաղաքական ընտրախավի համար տեղայնացվեց հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդրի շրջանակներում: Պատմական խնդիրների բեռն իրեն զգալ տվեց ոչ միայն քաղաքական բարդ իրողություններում (հայ ժողովրդի անջատվածություն, Արցախի հիմնախնդիր), այլեւ ներկա սերնդի հայերի աշխարհընկալման համակարգում: Եվ դա չէր կարող չանդրադառնալ նոր Հայաս­տանի Հանրապետության ձեւավորվող քաղաքականության բնույթի վրա:

Ըստ էության, ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն բանավիճելու բան չունեին ոչ պատմության թեմայով, ոչ` արդիականության. երկուսն էլ միեւնույն աշխարհընկալման եւ միեւնույն համախտանիշի կրողներն էին: Ինքնորոշման բախտորոշ իմաստի հասկացություն չուներ նրանցից եւ ոչ մեկը, թեպետ երկու ուժերն էլ սկզբնապես ներգրավված էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման կապակցությամբ ռազմաքաղաքական գործընթացներում: Այսինքն` ապրում էին մի կյանքով, որի էությունը չէին գիտակցում: Ձեւավորվող պետական քաղաքականության մեջ «Ինքնիշխանություն` ինքնորոշմամբ» հասկացությունը փոխարինվել էր «Անկախություն արտաքին աշխարհի հետ համաձայնությամբ» դրույթով: Գործում էին` քննախույզ նայելով տերություններին: Արդյունքում, ինչպես նշվեց վերը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավաքաղաքական իրողությունները ստացան վտանգավոր խեղաթյուրումներ` բազում որոշումների պատճառով, որոնք ընդունվել էին ի նպաստ իրավունքներից հրաժարվելու սկզբունքի:

Բայցեւայնպես` հայ ժողովրդի 1990-ական թվականների պատմությունն ակամա դուրս եկավ «պատմական ստատուս-քվո»-ի շրջանակից: Հայերի քաղաքական կյանքում իրեն դրսեւորեց ինքնորոշման ֆենոմենը, որի մասին արժե առանձին խոսել: Դա տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ Խորհրդային միությունը դուրս էր եկել քաղաքական մրրկայնության գոտի:

Արցախի հայերի ինքնորոշումը եւ համազգային արձագանքը

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ինքնորոշման ալգորիթմը եւ այդ ռազմավարության մեջ Հայաստանի ներգրավվելը հետեւյալ տեսքն ունի. 1985 թվականին Խորհրդային միությունում նոր պետական գաղափարախոսություն հայտարարվեց Վերակառուցումը: Հասարակական կյանքում հռչակվեց հրապարակայնության քաղաքականություն` զանգվածային լրատվամիջոցներում գրաքննության մեղմացում եւ արգելքների վերացում այնպիսի թեմաներ քննարկելիս, որոնք նախկինում լռության էին մատնվում, առաջին հերթին` ստալինյան բռնաճնշումները:

1987 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչությունը հանրագրի ներքո ստորագրահավաք էր սկսել, որով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններից պահանջում էր մարզը վերամիավորել Հայաստանի հետ: 1988-ի փետրվարի 11-12-ին սկիզբ առան ԼՂԻՄ-ում Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումները, որոնց հիմնական նպատակը տեղական եւ մարզային իշխանությունների կողմից մարզի բնակչության պահանջները դատապարտող համապատասխան փաստաթղթերի ստորագրումն էր: Մարզում բողոքի հուժկու ալիք բարձրացավ` զանգվածային հանրահավաքների տեսքով:

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը պաշտպանեց ժողովրդի պահանջը եւ ընդունեց ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու խնդրանքով ԽՍՀՄ իշխանություններին ուղղված դիմում:

1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմն ընդունեց որոշում, որում ԼՂԻՄ բնակիչների պահանջը գնահատեց որպես Հայաստանի եւ Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների շահերին հակասող: Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքները ձեռք էին բերում աննախադեպ ծավալներ: Ժողովուրդն անցել էր անհնազանդության մարտավարության: Սկսվել էր համակարգող կառույցների ձեւավորումը: 1988-ի մարտին Հայաստանում գումարվեց «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր համագումարը: Նույն օրը Ստեփանակերտում ձեւավորվեց «Կռունկ» կոմիտեն, որին անդամագրվեցին մի քանի տասնյակ ակտիվիստներ` այդ թվում կոմունիստական նոմենկլատուրայի թվից:

Ադրբեջանը սկսեց բռնաճնշումներ գործադրել հայ բնակչության դեմ: Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի կոտորածների ու ջարդերի առաջին գործողությունը: 1988 թվականի մարտի 26-ին ԽՍՀՄ ներքին զորքերը մտան Ստեփանակերտ եւ Երեւան: Հայտարարվեց պարետային ժամ: «Կռունկ» եւ «Ղարաբաղ» կոմիտեների գործունեությունն արգելվեց:

Բայցեւայնպես` խաղաղ անհնազանդության շարժումն ուժ էր հավաքում: 1988 թվականի հունիսի 15-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ ընդունելու համաձայնության մասին եւ այդ հարցը քննարկելու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին:

1988 թվականի հուլիսի 12-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի նստաշրջանն ընդունեց որոշում ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից միակողմանի դուրս բերելու մասին: Սակայն 1988-ի հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկեց Ղարաբաղի հիմնախնդիրը եւ աննպատակահարմար համարեց Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին պահանջը: Նորից Երեւան մտան ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության զորքերը: Բայցեւայնպես` ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները ԼՂԻՄ-ը դուրս բերեցին Ադրբեջանի ենթակայությունից` մարզն առնելով անմիջապես իր ենթակայության տակ: 1989 թվականի հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահության հրամանագրով ԼՂԻՄում մտցվեց կառավարման հատուկ ձեւ եւ կազմավորվեց հատուկ կառավարման կոմիտե (ՀԿԿ): Հրամանագրով դադարեցվեց ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի եւ ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի գործունեությունը:

1989 թվականի օգոստոսի 16-ին ԼՂԻՄ բոլոր աստիճանների պատգամավորների համագումարը կազմավորվեց Ազգային խորհուրդ` օժտելով նրան Սահմանադրության եւ ԽՍՀՄ գործող օրենքների հիման վրա մարզը ղեկավարելու լիազորություններով:

1989 թվականի նոյեմբերի 28-ին Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց: Նրա փոխարեն ստեղծվեց Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմին ենթակա Կազմակերպական կոմիտե (Կազմկոմիտե): Կազմկոմիտեին առընթեր ստեղծվեց Արտակարգ դրության շրջանի պարետություն: Հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ: Մարզում հաստատվեց բռնաճնշիչ օկուպացիոն պայմանակարգ:

Խաղաղ անհնազանդության ռազմավարությունը նոր ծավալ ստացավ: 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց որոշում Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Ուղենշվեց միավորված հայկական պետություն ստեղծելու գիծ: Այսինքն` ինքնորոշման գործընթացն ավելի լայն թափ ստացավ` տեղափոխվելով Հայաստան:

1990 թվականի մայիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան Գերագույն խորհրդի ընտրությունները: ԼՂԻՄ տարածքում ընտրությունները տեղի ունեցան 12 օկրուգներից 10-ում` արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հեռացվեց իշխանությու­նից`հաղթեց ժողովրդական շարժումը` ի դեմս նորաստեղծ Հայոց համազգային շարժում կուսակցության: 1990 թվականի օգոստոսի 23-ին, հիմնվելով «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման վրա, Հայաստանի նոր խորհրդարանն ընդունեց Հռչակագիր [15] անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը հռչակելու մասին: Երկիրը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:

1989թ. վերջից մինչեւ 1991թ. կեսերն ընկած ժամանակաշրջանում օկուպացիոն պայմանակարգը ԼՂԻՄ-ում ապօրինի կերպով ամբողջովին լուծարեց պետական եւ հասարակական կառույցները`այդպիսով վարելով մարզի բնակչության մեկուսացման ու ճնշումների բացահայտ ուղեգիծ [16]: Այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ հայկական գյուղերի գաղթեցումը ինչպես ԼՂԻՄ սահմաններում, այնպես էլ հարակից տարածքներում: 1991թ. ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 16-ն ընկած ժամանակաշրջանում խորհրդային բանակի ստորաբաժանումների եւ ադրբեջանական ոստիկանության ուժերով գաղթեցվեց 24 գյուղ:

Արցախում զինված դիմադրություն սկսվեց: Այստեղ ձեւավորված ջոկատներին միացան Հայաստանից եկած կամավորականներ: Սակայն տվյալ ժամանակաշրջանը բնութագրվում էր իբրեւ Երեւանի եւ Ստեփանակերտի իշխանությունների քաղաքական դիրքորոշումների սահմանազատման սկիզբ: Սկսեցին ի հայտ գալ Արցախում կազմավորվող ռազմական դիմադրությունից պաշտոնական Երեւանի բացեիբաց սահմանազատման միտումներ [17]: Արցախում զինված դիմադրության ուղեգծին աջակցում էր Դաշնակցություն կուսակցությունը, որն այդ ժամանակ արդեն հիմնավորվել եւ իր գործունեությունն էր ծավալել Երեւանում: Իսկ ինքը` պաշտոնական Երեւանը, ավելի հակված էր զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը Արցախի գործողությունների համար բացահայտ իրավաքաղաքական (առաջին հերթին` իրավաբանական) պատասխանատվությունից: Ժամանակի ընթացքում նման դիրքորոշումը վերածվեց կայուն քաղաքական գծի: Բացի դրանից, քաղաքական առօրյա մտավ Ադրբեջանի հետ բանակցությունների անհրաժեշտության գաղափարը:

Թվում էր` Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն ինչ-որ պահի սկսել էր ձեւավորել ինքնուրույն քաղաքական օրակարգ: 1991թ. հուլիսի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ պատվիրակության մեկնումը Բաքու եւ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ա.Մութալիբովի հետ: Արդեն 1991թ. օգոստոսի 8-ին Ստեփանակերտում, շրջանների ու քաղաքի ղեկավարների մասնակցությամբ մարզգործկոմում տեղի ունեցած խորհրդակցությունում, հնարավոր էր համարվում Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 8-ի ընտրություններին մարզի բնակչության մասնակցությունը, եթե բավարարվեն որոշ պայմաններ, առաջին հերթին, վերականգնվեն ԼՂԻՄ իշխանական կառույցները:

Սակայն այդ ուղեգիծը ոչ ոքի կողմից, բացի խորհրդակցության մասնակիցներից, չընդունվեց: Արցախում զինված պայքար սկսվեց տեղահանված գյուղերի ազատագրման համար: Այդ պայքարը համընկավ Խորհրդային միության փլուզման ժամանակաշրջանի հետ: Արցախում օկուպացիոն ռեժիմի դեմ զինված դիմադրությունը ընդլայնվեց եւ ավելի ու ավելի ուղղվեց խորհրդային զորքերի դեմ: Օգոստոսի 14-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում տեղի ունեցավ հայկական զինված ջոկատների կողմից ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի զի­նաթափումը: Սկսվեց ադրբեջանական ոստիկանական ջոկատների դուրսմղումը ԼՂՀ տարածքից:

Բայցեւայնպես` Հայաստանի Հանրապետության եւ ԼՂԻՄ-ի իրավաքաղաքական սահմանազատման ուղեգիծը գնալով խորանում էր: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը 1991 թվականի օգոստոսի 30-ին ընդունեց Ադրբեջանի Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին Հռչակագիր (https:// ria.ru/spravka/20110830/426282637. html), Հայաստանի իշխանությունների առաջարկով 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի եւ ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) [18]: Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն, որին ԼՂՀ բնակչությունը չմասնակցեց: Այդուհանդերձ` Հայաստանի Հանրապետության անկախությունը հայտարարելիս նոր հռչակագիր չընդունվեց` 1991թ. սեպտեմբերի 23- ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հղում կատարեց 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագրին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հայտարարված է ԼՂԻՄ տարածքի հետ միասին:

Ամեն դեպքում Արցախի իրավաքաղաքական ինքնակազմակերպման հետագա գործընթացն առաջ գնաց առանձին ճանապարհով: 1991թ. նոյեմբերին ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների շտաբը վերջնագիր ներկայացրեց ԽՍՀՄ ՆԳՆ զորքերին` պահանջելով դուրս գալ ԼՂՀ տարածքից: Նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում արտակարգ դրության շրջանի պարետության սպայական ժողովն ընդունեց որոշում ԼՂՀ տարածքում ԽՍՀՄ ներքին զորքերի հետագա գտնվելու աննպատակահարմարության մասին: Մինչեւ ամսվա վերջը զորքերը դուրս բերվեցին: Նրանց հետ միասին ԼՂՀ տարածքը լքեց նաեւ Կազմկոմիտեն:

Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանը լուծարեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը: Նոյեմբերի 28-ին ԼՂԻՄ ինքնավարության կարգավիճակը լուծարելու մասին Ադրբեջանի ԳԽ որոշման կապակցությամբ տեղի ունեցավ ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի նստաշրջանը: Ընդունվեցին ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին որոշում, ինչպես նաեւ ընտրությունների մասին ժամանակավոր կանոնադրություն:

ԼՂՀ անկախության հանրաքվեն անցկացվեց 1991թ. դեկտեմբերի 10-ին` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահների եռակողմ որոշմամբ Խորհրդային միության լուծարումից երկու օր անց: Սակայն հանրաքվեի հանդեպ Արցախում սկզբնական մոտեցումն ինքնին պետության կազմավորման հարցերում Հայաստանի Հանրապետության իշխանությունների զգալի անորոշության վառ վկայությունն է: Արցախին առաջարկվել էր քվեարկության դնել այսպիսի տեքստ. «Դուք ցանկանո՞ւմ եք արդյոք, որ Լեռնային Ղարաբաղը լինի նորացված Խորհրդային միության կազմում»: Այդ առաջարկությունը կարող է վկայել միայն ԽՍՀՄ ապամոնտաժման շրջանում Հայաստանի իշխանությունների լիակատար շփոթվածության մասին: Այդօրինակ առաջարկությունը չէր կարող անվստահություն եւ բողոք չառաջացնել Արցախում: Արդյունքում ամենավերջին օրը հարցի ձեւակերպումը փոխվեց (նույնիսկ քվեարկության համար շտապ տպագրվեցին նոր քվեաթերթիկներ), եւ հանրաքվեն անցավ ԼՂՀ անկախության հարցի վերաբերմամբ: Պայմաններ ստեղծվեցին ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունների [19] անցկացման համար` անկախ պետականակերտման սկիզբը դրված էր:

ԼՂՀ անկախության մասին Հռչակագիրն [20] ընդունվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի 1992թ. հունվարի 6-ի առաջին նստաշրջանում: Հատկանշական է, որ դեկտեմբերի 21-ին Ալմաթի քաղաքում ստորագրելով Անկախ պետությունների միություն (ԱՊՀ) կազմավորելու մասին հռչակագիր, որտեղ ճանաչվում էր բոլոր մասնակից պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Հայաստանի ղեկավարությունը հետագայում ձեռնպահ մնաց ԼՂՀ անկախությունը ճանաչելուց: ԼՂՀ-ի ճակատագիրը թողնվեց միջազգային հանրության դատին: Իսկ Հայաստանում եւ ԼՂՀ-ում պետական շինարարության հետագա գործընթացը գնաց միանգամայն այլ փիլիսոփայության հիմքի վրա: Դա գլխավորապես վերաբերում էր արտաքին գործոնի, մասնավորապես Ռուսաստանի հանդեպ հարաբերություններին:

ԽՍՀՄ փլուզման շրջանում Արցախում միութենական Կենտրոնի գործողությունները չէին կարող կասկածներ չառաջացնել նրա իրավահաջորդի` Ռուսաստանի նկատմամբ: ԼՂՀ Գերագույն խորհրդի նորընտիր առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը հրաժարվում էր Ռուսաստանի ղեկավարությանը «ներկայանալու» սեւեռուն առաջարկներից: Ինքնիշխան քաղաքականության արժեքն ի սկզբանե գիտակցվում էր օկուպացիայի եւ բռնաճնշումների տեւական մի շրջան վերապրած հանրապետությունում: Նույնիսկ կտրուկ բարդացել էին Հայաստանի ղեկավարության եւ Դաշնակցություն կուսակցության հետ ԼՂՀ նոր ղեկավարության հարաբերությունները: Պարզվեց, որ ԼՂՀ ինքնիշխան քաղաքականությունը շատերի մեջ ուժգին ջղաձգություն էր առաջ բերում: Բայց այդ քաղաքականության դրական պտուղները երեւան եկան անհապաղ` ԼՂՀ մայրաքաղաքում սկսեցին ժողովվել բարձրաստիճան անձինք ողջ աշխարհից: Երեք ամսվա ընթացքում Ստեփանակերտ Արթուր Մկրտչյանի հետ հանդիպման էին եկել Իրանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները, Ֆրանսիայի ԱԳ փոխնախարարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը, ԵԱՀԿ պատվիրակությունը Իրժի Դինսբիրի գլխավորությամբ, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի խումբը:

Ինքնիշխան ուղեգիծը շարունակվեց նաեւ Ա.Մկրտչյանի ողբերգական մահվանից հետո: 1992 թվականի ապրիլի 22-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը հայտարարեց ապրիլի 24-ին Մինվոդի քաղաքում հակամարտության կողմերի հանդիպում անցկացնելու ժամանակավրեպության մասին: Այն իրանականի օգտին Ռուսաստանի ԱԳ նախարարության միջնորդական առաջարկության փաստացի մերժում էր:

ԼՂՀ գործոնի ուժեղացումն ու ազդեցությունը շեշտակիորեն աճում էին պատերազմի մեծացող ծավալներին զուգընթաց: Մարտական գործողությունները դուրս էին եկել ԼՂՀ-ի հայտարարված տարածքի շրջանակներից: 1992 թվականի մայիսին ճեղքվեց շրջափակումը, իսկ հետո ԼՂՀ-ն ենթարկվեց ջախջախիչ հարվածի` կորցնելով Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մի մասը [21]: Այդուհանդերձ` 1993 թվականին սկսված` ԼՂՀ պաշտպանության ուժերի հարձակումներից հետո ադրբեջանական պետությունը քանդվեց: Քարվաճառի շրջանը կորցնելուց հետո [22] կործանվեցին բանակն ու այդ երկրի քաղաքական ղեկավարությունը: Բայց ամենազարմանալին ադրբեջանական հասարակության կործանման փաստն էր: Ադրբեջանական բնակչությունը կամավոր լքեց ԼՂՀ գրեթե բոլոր հարակից տարածքները` ոչ ոք ցանկություն չդրսեւորեց պաշտպանել նույնիսկ մարտական գործողություններից հեռու քաղաքներն ու շրջանները: Այստեղ ակնհայտորեն աշխատեց ադրբեջանական ժողովրդին հատուկ «պատմության վա­խի» համախտանիշը` պատժի սպառնալիքի ձեւով: Յոթանասուն տարվա ընթացքում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության վարած ժողովրդագրական էքսպանսիայի եւ հալածանքների քաղաքականությունը չէր կարող ադրբեջանական բնակչության գիտակցության մեջ չծնել հատուցման վախ հայերի կողմից:

1994 թվականին ԼՂՀ-ի եւ նրան հարող տարածքներում ստեղծվել էր ռազմաքաղաքական մի գոյավիճակ կամ միավոր, որը միջազգային հանրության կողմից մինչ այժմ որակվում է իբրեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված «ստատուս-քվո»: 1994 թվականի մայիսի 12- ին Ադրբեջանը ստիպված էր ստորագրել զինադադարի պայմանագիր, որտեղ ԼՂՀ-ն ճանաչվում է հակամարտության առանձին կողմ: Դիմակայության ողջ ընթացքում տեղի ունեցավ ազգաբնակչության խտրարարություն` ըստ էթնիկ սկզբունքի` հայ եւ ադրբեջանցի բնակիչներն անցան իրենց զինված ուժերի ու ազգային վարչակազմերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Ինքնիշխանության հաղթարշավի վերջին գործողությունը հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղարար ուժերի տեղադրումից ԼՂՀ ղեկավարության հրաժարվելն էր: Այդ որոշմանը նույնպես վիճակված էր կյանքի ուղի հարթել իր համար, քանի որ Հայաստանը կողմնակից էր տարածաշրջան արտաքին զորքեր մտցնելու գաղափարին: Այդուհանդերձ` արցախյան կողմին հաջողվեց 1994 թվականի օգոստոս-նոյեմբերին Ռուսաստանի ԱԳ նախարարության կազմակերպած հետպատերազմական եռակողմ բանակցություններում հասնել նման մտադրությունների տապալմանը: Այդ գործի հաջողությության մեջ գլխավոր դեր խաղացին գաղտնի բանակցությունները ԼՂՀ-ի, ԵԱՀԿ-ի եւ Ադրբեջանի միջեւ, որոնք դեմ էին ռուսական զորքեր մտցնելուն, թեպետ Ռուսաստանն արդեն նախապես մանդատ էր ստացել ԵԱՀԿ-ից: Ռուսաստանն ու Հայաստանը այդ բանակցություններին չէին մասնակցում:

Այդ որոշումների վրա հիմնված ԼՂՀ գործողություններն ապահովեցին վերջինիս փաստացի միջազգային ճանաչումը` որպես հակամարտության առանձին կողմ, թույլ տվեցին ապրել արտաքին ուժերից ազատ, ինքնիշխան տարածքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջոցով ստանալ ժամանակակից սպառազինություն սեփական բանակը կազմավորելու համար: ԼՂՀ շուրջ ուժերի միջազգային հավասարակշռությունն ապահովում է այդ տարածքի անկախության բավարար մակարդակը եւ նրա պաշտպանությունը արտաքին թելադրանքից: Ավելին` միջազգային հանրությունը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը ճանաչել է իբրեւ հանգուցային իրավաքաղաքական փաստաթուղթ, որը կարգավորում է հակամարտային իրավիճակի պարամետրերը: Հակամարտության կարգավորման առաջարկներում (այսպես կոչված`ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքները[23]) 2007 թվականին ճանաչվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը` առանց սահմանափակումների հանրաքվե անցկացնելու միջոցով: Ինքնորոշման ապոթեոզը դարձավ ԼՂՀ Սահմանադրության [24] ընդունման փաստը 2006 թվականին:

Ամփոփում. ոչ այնքան մխիթարական եզրակացություն

Այսպիսով` ամփոփենք հոդվածում քննարկված գլխավոր գաղափարները: Վերջին 25 տարիների կյանքի իրողություններն ու հայ նոր քաղաքական ընտրանու աշխարհընկալումը գտնվել եւ շարունակում են գտնվել մշտական բախման մեջ: Այդ բախման էպիկենտրո­ 43 Ինքնորոշման ուժը: Կանխորոշվա՞ծ էր արդյոք Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում նում հետեւյալ երկընտրանքն է. անկախության հասնել ինքնորոշման միջոցով (իրավունքների ձեռքբերում), կամ անկախության հասնել միջազգային համաձայնության միջոցով («դրսից» տրվող իրավունքներին հնազանդ): Ամբողջ այդ շրջանում հայկական պետականության անվտանգությունը կապվում էր ցանկացած այն իրավունքներից հրաժարվելու սկզբունքի հետ, որոնց վերաբերյալ չկա արտաքին աշխարհի համաձայնությունը [25]: Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը մինչ օրս դիտարկվում է որպես հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք (ոտնձգություն աշխարհակարգի դեմ): Թե որքան խորն է այդ համոզմունքն արմատներ ձգել գիտակցության մեջ` վկայում է այն փաստը, որ նույնիսկ Ադրբեջանի պարտության խորապատկերին Հայաստանը ժամանակին ճիշտ չհամարեց ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ավելին` ջախջախված Ադրբեջանը 1993 թվականին ԱՊՀ ընդունվեց առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ որեւէ վերապահումների եւ պարտավորությունների: Իսկ ԼՂՀ տարածք ռուսական զորքերի մուտքը չթույլատրելու փաստի հենքին 1995-ին Հայաստանում ռուսական ռազմահանգրվանի կարգավիճակի օրինականացումն ընդհանրապես դժվարբացատրելի է: Հայաստանն ավելի ու ավելի խորն է ընկղմվում ռուսաստանյան քաղաքականության բավիղներում: Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության վրա Հայաստանը ոչ մի ազդեցություն չունի:

Բայց ամեն ինչ հեշտ է բացատրել, եթե համաձայնվենք այս հոդվածի հիմնական գաղափարի հետ, այն է` հայերի քաղաքական գիտակցությունը հակված է մնում «պատմության վախի» թելադրանքին, որը ձեւավորում է աշխարհի աղճատված պատկերը: Պատկեր, որտեղ իրավունքներից հրաժարվելը նկատվում է որպես փրկության ուղի: Ընդ որում` վերջին քսանհինգ տարիների պատմությունը ոչ մի կերպ Ինքնորոշման եւ Ինքնիշխանության քաղաքական ուժի գաղափարը չդարձրեց համազգային համոզմունք: Դրա վկայությունն արդեն այն է, որ երկրի քաղաքական ընտրանու միջավայրում շարունակվում է բանավեճի առարկա մնալ ԼՂՀ ինքնիշխան տարածքը միջազգային հանության վերահսկողությանը փոխանցելու հնարավորության հարցը` ցայտուն մի օրինակ, թե ինչպես է ինքնիշխանությունից հրաժարվելը դիտարկվում իբրեւ անվտանգության ուժեղացման ուղի: Դրա արդյունքում 25 տարվա ընթացքում ձեւավորվեց հայ ժողովրդի վերահսկողությանը ենթակա մի տարածք, որի իրավունքը զգալի չափով պատկանում է այլ երկրների: ԼՂՀ-ի բոլոր իրավաբանական իրավունքները ճանաչվում են Ադրբեջանի օգտին, իսկ Հայաստանի անվտանգության համակարգը ինքնիշխանություն չունի որոշումներ կայացնելու հարցում: Ամենեւին պատահական չէ, որ Ադրբեջանի քաղաքականության առանցքային ուղղությունը ցայսօր մնում է «Լեռնային Ղարաբաղի դեմ օրինական կարգով ուժ կիրառելու մասին» դրույթը (ՄԱԿ-ի Կանոնադրության 51- րդ հոդվածի հղմամբ):Նույնքան էլ պատահական չէր 2016 թվականի ապրիլյան պատերազմը. Ադրբեջանը ցուցադրեց իր մտադրությունների լրջությունը: Աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների պայմաններում գործերի այսպիսի վիճակի վտանգավորությունը դժվար է գերագնահատել:

ՀՂՈՒՄՆԵՐ

[1] Ինքնորոշման իրավունքը ճանաչված է միջազգային հանրության կողմից: Հատկանշականն այն է, որ այդ ֆենոմենն ինքնին ինչ-որ մեկի ճանաչման կարիքը չունի` այն բոլորին ստիպում է հաշվի նստել իր հետ: Բայցեւայնպես` միջազգային հանրության կողմից ինքնորոշման իրավունքի դրական իմաստի գիտակցումը չափազանց կարեւոր է: Ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսությունը մեր հոդվածի համար հարմար դիտանկյունից տես` Տիգրան Թորոսյան, Կարծեցյալ հակասություն. տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ինքնորոշման իրավունք: http://www.globalaffairs. ru/number/n_9224

[2] Ինքնորոշման ֆենոմենի տվյալ բնորոշումն ավելի հաջող է թվում մեր հոդվածի նպատակների համար: Այդ բնորոշումը կարմիր թելի պես անցնելու է ամբողջ հոդվածի միջով` տվյալ հասկացության էությունը կոնկրետ օրինակներով բացահայտելու նպատակով: Տես` Ժողովրդի ինքնորոշումը որպես քաղաքականության եւ իրավունքի ֆենոմեն, http://elib.bsu.by/ bitstream/123456789/29290/1/2001_1_ JILIR_yevmenova_r.pdf

[3] «Խորհրդարանի նախագահ պրն Արարքցյանի հետ 1992թ. փետրվարի 18-ին հանդիպման ժամանակ պատվիրակությունը (ԼՂԻՄ-հեղ.) տեղեկացվեց առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին 1989թ. որոշումը կարճատեւ կյանք էր ունեցել եւ հետագա օրինական կիրառում չէր ստացել: Պրն Արարքցյանը նշեց նաեւ, որ Հայաստանը լիազորություն չունի սահմանելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ նա մտադիր է ենթարկվել միջազգային իրավունքին»: Նկարագրվող ժամանակաշրջանի որոշումների մասին հանգամանալից կարելի է կարդալ. Կ.Կալենչյան: Արցախի «ստատուս-քվո»-ի կազմավորման ակունքները եւ նրա փոփոխության հնարավորությունները http://acnis.am/index. php/activity/articles/476-230317

[4] Հավանաբար` Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան պատերազմը նոր առիթ էր այդ պատկերացումների արդիականացման համար: Մեծ քաղաքականություն վերադարձած առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ընդունել Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը եւ ձեւափոխել ԼՂՀ տարածքի նկատմամբ ռազմաքաղաքական վերահսկողությունը:

Բնութագրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, Տեր-Պետրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանի իր մի քանի ելույթներում ձեւակերպել է հետեւյալ հայեցակարգը.

«Մենք Ադրբեջանի հետ խնդիր չունենք, մենք երկու վիճաբանող կողմեր ենք, որոնք ներկայացել են միջազգային ատյաններ` մեր խնդրի համար լուծում գտնելու: Հիմա ինչ լուծում տվեց այդ ատյանը` ե՛ւ Հայաստանը, ե´ւ Ադրբեջանը պարտավոր են ենթարկվել: … Այս ծրագիրը կա՝ մեզնից անկախ: Խնդիրը մեր եւ Ադրբեջանի միջեւ չէ: Խնդիրը մեր եւ աշխարհակարգի միջեւ է»:

Խոսելով ադրբեջանական կողմի տարածքային զիջումներից, որոնց մասին ասված է սեղանին դրված բանակցային փաստաթղթերում, Տեր-Պետրոսյանը նկատել է. «Մենք այդ տարածքները հանձնում ենք միջազգային հանրությանը, Ադրբեջանն ինչքան ուզում է պահանջի` դա մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Մենք պարտավոր ենք ենթարկվել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի պահանջին: … Ադրբեջանը չի սահմանելու Ղարաբաղի կարգավիճակը, Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու է Մինսկի խմբի համանախագահությունը: … Եթե Հայաստանը հենց այսօր վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, ապա միջազգային հանրության ողջ ճնշումն ուղղվելու է Ադրբեջանի դեմ»: Հետագայում, նրա խոսքով, Ղարաբաղի տարածքի եւ Լաչինի միջանցքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում Հայաստանն արդեն օրինական կերպով կարող է միջամտել եւ կանխարգելել դրանք»։

Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, http://ru.aravot. am/2016/12/18/229597/, https:// r u . armeniasputnik . a m / arme - nia/20170322/6767161/ter-petrosyanprishlo-vremya-pogasit-karabahskijpozhar.html

[5] Այդ իմաստով ուշագրավ է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադիրներից մեկի, նախագահի նախկին գլխավոր խորհրդատու Ժիրայր Լիպարիտյանի տեսակետը: Բնութագրելով Իսրայել պետության հաջող ազգային ռազմավարության փաստը, նա նշում է. «Իսրայելի պարագայում այդ հասկացության (ազգ-բանակ հայեցակարգի-հեղ.) գործնականացումն ունի հաջողության տարբեր պատճառներ: Դրանցից ամենակարեւորն այն էր, որ Իսրայելը կարողացավ ապահովել մի մեծ եւ ուժեղ պետության՝ ԱՄՆ-ի ամբողջական, գրեթե՝ անսակարկ ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ դիվանագիտական օժանդակությունը: Մենք չունենք նման պետություն մեր կողքին»:

Այսինքն` Լիպարիտյանը արմատապես մերժում է ինքնիշխան քաղաքականության իմաստը` չպատասխանելով հարցին, թե «իսկ ինչպե՞ս Իսրայելը կարողացավ այդպիսի վերաբերմունք ապահովել իր հանդեպ»: Այստեղ դրսեւորվում է այն վստահությունը, որ հաջողության տանող ուղին միայն տերությունների հովանավորությունն է (իրենց ցանկությամբ), ինչպես նաեւ տերությունների կամքին հլու-հնազանդ ենթարկվելը:

Ժիրայր Լիպարիտյան. Յուրաքանչյուր պետական գործչի համար կգա պատասխանատվություն վերցնելու պահը, http:// www.aravot.am/2016/12/30/842291/

[6] Ելույթ` 1995 թվականի ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային միջազգային գիտաժողովում http://www.ilur.am/news/ view/28464.html

[7] Շահան Նաթալի, Թուրքերը եւ մենք (վերաիմաստավորում) http://nzhdeh.narod. ru/Shahan_natali.htm

[8] Տարիներ անց իրենք` Դաշնակցության ներկայացուցիչներն էլ, զարմանում էին այն փաստի առնչությամբ, թե ինչու իրենց կուսակցության օրինակելի վարքը ոչ մի կերպ չազդեց հայ ժողովրդին բնաջնջելու` երիտթուրքերի ծրագրերի վրա: Օրինակ կարող են լինել Ռուբեն Տեր-Մինասյանի հետեւյալ խոսքերը. «Օսմանականության անունով հանդես եկած թուրքիզմի քաղաքականությունը ծայրաստիճան գրգռում ու զայրացնում էր պետության բոլոր բաղադրատարրերին, բացի հայերից եւ, հատկապես, ՀՅԴ-ից: Ե´վ հայ ժողովուրդը, ե´ւ նրա առավել ուժեղ` Դաշնակցություն կուսակցությունը անգնահատելի ծառայություն են մատուցել երիտթուրքերին թե´ հեղափոխական շարժումների օրերին, թե´ Սահմանադրության հրապարակման ու կիրարկման ժամանակ: Սակայն դրա փոխարեն հասկացան, որ իրենց դավաճանորեն մատնել են: Այդ մեծ ծառայությանն ի պատասխան` տեղ գտավ Ադանայի հայկական ջարդը: … Եվ, չնայած դրան, ՀՅԴ-ն որոշել էր հանգիստ մնալ եւ, նույնիսկ, իր ուժերի ներածին չափ ամրապնդել Սահմանադրությունը …» («Հայ-թուրքական կնճիռը», Կահիրե-1924, էջ 130

[9] Օսմանյան կայսրությունում հայկական կուսակցությունների գործունեության մասին հանգամանորեն կարելի է ծանոթանալ. Մերի Քոչար, Հայ-թուրքական հասարակական-քաղաքական հարաբերությունները եւ Հայկական հարցը XIX դարի վերջ – XX դարի սկիզբ ժամանակահատվածում, 1988, գլուխ IV, http://azar.narod.ru/me-ko_0.html

[10] Վերլուծելով ցեղասպանության հետ կապված հարցերը, Դաշնակցություն կուսակցության հայտնի գործիչ Կ.Սասունին հետագայում գրեց. «Կոստանդնուպոլսից մինչեւ Վան Դաշնակցություն կուսակցության անդամներն անդադար կրկնում եւ հրահանգում էին, որ մենք գտնվում ենք վտանգի դեմհանդիման, որ անհրաժեշտ է աշխատանք տանել ինքնապաշտպանության նախապատրաստվելու ուղղությամբ, անհրաժեշտ է խոհեմություն ցուցաբերել` դժբախտությունը ժողովրդից հեռացնելու համար: Զոհաբերեք ինքզինքն, եթե պետք է, միայն թույլ մի տվեք որեւիցե սադրանք: Այն պայմաններում մեր հնազանդությունը ոչ այլ ինչ էր, քան թշնամուն ձեռնտու ինքնաբացասում, որը նրան հնարավորություն է տալիս դյուրին իրականացնել հղացածը, իսկ պասիվ ինքնապաշտպանությունը ինքնախաբեություն է, կենդանի մնալու ապարդյուն ճիգեր: Այդ շրջանում Թուրքիայում ինքնապաշտպանության կազմակերպումը նշանակում էր ապստամբության կազմակերպում հերոսական Վանից մինչեւ Կիլիկիա … Չկար ապստամբության հոգեբանություն, չկար եւ այդ դեպքի համար նախապես մշակված ծրագիր: Հայերը եւ Դաշնակցություն կուսակցությունը պատրաստ չէին այդպիսի միջոցառման: Դա էր պատճառը, որ երիտթուրքերը կարողացան իրենց տրամադրության տակ եղած ուժերով իրականացնել հայերի ցեղասպանությունը»: Սասունի Կ., Ապրիլյան կոտորածը քննադատական ակնոցի միջով, Բեյրութ, 1931, էջ 43

[11] Վիքիպեդիա, Աթաթուրք, Մուստաֆա Քեմալ, https://ru.wikipedia.org/ wiki/Ататюрк,_Мустафа_Кемаль, https://ru.wikipedia.org/wiki/История_ османского_Стамбула

[12] Քեմալը ռուսների օգնությամբ ավարտին էր հասցնում հայերի կոտորածները. Փաստաթղթեր http://www.lragir.am/ index/arm/0/society/view/152174

[13] «Հռչակագրում, ելնելով քաղաքական եւ հոգեբանական որոշակի գործոններից, կոնկրետ չէր խոսվում անկախության մասին, սակայն դիվանագիտական միջոցներով ձեւակերպված միտքը, թե Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարեց հայկական գավառների վրա միակ իշխանություն, ինքնաբերաբար նշանակում էր Հայաստանի անկախության հռչակում»: Հայաստանի առաջին Հանրապետության անկախության Հռչակագիր, http://www. historyofarmenia.am/ru/Encyclopedia_of_ armenian_history_HH_kazmavorumy_ev_ ankaxutyan_hrchakumy

[14] Շահան Նաթալի, նույն տեղում, http:// nzhdeh.narod.ru/Shahan_natali.htm

[15] Ամբողջական տեքստը տես` http:// www.parliament.am/legislation. php?ID=2602&lang=rus&sel=show

[16] Մանրամասն այդ շրջանի իրադարձությունների մասին տես` Nagorno Karabagh: War and Politics (1990-1993). War in Nagorno Karabagh and Domestic Conflict in the Armenian Society, Manvel Sargsian, June, in Russian http://acnis.am/oldsite/ old/publications/2010/Nagorno%20 Karabagh%20-%20War%20and%20 Politics%20(1990-1993).pdf

[17] Պաշտոնական Երեւանի նոր մոտեցումները բարդ ներքաղաքական գործընթացների շղթա ստեղծեցին ինչպես Արցախում, այնպես էլ բուն Երեւանում: 1991 թվականի մայիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների ժողովը հայտարարություն էր արել բանակցություններին եւ սահմանադրական կարգին հակվածության պատրաստակամության մասին (տեքստը` «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, №131 (173) от 18.07.91):

Ստեղծված իրավիճակը շիկացրել էր Հայաստանում ներքաղաքական դրությունը: Հուլիսի 11-ին «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում հրապարակվեց «Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պայքարը ազգային-ազատագրական շարժում ճանաչելու մասին Հայաստանի ԳԽ որոշման» նախագիծը: («Ռեսպուբլիկա Արմենիա», №126 (168), 11.07.91): Այդ նախագիծն առաջ էր քաշել Դաշնակցություն կուսակցությունը: ՀՀՇ կուսակցությունն առաջարկել էր «ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնությանն աջակցելու մասին» իր նախաձեռնությունը:

Հուլիսի 15-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում քննարկվեց երկու փաստաթուղթ. «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պայքարը ազգային-ազատագրական շարժում ճանաչելու մասին» եւ 1991 թվականի մայիսի 16-ի` «ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնությունը»: 136 ձայնով ընդունվեց ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնությանն աջակցելու մասին որոշումը (տեքստը` «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, №130 (172), 17.07.91): Սակայն նմանօրինակ որոշումը դժգոհության ալիք առաջ բերեց որոշ պատգամավորների եւ հասարակության մի մասի շրջանում: Հավանաբար` դա է պատճառը, որ հուլիսի 16-ին ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնությանն աջակցելու մասին Հայաստանի ԳԽ որոշումը վերանայվեց հայտարարության տեսքով (ամբողջական տեքստը` «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, №131 (173), 18.07.91):

[18] ԼՂՀ-ի հռչակման մասին Հռչակագիր, http://www.nkr.am/ru/constitution/9/

[19] Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության դիրքորոշումը: Չնայած ընտրություններ անցկացնելիս ադրբեջանցիների համար քվոտաներ էին հատկացվում, նրանք հրաժարվում էին ընտրություններին մասնակցելուց` գերադասելով իրենց բնակության տարածքներում տեղակայել ադրբեջանական ոստիկանության ջոկատներ: Այդ մասին տես` Գնա՞լ, թե՞ չգնալ Հռոմ, http:// theanalyticon.com/?p=9080#more-9080

Ավելի վաղ, 1990 թվականի մայիսի 20- ին, ԼՂԻՄ-ում անցկացվել էին Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները: ԼՂԻՄ-ում դրանք կայացան 12 օկրուգներից 10-ում` արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Եվ այդ ժամանակ երկու օկրուգում ադրբեջանցիները հրաժարվել էին ընտրություններին մասնակցելուց:

[20] ԼՂՀ-ի անկախության մասին Հռչակագիր, http://www.president.nkr.am/ru/nkr/ nkr2

[21] Տվյալ ժամանակաշրջանը եւս ի ցույց դրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ մոտեցումների լուրջ հակասության փաստը: 1992 թվականի հունիսի 13-ին Հայաստանի նախագահը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու մտադրությունների մասին: Բայց օրակարգում հայտնվեց արդեն մեկ այլ կարգախոս` ԼՂՀ-ն ճանաչելու պահանջ: Երեւանում Դաշնակցություն կուսակցությունը կազմակերպեց հանրահավաք Շահումյանի անկման կապակցությամբ, իսկ հունիսի 21-ին` զանգվածային հանրահավաք` ԼՂՀ-ի ճանաչման եւ կառավարության հրաժարականի պահանջներով:

Հունիսի 29-ին հայկական հեռուստատեսությամբ ունեցած ելույթում նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ՀՅԴ ղեկավարությանը մեղադրեց Հայաստանում իրադրությունն ապակայունացնելու փորձերի եւ նրան պատերազմի մեջ ներքաշելու մտադրությունների համար: Սակայն կրքերը չհանդարտվեցին: Հունիսի 30- ին Երեւանում տեղի ունեցավ ընդդիմադիր «Ազգային դաշինք» կուսակցության առաջին հանրահավաքը: Առաջադրված էր Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման կարգախոսը: Հունիսի 30-հուլիսի 1-ը Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանը քննարկեց հարցը, բայց որոշում չընդունեց:

1992 թվականի հուլիսի 8-ին սկսվեց ՀՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը, որտեղ ԼՂՀ-ն ճանաչելու մասին հարցն օրակարգում ներառելը անհնարին համարելու կապակցությամբ ԳԽ նախագահ Բ.Արարքցյանը հրաժարական տվեց: Հրաժարականը չընդունվեց: ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց մի փաստաթուղթ, որում ամրագրվեց հետեւյալ ձեւակերպումը. «Համարել ՀՀ-ի համար անընդունելի ցանկացած միջազգային եւ միջպետական փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Տես`Nagorno Karabagh: War and Politics (1990- 1993). War in Nagorno Karabagh and Domestic Conflict in the Armenian Society, Manvel Sargsian, June, in Russian http:// acnis.am/oldsite/old/publications/2010/ Nagorno%20Karabagh%20-%20War%20 and%20Politics%20(1990-1993).pdf

[22] Հայաստանի ղեկավարության քաղաքական աշխարհընկալման լավ ցուցադրություն է Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության փաստարկումը նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից` 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում ԼՂՀ ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ: «…ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինել կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի` Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում` Ելցինի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի` միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտի վրա է նաև Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի»: http://analyticon.do.am/ARCHIVE/N2- arch.pdf:

Փաստորեն`իր երկրի անվտանգության ապահովման գործում սեփական գործոնի դերը բացառապես արտաքին ուժերի (տերությունների) հետ է կապվում: Նրանց հետ փոխհարաբերությունների որեւէ այլ ձեւ, բացի նրանց կամքը կատարելուց (այն էլ այդ դերի` իր սուբյեկտիվ ընկալմամբ), չի գտնվում: Այն ժամանակվանից անցած 25 տարիները ցույց տվեցին, որ արցախյան հիմնախնդրի շուրջ քաղաքական հարաբերությունների իրական պատկերը բոլորովին այլ է` ամեն ինչ վերջացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ բանաձեւի ընդունմամբ, Քարվաճառում իրավիճակի պատասխանատուներն անվանվեցին «տեղական հայկական ուժեր»: Առանձնահատուկ պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ ոք չներկայացրեց: https://documents-ddsny.un.org/doc/UNDOC/GEN/N93/247/73/ IMG/N9324773.pdf?OpenElement

[23] Մադրիդյան սկզբունքներ, ամբողջական տեքստը տես`http://fmgnews.info/47286- madridskie-principy-polnyy-tekst.html

[24] http://www.nkr.am/ru/constitution/9/

[25] Խորհրդանշական երեւույթ դարձավ Հայաստանի նախագահի եւ նրա ամբողջ քաղաքական թիմի հրաժարականը 1998 թվականին: Անկախ այդ հրաժարականի պատճառներից, այն ժամանակաշրջանի ներքաղաքական փոփոխություններում իրեն դրսեւորում էր աշխարհայացքային ճգնաժամը: Նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն ինքը հրաժարականը բնութագրեց որպես «խաղաղության կուսակցության պարտություն»` նշելով, որ գործը հայկական պետականության կազմավորման ամենախորքային փիլիսոփայությանն է վերաբերում (տես` http://ru.a1plus.am/1282980.html):

Սակայն, իրականում, գործ ունեինք օբյեկտիվորեն ձեւավորվող ռազմաքաղաքական իրողությունների թելադրանքի ներքո պետական քաղաքականության «փլուզման» փաստի հետ: Ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայաստանի պետական քաղաքականությունը որակական ոչ մի փոփոխություն չկրեց: Իշխանության եկած նրա հակառակորդները (այսպես կոչված` «պատերազմի կուսակցությունը») բոլորովին հրաժարվեցին ինքնիշխան քաղաքականությունից` կտրուկ սահմանափակելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում երկրի հնարավորությունը: Իսկ ԼՂՀ-ն ենթարկվեց Հայաստանի իշխանությունների քաղաքական աննախադեպ թելադրանքին` զրկվելով նույնիսկ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու իրավունքից: Նման թելադրանքը ինքնիշխան տարածքի ակտիվության զսպման միակ լծակը դարձավ ինչպես ներքաղաքական առումով, այնպես էլ միջազգային ոլորտում: