Ամեն կողմ փորձում է բոլորին կոտրել-դնել տակը
Քոչարյանի «հայտնությունը» որոշակի մեսիջներ էր իշխանական համակարգի ուժերին ուղղված, եւ, ըստ երեւույթին, հենց դրա հետ է կապված այն թոհուբոհը, որն ստեղծվել է իշխանական համակարգում: Իրենք ավելի լավ են էդ լեզուն հասկանում...
Երկրորդ նախագահն այդպիսով խոսում է իր նախկին կամ ներկայիս զինակիցների հետ, ինչ-որ առաջարկներ կան՝ ըստ երեւույթին, որովհետեւ Հանրապետական կուսակցության կողմից անմիջապես որոշակի դիրքորոշումներ ցուցաբերվեցին... Այնպիսի տպավորություն է, որ իշխող կուսակցությանը փորձում են համոզել՝ այս կամ այն դիրքորոշումն ընդունել:
Ամեն մեկը մի տեղից դուրս է գալիս եւ հայտարարում, որ՝ մեր կուսակցության տերը մենք ենք, մեր լիդերը մերն է. կարծես թե լիդերության հարց կա, դրա մասին, իրենցից անկախ, ինֆորմացիա են տալիս... Փորձեր կան՝ կողմնորոշման բերել, եւ բնական է, որ Ծառուկյանի կուսակցության համագումարում ինչ-որ հստակեցումներ կմտցվեն (գուցե հենց դրա համար են խոսակցությունները, որ այդ կուսակցությունն ինչ-որ որոշում կարողանա ընդունել):
Այսինքն՝ եթե շատերի մոտ տպավորություն կար, որ Ծառուկյանը փորձում է Քոչարյանի հետ միասին առանձին ճամբար ստեղծել, այսօր լրիվ ուրիշ պատկեր բացվեց՝ որ ոչ թե իշխանական երկու ճամբարի խնդիր կա, այլ, ընդհանրապես, ամբողջ իշխանական համակարգը՝ բոլոր քաղաքական ուժերին բերել մի ընդհանուր որոշման:
Թե ինչքանով են այդ խաղերն իրար հետ պայմանավորված կամ առանձին են դրանք արվում՝ շուտով կերեւա: Չնայած՝ իշխանության մեջ մի կողմից մյուս կողմը թեքել-դնելը ոչ մի էական փոփոխություն չի բերի: Քոչարյանի հետ գալ-չգալու խնդիրն էլ կա-չկա՝ էական չէ: Այս նոր իշխանությունն ինչքանո՞վ էր տարբերվում նախորդից, որ հիմա վերադարձնի Քոչարյանին, ի՞նչ կարող է փոխվել դրանից: Մի որակի մեջ է ամեն ինչը:
Այն, թե ԲՀԿ-ն դուրս կգա՞ կոալիցիայից՝ հայտնի չէ: Հիմա առաջարկներ են արվում, էդ առաջարկներից էլ կախված է ամեն ինչ, իրենք էլ չգիտեն՝ դուրս կգա՞ն, թե՞ չէ: Ո՞վ գիտի, կարող է էդ բոլոր կուսակցությունները հանկարծ հավաքվեն մի դահլիճում, իրար ծափահարեն, եւ լրիվ հակառակը լինի: Ձգտումներ կան, ինչ-որ դիրքորոշումներ կան, բայց...
Ամեն կողմը փորձում է բոլորին կոտրել-դնել տակը՝ այդպիսի տպավորություն կա: Սարգսյանն անընդհատ իր ուլտիմատումները դնելով՝ փորձում է բոլորին բերել մի միասնական ճամբար, հիմա կամ պիտի ճամբարներն առանձին լինեն, կամ ուրիշ տեղ ուրիշ ճամբար ստեղծվի: Բայց իրականում ի՞նչ կստացվի... կյանքն ավելի հարուստ է, քան այդ ձգտումները, եւ ձգտումներով չի ստեղծվում քաղաքականությունը: