հոդվածներ

Բանը ո՛չ գիտությունն է, եւ ո՛չ էլ՝ կոռուպցիան

2017-11-10

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը ուսանողական բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Ձեւավորվել է «Հանուն գիտության զարգացման» շարժում, եւ Երեւանում ուսանողները դասադուլ են անում:

Նույնատիպ մի բան Հայաստանը տեսել էր 2004 թվականին՝ այն ժամանակ ուսանողները կարողացան ստիպել իշխանություններին՝ հրաժարվել այդօրինակ օրինագծից: Բայց ժամանակներն այժմ ուրիշ են, եւ իշխանությունների հետ ուսանողների վեճերն ընթանում են ծանր պայմաններում: Ուսանողները, բնականաբար, շատ առումներով իրավացի են. գիտությունը տուժում է: Ֆորմալ կերպով իշխանությունները նույնպես որոշ հարցերում իրավացի են. նրանք մատնանշում են, որ բուհերի ուսանողներին տրամադրվող զինծառայության տարկետումը կոռուպցիոն սխեմաների ճանապարհ է բացում: Այսինքն՝ բացեիբաց ասվում է, որ իշխանություն եւ փող ունեցող գործարքամոլներն իրենց «սիրասուն զավակներին» ազատում են զինվորական պարտականությունից: Սակայն, ինչպես միշտ, որոշում են այս խնդիրը լուծել բարեխղճորեն սովորող երիտասարդության շահերի հաշվին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ըստ էության, բանը ոչ գիտությունն է, եւ ոչ էլ՝ կոռուպցիան:

Եթե ​​վերանանք գոյություն ունեցող հիմնախնդիրների ընդհանուր համատեքստից, ապա զինակոչի տարբերակման ձեւերի ծրագիրն անջատողություն չի առաջացնում` քաղաքացիներին բանակում ծառայելու ձեւերի ընտրության հնարավորությունների ընձեռումը եւ դրամական խրախուսումները պետք է հետագայում եւս ընդլայնվեն: Սակայն պարզ է նաեւ, որ ներկայում շեշտը դրվում է զինծառայողների թվաքանակի ավելացման վրա` կանոնների խստացման եւ միաժամանակ ֆինանսական խթանների եւ փոխհատուցումների բարձրացման միջոցով: Իրականում դա նույնիսկ «ազգ-բանակ» հռչակված ռազմավարության հետ որեւէ կապ չունի, դա երկրի ժողովրդագրական դժվարությունների, ինչպես նաեւ վերջին տարիներին ծագած սոցիալական լարվածության հետեւանքներով առաջացած համակարգային սովորական բարեփոխում է:

Զինվորական ծառայության տարկետումը եւ նույնիսկ այդ ծառայությունից օրինական ազատումը, բոլոր պետությունների զարգացման կարեւորագույն տարրերն են: Խաղաղ ժամանակներում քաղաքացիների որոշ հատված պետք է անգամ բանակում չծառայելու հնարավորություն ունենա, եթե դա հիմնավորված է նրանց անմիջական մասնագիտական ​​գործունեությամբ: Սակայն դա արդարացված է սոսկ այն դեպքում, եթե պետությունն ունի օրինական տարկետում ապահովելու եւ զինվորական ծառայությունից ազատելու ճկուն մեխանիզմ: Այն պայմաններում, երբ տարկետման իրավունքը բռնազավթվում է հասարակության ունեւոր խավերի եւ կոռումպացված քաղաքացիական ծառայողների կողմից` տարկետումները չեն կարող ծառայել պետության զարգացման նպատակներին: Հենց նման խնդրի հետ գործ ունենք Հայաստանում: Սա, ի դեպ, վերաբերում է պետական ​​պատվերի ոլորտին, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատություններում գրեթե բոլոր անվճար տեղերը բաժին են հասնում ոչ նրանց, ում համար օրենքով նախատեսված են: Նկարագրված պայմաններում տարկետման խնդիրն անլուծելի է:

Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ կառավարության ծրագրի հիմնական նպատակը ռազմական ոլորտի հասարակայնացումն է կամ, այլ կերպ ասած, հասարակության ռազմականացումը: Վերջին տարիներին, հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, բանակի խնդիրները եւ զինվորական ծառայության հարցում սոցիալական անարդարությունը եղել են հասարակության ուշադրության կենտրոնում: Գործող իշխանությունների դեմ դժգոհության մեծ ալիք էր բարձրացել: Այն փաստի համընդհանուր գիտակցումը, որ փորձում են երկրի պաշտպանության խնդիրը դարձնել հասարակության չքավոր մասի մենաշնորհը, իսկ ունեւոր խավերի (առաջին հերթին՝ իշխանավորների) համար ստեղծել ծառայությունից խուսափելու բոլոր պայմանները՝ հանգեցրեց իշխանությունների հետ հասարակության կտրուկ առճակատմանը: Երկրում ի հայտ եկավ ընդդիմություն, որը հասարակությանն առաջարկեց դատաստան տեսնել իշխանությունների հետ` կիրառելով զենք, եւ փորձեց իրագործել այդ ծրագիրը: Իշխանությունները հասկացան, որ անհրաժեշտ է թամբել դժգոհության վերը նկարագրված դիպաշարը: Որոշվեց արմատական ​​ընդդիմության նախաձեռնությունը կանգնեցնել՝ այն անվանակոչելով «ազգ-բանակ»: Այս փոխառած նախաձեռնությունը, ըստ էության, կոչված էր սոցիալական դժգոհության կանխման մեխանիզմներ ստեղծելու եւ դժգոհ հասարակության հավաքագրման հնարավորություններից արմատական ​​ընդդիմադիր ուժերին զրկելու համար:

Նույնիսկ եթե համաձայնվենք, որ «ազգ-բանակ» ռազմավարությունը դրական իմաստ ունի, դրա իրականացումը չի կարող արմատապես որեւէ բան փոխել բանակում, եթե այն տեղի չի ունենում երկրի ընդհանուր իրավաքաղաքական բարեփոխումների համատեքստում: Մեծամասնության համոզմամբ՝ Հայաստանում վաղուց է ձեւավորվել քրեաօլիգարխիկ կոչվող քաղաքական համակարգը: Երկրի ռազմական խնդիրների նկատմամբ նշյալ համակարգը ցուցաբերում է ամենամեծ անարդարությունը, քանի որ իշխող ընտրախավը, որը սերտաճած է բիզնեսի հետ, իր համար ստեղծել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ կոռուպցիոն սխեմաների միջոցով զինվորական ծառայության նկատմամբ իրականացվում է կաստայական մոտեցում, որն իշխող խմբերի անդամներին ազատում է զինվորական ծառայությունից: Հետեւաբար՝ զինծառայողների պարտականությունները դրվում են անապահով քաղաքացիների վրա: Այս հանգամանքն արդեն բավական է, որպեսզի համակարգային կոռուպցիան արմատանա երկրում եւ, մասնավորապես, բանակում: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ այս կաստայական մոտեցումը լեգիտիմացնելու մտադրությունները դրսեւորվում են «ազգ-բանակ» հռչակված ռազմավարության շրջանակներում. առաջարկվում է օրինականացնել «ծառայությունից գումարով ազատվելը»: Հասկանալի է, որ նման մոտեցումների պահպանման պարագայում հասարակության եւ բանակի համախմբման փորձերը չեն կարող արդյունավետ լինել: Ընդհակառակը՝ դրանք կստեղծեն նոր կոռուպցիոն ոլորտներ եւ կուժեղացնեն անարդարության աստիճանը: