Ինչի՞ է ընդունակ Հայաստանի նոր քաղաքական դասակարգը
Հայաստանի տապալված քրեաօլիգարխիկ վարչակարգի կադրային կազմի` քաղաքական ասպարեզից հեռանալը այդ դաշտն ազատեց հասարակական-քաղաքական այն նոր խավի ներհոսքի համար, որը համախմբվել էր «թավշյա» հեղափոխության ալիքի վրա: Ներկայացուցչական եւ գործադիր իշխանությունները նոր կադրային համալրում ստացան: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գծագրեցին այդ նոր կադրային համալրման անձնակազմը: Խորհրդարանի առաջին նիստն ի հայտ բերեց պատգամավորական անձնակազմի ընդունակությունների հակասականության փաստը: Բոլոր երեք խմբակցությունների պատգամավորների ելույթներն ու վարքագիծը կտրուկ քննադատության ենթարկվեցին հանրության կողմից: Չափից ավելի մեծ անվստահություն կա նաեւ կառավարության առանցքային դեմքերի նկատմամբ: Համարվում է, որ պատասխանատու մի շարք պաշտոններ զբաղեցնում են մասնագիտական փորձ չունեցող եւ անհայտ գործիչներ:
Նոր կադրային կազմը ստիպված է աշխատել նախկին իրավաքաղաքական համակարգի պայմաններում: Ընդ որում` նոր վարչապետը մերժում է նախկին իշխանությունների կառավարչական գործելակերպը: Հետեւաբար` հրատապ է դառնում այն հարցը, թե ինչպես են ընկալում նոր կադրերը պետական կառավարման արդի ձեւերի արմատավորման առանցքային խնդիրները: Տիրապետո՞ւմ են արդյոք պահանջվող յուրահատկություններին ու որակներին:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ նոր իշխանությունները քրեաօլիգարխիկ վարչակարգից ժառանգություն մնացած տեղեկատվության զանգվածային միջոցների կողմից մանրադիտակային հսկողության եւ կոշտ ճնշման տակ են: Խուսանավումների դաշտը նոր կադրերի համար խիստ նեղ է: Հեղափոխական գործընթացների շրջանում հասարակությանը տրված բարձրագոչ խոստումները տեղ չեն թողնում նույնիսկ ամենահամեստ մանիպուլյացիաների համար: Մեծ նշանակություն ունի նաեւ նոր իշխանություններից հասարակության ակնկալիքների բնույթը. այդ ակնկալիքները միշտ չէ, որ ողջամիտ են:
Հայաստանի հասարակությունը շարունակում է դեռ շատ առումներով գտնվել նախկին վարչակարգի կողմից պարտադրված արժեքների ու ավանդույթների ճիրաններում: Մասնավորապես` քաղաքացիների մի զգալի հատվածի համար հետաքրքիր չեն օրինականության գործողություններն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է նախկին վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ նոր իշխանությունների հարաբերություններին: Նրանց ավելի շատ հետաքրքրում է «ուժեղ իշխանությունը»` յուրովի ըմբռնմամբ:
Կարո՞ղ են արդյոք նոր կադրերը կողմնորոշվել նոր իրավիճակի բոլոր այդ կտրուկ փոփոխություններում: Շատ քչերը կարող են նրանց օգնել` այսօր այնքան էլ շատ չեն այն մարդիկ, որոնք լավ են հասկանում, թե ինչի եւ ում հետ գործ ունեն:
Պետական կառավարման համակարգի նախկին կադրային կազմը միանգամայն ճանաչելի էր: Գործող կլեպտոկրատական վարչակարգն ինքն էր թելադրում կադրերի ընտրության սանդղակը: Իշխանության ճամբարն իրեն գնահատում էր իբրեւ «ինքնանգին» երեւույթ` երկիրը նրա համար սեփական բարեկեցության ապահովման պաշարամիջոցների շտեմարան էր: Երկու տասնամյակ շարունակ տեղի էր ունենում հայկական պետության գոյության հետպատերազմական շրջանի պայմաններին համապատասխանող կադրերի բնական ընտրություն: Այդ կադրերի քաղաքական հաղթարշավի սկիզբը կարելի է հարաբերակցել 1997 թվականին, երբ «հայրենիքի պաշտպանների» դրոշի ներքո յուրացվեց այն տարիներին տակավին աննշան Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այն ժամանակ «պաշտպանների» կորպուսն ազդարարեց, որ ստանձնում է երկրի պատասխանատվությունը: Այդ կորպուսը կարելի է անվանել «ռազմական օլիգարխիա»:
Հենց վերջիններս երկրի քաղաքական կյանքում արմատավորեցին Ղարաբաղյան շարժման ալիքի վրա կազմավորված եւ 1990 թվականից կառավարող Հայոց համազգային շարժում կուսակցությանը քաղաքականությունից դուրս մղելու գործընթացը: Այդ կառավարող կուսակցության կադրային կազմը շատ արագ ցույց տվեց հետպատերազմական համախտանիշների հաղթահարման հարցում իր անգործունակությունը եւ 1998 թվականին ինքնահեռացվեց երկրի քաղաքական կյանքից: Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպման եւ իշխանության կադրային կազմի յուրահատկությունների ու որակների ձեւավորման հետագա ողջ գործընթացը միայն այդ զարգացումների տրամաբանական շարունակությունն էր: Այսօր արդեն, «հետին թվով», կարելի է վստահորեն բնութագրել այդ կադրերի յուրահատկություններն ու որակները:
Տվյալ հոգեբանական տեսակն իր սաղմնային վիճակում ուներ միանգամայն բանական սկիզբ` պատերազմի հերոսների փառքը յուրացնելու ձգտում: Հետպատերազմական ժամանակի համախտանիշներից մեկը դարձել էր քաղաքականորեն ակտիվ գործիչների համատարած հակվածությունը իրենց հերոսական որակների կրող ճանաչելու գործունեությամբ: Հերոսի կերպարը հավասարազոր էր համարվում համապարփակ ինդուլգենցիայի, որի միջոցով հնարավոր է արդարացնել ցանկացած իր արարքը` լինի դա իշխանության իր իրավունքի հաստատման ձգտում, թե` հանցագործության իրավունքի:
Այդպիսի գործիչների, ըստ էության` պոլիտիկանություն անող կրիմինալի` իշխանության հաստատվելու դեպքում նման գործելակերպը բավականաչափ արդյունավետ էր: Պետություն կազմակերպելու եւ կառավարելու սեփական ունակություններում ցանկացած անզոր իշխանության անվստահությունը հասարակությանն ու անզոր իշխանությանը ստիպում է այդ իրավունքը պատվիրակել պոլիտիկանություն անող կրիմինալին`ինքնահաստատման գռեհիկ կամքով օժտված եւ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով ապրող մարդկանց:
Այսպիսով՝ հանցագործներն ակամա դառնում են պահանջարկված, ու երբեք բաց չեն թողնում իրենց հնարավորությունը: Ուստի անձնուրաց գործիչների կողքին տրամաբանորեն հայտնվում էին հերոսների փառքը յուրացրած հանցագործները: «Թվալ» կատեգորիան հեշտությամբ գերազանցում էր «լինել» կատեգորիային: Հետպատերազմյան տարիներն ավելի շատ հնարավորություններ մատուցեցին հերոսի լուսապսակին տիրանալու համար, քան պատերազմը: Դրա համար պահանջվում էր միայն ունենալ իշխանական լծակներ՝ «վերաձեւելու» փառքը: Դա պատերազմի խեղկատակների աստեղային ժամն էր:
Հենց այս երեւույթին էր Հայաստանը բախվում անկախ պետականության ողջ ընթացքում: Հերոսի փառքը յուրացնողները յուրացնում էին պետական իշխանության լծակները, ազգային հարստությունը եւ արդյունքում՝ նաեւ հասարակության ազատ կամքը: Հասարակությունը դուրս էր մղվում սեփական ճակատագրի վրա ազդելու հնարավորությունից: Կամքի տեւական ճնշումն առաջ էր բերում հասարակության մեջ անզորության յուրահատուկ զգացում: Բայց սոցիալական եւ քաղաքական իրականության հանդեպ անզորության զգացումն առանձնահատուկ կատեգորիա է: Այն սահմանում է մարդու եւ հասարակության բարոյական գնահատականների աքսիոմատիկ հիմքը: Որոշակի պայմաններում նման գնահատականներն առաջին գիծ են մղում անձի պատրաստակամությունը՝ ցանկացած ուժի մեջ գտնելու պաշտպան, որը կարող է նրան ազատել: 2016-ի ապրիլյան պատերազմն ամեն ինչ իր տեղը դրեց. բռնավթիչների գաղափարական պղպջակը պայթեց, իսկ հասարակությունը գիտակցեց, թե իրականում ով կարող է լինել իր պաշտպանը:
Հասարակության նման հոգեբանական տրամադրվածության արդյունքը մենք տեսանք ապրիլի-մայիս ամիսներին: Այս անգամ բռնազավթիչների ճամբարը դուրս մղվեց պետական կառավարման համակարգից: Խոշոր սեփականատերերի ու գործարարների դերում նրանք «տեղավորվեցին» հասարակության խորքում: Հիմա ժամանակ առ ժամանակ խոսում են իրենց իրավունքների մասին, որոնցից նախկինում զրկում էին մնացածներին: Երբեմն խոսում են հասարակության պահանջները փոխհատուցելու պատրաստակամության մասին: Նրանց հետ ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե հոգեբանական որ տեսակին են պատկանում դրության ներկայիս տերերը եւ ինչի են նրանք ընդունակ: Առաջ ասում էին, որ բուրժուազիան տապալվում է պրոլետարիատի կողմից: Իսկ ի՞նչ են իրենց համարում ներկաները:
Հետագա հոդվածներում մենք կփորձենք հետեւել Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների զարգացմանը