Ի՞նչ են հետապնդում գերտերությունները Մերձավոր Արեւելքում
2017 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացված իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, դրան հաջորդած՝ Իրանի աջակցությամբ Իրաքի ուժերի կողմից Քիրքուք քաղաքի գրավումը եւ, ի վերջո, Սիրիայի Աֆրին նահանգում Թուրքիայի ռազմական էքսպանսիան էլ ավելի են համոզում, որ «Իսլամական պետության դեմ միջազգային գործողության» իրական նշանակալի արդյունքը դարձավ տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը: Իրաքի եւ Սիրիայի փլուզման փաստերը ներունակորեն ծանրակշիռ խնդիրներ չեն աշխարհի ու տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա ինքնուրույն ազդեցություն գործելու առումով: Դրանք ավելի շուտ լքված տարածքներ են, որոնք դաշտ ապահովեցին տարբեր դերակատարների ծրագրերի իրականացման համար: Իսլամական պետության մասին արդեն քչերն են լրջորեն խոսում. այս գործոնն իր դերն արդեն խաղացել է:
Հարց է ծագում. ի՞նչ են հետապնդում գերտերությունները (առաջին հերթին՝ ԱՄՆ-ը) Մերձավոր Արեւելքն անվերջ ապակառուցողական իրադրության մեջ պահելով: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում հաստատված քաղաքական կարգը գործնականում տապալվել է: Նրա փլատակների վրա ծավալվում են հետագա ռազմական եւ քաղաքական գործընթացների դիպաշարեր, որոնք դեռեւս «քրդերի համատարած ու համակողմանի ծեծ» են հիշեցնում: Ամենայն հավանականությամբ, շատ շուտով ականատես կլինենք նաեւ այլ դիպաշարերի: ԱՄՆ նախագահը պարբերաբար Մերձավոր Արեւելքի քաղաքական դաշտ է բաց թողնում ակնհայտորեն ապակառուցողական գրգռիչներ. մերթ ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, մերթ բացահայտ աջակցում Իրանի ժողովրդի պայքարին՝ ընդդեմ Իսլամական բռնապետության, մերթ մտադրություններ հայտնում զինել ու կազմակերպել քրդերին: Այսինքն, կարելի է ասել, ստիպում է բոլորին խելահեղորեն պաշտպանել տարածաշրջանում գոյություն ունեցող կարգի մնացորդները: Իրականում ցանկացած նոր գործողություն ավելի է քայքայում տարածաշրջանը: Ռուսաստանը չգիտի, թե ուր եւ ինչու է խառնվել, եւ ինչպես պետք է վարվի հիմա: Թուրքիայի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի նյարդային ջղաձգումները միայն ցույց են տալիս այդ վարչակարգերի խուճապը:
Մի բան պետք է հստակ լինի. տարածաշրջանում բացահայտորեն քաոսի խրախուսման պատճառները կապված են համաշխարհային քաղաքականության մեջ առաջացած ավելի լուրջ խնդիրների հետ: Տակավին չեն մոռացվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ձեւավորված կարգի ոչնչացման ոչ պակաս ապակառուցողական միջոցները: Հին քաղաքական աշխարհը կորցրել է իր իմաստը եւ կայունությունը: Թե ինչպես են այն փոխում՝ տեսնում ենք անզեն աչքով: Թե ինչպես այս ամենը կավարտվի ու ինչպիսին կլինի նոր աշխարհը՝ դժվար է կանխագուշակել: Բայց ինչ-որ բան արդեն կարելի է նկատել՝ դատելով Նոր աշխարհակարգի մասին բազմաթիվ զրույցներից: Ինչպես երեւում է, նախկին կարգի հիմքերի ապամոնտաժմանը զուգընթաց որոնվում են աշխարհի ժողովուրդների համատեղ գոյակցության կազմակերպման նոր սկզբունքներ: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում ՝ նորը լավ մոռացված հինն է: Առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների տիպի համաձայնագրային կարգերը (մեծ տերությունների պայմանագրերը) վերեւից բոլորին պարտադրելու սկզբունքը չի գործում: Ուրեմն՝ անհրաժեշտ է պայմանավորվել «ներքեւից»: Սա շատ բարդ խնդիր է, քանի որ արեւմտյան աշխարհից դուրս բազմաստիճան պայմանագրերի հասնելու ավանդույթներ չկան: Եվրոպան այդպիսի սկզբունքների եկավ 17-րդ դարասկզբի քաոսի պայմաններում:
Ուշադիր հետեւենք Նոր աշխարհակարգի ճարտարապետներից մեկի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքին. «Ես միշտ համարել եմ, որ բովանդակալից բանակցությունների համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերն ունենան մի շարք ընդհանուր նպատակներ ու արժեքներ... հնարավո՞ր է արդյոք Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ ինչ-որ պայմանավորվածության հասնել: Եթե ենթադրենք, որ իսլամական հանրույթն ընդունում է աշխարհի կառուցվածքի լեգիտիմությունը, որի հիմքում ընկած են պետությունները, ես կասեի`այո, եւ անհրաժեշտ է նման բանակցություններ վարել... Մերձավոր Արեւելքի այդ ցնցումները չեն ավարտվի առանց Վեստֆալյան խաղաղության պայմանագրի հանգույն մի փաստաթղթի, որը կնշանակի տարբեր շարժառիթներ ունեցող տարբեր խմբերի միջեւ երեսնամյա պատերազմի ավարտ եւ կհանգեցնի պետությունների այնպիսի համակարգի ստեղծմանը, որն այդուհետ մի քանի հարյուրամյակ միջազգային հարաբերությունների հիմքը կկազմի: Նույնիսկ հիմա դա հիմնարար հայեցակարգ է համարվում: Հնարավո՞ր է արդյոք նման բան: Այո՛»:
Նմանատիպ գաղափարներ արտահայտում են բազմաթիվ այլ գործիչներ եւս: Իսլամական աշխարհի՝ քաոսի մեջ ընկղմվելու հետ մեկտեղ, այդ աշխարհի ժողովուրդներին առաջարկվում է ոչ այլ ինչ, քան 17-րդ դարի Վեստֆալյան պայմանագրի մի նմանակ. քաոսի պայմաններում բոլոր խմբերը պետք է համաձայնության գան իրենց նոր հարաբերությունների համակարգի շուրջ: Ոչ միայն առաջարկում են, այլեւ նպատակաուղղված կերպով զրկում են նրանց իրենց պատմական ավանդույթներն օգտագործելու հիմքից (նվաճումներից կամ ուրիշների իշխանությունը խոնարհաբար ընդունելուց զատ՝ իսլամն այլ ավանդույթներ չունի): Վառ օրինակը սիրիական հակամարտության մասնակիցների Ժնեւյան բանակցություններն են: Մյուս օրինակն էլ հակամարտ խմբերի ներլիվիական բանակցություններն են: Ժամանակի ընթացքում այդպիսի ասպարեզներն ավելի կշատանան:
Հավանաբար՝ լավ կյանքից չէ, որ Արեւմուտքի տերություններն այդ մոտեցմանն են հանգել: Փոխկապակցված աշխարհում երկրագնդի այլ շրջանների ժողովուրդների հետ լեզու գտնելը շատ ավելի է դժվարանում: Ուժային հարկադրանքի եղանակը ոչ միայն կորցնում է արդյունավետությունը, այլեւ դառնում է անհնար: Խոշոր տերություններին դժվար է կռվել միմյանց դեմ՝ դա բոլորը հասկանում են: Խնդիրն անհամեմատ բարդ է մնացյալ երկրների եւ տարածաշրջանների հետ հարաբերություններում: Արդի աշխարհում ռազմական ուժն ինքնին քիչ բան է տալիս: Իրաքում եւ Աֆղանստանում ռազմարշավները համոզիչ կերպով ցույց տվեցին խնդիրների ուժային լուծման աննշան արդյունքը, որոնք ամերիկացիներն այդպես էլ չկարողացան փոխարկել քաղաքական լուծման:
Քաղաքակրթության առաջնագծից ետ մղված ժողովուրդները նույնպես փնտրում են արեւի տակ իրենց տեղի համար պայքարելու նոր եղանակներ՝ զոհողության են գնում կրոնական եւ մոլեռանդության այլազան դրոշների ներքո: Միացյալ Նահանգներին այս երեւույթը լավ ծանոթ է Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում ճապոնացի մահապարտների օրինակով: Այժմ տերությունները պայքարի այս նոր ձեւերն ահաբեկչություն են անվանում, եւ գիտեն, որ ահաբեկիչներին, ի տարբերություն երկրների, հնարավոր չէ զսպել նույնիսկ միջուկային ռումբի օգտագործմամբ. նրանք չունեն կազմավորված տարածք, որին կարելի է պատասխան հարված հասցնել եւ, ընդհանրապես, վրեժխնդրությունն ամենաքիչն է անհանգստացնում մահապարտ-ահաբեկիչներին:
Պատահական չէ, որ ահաբեկչությունը համաշխարհային անվտանգության հիմնական սպառնալիք է համարվում: Այս մոտեցումը թույլ է տալիս մշակել աշխարհի խնդիրների լուծման ոչ թե ուժային, այլ «ժողովրդավարական մասնակցություն» անվանվող մեկ ուրիշ հայեցակարգ: Այս հայեցակարգը դեռ այնքան էլ չի գիտակցվում համաշխարհային հանրության կողմից: Բայց նրա դրսեւորումներն արդեն վաղուց բոլորը նկատել են. վարչակարգերի խաղաղ տապալում՝ խաղաղ զանգվածային գործողությունների միջոցով, այսպես կոչված, հիբրիդային պատերազմներ, «օպերետային կառավարելի ահաբեկչություն», կանաչ մարդուկներ եւ այլն: Բոլոր այս գործողությունները ոչ միայն քայքայում են հին կարգի հիմքերը, այլեւ ոչնչացնում են միջնադարից եկող քաղաքական ավանդույթները: Մնում են միայն համընդհանուր քաոսը եւ բոլորն ու ամեն ինչ պայմանավորվելու համառ առաջարկները: Միայն քաոսը եւ խնդիրների ուժային լուծման անկարողությունն են ամենուրեք ստեղծում «ներքեւների» պայմանագրերի գաղափարի ընկալման մթնոլորտը: Ողջ աշխարհում ծավալված գործընթացների այլ տրամաբանություն դժվար է որսալ:
Թե ինչ կստացվի այս ամենից՝ ցույց կտա ժամանակը: Այժմ կարող ենք միայն ասել, որ քաղաքական մտածողության փոխակերպման հիմնական կենտրոնը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանն է: Ամենայն հավանականությամբ, այստեղ էլ վիճակված է մշակել նոր աշխարհակարգի հիմքերը: Պատահական չէ, որ ուշադրության կենտրոն է դուրս բերվում սկզբունքորեն նոր գործոն` քրդերը: Թուրքերը, արաբներն ու պարսիկները չունեն նման «օտարածին» ռազմաքաղաքական գործոնի հետ կապված ավանդույթներ: Այստեղ էլ կարող է փլուզվել անհնազանդների բռնի նվաճման կամ ֆիզիկական ոչնչացման իսլամական քաղաքական ավանդույթը: Նկատելի է, որ քրդերը համապարփակ եւ տարածաշրջանային փոփոխությունների միջազգային ծրագրի ներունակորեն գլխավոր շարժիչն են: Ավելի հարմար գործոն հնարավոր չէ գտնել: