հոդվածներ

Իշխող վարչակարգը, ընդդիմությունը եւ հետընտրական հուզումները Հայաստանում

Իշխող վարչակարգերի կողմից ընտրությունների կեղծման արդյունքում հետընտրական զանգվածային հուզումների պարբերական փուլերը ժամանակակից աշխարհի շատ նոր երկրներում դառնում են առանցքային քաղաքական երեւույթներ: Այս փուլերը սովորաբար անվանվում են հետընտրական ժողովրդական շարժումներ, թեպետ իրականում իրենցից ներկայացնում են սոսկ ընտրությունների բողոքարկման զանգվածային գործողություններ: Սովորաբար այսպիսի «հետընտրական շարժումների» իրական արդյունք են դառնում երկու երեւույթ. նոր գերիշխող ընդդիմության առաջացում եւ, որ ավելի հազվադեպ է պատահում, իշխող վարչակարգերում ներիշխանական փոփոխություններ: Սակայն քաղաքական վարչակարգերի բնույթը փոփոխություն չի կրում:

Հետընտրական փուլերի նկարագրված յուրահատկությունը Հայաստանում ձեւավորվել է 1996թ. կայացած նախագահական ընտրությունների արդյունքում: Ճիշտ այդ ժամանակ էլ ձեւավորվեցին քաղաքականության նպատակի, նրա էության եւ մեթոդների վերաբերյալ առանցքային պատկերացումները: Ընդհուպ մինչեւ 2013թ. այդ պատկերացումները չեն փոխվել եւ նույնիսկ ձեռք են բերել քաղաքական ավանդույթի բնույթ: Համարվում է անգամ, որ քաղաքականության իմաստը եւ էությունը կեղծված ընտրությունների խորապատկերին ծավալվող հետընտրական գործընթացներն են, որոնք նպատակամիտված են հեռացնել «անօրինական վարչակարգը»: Ցանկացած այլ հասարակական-քաղաքական ակտիվություն չի ընկալվում որպես «լուրջ» քաղաքականություն եւ հարգանքի չի արժանանում այս կամ այն քաղաքական ուժի կողմից:

Նկարագրված քաղաքական փուլերի կատարյալ անարդյունավետությունը, սակայն, հանգեցնում է որպես առաջադիմական գաղափար ներկայացող «անօրինական վարչակարգի հեռացմանը միտված հետընտրական քաղաքականության» վերաիմաստավորմանը: Հայաստանի գլխավոր խորհրդարանական կուսակցությունները նույնիսկ հրաժարվեցին 2013թ. նախագահական ընտրութ­յուններին մասնակցելուց՝ նախապես անիմաստ որակելով նման մասնակցությունը: Եվս մեկ հետընտրական փուլի փորձարկումն ընկավ խորհրդարանական կուսակցություններից «Ժառանգության» ուսերին, որը եւս մեկ անգամ երկրին ցուցադրեց «անօրինական վարչակարգի հեռացմանը միտված հետընտրական քաղաքականության» փուլի պարամետրերի անսասանությունը: Թե՛ վարչակարգը, թե՛ կուսակցությունները վերստին համոզվեցին, որ Հայաստանում ընտրություններն ընդդիմության եւ ոչ թե վարչակարգի փոփոխության մեխանիզմներ են:

Լիովին տրամաբանական է, որ պատմության ինչ-որ մի պահի հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է հանգեին հետընտրական քաղաքական իմաստի (նրանում առաջադիմական իմաստի եւ փոփոխությունների ներուժի բացակայության փաստի) վերաիմաստավորմանը եւ մտածեին այս փուլից դեպի քաղաքական ակտիվության նոր մեթոդների ասպարեզ դուրս գալու մասին: Այն հանգամանքը, որ հետընտրական բողոքական եռանդուժը հեշտությամբ փոշիանում է հետընտրական իրավական ընթացակարգերում (ընտրությունների արդյունքների վիճարկում ԿԸՀ-ում եւ Սահմանադրական դատարանում), համընդհանուր համոզմունք է դարձել: Համենայնդեպս՝ երկրում սկսեցին ավելի շատ խոսել «վարչակարգի հեռացում» հասկացության առավել հստակեցման եւ այս խնդրի լուծման համար քաղաքական գործիքակազմի կիրառման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ քննարկման առանցքը կազմեցին երկու հասկացություն. «իջեցված կուսակցական դրոշակներով քաղաքացիական անհնազանդության շարժում՝ ընդդեմ անօրինական իշխանությունների» եւ «բուրժուական հեղափոխությունը»՝ որպես կուսակցական ծրագիր:

Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ ընթանում են քննարկումներ այն հարցի շուրջ, թե ով պետք է լինի «փոփոխությունների քաղաքականության» սուբյեկտը՝ քաղաքացի՞ն, բուրժուազիա՞ն թե՞ կուսակցությունները: Այս խորապատկերին ակտիվացած քաղաքացիական նախաձեռնություններն անգամ բանավեճ ձեւավորեցին այն գաղափարի շուրջ, թե ընդհանրապես ինչն է պետք համարել քաղաքականություն: Առավել մեծ տարածում ստացան գաղափարներն առ այն, որ քաղաքական կուսակցությունների գործունեության բնույթն ազատ ընտրությունների բացակայության պայմաններում ինքնին հակասահմանադրական վարչակարգի կայուն գոյության եւ վերարտադրության գործոն է: Ստեղծված իրավիճակում հայաստանյան կուսակցություններն առաջին անգամ երկրի քաղաքական կյանքում տեսան իրենց ավանդական դերին ուղղված սպառնալիք: Այս հանգամանքն, անկասկած, պետք է հանգեցներ քաղաքական դաշտում կուսակցությունների տեղի փնտրտուքին՝ վերջիններիս նոր դերակատարմամբ:

Այստեղ էլ մի քանի կուսակցությունների գործունեության մեջ ծնունդ առավ «կոնցեպտուալ մոտեցման» պրակտիկան. քաղաքական կուսակցություններն ավելի հաճախ են ջանում իրենց գործունեությանը վերագրել «վերկուսակցական միսիոներական դերեր» եւ առանձնահատուկ կարգավիճակ երկրի քաղաքական կյանքում: Դրանում նկատվում է կուսակցությունների քաղաքական մտադրությունների ոլորտի ընդլայնման ցանկություն՝ միտված ընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում նպատակները սովորական քաղաքական պայքարի շրջանակներից դուրս հանելուն: Ասել է՝ վարչակարգի հեռացման քաղաքականությունը սկսում է դիտարկվել քաղաքական ակտիվության այլ ոլորտներում եւ այլ գործիքակազմի շրջանակում:

2013թ. կայացած նախագահական ընտրություններից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին «վարչակարգի հեռացման քաղաքականության» երկու տարբերակներ: Առաջին տարբերակ-հասկացության կողմնակիցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով ապրիլի 19- ին հայտարարեց «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման ձեւավորման մտադրության մասին՝ ներկայացնելով այն որպես անօրինական վարչակարգին չենթարկվելու եւ այդ վարչակարգը խաղաղ ճանապարհով հեռացնելուն միտված շարժում1: Երկրորդ տարբերակ-հասկացության («բուրժուական հեղափոխություն») հեղինակը նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով ապրիլի 13-ին կայացած կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց նրա նպատակի մասին2. «Մեր խնդիրն է՝ իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն»: Ընդսմին՝ Տեր-Պետրոսյանը հատուկ ընդգծեց, որ իր կուսակցության համար քաղաքականությունն ընտրություններն են: Այսինքն՝ հասկանալ տվեց, որ չի ընկալում որպես քաղաքականություն որեւէ այլ կազմակերպված ակտիվություն՝ այդպիսով տեղիք տալով զգալի անորոշության եւ հակասականության:

Դյուրին չէ որոշել՝ արդյոք ունեն նշված երկու տարբերակներն իրական քաղաքական իմաստ Հայաստանի կոնկրետ պայմաններում, որտեղ առանցքային քաղաքական խնդիրը վարչակարգի հեռացումն է: Առավել եւս, որ այս տարբերակներում արտահայտվում են երկրում հաստատված քաղաքական վարչակարգի բնույթին, ինչպես նաեւ երկրի առջեւ կանգնած գլխավոր քաղաքական խնդրի էությանն առնչվող տարբեր ընկալումներ: Պատահական չէ, որ նշված քաղաքական հարցադրումների շուրջ քննարկումներում ներգրավվեցին ոչ միայն երկրի ողջ հասարակությունը, այլեւ նշված երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ուշադրության կենտրոնում3 հայտնվեց կուսակցական գործունեության հետ շարժման համատեղելիության դիտանկյունը, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդի ընկալմամբ «բուրժուական հեղափոխություն» հասկացության կոռեկտությունը՝ ի լրումն Հայաստանի քաղաքական իրականության:

Քանի որ ոչ մի քաղաքական ուժ չի ժխտում, որ իր ուղեգծի նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի լայնածավալ հաստատումն է, հիմնական խնդիրներ դարձան այս կարգի «խախտվածության» հայեցակետին առնչվող տարբեր գնահատականները: Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում հայտնվեց երկրի քաղաքական համակարգում խոշոր սեփականատերերի դերի գնահատման խնդիրը: Տարաձայնությունները վերաբերում են հետեւյալ հարցին. արդյո՞ք սահմանադրական կարգի հաստատման գործընթացը հանգում է խոշոր սեփականատերերին առանցքային պաշտոններ զբաղեցնող գործիչների ճիրաններից կամ կարեւորագույն պետական ինստիտուտները խոշոր սեփականատերերի թելադրանքից ազատելուն: Ասել է՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանում հակասահմանադրական վարչակարգը:

Քաղաքական առումով հարցի էությունը հանգում է նրան, թե ո՞ւմ իրավունքներն են համարվում ոտնահարված եւ ո՞ւմ կողմից: Ինչպես նաեւ՝ երկրում ո՞ւմ իրավունքները պետք է վերականգնվեն եւ ի՞նչ փոփոխությունների հաշվին: Չէ՞ որ ներքին կարգի հաստատմանն ուղղված ցանկացած քաղաքականության էություն հանգում է իրավահավասարության հաստատմանը եւ այս պարագայում՝ սահմանադրական իրավունքները բռնատիրած սուբյեկտներից այն սուբյեկտներին վերաբաշխելուն, որոնք դարձել են նշված իրավունքների բռնատիրման օբյեկտ: Եթե վերջին հարցերը պարզեցվեն, ապա այդ ժամանակ հասկանալի կդառնա նաեւ առաջարկվող քաղաքական հասկացությունների իմաստը: Պարզ կդառնա նաեւ խոշոր սեփականատերերի դերի խնդիրը, որոնք մի կողմից ճանաչվում են իբրեւ բուրժուազիա, իսկ մյուս կողմից՝ օլիգարխներ (համապատասխանաբար՝ ոտնահարված իրավունքներով սուբյեկտներ կամ այլ քաղաքացիների իրավունքներին բռնատիրած սուբյեկտներ):

Սույն հոդվածը նպատակամիտված է իրավունքների եւ պարտականությունների բաշխման սկզբունքի դիտանկյունից պարզություն մտցնել Հայաստանում ձեւավորված քաղաքական վարչակարգի կառուցվածքի էության մեջ: Ինչպես թվում է՝ այս հայեցակետի բացահայտումը թույլ կտա գնահատել «սահմանադրական կարգի հաստատմանը» վերաբերող առաջարկված հասկացությունների էությունը եւ այս հասկացությունների՝ հեղինակների կողմից ընդունված քաղաքական գործիքակազմի գործունակությունը:

Քաղաքական կարգերի բնույթի եւ իրավունքների ու պարտականությունների բաշխման համայնապատկերում լիակատար պարզություն մտցնելու համար նախապես նշենք այն պարզ ճշմարտությունը, որ սահմանադրական կարգը կառուցված է երկրի բոլոր քաղաքացիների՝ իրենց անքակտելի իրավունքներին եւ երկրի պետական կառուցվածքի նորմերին ու սկզբունքներին վերաբերող պայմանագրի հիման վրա: Համապատասխանաբար՝ սահմանադրական կարգի խախտում պետք է համարել նման պայմանագրի խախտման փաստը երկրի գործնական քաղաքական կյանքում: Եթե կա նման խախտում, պետք է հայտնաբերվեն նաեւ խախտող սուբյեկտները: Ավելին՝ անհրաժեշտ է բնութագրել հաստատված դե ֆակտո կարգը: Նշված խնդիրների համայնապատկերի բնութագրման հաջողության դեպքում հնարավոր է պատասխանել նաեւ մի շարք հարակից հարցերի:

Դրված հետազոտական հարցը պահանջում է, որ առաջ քաշենք մեկ առանցքային կանխավարկած. սահմանադրական կարգի բացակայության պայմաններում պետք է գոյություն ունենա այլ կարգ, որն ի զորու կլինի պահպանել ողջ երկրին պարտադրված ոչ սահմանադրական հարաբերությունները եւ նորմերը: Ի մասնավորի՝ խնդիրներն անհրաժեշտ է քննարկել պետությունում հայտարարված սահմանադրական նորմերի՝ սոցիալ-քաղաքական եւ տնտեսական գործընթացների կարգավորման իրական մեխանիզմների հետ հարաբերակցության տեսանկյունից: Եթե սահմանադրական կարգը խախտվել է՝ նշանակում է առաջին հերթին խախտվել է իրավահավասարության սկզբունքը: Ավելին՝ սա նշանակում է իրավունքների եւ պարտականությունների անհավասարության միջավայրի պաշտպանության մեխանիզմների առկայություն: Նման մեխանիզմների բացակայության դեպքում հակասահմանադրական վարչակարգի գործունեությունը եւ վերարտադրությունն անհնար են: Անհնար է նույնիսկ իրավունքներին բռնատիրողների պաշտպանությունը:

Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունը

Հպանցիկ հայացքով հնարավոր կլիներ գնահատել Հայաստանի քաղաքական վարչակարգը հետխորհրդային տարածքի եւ Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ նոր երկրներին բնորոշ ավտորիտար կարգ ունեցող պետությունների նմանությամբ: Այս դեպքում, սակայն, մենք կբախվեինք համընդհանուր համոզիչ գաղափարի՝ ավտորիտար իշխանության էության հիմքի բացահայտման հետ. առաջնորդին համընդհանուր կերպով ենթարկվելու երեւույթը պայմանավորված է նման գաղափարի առկայությամբ: Հայաստանում առավել քան մեկ տասնամյակ է՝ որեւէ գործչի համար գոյություն չունի գաղափար, որը կարդարացնի «իշխանության նկատմամբ իրավունքը»: Հետեւաբար՝ բացակայում է միահեծան ավտորիտար իշխանության գլխավոր խարիսխը: Քաղաքական քննարկումներում առավել համոզիչ է «փողի իշխանության» թեզը, որը մեզ հանգեցնում է այն մտքին, որ երկրում ձեւավորվել է օլիգարխիկ համակարգ՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով: Հենց այդ մասին էլ մենք կխոսենք հետագա շարադրանքում:

Հատկանշական է, որ Հայաստանում ձեւավորված քաղաքական կառուցվածքի բնույթն առաջին անգամ գնահատվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում4, որը հրապարակվել է 2008թ. մարտի 25-ին: Ուշագրավն այն է, որ զեկույցում նշվում է օլիգարխիկ կառուցվածքի ամենագլխավոր հատկանիշը. երկրում տարբեր կարգի քաղաքացիների միջեւ իրավունքների եւ պարտականությունների բաժանում: Ինչպեսեւ բնորոշ է պետական կառուցվածքի նկարագրված ձեւին, բոլոր իրավունքները տրվել են օլիգարխիկ վարչակարգի անդամներին, իսկ մնացած քաղաքացիներն ունեն միայն պարտականություններ: Համենայնդեպս՝ ներկա ժամանակաշրջանում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի բնութագրման առումով կարելի է մեջբերել հետեւյալ համոզիչ բնորոշումը.

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես մի շարք անցումային երկրներում, ձեւավորվել էր կառավարման օլիգարխիկ վարչակարգ, որը զգալիորեն վերահսկում էր մամուլը, կուսակցությունները, ինչպես նաեւ պետական ինստիտուտները: Դրա հետեւանքով տնտեսական էլիտան՝ դուրս մղելով քաղաքական էլիտային, զբաղեցնում էր նաեւ նրա տեղը: Բիզնեսը եւ քաղաքականությունը միահյուսվում էին մեկ կորպորատիվ խմբում եւ նույն անձինք հանդես էին գալիս ե՛ւ որպես բիզնեսմեն, ե՛ւ որպես քաղաքական կամ պետական գործիչ: Բիզնես-էլիտան հնարավորություն էր ստանում վճռորոշ ազդեցություն գործել պետական քաղաքականության5, առաջին հերթին՝ պետության տնտեսական քաղաքականության վրա, պետական իշխանությանը պարտադրելով իր նեղ խմբային կամ նույնիսկ անձնական շահերը: Արդյունքում օլիգարխիկ խմբավորումներից դուրս գտնվող սուբյեկտները, փաստորեն, զրկվում էին ինքնուրույն տնտեսական գործունեություն իրականացնելու որեւէ հնարավորությունից, ինչն անհամաչափորեն խորացնում էր հասարակության տարբեր խմբերի միջեւ եկամուտների բեւեռացումը…»:

Այսպիսի գնահատականներում բացակայում է միայն մեկ գլխավոր կողմ: Ներկայացված չէ ներքին կարգի գործնական կառուցման սկզբունքը պետութ­յան օլիգարխիկ կազմակերպման պարագայում: Այս սկզբունքը մեր կողմից բնութագրվում է իբրեւ ազդեցության ոլորտների բաժանման մասին պայմանագիր: 2003թ.-ից ի վեր Հայաստանում գործում է կանոնակարգման ճիշտ այսպիսի համակարգ: Հետեւաբար՝ այս վարչակարգը կարելի է դասել քրեաօլիգարխիկ տիպին (ազդեցության ոլորտների բաժանման մասին պայմանագիրը քրեական հասարակությունների ձեւավորման հիմքն է): Զեկույցում օլիգարխիկ վարչակարգի հատկանիշների բուն նկարագրությունը, սակայն, կասկած չի հարուցում առ այն, որ Հայաստանում հաստատվել է ճիշտ այս տիպի օլիգարխիկ կառավարման համակարգ: Հայաստանի քաղաքական համակարգում այս դիտանկյան հայտնաբերումը թույլ է տալիս առանձնացնել նմանատիպ վարչակարգերի որոշ կարեւոր ընդհանրական բնութագրեր:

Ավտորիտար վարչակարգից կառավարման քրեաօլիգարխիկ ձեւին անցնելու դասական գործընթաց տեղի ունեցավ Հայաստանում 2003թ.: Կարելի է վստահորեն պնդել, որ Հայաստանում կառավարման ավտորիտար համակարգի սպառման սկիզբը դրվեց 2003թ. կայացած համապետական ընտրությունների ընթացքում: Սա ճիշտ այն ժամանակահատվածն է, որը բնութագրվում է հասարակության եւ քաղաքական էլիտայի ապագաղափարականացմամբ: Համընդհանուր ճանաչում ունեցող ավտորիտար գործչի շուրջ համախմբման հնարավորությունը սպառվեց: Անհրաժեշտ եղան իշխանության ձեւավորման այլ մեխանիզմներ: Շրջանառության մեջ դրվեց խոշոր սեփականատերերի միջեւ պայմանավորվածության հիման վրա իշխանություն ձեւավորելու սկզբունքը: Հասարակությունը հեռացվեց այս գործընթացի վրա ազդելու հնարավորությունից: 2007թ. կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հենքին այս համակարգը բավական ինտենսիվ ռիթմով բյուրեղացավ՝ ընդհուպ մինչեւ 2008թ.:

Քաղաքական համակարգերի օլիգարխացման օբյեկտիվ խթանները

Քանի որ վերը նկարագրված միտումն ընդհանրական է բոլոր պետությունների համար, հարկ է ընդունել նաեւ նրա առաջացման պատճառի ընդհանրականությունը: Գրեթե բոլոր հետազոտողները միակարծիք են, որ գլխավոր պատճառը պետական սեփականության՝ մասնավոր օգտագործման անցնելու ժամանակ սեփականության բաշխման բնույթն է: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ սեփականաշնորհման հետ միասին չստեղծվեցին սեփականաշնորհված գույքի իրավական պաշտպանության մեխանիզմներ: Մասնավոր սեփականության պաշտպանության միակ մեխանիզմ մնաց պետական իշխանության լծակներին տիրապետելը: Համենայնդեպս՝ խոշոր սեփականության առումով այս պնդումը համոզիչ է թվում:

Սրանից դժվար էր խուսափել արդեն իսկ այն պատճառով, որ սեփականության տիրելն անհնար կլիներ միայն պետական իշխանության լծակներին տիրապետելու կամ իշխանություն ունեցողների հետ օրենքով չթույլատրված առանձնակի հարաբերություններ ստեղծելու միջոցով: Այս պետություններում խոշոր սեփականությանը տիրելու որեւէ այլ մեխանիզմ չի ներդրվել: Ավելին՝ կառավարման փորձի եւ առավելապես իշխանությանը տիրելու եւ պահպանելու գիտելիքի պակասը դարձրեց սեփականությունը եւ ֆինանսական դրությունն իբրեւ իշխանության պահպանման միակ ռեսուրս: Համապատասխանաբար՝ բնական դարձավ այն գործընթացը, որում իշխանության լծակներին տիրացած գործիչները սկսեցին խլել իշխանությունը կորցրած խոշոր սեփականատերերի ունեցվածքը:

Ասվածը վկայում է, որ նախկին պետական սեփականությունը պարզապես տրվեց իշխանական ճամբարին՝ իբրեւ սեփականություն, այսինքն՝ սեփականաշնորհում, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Սեփականությունը մնաց իշխող վարչակարգերի տիրապետության ներքո: Այստեղից էլ բխում է սեփականության գլխավոր սպառնալիքի առաջացման ընդհանրական պատճառը. իշխանության հետ ցանկացած նախանշվող հակասություն հղի է սեփականությանն ուղղված սպառնալիքով: Ավելին՝ հասկանալի դարձավ, որ իշխանության բարձր օղակներում կանգնած գործիչների դիրքերի աճող թուլացումը, սեփականատերերի կամքին հակառակ, ինքնաբերաբար նրանց ներքաշում է բարդ քաղաքական խաղերի մեջ՝ ուժեղացնելով վերջիններիս կախվածությունը քաղաքական իրադրությունից: Սեփականությունը ձեռք է բերում առանցքային քաղաքական գործառույթներ:

Հարկ էր սպասել, որ սեփականության եւ իշխանության սերտաճման մակարդակը կբարձրանար: Ինչ-որ ժամանակից ի վեր՝ քաղաքական ազատ գործունեության դաշտը պետք է կտրուկ սեղմվեր կամ իրեն լիովին սպառեր: Իշխանության ձեւավորման մենաշնորհը մնաց խոշոր սեփականատերերի ձեռքում: Այս իրավիճակը կարելի է կոչել իշխանության օլիգարխացման սկիզբ6: Նման իրադրության ամենագլխավոր բնութագիրն այն է, որ հասարակությունը զրկված է պետական իշխանության ձեւավորման հնարավորություններից:

Սրա պատճառը նույնպես պարզ է. իրեն սահմանադրական պետություն հռչակած ցանկացած հասարակություն ի վիճակի չէ ընտրությունների հիմքի վրա ձեւավորել իշխանություն, քանզի պետական պաշտոններին միշտ բռնատիրում են կողմնակի անձինք: Պետությունում ազգային իշխանություն ընտրելու ֆորմալ իրավունքի առկայությունը դեռեւս չի նշանակում ընտրություններ անցկացնելու ունակությունների առկայություն: Հասարակության մեջ այլընտրանքային հիմքով ընտրությունների անցկացման իրավական սանդղակի բացակայությունը հասարակության ընտրությունը դարձնում է կեղծիք: Հասարակությունն7 իր կամքից անկախ՝ իշխանության ձեւավորման իրավունքը տալիս է մարդկանց առանձին խմբերի կամ անձանց: Ինչ-որ պահից սկսած՝ առավելապես այդպիսին են դառնում խոշոր սեփականատերերը: Այսինքն՝ իշխանության օլիգարխացումը ոչ պակաս նաեւ հասարակության իրավագիտակցության բացակայության հետեւանք է:

Կառավարման քրեաօլիգարխիկ համակարգի առանձնահատկությունները եւ բարքերը

Այսպիսով՝ օլիգարխիկ վարչակարգը չի ընդունում իրավունքների հավասարությունը, հետեւաբար մերժում է Սահմանադրությունը եւ նենգափոխում այն «օլիգարխների օրենքով», որտեղ գերագույն արժեք է ճանաչվում ազդեցության ոլորտների բաշխմանն առնչվող նախապայմանավորված նորմերը: «Օրենքի» խախտում է համարվում ոտնձգությունը կանխապայմանավորված նորմերի նկատմամբ: Առավել մեծ խախտում է բուն սկզբունքների հանդեպ ոտնձգությունը: Վարչակարգի կողմից երկրի Սահմանադրությունը դիտվում է իբրեւ իր գոյության օրինականացման եւ գլխավորապես՝ իբրեւ օրինական պատժի մեխանիզմ:

Օլիգարխիկ համակարգի անդամներին պատժելու համակարգը կտրուկ տարբերվում է մնացած քաղաքացիներին պատժելու համակարգից, ովքեր չեն հանդիսանում համակարգի անդամներ: Օլիգարխիկ ճամբարի անդամները (պայմանավորվող եւ ծառայող) պատժվում են բացառապես օլիգարխիկ օրենքի խախտման դեպքում: Երկրի մնացած քաղաքացիները պատժվում են թե սահմանադրական նորմերի, թե օլիգարխիկ օրենքի խախտման համար: Պատժի ձեւերը կամ չեն բարձրաձայնվում, կամ ձեւական առումով ներկայացվում են սահմանադրական նորմերի լույսի ներքո:

Օլիգարխիայի սրբություն սրբոցը սեփականությունը եւ իշխանության անսասանության երաշխիքներն են: Իշխող վարչակարգի ողջ գործնական աշխատանքն ուղղված է անձնական ունեցվածքի պաշտպանության ապահովմանը: Սա ձեռք է բերվում ռեսուրսներն ու հնարավորությունները մենաշնորհելու ճա­նապարհով: Եվ պետք է ասել, որ օլիգարխիկ օրենքն ապահովում է համակարգի անդամների սեփականության եւ ձեռնարկատիրության յուրատեսակ պաշտպանություն: Սեփականատիրոջը բաժին հանված գոտիների, ոլորտների, քվոտաների նկատմամբ ոտնձգությունը դժվար գործ է: Սա պաշտպանվածության նվազագույն աստիճանն է եւ նման վարչակարգեր ունեցող երկրներում հնարավորություն է ստեղծում տնտեսական զարգացման համար:

Այստեղից, սակայն, բխում է մեկ այլ կարեւոր եզրակացություն. քրեաօլիգարխիկ վարչակարգ ունեցող երկրում ոչ մի տնտեսական զարգացում չի կարող էական ազդեցություն ունենալ իշխող էլիտայի մաս չկազմող քաղաքացիների նյութական վիճակի բարելավման հարցում: Միանգամայն տրամաբանական է նաեւ հաջորդ եզրակացությունը. երկրում կայուն տնտեսական աճի պահպանման դեպքում սոցիալական սահմանազատումն ունի խորացման միտում: Համապատասխանաբար՝ բարձրանում է նաեւ վարչակարգի բռնաճնշողականությունը. երկրում կայունություն պահպանելու այլ միջոց չկա:

Օլիգարխիկ վարչակարգերը, սկզբունքներից եւ նորմերից զատ, իրենց երկրներում պատվաստում են յուրահատուկ բարոյագիտություն, թե ինչն է «ճիշտ» եւ ինչը՝ «ոչ Ճիշտ»: Նրանք ապավինում են մարդու ստոր բնազդներին: Օլիգարխիան նպատակամիտված բարոյազրկում է հասարակությանը: Սա արդեն բխում է նրանից, որ վարչակարգի քաղաքական էությունն ուղղված է անհավասարության սկզբունքի գոյության պայմաններում հասարակության խոնարհության եւ հնազանդության հասնելուն: Սահմանադրական պետություններում նման խնդիրը դժվար է լուծել: Ֆորմալ առումով սահմանադրական պետությունում օլիգարխը միշտ ունի օրինական պետական ծառայողի դերում հանդես գալու խնդիր: Օլիգարխը միշտ ժխտում է, որ ինքն օլիգարխ է: Եվ լիովին տրամաբանական է, որ օլիգարխիայի քաղաքական գլխավոր զենքը կեղծիքի մեքենան է:

Բոլորովին պատահական չէ, որ ամբողջ աշխարհում օլիգարխիա հասկացության նկատմամբ ձեւավորվել է կայուն բացասական կարծիք: Կառավարման այլ տեխնոլոգիա օլիգարխիան չունի: Այն չի կարող գոյություն ունենալ առանց ամեն ինչ մենաշնորհելու: Օլիգարխիան, սուտը եւ բռնաճնշումներն անքակտելի են: Օլիգարխիկ վարչակարգը միաբեւեռ է: Բոլոր մենաշնորհված ռեսուրսներն ուղղված են գլխավոր քաղաքական խնդրի լուծմանը. թույլ չտալ, որպեսզի հասարակության մեջ օլիգարխիայի նկատմամբ առաջանան իրավական պահանջներ: Նման քաղաքականության հաջողության դեպքում օլիգարխիկ համակարգը կարող է իր համար երկար կյանք ապահովել:

Օլիգարխիկ վարչակարգերի «բնածին» արատավորությունը

Այսպիսով՝ քրեաօլիգարխիկ տիպի վարչակարգն ապահովում է պայմանագրի անդամների սեփականության եւ ձեռնարկատիրության պաշտպանությունը, ապահովում է դատարանների լիակատար կախվածությունը վարչակարգի կամքից, իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի կաթվածահարությունը, ինչպես նաեւ անկախ ընտրության ճնշման մթնոլորտը: Վարչակարգն ապահովում է գերազանցության անհրաժեշտ մակարդակ տեղեկատվական ազդեցության բնագավառում՝ հեռուստատեսության նկատմամբ մենաշնորհի իրավունքի միջոցով:

Քրեաօլիգարխիկ վարչակարգը ձեռք է բերում առավել մեծ կայունություն, եթե հաջողվում է ընդլայնել ստվերային պայմանավորվածությունների համակարգն ընդհուպ մինչեւ երկրում գործող բոլոր քաղաքական միավորումների մակարդակը: Այս առումով իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի արգելափակվածության երեւույթն ունի մեկ այլ համակարգաստեղծ հատկանիշ: Այս գործոնը քաղաքական կուսակցություններին զրկում է ինքնաիրացման սահմանադրական հնարավորություններից եւ խթանում է երկարատեւ ստվերային գործարքները (առեւտուր) երկրում առկա այս կամ այն քաղաքական սուբյեկտների եւ օլիգարխիկ համակարգի առանցքային դեմքերի միջեւ, որոնք ներկայանում են իբրեւ քաղաքական սուբյեկտների կենսագործունեության ապահովման գլխավոր մեխանիզմ: Եվ, ինչպես ցույց է տալիս Հայաստանի փորձը, նման գործելակերպը խթանում է կլան-կուսակցությունների ձեւավորման գործընթացը, քանզի հեշտացնում է առեւտրի պրակտիկան: Փաստացիորեն, կարելի է նշել, որ կլան-կուսակցությունները ժամանակի ընթացքում դառնում են օլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս՝ էլ ավելի կաթվածահար անելով հասարակության ակտիվությունը: Քաղաքագիտության մեջ ընդունված՝ քաղաքական ուժերի բաժանումն իշխող եւ ընդդիմադիր հատվածների այստեղ անընդունելի է:

Այս կլաններից յուրաքանչյուրը ձեռք է բերում առանձնակի դեր՝ հանդես գալով այս կամ այն կերպարով: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրեն անվանում է «այլընտրանք», Հայ ազգային կոնգրեսը՝ միակ ընդդիմություն, Դաշնակցությունը՝ կառուցողական ընդդիմություն եւ այլն: Իրականում բոլոր այս կուսակցությունները գտնվում են նույնական վիճակում, քանզի սեփական շահերի պաշտպանության նշաձողը հասցված է «իշխող կուսակցության» հետ սակարկությանը: Փաստացիորեն, Հանրապետական կուսակցության շրջանակում միավորված եւ պետական իշխանությունը բռնազավթած խոշոր սեփակա­նատերերի հետ միասին նշված կուսակցություններն ապահովում են քրեաօլիգարխիկ համակարգի լիակատար կայունությունը:

Սակայն, ինչպես ցանկացած հակասահմանադրական համակարգ, քրեաօլիգարխիկ համակարգը նույնպես պետք է ունենա բնածին արատներ՝ օժտված չնախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում սեփական կայունությունը թուլացնելու ներուժով: Նման արատը դարձյալ անհրաժեշտ է փնտրել երկրում հայտարարված սահմանադրական օրենքի եւ «օլիգարխների պայմանագրի» հարաբերությունների դաշտում: Նման իրավիճակներում ինքնադրսեւորվում է իշխանության օլիգարխիկ կառուցվածքի բնական անբավարարությունը: Հենց այս դիտանկյունն էլ ընկալման առումով ամենադժվարն է8: Կասկած չի կարող լինել, որ նշված պայմանագրի հաստատունությունը պահպանվում է շնորհիվ երկու հիմնական գործոնի. մի կողմից՝ ընտրությունների համատարած կեղծման մեխանիզմի կիրառման միջոցով եւ մյուս կողմից՝ ուժային կառույցների օգտագործման ճանապարհով, որին դիմում է նախագահի պաշտոնը զբաղեցնող օլիգարխը: Այսինքն՝ օլիգարխներից մեկն ուժային կառույցների վրա ներգործության հարցում ունի հնարավոր առավելություն պայմանագրի մնացած բոլոր անդամների համեմատ, ինչպեսեւ հնարավոր կախում պայմանագրի այլ անդամներից՝ ընտրությունների կեղծման գործում: Տարաձայնությունների պահերին կողմերից յուրաքանչյուրի՝ սեփական առավելության ցանկացած գործածումը կարող է քանդել քրեական օլիգարխիայի կառուցվածքը:

Այստեղ պետք է ընդունել, որ իրական արտահայտությամբ պետական օրենքն ունի որոշիչ նշանակություն ազդեցության ոլորտների բաժանման մասին պայմանագրի անդամների հարաբերությունները «ցեմենտելու» գործում: Սրանում է քրեաօլիգարխիկ վարչակարգի բնածին արատավորությունը: Ներհամակարգային կարգապահության լիակատար պահպանության եւ հասարակության կատարյալ ճնշվածության պայմաններում միայն կարող են ուժային կառույցները ենթարկվել վարչակարգին: Ըստ երեւույթին՝ դրանով է բացատրվում բանակի եւ ոստիկանության դուրս գալը քրեաօլիգարխիկ ենթակայության թելադրանքից ժողովրդի՝ վարչակարգի հետ դիմակայության ժամանակահատվածներում:

Այստեղ մենք կարող ենք տեսնել, թե որքան կործանարար է օլիգարխիայի համար իր կենսագործունեության մեջ պետական օրենքի ներառումը: Սահմանադրությանը դիմելու միայն մեկ միջոցի թույլատրումն արդեն բավարար է կայուն գործող քրեաօլիգարխիկ համակարգում արատավորություն ներմուծելու համար: Սրանում է օլիգարխիայի՝ որպես կառավարման համակարգի, գլխավոր թուլությունը: Սրանում է նաեւ վարչակարգերի դեմ ժողովրդական շարժումների հաջողության գրավականը9 (ի դեպ, սա կիրառելի է դիկտատորական վարչակարգերի բոլոր տեսակների նկատմամբ): Ասվածը նաեւ վերաբերում է քաղաքական կուսակցություններին, որոնք ստիպված են ժողովրդի՝ վարչակարգի հետ դիմակայության ժամանակահատվածներում հրաժարվել իշխանության հետ գործարքներից եւ պաշտպանել հասարակության պահանջները (դիմակայության պայմաններում կուսակցությունները ստիպված են դիմել Սահմանադրությանը):

* * *

Ամփոփելով՝ վերադառնանք հոդվածի սկզբում նախանշված «վարչակարգի հեռացման» եւ Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու խնդրին եւ ներկա պահին առաջ քաշված քաղաքականությանը համապատասխանող հասկացություններին: Եվ այստեղ համոզիչ պետք է լինի պնդումն առ այն, որ կարգի լայնածավալ հաստատման խնդիրը հանգում է հասարակական-քաղաքական եւ տնտեսական կյանքում անհավասարության սկզբունքն աջակցող մեխանիզմների ապամոնտաժմանը: Տվյալ դրսեւորմամբ այն նշանակում է ուղեգիծ՝ միտված խոշոր սեփականատերերին նրանց բռնատիրած քաղաքական իրավունքներից զրկելուն՝ ի պատասխան արդարադատության գործարկման միջոցով նրանց սեփականության պաշտպանության երաշխիքների ստեղծման: Այսինքն՝ օլիգարխացված բուրժուազիայից վերցվում են իրավունքները՝ հօգուտ այս իրավունքներից անօրինական կերպով զրկված քաղաքացիների: Սխալ է սա անվանել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Ավելի շուտ մենք գործ ունենք իրավունքների վերաբերյալ համազգային բանավեճի եւ իրավահավասարության օրինականացմանն ուղղված քաղաքացիական կազմակերպված շարժման հետ:

Սեփական կամքով ոչ մի օլիգարխիա թույլ չի տա փոխել երկրի գործունեության ստվերային օրենքը: Անցումը դեպի սահմանադրական նորմեր կարող է նշանակել միայն քաղաքական ասպարեզից՝ առաջին հերթին քաղաքական իշխանության ինստիտուտներից խոշոր սեփականատերերի հեռացում: Սա հնարավոր է միայն հասարակությունում բավարար չափի իրավագիտակցության, ինչպես նաեւ քաղաքական կազմակերպությունների կողմից պետական իշխանություն ձեւավորելու սեփական իրավունքի իրացման նպատակով օրինական պահանջներ ներկայացնելու կարողությունների երեւան գալու դեպքում: Օրենքին ենթարկվելու մասին վերջնագիր ներկայացնելով՝ հասարակությունը կուսակցություններին, ուժային կառույցներին եւ օլիգարխներին դնում է ընտրութ­յան առջեւ. կամովին ենթարկվել Սահմանադրությանը կամ ենթարկվել հարկադրանքի միջոցների կազմակերպված քաղաքացիական շարժման կողմից:

Ըստ էության՝ սահմանադրական կարգ հիմնելու գործընթացը հանգում է երկրում այնպիսի իրավիճակի առաջացմանը, որտեղ ուժային կառույցները հայտնվում են երկընտրանքի առջեւ. պաշտպանել իրավական վեճի այս կամ այն կողմին՝ ի դեմս վարչակարգի կամ կազմակերպված ժողովրդին: Նման իրավիճակ կարող է առաջացնել միայն կազմակերպված անկուսակցական քաղաքացիական շարժումը: Խնդրի ճիշտ ձեւակերպման եւ վարչակարգին չենթարկվելու ոչ բռնի մեթոդների ճիշտ ընտրության դեպքում, ինչպես ցույց է տալիս հաջողված շարժումների փորձը, տեղի է ունենում գործող վարչակարգից քաղաքական եւ ուժային կառույցների անջատման գործընթացը, ինչին հաջորդում է նրանց անցումը կազմակերպված քաղաքացիների կողմը: Միաբեւեռ քաղաքական համակարգի հիմքերը ինքնալուծարվում են: Համակարգը մեկուսանում է եւ կանգնում փլուզման վտանգի առջեւ: Օլիգարխիկ օրենքը կորցնում է սեփականությունը եւ օլիգարխայի քաղաքական դիրքերը պաշտպանելու հատկությունը: Վերջիններիս մնում է միայն դիմել Սահմանադրությանը՝ այդպիսով ընդունելով սեփական գոյության անօրինականությունը եւ հասարակության պահանջների իրավացիությունը:

ՀՂՈՒՄՆԵՐ

1 2013թ. ապրիլի 19-ին Երեւանում հրավիրված քաղաքացիական ժողովում ընդունվեց Հռչակագիր, որում ասվում է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, սույնով մերժում ենք գործող իշխանակարգը… : Մենք չենք ճանաչում նոր վարչակազմի իշխանությունը եւ այսօր հավաքվել ենք՝ ուղենշելու միասնական այս գործընթացի սկզբունքները, որը կհանգեցնի նրա ինքնահրաժարմանը, այնուհետեւ՝ մեր ազգային վերածննդի կենսակոչմանը»:

Տես՝ http://www.raffi4president.am/component/content/article/2-news/107- 190413?lang=hy#«նոր-հայաստան»-շարժման-հռչակագիրը

2 Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկումը հանգում է հետեւյալին. «Մեր խնդիրն է՝ իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Ես սրա մասին խոսել եմ դեռեւս 2008-ի նախընտրական շրջանում: Շատերն ինձ կշտամբեցին, թե տեսեք՝ ինչ է ասում՝ բուրժուադեմոկրատական: Մոռանալով, որ ամբողջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է հենց բուրժուադեմոկրատական հեղափոխության շնորհիվ: ... Մեր խնդիրը սա է: Իսկ ի՞նչ է նշանակում բուրժուադեմոկրատական հեղափոխություն. այստեղ էլ խոր իմաստ պետք չէ որոնել: Ընդամենը մի բան, որ արտադրողական ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն: Ժամանակին դա ֆեոդալական կապանքներն էին, այսօր էլ մեզ մոտ ավազակապետական կապանքներն են, ոչ մի տարբերություն: Մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա»:

Տես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում http://www.ilur.am/news/view/12204.html

3 Տես, օրինակ՝ «Նոր Հայաստանի» երկընտրանքը» հոդվածը http://hetq.am/ arm/news/25792/nor-hayastani-erkyntranqy.html

4 Տես՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի 2008թ. արտահերթ հրապարակային զեկույցը՝ http://ombuds.am/library/ library/page/101/type/3

5 Աշխարհում տարբեր դարաշրջաններում պետության օլիգարխացման գործընթացն ունի բազում օրինակներ: Նույնիսկ այնպիսի պետությունում, ինչպիսին ԱՄՆ է, 19-րդ դարի երկրորդ կեսին խոշոր սեփականատերերի էքսպանսիան երկրի սահմանադրական կարգը դրեց վտանգի տակ՝ նախագահներին ստիպելով գլխավորել նման դիկտատից ազատագրելուն ուղղված հիրավի ժողովրդական շարժումներ: Մասնավորապես՝ նախագահ Թեոդոր Ռուզվելտը նոր լիցք հաղորդեց ժողովրդավարական ալիքին՝ 1902թ. պատերազմ հայտարարելով «բարոն-կողոպտիչներին»: Հայտնի են նրա խոսքերն առ այն, որ «Ոչ մի ուրիշ երկրում այսպիսի անսահմանափակ իշխանություն չեն ունեցել նրանք, ովքեր տիրապետում են հսկայական կարողության: Կառավարությունը գործնականում անզոր է: Բռնատիրության բոլոր ձեւերից ամենանվազ գրավչություն ունեցողը եւ ամենագռեհիկն անթաքույց հարստության բռնապետությունն է, պլուտոկրատիայի բռնատիրությունը»: http://archive.russia-today.ru/2003/ no_22/22_parallels_1.htm

20-րդ դարի 90-ական թթ. Ռուսաստանում փոքր-ինչ այլ տրամաբանությամբ իրեն դրսեւորեց օլիգարխացման երեւույթը: Ազգային ռազմավարության հարցերի խորհրդի կարծիքով, որն արտահայտված էր վերջինիս կողմից հրապարակված «Պետություն եւ օլիգարխիա» զեկույցում. «Օլիգարխը որոշակի իշխանական համակարգի սուբյեկտ է, որը Ռուսաստանում ձեւավորվել է 20-րդ դարի վերջին տասնամյակի ընթացքում: … Այս առումով ռուս օլիգարխը բոլորովին էլ պարտավոր չէ լինել բիզնեսմեն. նա ֆիզիկական անձ է, ով բավարարում է իշխող կաստայի (իշխող խավի) որոշակի չափանիշներ: Օլիգարխների քանակը ժամանակի ընթացքում չի փոփոխվում, այսօր հնարավոր չէ օլիգարխ դառնալ առանց բոլորի համաձայնության կամ նվազագույնը՝ օլիգարխիկ պուլի (իշխող խավի) որակյալ մեծամասնության կողմից»: Տես՝ «БАРОНЫ – ГРАБИТЕЛИ» В США XIX - XX вв. - ОЛИГАРХИ В РОССИИ XX- XXI вв. http://liberty-belarus.info/Kapitalizm-dlya-lyuboznatelnyh/BARONY-GRABITELI-V-SSHA-XIX-XX-vv-OLIGARHI-V-ROSSII-XX-XXI-vv.html

6 Հայաստանում իշխանության օլիգարխացման ծագումնաբանությունը բավական մանրամասն բնորոշված է ՌԱՀՀԿ փորձագետների համատեղ «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» աշխատության մեջ: http://acnis.am/publications/2010/The%20Key%20Issues%20of%20Building%20a%20Constitutional%20 State%20in%20Armenia.pdf (էջ 43-49)

7 Քաղաքական կառույցների օլիգարխացմանը նպաստող հասարակության քաղաքական անգործունակությունն, իբրեւ գործոն, Ռոբերտ Միխելսի (1876—1936) կողմից 1911թ. առաջին անգամ ձեւակերպված «օլիգարխիայի երկաթյա օրենքը» հայտնի տեսության մեջ նշված իշխանության օլիգարխացման երկու պատճառներից մեկին է դասվում: Տեսության հեղինակն առանձնացրել է հետեւյալ հատկանիշները, որոնք նպաստում են հասարակության քաղաքական անգործունակությանը. «… զանգվածային բնակչի հոգեբանական հատկությունների ամբողջությունը. քաղաքական անտարբերություն, անձեռնահասություն, ղեկավարվելու անհրաժեշտություն, առաջնորդների նկատմամբ երախտագիտության զգացում, առաջնորդների նկատմամբ անհատի պաշտամունքի ձեւավորում…»:

Տես՝ Михельс Р., «Социология политических партий в условиях демократии», «Диалог», 1990, №№ 5-9, 1991, №4 (էլ. տարբերակ՝ http:// www.read.virmk.ru/m/Mixels.htm, http://www.gumer.info/bibliotek_Buks/Polit/ Hrestom/58.php):

Թեպետ Միխելսի կողմից արված տեսական եզրակացությունները, առաջին հերթին՝ բուն օլիգարխիայի բնութագիրը այդքան համոզիչ չեն, հասարակության հատկանիշների որոշիչ դերի բուն փաստը քաղաքական կառույցների այլասերման գործում միանգամայն համոզիչ է:

8 Օլիգարխիկ վարչակարգի «բնածին արատավորության» համոզիչ պատճառ է ձեւակերպել Ե.Խոլմոգորովը. «Որքան էլ որ մեկուսացած եւ կաստայական լինի օլիգարխիան, այն ինքնին իշխանության ինքնուրույն եւ ինքնաբավ տեսակ չէ, քանզի օժտված չէ ինքնիշխանությամբ… Սակայն ոչ մի ժամանակ, ոչ մի տեղ եւ ոչ մեկն օլիգարխիային չի կարող վերագրել իշխանության հատկանիշներ, որոնց աղբյուրներն առկա են իր մեջ: Սա կամ օլիգարխիա է միահեծան իշխանության, կամ ժողովրդի իշխանության օրոք… Սա նշանակում է, որ չլինելով ինքնավստահ՝ օլիգարխիան միշտ կախում ունի մանդատից, որը տրվում է նրան դրսում ինքնիշխանության կրողներից: … Օլիգարխիան միշտ քաղաքական օրգանիզմի ուռուցքն է՝ բարորակ կամ չարորակ կամ էլ մեկից մյուսն անցնող, սակայն օրգանիզմ չէ»:

Տես՝ Егор Холмогоров, «Взбесившаяся олигархия» http://www.apn.ru/publications/article25702.htm

9 Դիկտատուրաների տապալմանը միտված քաղաքացիական շարժումների օրինակները ցույց են տալիս, որ հենց ոստիկանության եւ բանակի՝ հասարակության կողմն անցնելու երեւույթը գլխավոր եւ որոշիչ պահն է այս շարժումների հաջողության գործում: Չիլիում (1988թ.) ուժային կառույցների անցումը ժողովրդի կողմը, Սերբիայում (2000թ.) ոստիկանության անցումը երիտասարդական շարժման կողմը եւ Թունիսում (2011թ.) բանակի անցումը ժողովրդի կողմը կազմակերպված հասարակության եւ վարչակարգի միջեւ վեճի առաջացման ժամանակահատվածներում՝ վարչակարգերի անզորության համոզիչ ապացույցներ են. դիմակայության գագաթնակետին սկսում է աշխատել Սահմանադրությունը: Նման անցման տրամաբանությունն այն է, որ վարչակարգի կողմից ուժային կառույցների ներգրավումը մասշտաբային հակաօրինական գործողությունների մեջ այս կառույցների աչքում վարչակարգին դնում է օրենքից դուրս: