հոդվածներ

Արդարություն՝ հայկական ձեւով կամ երբ հավասարությունն ընկալվում է որպես նվաստացուցիչ մի բան

Հայաստանի խորհրդարանում պատգամավորական մանդատների մեծամասնություն ունի քաղաքական ուժերի երկու խմբակցություն: Նրանցից մեկը կոչվում է «Օլիգարխների ակումբ» (ՀՀԿ), մյուսը`օլիգարխի կուսակցություն («Ծառուկյան» դաշինք): Այսպես՝ օրերս երկրորդ կուսակցության պատգամավորները բարձրաձայնեցին հարկահավաքման գործում տեղ գտած անարդարության մասին եւ ուղղակի հուշեցին առաջին կուսակցությանը, թե որտեղ փնտրել թաքցված հարկերը (պաշտոնյաների ինչ-որ բիզնես-կառույցներում): Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում մի երկրում, որտեղ այդ երկու ուժերը վաղուց քաղաքացիներից բռնազավթել էին այն ամենը, ինչ հնարավոր էր` ազգային հարստությունը եւ իրավունքները: Այս հարցում նրանք անարդարություն երբեք չէին տեսնում: Իսկ հիմա ինչ-որ աղաղակող բան են նկատել: Ինչո՞ւմ են նրանք տեսնում անարդարությունը: Ըստ երեւույթին, մենք գործ ունենք «արդարություն՝ հայկական ձեւով» հայեցակարգի հետ: Հակառակ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Արդարությունը շատ սուբյեկտիվ հասկացություն է: Սովորաբար մարդիկ անարդարությունը տեսնում են ուրիշների կողմից իրենց ունեցածի հանդեպ ոտնձգության մեջ: Բայցեւայնպես՝ բոլոր ժամանակներում մարդիկ, ամենից հաճախ, անհավասարություն հասկացության մեջ էին տեսնում ամենաբարձր անարդարությունը: Առաջին հերթին՝ դա վերաբերում էր իրավունքների եւ հնարավորությունների անհավասարությանը: Եվ հանուն նման անարդարության վերացման, մարդիկ մեծ զոհողությունների էին գնում, նույնիսկ այն դեպքում, երբ չէին հավատում, որ կարող են իրավունքների եւ հնարավորությունների հավասարության հասնել: Բայց միշտ եղել են նաեւ այնպիսիք, որոնք ռիսկի են դիմել ուրիշների իրավունքների ու հնարավորությունների բռնազավթման միջոցով անհավասարության իրավիճակն իրենց օգտին շրջելու համար: Սա այն ժամանակ, երբ ինչ-որ մեկին դուր էր գալիս անհավասարության վիճակը: Նման դեպքում դա​​ստիպում էր անհավասարության բոլոր աջակիցներին (անվանենք նրանց իշխանավորներ)՝ իրենց «աստվածատուր» իրավունքների մասին տարբեր տեսություններ հորինել եւ ուրիներին ներշնչել իշխանության ու հարստության իրենց իրավունքի բացառիկությունը: Բայց միշտ չէ, որ դա հաջողվում էր: Նման դեպքերում մյուսներից ավելին ունեցողները հաճախ ստիպված էին լինում զրկվել այդ ամենից եւ, նույնիսկ, իրենց կյանքից:

Մարդկանց կյանքում այս վիճակը հազարամյակների ընթացքում չի փոխվել: Հավանաբար, սա էր ստիպել մարդկությանը հորինել «աստվածընտիր» հասկացությունը`գոնե առանձին հանրությունների շրջանակներում հասարակական եւ քաղաքական կայուն կյանքն ինչ-որ կերպ կազմակերպելու համար: Սա այն է, ինչ կոչում են միապետություն: Եթե ​​որեւէ մեկին հաջողվում էր հասարակությանը համոզել իր «աստվածընտիր» լինելու մեջ, նրան հաջողվում էր նաեւ իրավունքների ու հնարավորությունների անհավասարության անհրաժեշտության հարցում համոզել բոլորին: Աստծո անունից էին իջեցվում համայնքի բոլոր անդամների իրավունքները որոշող օրենքները: Եվ կարեւոր չէ, թե ինչպիսի տեսք ուներ անհավասարության այդ համակարգը` կաստայական, ազնվականության, հպատակների, թե մեկ ուրիշ կարգի: Հիմնական խնդիրն այն էր, որ բոլորը պետք է այս համակարգն ընկալեին որպես արդարացի: Մարդիկ այդպես էլ հազարամյակներ շարունակ ապրում էին, մինչեւ եկավ այն պահը, երբ որոշեցին, որ արդար է այն, ինչի շուրջ համաձայնվել են հավասարության սկզբունքով: Այնուհետեւ աշխարհը սկսեց փոխվել: Սակայն շատ սովորություններ եւ, առաջին հերթին, համատեղ կյանքում ուրիշների հաշվին մեծ իրավունքներ ապահովելու սովորույթը, մնացին անփոփոխ: Ավելին՝ պահպանվեցին հավասարությանը քամահրանքով վերաբերվելու սովորությունները: Այն նույնիսկ համարվում է անպատվաբեր եւ մարդու արժանապատվությունը վիրավորող: Ամենից հաճախ նման սովորությունները վարակում են ամբողջ հասարակություններ եւ դրսեւորվում ինչպես ներհասարակական կյանքում, այնպես էլ այլ հասարակությունների հետ հարաբերություններում:

Եվ եթե այդ սովորություններն, այնուամենայնիվ, մեծամասնության համար ընդունելի չեն, հասարակությունները դրանց դեմ պայքարում են օրենքի կիրառման միջոցով: Բայց միշտ չէ, որ դա հաջողվում է, հատկապես, երբ բոլորի մեջ ամուր նստած է անհավասարության մոլուցքը (կամ այն, ինչպես ասում են, ազգային հատկանիշ է): Օրինակներ կարելի է փնտրել ողջ աշխարհում, բայց տվյալ դեպքում հեռու գնալ պետք չէ: Հայերի զգալի մասի համար անհավասարություն երեւույթն արդարության ու արժանապատվության պատկերացումների համակարգում առաջնային տարրերից մեկն է: Իրավունքների եւ հնարավորությունների հավասարության մեջ հայերն ինչ-որ նվաստացուցիչ, նույնիսկ անարգանքի հանգույն մի բան են տեսնում: Ունենալ կամ ձեռք բերել այն, ինչ ունեն բոլորը՝ թշվառություն է համարվում: Եվ ընդհակառակը՝ ունենալով այն, ինչ անհասանելի է ուրիշներին, համարվում է հատուկ արժանապատվության նշան: Առնվազն հարեւաններից ավելի բարձր տանիք ունենալն արդեն հոգու համար բալասան է: Ըստ երեւույթին, լավ կյանքից չէ, որ շատերի գիտակցության մեջ ամրապնդվել են արժանապատվության մասին այդպիսի թյուր պատերացումներ: Չափազանց երկար ժամանակ են ոտնակոխ արել այդ արժանապատվությունը՝ ով չի ալարել...

Պետք չէ զարմանալ, որ այդ յուրահատկությունը Հայաստանն արագ վերածեց օլիգարխիկ պետության: Կարծես թե՝ 1991 թվականին պետություն ստեղծելու ժամանակ մարդիկ համաձայնեցին այստեղ ապրել հավասար իրավունքների եւ հավասար պատասխանատվության հիման վրա, այնուհետեւ դա ամրապնդվեց Սահմանադրությունում: Բայց երեւում է՝ դրան այնքան էլ լուրջ չվերաբերվեցին: Եվ չէին էլ կարող լուրջ վերաբերվել`մի տեսակ սրտերը չէր կպնում: Փոխարենը՝ երկրի ամեն ինչում սկսեցին լրջորեն հաստատել անհավասարության սկզբունքը: Նույնիսկ հաջողվեց լեգիտիմացնել այս սկզբունքը պետական ​​կյանքում` երկրում ստեղծեցին քրեաօլիգարխիկ համակարգ: Շատերին սա դուր չի գալիս, բայց դուր չի գալիս զուտ այն պատճառով, որ անձամբ իրենց ոտնահարված են համարում այս համակարգում: Բուն համակարգն, ընդհանուր առմամբ, որեւէ հակակրանք չի առաջացնում: Իսկ օլիգարխների համար` առավելապես:

Այստեղ պարզ է դառնում օլիգարխի կուսակցության պատգամավորների համերաշխ դժգոհությունը: Ինչ-որ մեկը ոտնձգություն է կատարել ուրիշների նկատմամբ նրանց «անհավասար լինելու իրավունքի» դեմ՝ պահանջել է հարկերի հավասար վճարում: Այս երկրում ամեն ինչ կարելի է ներել, բայց միայն ոչ դա: Այդ պատճառով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկեցին հավասարության սկզբունքի հաստատման քարոզչությունը սկսել իրենց ընկերություններից ու առանձնատներից: Ըստ երեւույթին, ենթադրվում է, որ այս առաջարկը վախեցնելու է կառավարությանը: Միայն մի բան չեն հասկանում. կառավարական ​​պաշտոնյաները նույնպես համարում են, որ հավասարության սկզբունքն արդարացի է: Հատկապես՝ իշխանություն ունենալու իրավունքի հավասարությունը: Այնպես որ, ամբողջ այս աղմուկը կարող է ավարտվել միայն «արդարություն՝ հայաստանյան ձեւով» պատկերացման շրջանակներում. այլ կերպ Հայաստանում չի էլ կարող լինել, քանի դեռ հավասարությունն ընկալվում է որպես նվաստացուցիչ մի բան:

Եվ այս իրավիճակում մի տեսակ հեգնանքով է հնչում այն, որ օրերս չորս հարյուր ամերիկացի միլիարդատերեր ու միլիոնատերեր ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել էին չնվազեցնել գերշահույթով աշխատող ձեռնարկությունների հարկերը, քանի որ դա կբարձրացնի երկրում անհավասարության աստիճանը: Նրանք դա անընդունելի էին համարում: