հոդվածներ

Հասարակությունը գիտի՞, թե ինչ է ուզում (մաս 2)

2017-11-03

Մաս երկրորդ

Յուրաքանչյուր մարդ ունի իր սուբյեկտիվ պատկերացումն արդարության մասին: Հետեւաբար, հասարակությունը կարող է համարվել կայացած, եթե նրա անդամները կարողանան համաձայնության գալ բոլորի համար ընդունելի արդարության բանաձեւի շուրջ: Այս դեպքում արդարության համապետական բանաձեւը սահմանվում եւ ընդունվում է հասարակության բոլոր անդամների կողմից՝ երկրի Սահմանադրությունում օրինականացված իրավունքների եւ պատասխանատվությունների միջոցով: Այսինքն՝ իր պետությունը կազմավորող ժողովուրդը գիտակցում է փաստը, որ արդար է այն, ինչի մասին պայմանավորվել են հասարակության բոլոր անդամները եւ ձեւակերպել երկրի հիմնական օրենք՝ Սահմանադրության տեսքով: Եթե ​​չկա արդարության օրինականացված բանաձեւ՝ չկան նաեւ արդարության եւ անարդարության որոշման սանդղակներ:

Չկայացած պետությունների բոլոր դժբախտությունները բխում են նրանից, որ արդարության բանաձեւը պաշտոնապես ընդունված է Սահմանադրության մեջ, սակայն իրականում ոչ ոք այն լրջորեն հաշվի չի առնում: Եվ եթե ինչ-որ մեկը կարողանում է արդարության իր ընկալումը կամ պատկերացումը փաթաթել ողջ հասարակության վզին, ապա սոցիալական կյանքը վերածվում է սեփական ճակատագրից եւ անհուսալի անարդարությունից բողոքների անվերջանալի շղթայի: Ավելին՝ հաճախ դժգոհությունները ծագում են ոչ թե այն պատճառով, որ խախտվել է արդարության համաձայնեցված բանաձեւը, այլ՝ որովհետեւ մյուսները ցանկանում են հասարակությանը պարտադրել արդարության իրենց պատկերացումները:

Իրականում շա՞տ մարդիկ են արդյոք Հայաստանում տենչում հավասար պատասխանատվություն օրենքի առջեւ: Պատասխանը, ցավոք, չի կարող լինել միանշանակ դրական: Եվ հնարավորությունների հավասարության իրադրությունը շատ մարդիկ չեն ընդունում, նրանց ավելի շատ դուր է գալիս անձամբ իրենց մեծ հնարավորությունը՝ ուրիշների հաշվին: Դժգոհությունը բխում է հենց նրանից, որ շատերը չունեն այդպիսի հնարավորություն: Հազիվ թե կարելի է վիճարկել մեր այդ հոգեբանական վիճակը: Եվ մեկ օրում չէ, որ մենք դրան հասել ենք:

Այսօր դժվար թե վիճարկելի է այն փաստը, որ սահմանադրական նորմերին իրենց հավատարմության մասին հռչակելով՝ ո՛չ քաղաքական ընտրախավը, ո՛չ էլ հայ հասարակության զգալի մասը երբեք լրջորեն չի ընդունել այդ դրույթների կենսական նշանակությունն իր քաղաքականության նպատակների համար: Երկրի հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպումը միշտ հիմնված է եղել այս կամ այն ​​իրավիճակի նպատակահարմարության վրա: Համապատասխանաբար՝ պետական կյանքում շատ արագ արմատավորվեցին վերահսկողության եւ կարգավորման ոչ սահմանադրական կայուն մեխանիզմները: Արդյունքում՝ Սահմանադրության նորմերը դուրս մնացին պետական ​​կյանքի իրողությունների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից: Դա պայմանավորված էր պետական ​​կառավարման համակարգի բռնագրավմամբ:

Երկրում գործող վերահսկողության եւ կարգավորման «ստվերային» մեխանիզմներ ասելով՝ հասկանում ենք, առաջին հերթին, իշխանությունների նպատակաուղղված գործողությունները հետեւյալ ուղղություններով. իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի կաթվածահարություն; ազատ ձեռնարկատիրական գործունեության արգելում; դատական մարմինների նկատմամբ վերահսկողություն; զանգվածային լրատվամիջոցների ազատության սահմանափակում; հասարակության օրինական նախաձեռնությունների սանձում; արտաքին հովանավորների փնտրտուք:

Այս մեխանիզմների կայուն գործունեության հնարավորությունն ապահովվում է պետական կյանքում քաղաքական եւ տնտեսական ազդեցության գոտիների ու ոլորտների պայմանագրային բաժանման հատուկ համակարգի, ինչպես նաեւ գործարարների ֆինանսա-տնտեսական քվոտաների եւ ստվերային հարկման կենտրոնացված համակարգի կիրառման միջոցով:

Այսպիսով՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքի իրական տիպօրինակը պատկերանում է որպես հասարակության՝ պետական իշխանության լծակներին տիրապետող ունեւոր խավի եւ երկրի կենսագործունեության վրա իրական ազդեցության հնարավորություններից զրկված՝ հասարակության մյուս մասի ռացիոնալացված (պայմանագրային) փոխհարաբերությունների համակարգ: Տեղի է ունեցել օլիգարխացում՝ հայկական ձեւով:

Նկարագրված մոդելի արմատավորումը Հայաստանում հնարավոր է դարձել հասարակության գաղափարական ապակողմնորոշվածության եւ քաղաքական պասիվության պատճառով: Իրավագիտակցությունից զուրկ եւ բռնապետական գաղափարների հակումներ ունեցող Հայաստանի հասարակությունը մինչեւ վերջերս իր կյանքում ճիշտն ու սխալը որոշում էր ոչ թե օրենքի սանդղակով, այլ կյանքի իրողությունները լավի ու վատի մասին իր առասպելական պատկերացումների հետ հարաբերակցելու միջոցով: Այս մոտեցմամբ հասարակությունը չկարողացավ գտնել իր անհաջողությունների պատճառները:

Փորձելով կազմակերպել իր քաղաքական ակտիվությունը, հասարակությունը նախապատվություն տվեց այն կուսակցություններին, որոնք հիմնված են ու գործում են անձնական ավտորիտարության հատկանիշով: Ընդ որում՝ ունենալով ընդամենը մեկ շահ` գոյություն ունեցող վարչակարգը փոխելու միջոցով հասնել իշխանության, այս միավորումներն ի սկզբանե իրենց դնում են պարտվողական իրավիճակում: Այդ ուժերն այդպես էլ չկարողացան գիտակցել երկրում սահմանադրական կարգի հաստատումը՝ որպես ներքին քաղաքականության առանցքային խնդիր:

Համենայն դեպս, պետք է ընդունենք, որ Սահմանադրության ցանկացած փոփոխություն Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի մոդելը փոխելու հնարավություն չի ստեղծում: Քանի դեռ հասարակությունը չի ընդունում այն փաստը, որ ազգային սոցիալ-քաղաքական իրողությունների չափման միավորը կարող է լինել միայն օրենքը, եւ մարդիկ պատրաստակամություն չեն հայտնում հարգելու միմյանց իրավունքները, երկրում չի կարող արմատավորվել հավասար իրավունքների եւ հավասար պատասխանատվության սկզբունքի վրա հիմնված քաղաքական համակարգ: Հետեւապես՝ չի կարող արմատավորվել արդարության մթնոլորտ: Իսկ սահմանադրական նորմերը կծառայեն զուտ իբրեւ իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքները ոտնահարելու լրացուցիչ լծակներ: