հոդվածներ

Լեռնային Ղարաբաղ| ստատուս-քվոյի միջազգային հարաչափերը փոխվում են

2010-06-10

Ընդունված է կարծել, որ Հարավային Կովկասում քաղաքական կացությունը կրել է զգալի փոփոխություններ՝ 2008թ. օգոստոսին ռուսական զորքերի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածք մտնելուց եւ Ռուսաստանի կողմից այդ սուբյեկտների անկախությունը ճանաչելուց հետո: Վիճարկել այդպիսի կարծիքն անիմաստ է: Սակայն փոփոխությունների ողջ էությունն առնչել հակամարտության գոտում մինչօգոստոսյան ստատուս-քվոյի փոփոխությանը` նույնպես ճիշտ չէր լինի. այսպիսի մոտեցումը շատ պարզեցված է թվում: Ավելի շուտ, Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները միջազգային անվտանգության համակարգի նկատմամբ առաջատար գերտերությունների վերաբերմունքի արմատական փոփոխության հետեւանք են: Մասնավորապես՝ նկատի ունենք Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի հակամարտային գոտիների հանդեպ մոտեցումների փոփոխությունը:

Ասվածի անմիջական վկայությունը նույն 2008թ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման ակնթարթորեն սկսված գործընթացն էր: Ադրբեջանի բացասական արձագանքը հարուցած գործընթացը փոխել է ոչ միայն Հարավային Կովկասին հարակից տարածաշրջանային տերությունների փոխհարաբերությունները, այլեւ ամբողջապես ձեւափոխել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ միջազգային պայմանները: Այդ նույն հանգամանքն օրակարգային է դարձրել հակամարտության գոտում ստատուս-քվո պահպանող միջազգային հարաչափերի (պարամետրերի) որակական ձեւափոխությունների շուրջ բանավեճը: Որպես նկարագրվող փոփոխությունների խորհրդանշական արտահայտություն կարող ենք համարել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի սույն թվականի մայիսին արած այն հայտարարությունը, թե 2008թ. սեպտեմբերին Երեւան իր կատարած այցով նա «վերջ է դրել» Լեռնային Ղարաբաղում եղած ստատուս-քվոյին: Թեեւ այդ հակամարտության գոտու տարածաշրջանային հարաչափերի մեջ ոչ մի փոփոխություն չկա, Թուրքիայի նախագահի հայտարարությունն արտացոլում է Հարավային Կովկասում սկսված քաղաքական փոփոխությունների խորքային էությունը:

Ներկայումս Հարավային Կովկասի ողջ քաղաքական կյանքը կրում է երկու աճող քաղաքական միտումների կնիքը: Դա Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության աշխուժացումն ու Թուրքիայի եւ Իրանի նկատելի մերձեցումն է: Փաստորեն, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման սառեցված գործընթացը նպաստել է տարածաշրջանում իր այդ երկու հարեւանների հետ Թուրքիայի մերձեցմանը: Ընդսմին, վերջին հանգամանքը վճռական ազդեցություն է գործել Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային գործընթացների բնույթի վրա: Ակներեւ է, որ գլխավոր միջնորդական կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, սկսել է պասիվություն դրսեւորել: Վերջինիս ի հակակշիռ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային դիվանագիտական գործընթացներում աշխուժացել է Թուրքիայի դերը: Դա արտացոլվում է Հայաստանի հաշվին Ռուսաստանին գործարքի մղելու Թուրքիայի փորձերի մեջ: Նպատակը միանգամայն հստակ է՝ ամենակարճ ժամկետներում վերականգնել Ադրբեջանն իր հռչակված սահմաններում: Թուրքիան առաջ է քաշել ԼՂՀ շուրջ գտնվող տարածքներից հայկական զորքերի դուրսբերման պահանջը՝ որպես նախապայման Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման: Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական-դիվանագիտական կացության մեջ հայտնվել է նոր գործոն՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի օգտին կարգավորելու Թուրքիայի բացահայտ հայտը:

Նոր ուղեգիծը Թուրքիայի կողմից որդեգրվել է 2009թ. հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման երկու արձանագրությունների հարցում համաձայնության գալուց հետո: Այս ուղեգծի ջատագովությունը լավագույնս արտացոլված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2010թ. հունվարի 15-ի այն հայտարարության մեջ, ըստ որի «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության պատճառով եւ, որպեսզի մենք գնանք սահմանի բացմանը, պետք է հաստատվի խաղաղություն եւ վերջ դրվի ադրբեջանական տարածքների բռնազավթմանը: Եվ եթե Երեւանն, իրոք, կամենում է մեզ հետ հարաբերությունները բարելավել, ապա նախ նա պետք է դուրս գա գրավված շրջաններից եւ միայն այս պարագայում հնարավոր կլինի մեր հարաբերությունների բարելավումը»:

Փաստորեն՝ մեկուկես տասնամյակ անց Թուրքիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ուղեգիծը զսպող գործոնից վերաճել է նույն ուղեգիծը ճնշող եւ այն միջազգային խնդիրների շրջանակից դուրս բերող գործոնի: Սակայն Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր իրավիճակի բնութագիրն ամբողջական չի լինի, եթե հաշվի չառնենք եւս մեկ կարեւորագույն հանգամանք՝ Թուրքիան եւ Ադրբեջանը բախվել են առաջատար գերտերությունների սկզբունքային դիրքորոշմանը: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նկատմամբ մեծ հետաքրքրություն դրսեւորած առաջատար ուժային կենտրոնները սկզբիցեւեթ մերժել են այս գործընթացի ճանապարհին որեւէ նախապայման առաջ քաշելու հնարավորությունը: Մասնավորապես, մերժվում է Թուրքիայի ձգտումը՝ գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Դա կարելի է գնահատել որպես կարեւորագույն հանգամանք՝ ներկայիս միջազգային իրադրությունը բնութագրելու համար: Կարելի է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջատար քաղաքական խաղացողների նկարագրված դիրքավորվածությունը դարձել է միջազգային քաղաքական եզրաձեւերի (կոնֆիգուրացիաների) խթանիչը:

Որպեսզի ավելի լավ ընկալենք Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ նկարագրված իրավիճակի ռազմավարական իմաստը եւ հստակ պատկերացում կազմենք ներկա պահի փոփոխությունների բնույթի մասին՝ կարելի է հիշել 1994թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված հարաչափերի պատկերը, ինչպես նաեւ այդ հարաչափերի կայացման ծագումնաբանությունը: Պարզապես կարելի է զատել Ղարաբաղյան հակամարտության եզրաձեւն իր տարածաշրջանային եւ միջազգային չափման մեջ պայմանավորած գլխավոր գործոնները, որոնց առաջացումը տեղի է ունեցել խորհրդային ժառանգության բաժանման ժամանակահատվածում՝ 1991 թվականին:

Այս առումով կարեւորագույն են հետեւյալ հանգամանքները. Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը հանդիսանում է շահագրգիռ սուբյեկտների տարաձայնությունների հետեւանք՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում ձեւավորված ազգային-պետական կազմավորումների եզրաձեւի շուրջ: Ինչպես ԽՍՀՄ ողջ տարածքում՝ 1991 թվականից հարավկովկասյան տարածաշրջանի մի շարք սուբյեկտներ սկսել էին իրականացնել սեփական նախագծերը՝ իրենց ազգային ավանդույթների եւ պատկերացումների համաձայն: Այսպիսի իրավիճակում հետագա տարիների ռազմական հակամարտության գլխավոր խթանիչը պետք է ճանաչվի միջազգային հանրության վերաբերմունքի գործոնը՝ նախկին ԽՍՀՄ տարածքում պետական կազմավորումների եզրաձեւի հանդեպ:

Անհերքելի փաստ է, որ 1991թ. աշխարհում որոշվել է ճանաչել հետխորհրդային իրականությունը նախկին ԽՍՀՄ ներքին սահմանների շրջանակում: Ադրբեջանի անկախությունը ճանաչած, իսկ ԼՂՀ անկախության ճանաչումը մերժած միջազգային հանրության որոշման քաղաքական կարեւորագույն հետեւանքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների օրինականացումն էր: Անկախ պետություն լինելու՝ Ադրբեջանի հռչակած իրավունքը ճանաչվել է, իսկ ԼՂՀ համանման իրավունքը՝ ոչ: Փաստորեն, միջազգային կենտրոններն անտեսել են ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված նոր իրականությունը եւ, առաջնորդվելով զուտ քաղաքական մոտեցումներով, ընտրովի ճանաչել են որոշներին, իսկ մյուսներին չեն ճանաչել:

Բնական է, որ իր անկախ գոյության առաջին իսկ օրվանից Ադրբեջանը միջազգային հանրության այդպիսի վերաբերմունքն ընկալել է որպես Լեռնային Ղարաբաղն ուժի կիրառմամբ ենթարկեցնելու հնարավորություն: Հետագա իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանը որոշել է իրագործել այդ հնարավորությունը ռազմական ներխուժման եղանակով: Սակայն վճռական հանգամանքն այն է, որ պատերազմի արդյունքներով Ադրբեջանը չի կարողացել օգտվել այդ հնարավորությունից: Նա պարտվել է պատերազմում, որի պատճառով հակամարտության տարածաշրջանում տեղի է ունեցել հակամարտության հարաչափերի նշանակալից փոփոխություն: Տարածքների եզրաձեւը եւ ռազմական վերահսկողության գիծը փոխվել են: Տեղի է ունեցել էթնիկական սկզբունքով բնակչության տարանջատումը («սեփական» հսկողության տարածք բնակչության փոխադարձ նահանջի պատճառով): Ռազմական հակամարտության մեջ ներքաշվել է Հայաստանը: Հակամարտության մեջ ներքաշվել է նաեւ Թուրքիան (Հայաստանի հետ սահմանը շրջափակելու եղանակով):

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտային իրադրությունը ձեռք է բերել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային հարաչափեր: Տարածաշրջանում հստակեցվել է հակամարտող կողմերի փոխադարձաբար ճանաչված շփման գիծը: ԼՂՀ-ն հաստատել է սահման Հայաստանի եւ Իրանի հետ: Միջազգային հարաչափերը պարփակվել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Հայաստանին դաշնակից Ռուսաստանի միջեւ հարաբերությունների դիմակայությամբ: Հակամարտության հետագա ընդլայնումը դարձել է անհնարին: Այսուհանդերձ, ստեղծված հակամարտային իրադրության յուրահատկությունը տարածաշրջանում արտաքին զորքերի բացակայության փաստի մեջ է:

Նկարագրված իրավիճակի ետնապատկերին կարեւոր հանգամանքի է վերածվում ստեղծված ստատուս-քվոյի նկատմամբ միջազգային հանրության հետագա վերաբերմունքի բնույթը: Բազմամյա բանակցությունների փորձը վկայում է, որ միջազգային հանրությունն, ըստ էության, 18 տարիների ընթացքում ձգտել է բանակցությունների ճանապարհով վերակազմավորել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի Հանրապետությունը:

Սակայն հակամարտությունը սպառելու բոլոր փորձերը՝ տարածաշրջանային հարաչափերի մեջ փոփոխություն մտցնելու եւ միջազգային հարաչափերը պահպանելու միջոցով, բացահայտել են իրենց արատավորությունը: Թեեւ, ինչպես հուշում է փորձառությունը, համանման իրավիճակը տիրում է նաեւ բոլոր այլ հակամարտային գոտիներում, որոնք գոյացել էին «սառը պատերազմի» ժամանակաշրջանի միջազգային կարգի ապամոնտաժումից հետո:

Սույն մտորումների համապատկերին թափանցիկ է դառնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեկնարկած գործընթացի կարեւոր իմաստը: Նկատի առնելով, որ տվյալ գործընթացի գլխավոր բաղադրիչն ի սկզբանե դարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 1993թ. շրջափակված սահմանի բացման խնդիրը, բարելավման հիշյալ գործընթացը ներկայանում է որպես ոտնձգություն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա ստատուս-քվոյի գլխավոր միջազգային հարաչափերից մեկը փոփոխելու ուղղությամբ: Հասկանալի է, որ այս ձեռնարկի հաջողությամբ պսակվելու դեպքում հակամարտության գոտում ստատուս-քվոն հարկ կլինի ճանաչել փոփոխված: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպիսի քաղաքական հետեւանքների կարող է հանգեցնել այդպիսի արմատական փոփոխությունը. Ադրբեջանը կորցնելու է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնությունների ապահովման կարեւորագույն գործոններից մեկը:

Այստեղից էլ լարվածությունը, որը ծագել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ Թուրքիայի եւ առաջատար համաշխարհային տերությունների միջեւ: Կողմերից յուրաքանչյուրը կամենում է հասնել ստատուս-քվոյի փոփոխությանը՝ ելնելով սեփական շահերից: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում արձանագրվելիք փոփոխությունների բնույթից կախված կլինի ողջ տարածաշրջանում հետագա քաղաքական գործընթացների զարգացման բնույթը: Ավելին՝ վիճարկվում է հետխորհրդային տարածության վրա հակամարտային իրավիճակների կարգավորման բուն հայեցակարգը: Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ 2008 թվականից ի վեր չճանաչված սուբյեկտների միակողմանի ճանաչման ի հայտ եկած քաղաքականությունը միջազգային հարաբերություններում ավելի լուրջ միտումների դրսեւորման վկայությունն է: Համենայնդեպս, չի կարելի ժխտել միջազգային քաղաքականության մեջ ինքնորոշման սկզբունքի հրատապեցման միտումները: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ միջազգային իրավիճակը հիմք է տալիս նման պնդումների համար: