հոդվածներ

Հայաստանի քաղաքական համակարգը պաշտպանված չէ կողմնակի ազդեցություններից

2019-08-09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքը որոշակի պարզություն մտցրեց Արցախի ներքաղաքական իրավիճակում: Փաշինյանը հասկացրեց, որ Հայաստանը կդառնա 2020թ. արցախյան ազատ ընտրությունների երաշխավորը: Ընդ որում` նա միանգամայն հստակ ակնարկեց, որ պայքարի ուժային եղանակներն անթույլատրելի են: Սա չէր կարող չազդել Արցախում պաշտոնաթող գեներալ Սամվել Բաբայանի շարունակվող քաղաքական «դյուցազներգության» վրա: Մինչ այդ էլ գեներալն իրականում հույս չուներ, որ կարող է հասնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի: Նրա վերջին հայտարարություններից նկատելի էր, որ արդեն խաղադրույք է արվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ դրան հաջորդող խորհրդարանական ընտրությունների վրա: Այդ նպատակով արդիականացվել էր գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնաթողության գաղափարը: Բաբայանն իր ծրագիրը ներկայացրել է հետեւյալ կերպ. կանցկացվեն հանրահավաքներ՝ նախապես պետական կառավարման մարմիններից անօրինական իշխանությանը հեռացնելու եւ օրինական ընտրություններ անցկացնելու համար: Իր հերթին` գործող նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հասկանալ է տվել, որ առանց ավելորդ աղմուկի օրենքի առջեւ պատասխանատվության կկանչի բոլոր նրանց, ովքեր կընտրեն ապօրինության ճանապարհը: Եվ այստեղ էլ վարչապետ Փաշինյանն է իմանալ տվել, թե ով է այստեղ «տանտերը» եւ ում ինչ է թույլատրվում:

Թե ինչպես կզարգանա այս դիմակայությունը` ցույց կտա ժամանակը: Սույն հոդվածում մեզ հետաքրքրում է ստեղծված իրավիճակի մեկ այլ` ավելի լայն ասպեկտ: Երկու կողմն էլ՝ Բաբայանը եւ Սահակյանը, միմյանց մեղադրում են սահմանադրական կարգի հիմքերի նկատմամբ ոտնձգությունների մեջ: Ամեն մեկն իր գնահատականում յուրովի իրավացի է. 2017-ին Սահակյանն անձնական քաղաքական նկրտումներով կատարեց իրավական մանիպուլյացիաներ, իսկ Բաբայանը հիմա է փորձում դա անել: Ընդորում` երկու կողմն էլ նշում է իր գործողությունների համապատասխանությունը օրենքի տառին: Սրանում է իրավիճակի ողջ բարդությունը, քանի որ հենց օրենսդրության անկատարությունը, ավելի շուտ` քառորդ դարի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում ընդունվող պետական-օրենսդրական ակտերի իրավական խառնաշփոթն է պարբերաբար երկիրը հասցնում ճգնաժամային իրավիճակների: Ամեն անգամ այս իրավական խառնաշփոթը հնարավորություն էր տալիս իրականացնել իշխանության հավակնող այս կամ այն գործիչների կասկածելի քաղաքական ծրագրերը:

Որպես օրինակ կարող է լինել 1996-98թթ. ժամանակահատվածը: 1996-ի վիճահարույց ընտրությունների արդյունքներից հետո նախագահությունը պահպանած Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց Արմեն Սարգսյանին՝ հույս ունենալով, որ իշխանական էշելոնի այս նոր դեմքն իրեն կօգնի պահպանել սասանված իշխանությունը: Սակայն ռազմական վերնախավը չընդունեց «օտարածին» գործչին եւ ստիպեց նրան լքել իր պաշտոնը: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Տեր-Պետրոսյանը, շատ չանցած, հրաժարական տվեց:

1998թ. մարտի 16-ին նշանակվել էին ՀՀ նախագահական ընտրությունները: Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը, ինչը ընդդիմության բողոքի ալիք առաջացրեց: Նրան մեղադրում էին` խախտելու համար Սահմանադրությունը, համաձայն որի` Հայաստանի քաղաքացիություն չունեցող գործիչներին արգելվում է քվեարկվել նախագահի պաշտոնի համար: Քոչարյանի կողմնակիցներն այն ժամանակ նախագահի պաշտոնի համար նրա քվեարկվելու իրավունքն արդարացնում էին Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1990թ. դեկտեմբերի 1-ի համատեղ նստաշրջանի որոշմամբ, որով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է հանդիսանում: Սույն դրույթն ամրագրված է 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրում:

Քոչարյանի ընդդիմախոսները վկայաբերում էին երկու այլ փաստ: Առաջին` 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը կազմավորել է սեփական Հանրապետությունը (ԼՂՀ), որը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով հռչակել է իր անկախությունը (ԼՂՀ Անկախության հռչակագիրն ընդունել է ԼՂՀ-ի 1992թ. հունվարի 6-ի առաջին Գերագույն խորհուրդը): Եվ երկրորդ` 1991թ. սեպտեմբերին Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվել է նախկին Խորհրդային Հայաստանի տարածքում: Այսինքն՝ Քոչարյանը չուներ Հայաստանի քաղաքացի լինելու իրավունք: Հայաստանի Հանրապետության ընտրություններում Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ընտրելու կամ ընտրվելու իրավունք չուներ: Այն փաստը, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, էլ ավելի էր խորացնում հայկական պետականության իրավական խառնաշփոթը: Արդյունքում` մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ: Սա Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման առաջին փուլն էր: 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ փլուզումը ստացավ իր վերջնական տեսքը: Երկրում հաստատվեց օլիգարխիկ վարչակարգ:

Մինչեւ հիմա Հայաստանի իրավաքաղաքական մոդելում ոչինչ չի փոխվել: Այս համակարգում ԼՂՀ-ի տեղի մասին վեճերը չեն դադարում: ԼՂՀ բնակչությունն ունի Հայաստանի անձնագրեր, բայց զրկված է Հայաստանի Հանրապետության տարածքում ընտրություններին մասնակցելու իրավունքից: ԼՂՀ տարածքն ամրագրված է 2006-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Այդ տարածքում անցկացվում են նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում են բացառապես ԼՂՀ-ում գրանցված քաղաքացիները: Անձինք, ովքեր չունեն մշտական բնակության որոշակի ցենզ, իրավունք չեն ստանում իրենց թեկնածությունն առաջադրելու համապետական ընտրություններում:

Սակայն իրավական խառնաշփոթը չի դադարում պահպանել հերթական մանիպուլյացիաների եւ երկու հայկական հանրապետությունների քաղաքական համակարգի վրա կողմնակի ազդեցությունների հնարավորությունները: Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում ԼՂՀ ներկա իշխանության հիմքերի թուլացումը կրկին պայմաններ ստեղծեց իրավաքաղաքական համակարգում կողմնակի ոտնձգությունների համար: Ինչպես նախկինում, ԼՂՀ նախագահի թեկնածության առաջադրման իրավունք ստանալու նպատակի իրագործման իրավական հիմքը Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1990թ. դեկտեմբերի 1-ին համատեղ նստաշրջանի որոշումն է: Առաջարկվում է իրավաքաղաքական գործածության մեջ դնել ՀՀ քաղաքացիների` ընտրովի պաշտոնների համար Արցախի ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին կանոնադրությունը: Հայաստանի եւ ԼՂՀ օրենսդրության մեջ մնացած ամեն ինչը մնում է նույնը: Այն պայմաններում, երբ Արցախի բնակչության զգալի մասը խիստ բացասական վերաբերմունք է դրսեւորում գործող իշխանությունների նկատմամբ, մարդկանց շատ քիչ է հետաքրքրում նման առաջարկի ապակառուցողական իմաստը:

Բայց իրականում ի՞նչ կարող է դա նշանակել: Կարող է նշանակել սոսկ այն, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքական համակարգի չպաշտպանվածության աստիճանը եւս մեկ սանդղակով բարձրանում է: Քաղաքական համակարգն արտաքին ազդեցություններից զերծ պահելու որեւիցե մեխանիզմ չի մնում: Ցանկացած ուժ, որն ուզում է իր թելադրանքը հաստատել պետական կառավարման համակարգի նկատմամբ, կարող է իրավական սողանցք ստանալ, եթե իրականացվի այդ փոփոխությունը ԼՂՀ Սահմանադրության մեջ մտցնելու մասին Սամվել Բաբայանի առաջարկած գաղափարը: Դժվար չէ պատկերացնել, թե քաղաքական ինչպիսի արկածախնդրություններ կարող են ծրագրվել նման պայմաններում:

Հայաստանի քաղաքական դասակարգը միշտ արհամարհանքով է վերաբերվել իրավունք հասկացությանը: Իրավաքաղաքական ակտերն ընդունվում էին պահի նպատակահարմարությունից ելնելով: Արդյունքում այդ ակտերը քաղաքական գործամոլների ձեռքին վերածվում էին բազմածրագրային մեքենայությունների գործիքի: Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետական հիմնարար ակտերի լուրջ վերանայում չի իրականացվել: