հոդվածներ

Շուշիի պատմական գործոնը| քաղաքական հայեցակետեր

Հայկական զորքերի կողմից Շուշի քաղաքի ազատագրման քսանամյակի նախաշեմին առկա է ոչ միայն այս իրադարձության նշանակության գիտակցման, այլեւ պատմական կտրվածքով հայ ժողովրդի համար բերդաքաղաքի ճակատագրական քաղաքական կարեւորության բացահայտման անհրաժեշտությունը:

Այս խնդրի կարեւորությունը թելադրված է նրանով, որ կատարված հետազոտությունները մեզ հանգեցրել են հայ ժողովրդի պատմության ներկա փուլի ըմբռնման համար մեծ կարեւորություն ունեցող մի շարք եզրահանգումների: Այդ եզրահանգումները մեզ թույլ են տալիս պատշաճորեն գնահատել 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի` հայկական հսկողության ներքո անցնելու փաստի քաղաքական նշանակությունը:

Ներկայիս Շուշի քաղաքն, իհարկե, առավել հաճախ առնչվում է «կործանված դրախտի» վերականգնման՝ քաղաքի նախկին մշակույթի եւ մեծության վերընձյուղման երազանքների հետ: Սակայն, բոլոր ժամանակաշրջանների հետազոտողները հակված էին ընգծելու Շուշի բերդաքաղաքի ռազմավարական նշանակությունը ոչ միայն հայ, այլեւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ճակատագրերի համար: Այս գաղափարն այնքան խոր է ներթափանցել մեր գիտակցության եւ մեր բառապաշարի մեջ, որ հազվագյուտ անձանց մոտ է առաջանում Շուշիի բուն ռազմավարական նշանակության մասին հարցը: Հարցին պատասխանել փորձած մարդիկ սովորաբար վկայակոչում էին երկու բոլորովին անհամոզիչ փաստարկներ, որոնք Շուշի բերդաքաղաքի ռազմավարական նշանակությունը բխեցնում էին հետեւյալ հանգամանքներից.

ա. Բերդը գտնվում էր Նախիջեւանի եւ Արարատյան դաշտավայրի պատմական քաղաքներ` Դաշտային Ղարաբաղում գտնվող Պարտավ (Բարդա) քաղաքի հետ միացնող հաղորդակցային ուղու վրա,

բ. Բերդը ժամանակին ամենաանմատչելին ու պաշտպանվածն էր:

Այս բնութագրումներն, այնուամենայնիվ, բավականին միամիտ են` հայ ժողովրդի համար Շուշիի բուն ռազմավարական էությունը բացահայտելու համար: Նախ` Շուշիի բերդով անցնող եւ հիշյալ պատմական նահանգներն ու քաղաքները միացնող ոչ մի նշանակալից հաղորդակցային ուղի գոյություն չի ունեցել: Զանգեզուրից Ղարաբաղ քիչ թե շատ անցանելի առաջին ճանապարհը կառուցվել է 19-րդ դարի ավարտին` ռուսաստանյան տիրապետության օրոք:

Երկրորդը` բերդի առանձնահատուկ պաշտպանվածությունը եւ պաշտպանական կառույցների ամրակուռ լինելը կարող են սակավ առնչություն ունենալ նրա ռազմավարական լինելու փաստի հետ, քանի որ գոյություն ունեցած բոլոր բերդերն իրենց բնույթով իսկ պետք է օժտված լինեին պաշտպանվածության նման հատկանիշներով:

Ուստի՝ անմատչելի ժայռերի վրա գտնվող բերդի բազմադարյա հզորության, ապա նաեւ Կովկասում ամենազարգացած քաղաքներից մեկի ռազմավարական կարեւորության պատճառները հարկ է որոնել այլուր: Շուշին ողջ պատմության ընթացքում չի եղել Արեւելյան Հայաստանի տարածքում ուշ միջնադարում եւ պատմության նոր շրջանում գործած բազմաթիվ բերդերից սոսկ մեկը: Ընդհակառակը՝ ուսումասիրությունները թույլ են տալիս հաստատել, որ Շուշին եղել է (եւ շարունակում է մնալ) ոչ սովորական քաղաքական սուբյեկտ, որի դերը դեռեւս հիմնավորապես չի գիտակցվել եւ որի նշանակությունը տարածաշրջանի ճակատագրի համար դեռեւս կարոտ է առանձնահատուկ գնահատման:

Կան բավական հիմքեր հաստատելու համար, որ 1752 թ. իր հիմնադրումից ի վեր ընդհուպ մինչեւ 1992 թ. Շուշին Ղարաբաղում եւ նրա սահմաններից շատ հեռու եղել է օտարամուտ իշխանության հենակետ: Ողջ պատմության ընթացքում այդ իշխանության գործադրման մեխանիզմը Շուշիի բերդը (ապա նաեւ` քաղաքը) վերածել է երկրամասի հայ բնակչությանը ստրկացնելու գործիքի: Ընդհուպ մինչեւ հայկական հսկողության ներքո անցնելու պահը Շուշին չէր կորցնում հայ բնակչության վրա իշխանություն հաստատելու գործառույթը: Հետեւաբար՝ 1992 թ. սույն գործիքի վերացումը պետք է վկայի տարածաշրջանում քաղաքական շահերի բաշխման մեջ տեղի ունեցած նշանակալից փոփոխությունների մասին:

Շուշիի քաղաքական գորոծոնի էության ճիշտ ընկալումը կարող է ընձեռել մեզ Հարավային Կովկասում (պայմանականորեն օգտագործում ենք ժամանակակից եզրույթը) արդի սոցիալ-քաղաքական գործընթացների տրամաբանության բացահայտման բանալի: Այս նպատակով ստորեւ մենք համառոտակիորեն բնութագրելու ենք օտարամուտ իշխանության գործադրման վերոնշյալ մեխանիզմի պատմական էությունը եւ Շուշիի դերը՝ սույն մեխանիզմի գործողությունների իրականացման մեջ:

Առավելագույն հետաքրքրություն մեզ համար ներկայացնում են հետեւյալ դասագրքային պատմական փաստերը.

– Շուշիի բերդի հիմնադրումը վերաբերում է Կովկասում Պարսկաստանի ազդեցության նվազման շրջանին, երբ կենտրոնական իշխանությունը կարճ ժամանակահատվածով (18-րդ դարի կեսերին) կաթվածահար է եղել գահակալական ներքին պայքարի հետեւանքով,

– Շուշիի բերդն ի հայտ է եկել Արցախի ազդեցիկ մելիքներից մեկի՝ Մելիք-Շահնազարի եւ թուրքական քոչվոր ցեղերից մեկի ցեղապետ՝ Փանահի դաշինքի արդյունքում: Դաշինքը կայացել է 1752 թ.՝ երկրամասի հինգ մելիքների միջեւ ծագած ներքին առճակատման շրջանում: Դաշինքը հետապնդում էր միասնական ուժերով այլ մելիքներին սեփական իշխանությանը հնազանդեցնելու նպատակ:

– Փանահը Պարսկաստանում կենտրոնական իշխանության թուլացմանը նախորդած շրջանում եղել է պարսից արքունիքի սպասավոր, ապա՝ հիշյալ քոչվոր ցեղի նախկին ցեղապետին խարդավանքներով տապալած պարագլուխ:

– Դաշնակիցների համատեղ գործողությունների արդյունքում ողջ Արցախը հայտնվել է Շուշիի բերդի իշխանության տակ: Պարսից իշխանությունները ճանաչել են Փանահի որդի Իբրահիմի խանական տիտղոսը՝ դրանով իսկ օրինականացնելով եւ հաստատելով Արցախի վրա իր ունեցած իշխանությունը:

Այսպիսով, 18-րդ դարի երկրորդ կեսին Հարավային Կովկասի կենտրոնական գոտում Պարսկաստանը խրախուսել է իր իշխանության իրականացման նոր մեխանիզմը, որտեղ գլխավոր գործիքի դերը պատկանում էր Շուշիի բերդին: Հայ բնակչությունը դրվել է մահմեդականների արտաքուստ աջակցվող իշխանության ներքո: Շուշիի բերդի ռազմավարական իմաստը բացատրվում է հենց այս հանգամանքով: Տվյալ մեխանիզմը գործում էր մինչեւ 1828 թ., երբ պարսիկները Հարավային Կովկասը զիջել են Ռուսաստանին: Սակայն Շուշիի բերդի գլխավոր գործառույթը փոփոխություն չի կրել: Ինչպես ցույց է տվել ժամանակը, արտաքին վերահսկողության նման մեխանիզմին աջակցելը ձեռնտու էր տարածաշրջանում շահեր ունեցող յուրաքանչյուր տերության համար:

Ռուսաստանի տիրապետության օրոք օտարամուտ իշխանության կառուցվածքը փոփոխություն չի կրել: Ռուսական վարչակազմը «ժառանգել» է կայացած իշխանության կառուցվածքը եւ նախկինի պես հայ բնակչության վրա իշխանությունն իրականացվում էր մահմեդականների արտոնյալ շերտի միջոցով: Փոխվել է միայն իշխանության ձեւը. ռազմաքաղաքական մեխանիզմը փոխարինվել է տնտեսականով: Համառոտակիորեն նկարագրենք, թե ինչպես է իրականացվել տվյալ փոփոխությունը:

Հողային քաղաքականությունն իրականացնելու ժամանակ Ղարաբաղի գավառի հողերի մեծագույն մասը հատկացվել է խանական գերդաստանի անդամներին եւ բազմաթիվ սովորական մահմեդականներին: Մահմեդականների այս ենթաշերտը ստացել է բեկի կարգավիճակ: Համարյա բոլոր հայկական գյուղերը որպես սեփականություն տրվել են Շուշիի բերդում բնակվող մահմեդական բեկերին: Պահպանվել է ողջ Լեռնային Ղարաբաղի կախվածությունը Շուշիից, որը շարունակում էր պահպանել իշխանություն իրականացնելու գործիքի գործառույթը: Ողջ Դաշտային Ղարաբաղի ֆինանսական հնարավորությունները հոսում էին դեպի Շուշի՝ հիմք ընձեռելով ծաղկուն քաղաքի առաջացմանը: Սակայն անգամ 19-րդ դարում՝ Շուշի քաղաքի ծաղկման ժամանակաշրջանում, երբ բերդի դերը վերջնականապես սպառվել է եւ զարգացել քաղաքը, սեփական մշակույթը զարգացնելու լայն հնարավորություններ ստացած հայերն, այնուամենայնիվ, շարունակում էին մնալ տնտեսապես ստորադասված, քանի որ երկրամասի բոլոր ֆինանսատնտեսական հնարավորությունները կենտրոնացած էին մահմեդական բեկերի դասի ձեռքերում: Իրավիճակն այդպիսին է մնացել անգամ այն ժամանակ, երբ հայկական կապիտալը գերիշխող է դարձել Հարավային Կովկասի բոլոր գլխավոր քաղաքային կենտրոններում:

Ոչինչ չի փոխվել նաեւ հաջորդ ժամանակաշրջանում: Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաստատումից հետո Շուշիի ավանդական դերը նույնպես պահպանվել է: Իշխանության գործադրման մեխանիզմը ձեռք է բերել անգամ ավելի համապարփակ ձեւ, ձեւավորելով կառավարման նոր արդյունավետ լծակ՝ Հարավային Կովկասում նոր խորհրդային իշխանության համար: Լեռնային Ղարաբաղի կառավարումն իրականացվում էր վերջինիս վրա Ադրբեջանի վերահսկողությունը հաստատելու միջոցով, որը Մոսկվային ընձեռում էր հայերի եւ ադրբեջանցիների վրա անթերի ճնշման լծակ ունենալու հնարավորություն: Այսպիսի մեխանիզմի պարագայում 1923 թ. ԼՂԻՄ կազմի մեջ մտցված Շուշին կրկին դարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա վերահսկողություն հաստատելու նոր գործիք, այս անգամ արդեն՝ Ադրբեջանի կողմից: Քաղաքը դարձել է ԼՂԻՄ գերազանցապես ադրբեջանաբնակ առանձին վարչական շրջանի կենտրոն: Այս հանգամանքը խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում Ադրբեջանին թույլ է տվել իրականացնել հակահայկական միջոցառումների մի ողջ համալիր:

Վերոբերյալ կարճ բնութագրումը բավականին համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Շուշի բերդաքաղաքի գլխավոր գործառույթը վերջինիս պատմության ողջ ընթացքում եղել է տարածաշրջանում իշխանություն իրականացնելու գործառույթ: Այս կապակցությամբ բերդը հայ ժողովրդի սոցիալական կազմակերպման համակարգում մշտապես դիտվել է որպես օտարամուտ տարր: Հավանաբար, հենց այս հանգամանքը դարերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում առաջացրել է Շուշիի կերպարի ընկալման կայուն բացասական կարծրատիպեր: Անգամ 90-ականների սերնդի գիտակցության մեջ Շուշին ընկալվում էր որպես «թշնամու միջնաբերդ»:

Վերոշարադրյալ փաստերի առնչությամբ հարց է ծագում. ի՞նչ եզրահանգումներ կարող են լինել 1992 թ. մայիսին Շուշիի հայկական լիակատար վերահսկողության ներքո անցնելու փաստի առնչությամբ:

Նախ՝ կարելի է արձանագրել այն փաստը, որ ներկայումս ամբողջապես վերացված է հայերի վրա իշխանություն հաստատելու նկարագրված ավանդական մեխանիզմը: Միաժամանակ, տեղի է ունեցել Հարավային Կովկասում իշխանության իրականացման մեխանիզմի որակական վերափոխություն. ի դեմս ղարաբաղյան հակամարտության ի հայտ է եկել իշխանություն իրականացնելու նոր մեխանիզմ: Հասկանալի է, որ արտաքին հետաքրքրությունը բազմադարյան գործիք Շուշիի հանդեպ վերջնականապես կորսվել է, ինչն, առաջին հերթին, վկայում է Ռուսաստանի դիրքորոշումների արմատական փոփոխության օգտին: Ռազմական հակամարտության ի հայտ գալը՝ որպես տարածաշրջանի վրա վերահսկողություն հաստատելու նոր ձեւ, Շուշիին է վերապահվել հակամարտության կողմերի վրա դիվանագիտական ճնշումներ իրականացնելու ավելի սահմանափակ դեր: Այժմ արդեն ոչ թե Շուշին ինքը, այլ իր առասպելն է օժտված իրական ուժով՝ տարածաշրջանի ժողովուրդների եւ այնտեղ շահեր ունեցողների միջեւ փոխհարաբերություններում:

Չպետք է կարծել, որ Շուշիի նոր դերն ավանդականից նվազ արդյունավետ է: Առնվազն այն կենտրոնական տեղը, որը Շուշիի խնդիրը զբաղեցնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, տարակուսելու առիթ չի թողնում: Ակնառու է նաեւ շահագրգիռ տերությունների՝ տարածաշրջանի ժողովուրդների փոխհարաբերությունների ոլորտում անլուծելի խնդիրների հեռանկարային մոդելներ ներդնելու ցանկությունը: Նշված դիվանագիտական միտումների շարունակության դեպքում Շուշիի խնդիրը կարող է դառնալ հայ ժողովրդի նոր «գլխացավը»:

Համենայն դեպս, այսօր մենք հնացած աշխարհաքաղաքական մեխանիզմների սպառման եւ նորերի առաջացման ականատեսն ենք: Արեւելյան Հայաստանի տարածքում օտարամուտ իշխանության կարեւորագույն հենակետերից մեկի վերացումը մեր ժամանակների ակնառու առաջին դրսեւորումն էր: Այս դրսեւորումը վկայում է տարածաշրջանի գործերում ուժերի նոր դասավորության եւ հայկական գործոնի համար ավելի նպաստավոր նոր քաղաքական կարգավիճակի ձեւավորման մասին: Այսուհանդերձ, մշտապես պահպանվում է հին խնդիրները նոր առասպելների վերափոխելու միտում՝ հարավկովկասյան տարածաշրջանում անզուսպ օտար շահերը սպասարկելու համար: