հոդվածներ

Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման մեխը

Սեփական անվտանգությունն ապահովելու եւ կենսագործունեության պայմանները բավարարելու նպատակով մարդուն հատուկ է կոլեկտիվ կարգին ենթարկվելը: Մարդկային այդ հատկությունը ծնում է իշխանության ֆենոմենը` որպես հանրային կյանքը կարգավորելու ձեւ: Իշխանության համակարգը կառուցվում է յուրաքանչյուր մարդու կամքից անկախ (ինքնստինքյան) այնքան ժամանակ, մինչեւ հանրության յուրաքանչյուր անդամ այդ իշխանությունը ձեւավորելու գիտակցված պահանջ չի ներկայացնում: Սակայն այդ դեպքում մարդը, բացի այլեւայլ հանգամանքներից, իշխանության ձեւավորման գործում կանգնում է սեփական հնարավորությունների եւ հմտությունների խնդրի առաջ:

Պետության բոլոր տեսակների մեջ միայն սահմանադրական պետությունն է պետական իշխանություն ձեւավորելու իրավունքը վերապահել ժողովրդին: Ավելին, սահմանադրական պետությունն է օրինականացրել պետական իշխանությունը ձեւավորելու միակ ընդունելի ձեւը` հայտարարելով ցանկացած այլ ձեւ որպես քրեօրեն պատժելի արարք: Նման պետությունում իշխանությունը կարող է ձեւավորվել միայն ազատ ընտրությունների միջոցով: Իշխանության ձեւավորման մյուս բոլոր ձեւերը դիտարկվում են որպես իշխանության յուրացում: Այստեղից էլ բխում է, որ սահմանադրական պետության հանրությունը օժտված է ոչ միայն պետական իշխանություն ձեւավորելու իրավունքով, այլ նաեւ` քաղաքական կարեւորագույն գործառույթով` այդ իշխանության ձեւավորման պարտականությամբ:

Հայաստանյան (նաեւ նման այլ պետությունների) իրականությունն արդիական է դարձնում մի առանցքային հարց` ի՞նչ կարող է տեղի ունենալ պետության հետ, եթե հանրությունը ի վիճակի չէ կամ ցանկություն չունի կատարել իր քաղաքական գործառույթը: Պատասխանը թվում է շատ համոզիչ` երկրում իշխանությունը կյուրացվի «այլոց» կողմից: Ուստի առաջ է գալիս երկրորդ հարցը` այդ հանգամանքը պետության եւ նրա քաղաքացիների համար ո՞ւնի կենսական նշանակություն: Միայն առաջին հայացքից է թվում, թե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը նշված հանգամանքը իր ու պետության համար համարում է կենսականորեն կարեւոր: Շատերի համար առավել համոզիչ է իշխանության որակի խնդիրը` անկախ նրա ծագումից: Երկրի քայքայվածությունը սովորաբար կապվում է իշխանության որակի հետ, այլ ոչ թե` պետական իշխանության անօրինական բնույթի: Իշխանության որակը որեւէ կերպ չի կապվում նրա ձեւավորման հանգամանքի հետ: Այսինքն, չի ընկալվում հանձնառության ինստիտուտի խորքային իմաստը պետական շինարարության գործում:

Որն է այստեղից բխող իրականությունը:

1995թ. Հայաստանը ընդունեց Սահմանադրություն` իրավական պետություններին բնորոշ բոլոր այն դիրքորոշումները հաշվի առնելով, որոնք վերաբերում էին պետական իշխանության ձեւավորման իրավունքներին, պատասխանատվությանը եւ մոդելին: Ըստ այդմ իշխանության յուրացումը հայտարարվեց քրեական հանցագործություն (Ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի` «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»): Դրան հաջորդած 18 տարիները մի կարեւոր հանգամանքի ակնառու վկայությունը դարձան` Հայաստանի հանրությունը չցուցաբերեց կարողություն սահմանադրորեն օրինականացված ճանապարհով ձեւավորել պետական իշխանություն: Արդյունքում պետական համակարգն անօրեն ճանապարհով պարբերաբար յուրացվում է: Տվյալ հանգամանքի ի հայտ գալու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն այս դեպքում քննարկման թեմա չեն դառնում: Առավել ակտուալ է թվում իշխանությունը յուրացնելու հետեւանքների թեման, քանի որ յուրացումը իշխանության որակի կարեւորագույն բաղադրատարրն է:

Պետական իշխանության ցանկացած յուրացնող գիտակցում է իր գործողությունների վտանգավորությունը`տեսադաշտում ունենալով տվյալ արարքը որպես քրեորեն պատժելի հանցագործություն ցուցանող Սահմանադրության համապատասխան հոդվածը: Ուստի, նմանների առաջնային ձգտումը դառնում է տվյալ հոդվածը գործարկելու ցանկացած հնարավորության չեզոքացումը: Այդ նպատակով նրանք իրականացնում են երկրի քաղաքական վիճակի վրա ցանկացած տեսակի ազդեցությունից հանրությանը մեկուսացնելու քաղաքականություն: Այստեղից էլ ծնվում է իշխանության մեզ ծանոթ որակը: Վերջինիս մուտացիաներն էլ ժամանակի ընթացքում ձեւավորում են ժամանակակից Հայաստանի անմխիթար պատկերը:

Յուրացման (ուզուրպացիայի) քաղաքականության մեթոդները համընդհանուր են: Դրանք են`

- երկրում իշխանության ընտրված լինելու մասին հայտարարությունը,

- արդարադատության պարալիզացումը,

- ազատ ընտրությունների մեխանիզմի պարալիզացումը,

- արտաքին աջակցության կայուն երաշխիքի ձեւավորումը:

Նշված խնդիրների լուծումը յուրաքանչյուր պետությունում շատ բարդ գործ է: Իշխանությունը յուրացնողները ստիպված են գնալ ոչ միայն սահմանադրական նորմերի գործարկման հնարավորության լիարժեք չեզոքացմանը, այլ նաեւ` Սահմանադրությունը վերածել քաղաքացիների պահանջները լեգալ եղանակով զսպելու, ինչպես նաեւ իրենց դիրքերի վրա ուղղակի «ոտնձգություններ» կատարողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու մեխանիզմի:

Բացի այդ մենաշնորհային հատուկ կարգավիճակ ձեւավորելու միջոցով երկրում ներդրվում է անհավասարության սկզբունքը, որը ծառայում է միայն «իշխանական ճամբարի» անդամներին եւ քաղաքացիների մի լայն կորպուսին (ովքեր հավակնում են նման կարգավիճակ ձեռք բերել): Նման կորպուսի գործառույթն է դառնում հաստատված կարգերի պաշտպանությունը` փոխարենն ունենալով «իշխանական ճամբարի» մատուցած անօրինական բարիքներից օգտվելու «կենսական շանսի» հնարավորությունը:

Բնականաբար, նման քաղաքականություն վարելու հնարավորությունը պահանջում է ֆինանսական մեծ ծախսեր, որոնք կարելի է հայթհայթել պետական շահերը, երկրի ազգային հարստությունը վաճառելու (անօրինաբար իրացնելու), ինչպես նաեւ` երկրի քաղաքացիների բոլոր իրավունքները յուրացնելու միջոցով:

Դիտարկումները ցույց են տալիս, որ դա կատարվում է հետեւյալ կերպ.

- այնպիսի օրենքներ ընդունելով, որոնք լեգալիզացնում են իշխանությունը յուրացնողների յուրաքանչյուր գործողությունը,

- հանրության օրինական ակտիվությունը զսպելու համար անօրինական ստվերային մեխանիզմներ ձեւավորելով,

- ազգային հարստությունը յուրացնելով եւ գործարարության նկատմամբ մենաշնորհ հաստատելով,

- տեղեկատվության աղբյուրները յուրացնելով եւ հանրությանը ապակողմնորոշելու ու այլասերելու քաղաքականություն իրականացնելով (տեղեկատվական քաղաքականության հիմքում դրվում է նպատակաուղղված սուտը),

- կեղծ ընդդիմադիր քաղաքական ու տեղեկատվական կառույցներ ձեւավորելով:

Ինչպես տեսնում ենք Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի խախտումը պետական իշխանությունը յուրացնողներին ստիպում է խախտել նաեւ մնացած հոդվածները: Իսկ իր առանցքային քաղաքական գործառույթը կատարելու հանրության անզորությունն էլ բերում է այնպիսի դաժան իրականության հաստատմանը, որի օրինակը մենք տեսնում ենք Հայաստանում:

Արդյունքը`հանրության անկումն է, արտաքին աշխարհից մեկուսացումն ու պետականության ճգնաժամը եւ երկրի թալանը:

Հետեւություն:

Հայաստանի հանրության առանցքային խնդիրն է պետական իշխանություն ձեւավորելու հմտությունների ու հնարավորությունների սերտումը, եւ դրանով իսկ` պետական համակարգը յուրացնելու (ում կողմից էլ, որ դա կատարվի) երեւույթի արմատախիլ անելը: Այդ խնդիրը բխում է այն հանգամանքից, որ այլ ճանապարհով հնարավոր չէ հասնել իշխանության անհրաժեշտ եւ սպասելի որակի կայացմանը: Եթե ընդունված Սահմանադրության պահանջներին արհամարհանքով են վերաբերում, Սահմանադրությունը վրեժ է լուծում հանրությունից, որն ընդունել է այն: Անիմաստ է ընդունել իրենց իրավունքների եւ երկրի պետական կարգի մասին քաղաքացիների համընդհանուր պայմանագիր (Սահմանադրություն), եթե չգիտես, թե ինչի հետ գործ ունես: Սակայն, եթե Սահմանադրությունն ընդունվել է արդեն, ապա նրա պահանջները պետք է կատարվեն անվերապահորեն, անգամ եթե ստիպված ես դա անել իշխանությունը յուրացնողների կողմից տասնամյակների ընթացքում երկիրն անմխիթար վիճակի բերելու դժվարագույն պայմաններում: