Ժնեւյան բանակցություններ| ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր
Երբ լրատվամիջոցներում հայտնվեց Ժնեւում հունվարի 29-30-ը Հայաստանի եւ Ադբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին հաղորդումը, պահի գլխավոր հարցը այդ հանդիպման մտադրությունները դարձան: Թեպետ երկու կողմի հանրություններն արդեն սովոր են ոչինչ չսպասել այդպիսի հանդիպումներից, ներկա պահը, այնուամենայնիվ, որոշակի առանձնահատկություն ունի:
Նախարարների այս հանդիպման արդիականությունը գնահատելու համար հակիրճ հիշեցնենք 2019-ի դեկտեմբերի կեսին տիրող իրավիճակը: Այդ ժամանակ՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպումն անցնում էր Բրատիսլավայում, ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, եւ նշանավորվեց լուրջ ինտրիգով: Հանդիպման նախօրեին Ադրբեջանը հրապարակել էր իր մոտեցումներն արտահայտող մի տեքստ, որը կասկածի տակ էր դնում միջնորդների ունեցած առաջարկները: Հիշյալ փաստաթղթի առանցքային դրույթն այն էր, որ հակամարտային իրավիճակի կարգավորման իրավական հիմքը Ադրբեջանի Սահմանադրությունն է: Նման թեզի առաջադրմամբ Ադրբեջանը, փաստորեն, ցույց էր տալիս, որ մերժում է կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքներն ու տարրերը:
Ադրբեջանի տվյալ նախաձեռնությունը չէր կարող չառաջացնել միջնորդների հակազդեցությունը: Այնժամ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ առաջվա նման հաստատակամորեն հակված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդությանը: Նրանք կողմերին կոչ արեցին համագործակցել ինչպես միմյանց, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք հանձնառու են շարունակել միջնորդական ջանքերը: Այդ հայտարարությունից բխում է, որ միջնորդները հակամարտության կողմերին առաջարկում են հրաժարվել բոլոր նախապայմաններից եւ բանակցությունները շարունակել այն կանոնների հիմքի վրա, որոնք սահմանվել են 2009 թվականից: Այլ հեռանկարներ նրանք չեն տեսնում, քանզի համարում են, «որ ստատուս-քվոն անընդունելի է, եւ հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
Քանի որ Բրատիսլավայում ԵԱՀԿ խորհրդաժողովի իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես արդիականացրեց մի շարք թեզեր` մասնավորապես արծարծելով զորքերի շփման գծում վերահսկողության սարքերի տեղակայման, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության պահանջը, իրավիճակը բանակցություններում ծայրաստիճան լարվել էր: Բայցեւայնպես` նախարարները համաձայնվել էին հանդիպել 2020 թվականի սկզբներին: Սակայն դրանից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` մամուլին տված հարցազրույցները Ադրբեջանի մտադրություններում որեւէ հստակություն չմտցրին: Պնդելո՞ւ է արդյոք Ադրբեջանն իր դիրքորոշումները` այդ հարցն ընդհուպ մինչեւ օրս մնում է անհայտ:
Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Եվ միանգամից ամեն ինչ իր տեղն ընկավ. Ադրբեջանը վերադարձավ բանակցությունների նախկին սխեմային: Դա նկատելի է այն տեքստից, որին Էլմար Մամեդովը համաձայնել է: Ահա այն. «Համանախագահները հաստատել են իրենց լիակատար հավատարմությունը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու հարցում, ինչպես նաեւ կարգավորման գործընթացում գաղտնիության սկզբունքին եւ արդար ու երկարատեւ խաղաղություն հաստատելու համար փոխզիջումային ու ստեղծագործ ոգուն»:
Կարծես թե ոչ մի նոր բան այդ հայտարարության մեջ չկա: Բայց եթե անցյալ տարվա դեկտեմբերին ստեղծված իրավիճակին նայենք այն դատողությունների պրիզմայի միջով, որոնք արվեցին սույն հոդվածի սկզբում, ապա հասկանալի կդառնա այժմ բանակցություններում ի հայտ եկած իրավիճակի իմաստը: Բրատիսլավայում 2019-ի դեկտեմբերի 4-ի հանդիպման նախօրեին հրապարակված` Ադրբեջանի դիրքորոշումը փոխզիջում չէր ենթադրում` այն ենթադրում էր կարգավորման ողջ գործընթացի ստորադասում Ադրբեջանի Սահմանադրությանը: Այդ մասին է վկայում Ադրբեջանի պատրաստակամությունը` քննարկելու «ապագա կարգավորման հիմքը կազմավորող սկզբունքներն ու տարրերը», որոնց մեջ է նաեւ, ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությանը վերաբերող սկզբունքը:
Համանախագահների կողմից առաջարկված բանակցությունների բուն օրակարգը, - այն է` «2019-ին քննարկված առաջարկների ու համաձայնագրերի իրագործումը եւ բնակչությանը խաղաղության պատրաստելուն ուղղված հաջորդ հնարավոր քայլերը, ապագա կարգավորման հիմքում ընկած տարրերը եւ սկզբունքները, կարգավորման գործընթացի առաջխաղացման օրակարգն ու ժամկետները», - նույնպես վկայում է, որ բանակցությունների թեման մնացել է նախկինը: Քննարկման համար ոչ մի նոր թեմա չի ընդունվել:
Ստացվում է, որ Բրատիսլավայի հանդիպման ժամանակաընթացքում Ադրբեջանի առաջադրած դիրքորոշումն ընդամենը քմահաճույք էր: Հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սխեմայով բանակցություններին մասնակցելուց` Ադրբեջանը չէր կարող: Խաղարկել իր սիրած «ռազմական դիվանագիտությունը»` նույնպես չի կարող, ժամանակներն այն չեն: Ընդունել, որ հակամարտության կարգավորումը չի կարող բխել միայն Ադրբեջանի շահերից` եւս չի կարող: Մնում է միայն ապավինել բախտի բերմանը:
Այսպիսի տաղտկալի իրավիճակ էր բանակցություններում: Այդ մասին գրելն անգամ անհետաքրքիր է դառնում: