Արցախյան կարգավորման սկզբունքների վերանայման հրամայականները
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավաքաղաքական գործընթացների զարգացման հեռանկարների կանխատեսման ցանկացած փորձ կարող է հաջողված լինել, եթե առկա է հակամարտ իրավիճակի տարածաշրջանային ու միջազգային չափորոշիչների հստակ պատկերը:
Տվյալ պարագայում գործընթացների դինամիկայի վրա ազդող` հակամարտության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտների ներուժների բնութագրությունը, ինչպես նաեւ այդ սուբյեկտների փոխհարաբերությունների վրա ազդող գործոնների բնորոշումը չափազանց կարեւոր է: Եթե զինադադարի հաստատումից հետո անցած տասնյոթ տարիների ընթացքում հակամարտային իրավիճակի տարածաշրջանային չափորոշիչները փոփոխությունների չեն ենթարկվել, ապա նշանակալից փոփոխություններ են կրել հակամարտող սուբյեկտների ռազմաքաղաքական ներուժները, ինչպես նաեւ միջազգային դրությունը: Այս ամենը վկայում է այն մասին, որ ստատուս-քվո հասկացությունը հակամարտությունում հարաբերական նշանակություն ունի: Փոխվում է աշխարհը, փոխվում է ոչ միայն հակամարտության բնույթը, այլեւ նրա նկատմամբ վերաբերմունքը:
Սույն հետազոտության մեջ նպատակ է դրվել բացահայտել հակամարտային իրավիճակի տարածաշրջանային եւ միջազգային չափորոշիչները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտային իրավիճակի դինամիկան` դրա վերսկսման պահից անցած ամբողջ ընթացքում: Մասնավորապես, խնդիր է դրվում բացահայտել ստեղծված իրավիճակում առկա խաղաղ ներուժը: Ենթադրվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ սուբյեկտները կարող են ստանալ ոչ միայն հստակ պատկերը, այլեւ խաղաղարար գործունեության համար որոշակի խորհրդատվական նյութ: Դրան կարող է նպաստել իրերի վիճակի ռացիոնալ ընկալումը, ինչպես նաեւ սուբյեկտների ու դրանց փոխհարաբերությունների մասին առկա կանխակալ կարծիքներից հրաժարումը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտային իրավիճակի չափորոշիչների դինամիկան 1988-1991 թվականներին. վիճարկումից դեպի առճակատում
Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների հետ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության դիմակայությունն սկսվել է խորհրդային ժամանակաշրջանում` ԼՂԻՄ կարգավիճակի շուրջ իրավական տարաձայնություններից եւ դրան հաջորդած ՙսահմանադրական կարգուկանոնի վերականգնմանն ուղղված՚ միջոցառումներից: Այդ ժամանակաշրջանի գլխավոր իրադարձությունների թվին կարելի է դասել ԽՍՀՄ[1] կենտրոնական իշխանություններին դիմելը, ներքին զորքեր մտցնելը ԼՂԻՄ, Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորման իրավական ակտի ընդունումը, Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի բռնատեղահանումը եւ ըստ ազգային պատկանելության[2] բնակչության սեգրեգացման առաջին փուլը, ԼՂՀ ստեղծումը[3], անկախության հանրաքվեն եւ հանրապետության խորհրդարանի կողմից 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ անկախության մասին հռչակագրի ընդունումը:[4]
ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց 1991 թվականին սկսվեց հակամարտության միջազգայնացման ժամանակաշրջանը: Այստեղ հարկ է առանձնացնել հետեւյալ փաստերը, որոնք բարձրացրել են հարաբերությունների հակամարտայնության աստիճանը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային ճանաչումը, ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունը, Ադրբեջանին հնարավորության ընձեռումը ԼՂՀ-ին ուժով ենթարկեցնելու համար եւ դրա իրական անհաջող հետեւանքները:
Հակամարտության դինամիկայի վրա արտաքին գործոնների ազդեցությունը
Հակամարտության զարգացումը եւ հակամարտային իրավիճակի հիմնական չափորոշիչների կազմավորումը տեղի է ունեցել հետեւյալ իրադարձությունների ու գործոնների ազդեցության տակ` ուժի համաշխարհային կենտրոններն անտեսել են ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված իրավաքաղաքական նոր իրողությունը եւ ընտրովի են ճանաչել նոր պետական կազմավորումները: Այն բանից հետո, երբ նախկին խորհրդային հանրապետությունները որոշում են ընդունել Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու մասին, եվրոպական միության անդամ երկրները 1991 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարել են, որ պատրաստ են ճանաչելու նախկին խորհրդային հանրապետությունները` հենց որ այդ հանրապետություններից երաշխիքներ ստանան 1991 թվականի դեկտեմբերի 16-ին ՙտասներկուսի՚ արտաքին գործերի նախարարների ընդունած ՙԽորհրդային Միության տարածքում եւ Արեւելյան Եվրոպայում նոր պետությունների ճանաչման չափանիշներ՚-ում պարունակվող պահանջների կատարման պատրաստակամության մասին:[5] Մասնավորապես, նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչելու ագրեսիայի հետեւանքով ծագած պետությունները: Գործնականում, սակայն, ոչ մի չափանիշ չի կիրառվել Ադրբեջանի ճանաչման ժամանակ: Ավելին` Ադրբեջանի անկախության ճանաչումից առաջ վերջինիս կողմից ագրեսիա է ձեռնարկվել ԼՂԻՄ դեմ, որը նույնպես ԽՍՀՄ իրավահաջորդներից էր:
Փաստորեն 1992-1994 թվականների դիմակայության ռազմական փուլի գլխավոր խթանիչ պետք է ճանաչել նախկին ԽՍՀՄ տարածքում ծագած պետական կազմավորումների նկատմամբ ազդեցիկ երկրների ու կազմակերպությունների վերաբերմունքի գործոնը: Ադրբեջանի անկախությունը ճանաչած եւ ԼՂՀ անկախությունը չճանաչած միջազգային հանրության որոշման կարեւորագույն հետեւանքը դարձան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր նկրտումների լեգալացման Ադրբեջանի փորձերը:
1992-1994 թվականների հակամարտության ժամանակահատվածում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի չափորոշիչների փոփոխումը. ստատուս-քվոյի հաստատումը
Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ վճռորոշ հանգամանք եղավ այն, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը չկարողացավ օգտագործել ԼՂՀ-ն ուժով ենթարկեցնելու հնարավորությունը, ինչի արդյունքը եղավ հակամարտող կողմերի տարածքային տարանջատումը: Ռազմական հակամարտության մեջ էին ներքաշված Հայաստանը, Թուրքիան, եւ հակամարտությունը նաեւ միջազգային չափորոշիչներ է ձեռք բերել: Ադրբեջանի նախաձեռնած պատերազմի արդյունքում ԼՂՀ-ն սահմաններ է հաստատել Հայաստանի ու Իրանի հետ: Միջազգային չափորոշիչները հատվել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Ռուսաստանի շահերի դիմակայության մեջ: Ստեղծված հակամարտային իրավիճակի գլխավոր առանձնահատկությունը դարձել է հակամարտության գոտում երրորդ երկրների զորքերի բացակայության հանգամանքը:
Հակամարտության կարգավորման ժամանակ միջազգային դիվանագիտության գործոնը: Միջնորդական գործունեության շուրջ ազդեցիկ երկրների մրցակցությունը
Հակամարտային իրավիճակի շուրջ միջազգային հարաբերությունների բնույթի վրա ազդեցություն է գործել նաեւ միջնորդի դերի համար մրցակցության ֆենոմենը: 1992 թվականի փետրվարից մինչեւ մայիս միջնորդի դերում հանդես էր գալիս Իրանը: ԵԱՀԽ կազմ Հայաստանի եւ Ադրբեջանի ընդունումից հետո` ստեղծված հակամարտային իրավիճակի կարգավորման նպատակով միջազգային հանրությունը ստեղծել է դիվանագիտական ինստիտուտ` ԵԱՀԽ (ներկայումս` ԵԱՀԿ) Մինսկի խումբը: 1993 թվականի ընթացքում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել հակամարտության վերաբերյալ:[6] ՄԱԿ ԱԽ այդ բանաձեւերի հիման վրա ծավալվել է հակամարտության փոխզիջումային կարգավորման գործընթացը: Հակամարտող եւ այլ երկրներից բացի Մինսկի խմբի անդամ են դարձել նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան:
Ռուսաստանի միջնորդության սկիզբ կարելի է համարել 1991 թվականի սեպտեմբերը, երբ հակամարտության շրջան ժամանեցին ՌԴ եւ Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաեւը: 1993 թվականի վերջից Ռուսաստանն ակտիվացրել է իր միջնորդական ջանքերը, ինչի շնորհիվ էլ 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ ձեռք է բերվել կրակի դադարեցման անժամկետ համաձայնություն:[7] Հետագայում բացառապես տարածաշրջանային չափորոշիչների մեջ փոփոխություններ մտցնելու ճանապարհով հակամարտության սպառման բոլոր փորձերը` միջազգային բոլոր չափորոշիչների պահպանմամբ հանդերձ, ցույց են տվել իրենց արատավորությունը:
ԼՂՀ արտաքին քաղաքականության ձեւավորումը
Կրակի դադարեցման շուրջ բանակցություններն անցկացվել են Ռուսաստանի միջնորդությամբ` 1993 թվականի դեկտեմբերից մինչեւ 1994 թվականի մայիս: 1994 թվականի մայիսի 5-ին Բիշկեկում (Կիրգիզիա) ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո ընդունվել է հակամարտության կողմերի խորհրդարանական պատվիրակությունների եռակողմ հռչակագիր:[8] 1994 թվականի մայիսի 12-ին կնքվել է կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր: Մայիսի 16-ին Մոսկվայում անցկացվել է հակամարտող կողմերի պաշտպանության նախարարների եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը: Ռազմատեխնիկական միջոցների շուրջ պատրաստված համաձայնագիրը ստորագրել են ՌԴ եւ Հայաստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը շտապ կանչվել է Բաքու եւ չի ստորագրել փաստաթուղթը:
1994 թվականի մարտից մինչեւ դեկտեմբեր Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսատանի ԱԳՆ միջնորդությամբ` Քաղաքական մեծ համաձայնագրի մշակման շուրջ: 1994 թվականի դեկտեմբերին Բուդապեշտում ԼՂՀ-ն ԵԱՀԿ գագաթնաժողովի մակարդակով ճանաչվել է հակամարտության ինքնուրույն կողմ:[9] Բուդապեշտյան գագաթնաժողովը որոշել է համակենտրոնացնել Ռուսաստանի եւ ԵԱՀԿ միջնորդական ջանքերը: Ստեղծվել է Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտ եւ խմբեր:[10] 1995 թվականի սկզբից բանակցությունները տեղափոխվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ:
Վերոնկարագրյալ իրադարձությունները եւ զինադադարի հաստատման գործընթացի տրամաբանությունը թելադրել են ԼՂՀ ինքնուրույն արտաքին քաղաքականության ակտիվ ձեւավորման անհրաժեշտությունը: Նախ` ԼՂՀ-ն որպես առանձին կողմ ստորագրել է զինադադարի մասին 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագիրը: Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը լեգալ մուտք է ստացել եԱՀԿ եւ միջնորդական խմբի մեջ մտնող երկրներ` այդ կազմակերպության կողմից ճանաչված ԼՂՀ-ի` որպես հակամարտության կողմի կարգավիճակի միջոցով:
Հարկ է նշել, որ արդեն 1991 թվականի սեպտեմբերից ԼՂՀ ղեկավարությունը երկկողմանի բանակցություններ էր վարում ԼՂՀ ժամանող այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան անձանց հետ: Միջազգային կազմակերպություններին հղված դիմումներ են ընդունվել: ԼՂՀ-ն օգտվում էր հարեւան Իրանի միջնորդական ջանքերից: Կապեր են հաստատվել1992 թվականի մարտի 24-ին ստեղծված ԵԱՀԽ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ: 1993 թվականին ԼՂՀ ԱԳՆ հիմնելու եւ Երեւանում, Մոսկվայում ու Փարիզում ԼՂՀ մշտական ներկայացուցչություններ ստեղծելու անհրաժեշտություն ծագեց: Ներկայումս ԼՂՀ մշտական ներկայացուցչություններ են գործում նաեւ Վաշինգտոնում, Բեռլինում եւ Սիդնեյում:
Ընդհուպ մինչեւ 1997 թվականը ԼՂՀ-ն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացված բանակցություններին: 1998 թվականից մինչեւ 2011 թվականը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու այդ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների ձեւաչափ բանակցությունների տեղափոխման համապատկերում կարգավորմանն ուղղված ԼՂՀ արտաքին-քաղաքական գործունեությունը տեղայնացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխկապերի մակարդակով: Միաժամանակ` տեղի է ունեցել արտաքին-քաղաքական ուղեգծի երկատում` միջազգային ճանաչում եւ կարգավորում: Ընդլայնվել են կապերը Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության հետ, ինչպես նաեւ արտաքին-տնտեսական հարաբերությունները հայկական սփյուռքի, Իրանի եւ մի շարք այլ երկրների հետ:
ԼՂՀ արտաքին քաղաքականության վրա ազգային գաղափարախոսությունների եւ ազգային ծրագրերի ազդեցությունը
ԼՂՀ արտաքին քաղաքականության գաղափարական հենքը հանդիսանում է ԼՂՀ կազմավորման օրինականության պետաիրավական հայեցակարգը: Համարվում է, որ ԼՂՀ-ն իր ներկայիս տեսքով կայացել է 1991-94 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում: Ընդունված կարծիք է նաեւ այն, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ տարածքային տարանջատման խնդիր ունի: 2006 թվականին ընդունված ԼՂՀ սահմանադրությունն արտացոլում է այդ բոլոր հայեցակետերը:
ԼՂՀ արտաքին քաղաքականության բնույթի վրա էական ազդեցություն են գործում նաեւ Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մշտական ռազմական սպառնալիքի գործոնը:
Տվյալ գաղափարական շրջանակները կտրուկ նվազեցնում են ԼՂՀ արտաքին քաղաքականության վրա ավանդական գաղափարախոսական պատկերացումների ազդեցության աստիճանը: Արտաքին քաղաքականության միակ ոլորտը, որտեղ ազգային միասնության գաղափարը բացառիկ դեր է խաղում, հայկական սփյուռքի նկատմամբ ԼՂՀ քաղաքականությունն է: Այս ոլորտում հիմնականում գործարկվում են սփյուռքի կողմից ԼՂՀ-ին ցուցաբերվող ֆինանսական եւ տնտեսական օգնությունը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ԼՂՀ շահերի պաշտպանությունը:
Պետական քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունի ազատագրված տարածքների գաղափարը: Հասարակական-քաղաքական կյանքում հաստատուն կերպով պահպանվում է Ադրբեջանին տարածքային զիջումների անընդունելիության մասին բանավեճը: Նույնկերպ հաստատուն է ԼՂՀ ողջ սահմանադրական տարածքները Ադրբեջանից հայ փախստականներով բնակեցնելու գաղափարը:
Իրավիճակի փոփոխությունը 2008 թվականի օգոստոսից հետո. քաղաքական, ռազմական հետեւանքներ, անվտանգության հարցեր: Կարգավորման հեռանկարներ
Միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվում 2008 թվականի փետրվարին Արեւմուտքի հովանավորությամբ Կոսովոյի միջազգային ճանաչումից եւ դրան հաջորդած` Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից հետո: Իրավիճակի վրա ազդել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, որը ներկայումս ընկալվում է որպես ՙոտնձգություն՚ ստատուս-քվոյի միջազգային չափորոշիչներից մեկի նկատմամբ, ինչն էլ վկայում է ղարաբաղյան հիմնախնդրի նախկին կազմաձեւման (կոնֆիգուրացիայի) եւ կարգավորման գործընթացում ակտիվորեն մասնակցելու` Թուրքիայի մտադրության մասին: Առաջատար տերությունները Թուրքիային հակադրել են ղարաբաղյան հիմնախնդրին հայ-թուրքական մերձեցման խնդիրը ՙչառնչելու՚ սկզբունքը:
Ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված ՙմադրիդյան սկզբունքները՚ մասամբ հրապարակվել են 2008 թվականի վերջին: Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրապնդված այդ սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների իրավահավասարություն-ինքնորոշումը շուտով հայտնվեցին Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների 2009 թվականի հուլիսի 10-ին Լ°Ակվիլայում (Իտալիա)[11], իսկ ապա նաեւ 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկում (Կանադա)[12] արված հայտարարություններում: Այդ հայտարարություններում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի ընդգծումը էական իմաստ չէր ունենա, եթե դրան չհետեւեին ՄԱԿ-ի ասպարեզում անսպասելի գործընթացները: 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում բանաձեւ է ընդունվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման մասին:[13]
Նշյալ փոփոխությունների համապատկերում Հայաստանում հրատապ դարձավ ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրը:[14] ԼՂՀ-ում որոշեցին կառավարական հանձնաժողով ստեղծել հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու ուղեգծի ակտիվացման հարցով: Միաժամանակ` Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կապել հայ թուրքական հարաբերությունների խնդրի եւ այլ միջազգային լուրջ խնդիրների հետ: Առանցքային միջազգային կազմակերպությունների ասպարեզում ուժեղացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանաձեւերի ընդունման խրախուսման քաղաքականությունը: Ադրբեջանը դիվանագիտական շրջանառության մեջ է դրել վերջնագրի տեսքով պատերազմի շանտաժը:
Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ անվտանգության համակարգում: Հայաստանը եւ Ռուսաստանը 2010 թվականին երկարաձգեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմական հենակայանի մասին պայմանագիրը: Նույն ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի հետ պայմանագիր կնքեց ռազմավարական համագործակցության մասին, որը ենթադրում է Ադրբեջանին ռազմական օգնություն պատերազմի դեպքում:
2010 թվականի դեկտեմբերի 2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Հայաստանին ոչ մի այլ բան չի մնա, քան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը եւ նրա անվտանգության ապահովումը: Բանակցությունները մտան պասիվ փուլ: Մադրիդյան սկզբունքների եւ դրանց տարրերի հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացի շարունակությունը բարդացավ: Այդ մոտեցումների նկատմամբ բացասական վերաբերմունք է ձեւավորվել ղարաբաղյան հանրությունում:[15] Նոր պատերազմի կանխումը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդումը դարձել են առաջնահերթ խնդիրներ:
Հակամարտության փոխակերպման հնարավոր պայմանների հեռանկարը: Հակամարտության եւ դրա կարգավորման նկատմամբ մոտեցումների վերանայման հրամայականները
Միջազգային դիրքորոշումների նախնական կազմաձեւումը նվազեցրել է Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջեւ անմիջական բանակցությունների արդյունավետության աստիճանը: Ադրբեջանը նախընտրեց իր ջանքերն ուղղել իրեն ճանաչած երկրներին, խնդրելով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը կամ սատարել Լեռնային Ղարաբաղի ռազմական ենթարկեցման իրավունքը: Այս պայմաններում կարգավորման դիվանագիտությունը ոչ մի իմաստ չուներ` բացի հակամարտության գոտում մարտական գործողությունների կանխումից:
Ժամանակի ընթացքում հակամարտային իրավիճակի շուրջ ձեւավորվել է շահերի հավասարակշռություն: Արդեն միջազգային փոխզիջման անհրաժեշտություն ծագեց, որին հասնելն անհնարին համարվեց: Հակամարտության պոտենցիալ կողմերին ավելացավ շահագրգիռ երկրների ներուժը: ԵԱՀԿ 2010 թվականի դեկտեմբերին Աստանայում կայացած գագաթաժողովում միջազգային հանրությունն առնչվեց 1991 թվականին նորանկախ երկրների նկատմամբ իր սխալ դիրքորոշման առաջին պտուղներին` փոխզիջումն այս կազմակերպությունում արդեն անհնարին էր դառնում:
Նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը չի դադարում պնդել Լեռնային Ղարաբաղն ուժով ենթակեցնելու իր իրավունքը, արդյունավետ բանակցությունների անցկացման համար հարկ է ապահովել հակամարտության կողմերի հավասար մասնակցությունը նման բանակցություններին, ինչը հնարավոր է ԵԱՀԿ անդամ երկրների կողմից հակամարտության կողմերի իրավունքների ու պարտականությունների նկատմամբ իրենց դիրքորոշման փոփոխման դեպքում միայն:
Հակամարտության կարգավորման գործընթացի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ հակամարտող երկրների ներսում քաղաքական փոփոխությունները: Քաղաքական էլիտաների հաջորդափոխությունը կարող է բացառել հակամարտ իրավիճակի օգտագործումը ներքին քաղաքական նպատակներով:
Հակամարտային հարաբերությունների փոխակերպումը խթանելու ունակ մեկ այլ ռեսուրս են միջազգային ինտեգրացիոն գործընթացները: Բացի այդ, մեր տարածաշրջանում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մեծաքանակ կուտակումը հրատապ է դարձնում սպառազինությունների վերահսկողության, սահմանափակման եւ կրճատման անհրաժեշտությունը: Աննշան բացառությամբ Հարավային Կովկասում գոյություն չունեն կոնվենցիոնալ սպառազինությունների հիմնական տեսակների վերահսկողության կամ սահմանափակման մեխանիզմներ:
Նորանկախ պետությունների նկատմամբ միջազգային հանրության ընտրովի քաղաքականությունը եւ ածխաջրածնային պաշարների վաճառքից Ադրբեջանի ստացած գերշահույթներն ուժեղացնում են Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը, խթանելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում սոցիալական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զարգացման վրա:
Տարածաշրջանում խաղաղության պահպանման մեծ պատասխանատվություն է դրված այն երկրների վրա, որոնք Ադրբեջանի էկոնոմիկայի նավթային հատվածում ներդրումներ են արել:
ԼՂՀ-ն եւ տարածաշրջանը 2021 թվականին` սցենարներ, կանխագուշակումներ եւ խորհուրդներ
Ուժերի հավասարակշռության վրա խարսխված ստատուս-քվոյի պահպանում: Հավասարակշռության պահպանումը նշանակում է կայունության ապահովում, եւ եթե կողմերից մեկը ձգտում է խախտել այդ հավասարակշռությունը` օգտագործելով նավթային եկամուտները, ապա հակամարտության մյուս կողմերը համարժեք քաղաքական եւ ռազմատեխնիկական աջակցություն պիտի ստանան այն պետություններից, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ:
Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսում: Հաշվի առնելով կողմերի զինվածության եւ անձնակազմի պատրաստվածության աստիճանը, կարելի է փաստել, որ նոր պատերազմը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Չլուծելով խնդիրները` դրանք ավելի կխորացնեն հանրությունների միջեւ առկա անվստահության անդունդը:
ԼՂՀ անկախության միջազգային ճանաչում եւ նրա ընդգրկում անվտանգության գոյություն ունեցող համապատասխան միջազգային համակարգեր: Վերջին տարիներին փորձարկված եւ նվազ ծախսումային այս սցենարի իրականացումը տարածաշրջանին երկարատեւ կայունություն կբերի:
Հակամարտությունների փոխակերպման եւ տարածաշրջանային համագործակցության առաջարկներ
Ազգային իշխանություններին
-հրաժարվել ներքին քաղաքականության մեջ ղարաբաղյան հակամարտության շահարկումից
-հրաժարվել ռազմական հռետորությունից եւ այլ տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրների հետ հակամարտության առնչման փորձերից
-տնտեսական եւ մշակութային համագործակցություն հաստատել` չնայելով հակամարտության չլուծված լինելուն
Տարածաշրջանային էլիտաներին
-հանրությունների մակարդակով փոխկապերում հրաժարվել հակամարտության կողմերի պաշտոնական դիրքորոշումների կրկնօրինակումից եւ հանրությունների հաշտեցման այլընտրանքային մոտեցումներ մշակել
-իրենց աշխատանքում շեշտը դնել մարդու իրավունքների վրա եւ էթնոքաղաքական փաստարկները դուրս մղել բանավեճերից
Միջազգային ակտորներին
-առավել հստակ իրականացնել հակամարտության կողմերի նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները
-հրաժարվել ի նպաստ իրենց երկրների եւ միջազգային կազմակերպությունների տարածաշրջանային շահերի հակամարտության կողմերի ժողովուրդների ու հանրությունների իրավունքների անտեսման պրակտիկայից
-լուծել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը. նման որոշումը կփոխի հակամարտության միջազգային չափորոշիչները, կփակի ռազմական հեռանկարը եւ նոր ու հավասար պայմաններ կստեղծի հակամարտության բոլոր կողմերի համար: Ստատուս-քվոյի դրական փոփոխման կողմնակիցները, որոնք անկեղծորեն շահագրգռված են տարածաշրջանային խաղաղության մեջ, պիտի նախապատվությունը տան այս սցենարին:
[1] РЕШЕНИЕ ВНЕОЧЕРЕДНОЙ СЕССИИ СОВЕТА НАРОДНЫХ ДЕПУТАТОВ НКАО XX СОЗЫВА, http://www.nkr.am/ru/decision–of-the-special-session-of-the-nkao-council-of-peoples-deputies-of-xx-session/41/
[2] Операция “Кольцо”, http://sumgait.info/ring/operacia-kolco.htm , http://www.karabagh.am/GlavTem/110Kolco.htm
[3] ДЕКЛАРАЦИЯ О провозглашении Нагорно-Карабахской Республики, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr1
[4] ДЕКЛАРАЦИЯ О ГОСУДАРСТВЕННОЙ НЕЗАВИСИМОСТИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr2
[5] Declaration on the `Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in theSoviet Union’, European Journal of International Law, http://207.57.19.226/journal/Vol4/No1/art6.html
[6] Resolutions of United Nations Security Council, http://www.xocali.net/EN/Frame/resolutions-text.html
[7] Соглашение о прекращении огня, http://www.vn.kazimirov.ru/doc10.htm
[8] БИШКЕКСКИЙ ПРОТОКОЛ, http://www.vn.kazimirov.ru/doc9.htm
[9] Признание за Нагорным Карабахом статуса стороны в конфликте произошло в рамках Минской Группы СБСЕ в сентябре 1993 года, http://www.regnum.ru/news/1165704.html
[10] Из итогового документа Будапештского саммита ОБСЕ от 6 декабря 1994 г., http://www.vn.kazimirov.ru/doc11.htm
[11] Joint Statement on the Nagorno-Karabakh Conflict, http://www.whitehouse.gov/the_press_office/Joint-Statement-on-the-Nagorno-Karabakh-Conflict/
[12] G8Summit: Joint Statement on the Nagorno-Karabakh Conflict, http://www.whitehouse.gov/the-press-office/g8-summit-joint-statement-nagorno-karabakh-conflict-dmitry-medvedev-president-russi
[13] Universal realization of the right of peoples to self-determination, http://daccess-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N09/470/77/PDF/N0947077.pdf?OpenElement
[14] Актуализация вопроса признания Карабаха в 2010-ом, http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=36997&SectionID=0&RegionID=2&Date=02/16/2011&PagePosition=8
[15] Заявление неправительственных организаций НКР, http://karabakh-news.com/politik/5157-zajavlenie-nepravitelstvennykh.html, Политические силы Карабаха выступили с заявлением, http://7or.am/ru/archives/13102