հոդվածներ

Հայկական պետականության խնդիրները| Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը

2017-09-27

Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում «Փոխադարձ վստահություն, միասնություն եւ պատասխանատվություն» նշանաբանի ներքո անցկացվեց Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Այն հավաքել էր 71 երկրների ավելի քան 1800 մասնակիցներ: Մեծ պատվիրակություններ էին ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից եւ Վրաստանից:

Համաժողովում տիրող մթնոլորտը եւս մեկ անգամ հաստատեց, որ հայ ժողովուրդը դեռեւս լիովին չի կարողացել ընկալել իր քաղաքական խնդիրների էությունը: Նախեւառաջ՝ չի հասկացել շարունակվող ազգային գժտությունների պատճառները, չնայած հայկական պետության ավելի քան քառորդդարյա գոյության ընթացքում դրանք չեն սպառվել: Համաժողովի «Փոխադարձ վստահություն, միասնություն եւ պատասխանատվություն» անվանումն ինքնին նշվածի ցայտուն վկայությունն է: Բոլորը հասկանում են, որ չկա վստահություն՝ չկա միասնություն եւ չկա պատասխանատվություն: Ու թեպետ յուրաքանչյուրն այդ առնչությամբ ունի իր բացատրությունները, որոնցից շատերը կարող են համոզիչ թվալ, այնուամենայնիվ, բացատրությունների հարցում եւս միակարծություն չկա: Եվ չի էլ կարող լինել այդպիսի միակարծություն՝ համաժողովի ամեն մի մասնակից ապրում է իր աշխարհում, քանի որ յուրաքանչյուրն ունի հայոց խնդիրների աշխարհի վերաբերյալ սեփական տեսլականը: Եվ այնքան կարեւոր չէ փաստը, որ բոլորն ունեն համաժողովին մասնակցելու տարբեր նպատակներ ու տարբեր դրդապատճառներ: Անգամ նպատակների միասնությունը չէր կարող փոխել տիրող մթնոլորտը:

Հայկական պետականությունը հետաքրքրում է բոլորին, բայց այդ հետաքրքրության նպատակն ու էությունը այնքան էլ թափանցիկ չեն: Ավելին՝ անհասկանալի է, թե որոնք են համարում այդպիսի հետաքրքրության իրացման տեխնոլոգիաներն ու պաշարամիջոցները: Ակնհայտ է, որ նման հանգամանքներում Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ազգային անվտանգության խնդիրներին, արտաքին քաղաքականության օրակարգին, 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանը հայկական ինքնության խնդիրներին առնչվող թեմաների քննարկումները (ինչն արվել էր 16 նիստերում) ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցնի: Ցանկալիի որոնումը սխալ տեղից են սկսել:

Որոնման սկիզբն այլ տեղում է. անհրաժեշտ է դուրս գալ առասպելաբանության աշխարհից եւ մտնել մարդկային փոխհարաբերությունների կարգավորման համընդհանուր տեխնոլոգիաների եւ ազգային նպատակների իրականացման տեխնոլոգիաների աշխարհ: Հարկավոր է գոնե հարցնել ինքներս մեզ. ինչպես են աշխարհի ժողովուրդները գտնում վստահության եւ պատասխանատվության հասնելու ուղիները: Այսպիսի հարց դնելով եւ դրա պատասխանը գտնելով՝ հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես է ձեռք բերվում միասնությունը: Իսկ այստեղ գաղտնիքներ չկան. մարդկային աշխարհը հիմնված է իրավունքների եւ պատասխանատվության ներդաշնակեցման սկզբունքի վրա: Որտեղ չկա խոսք իրավունքի մասին՝ այնտեղ չկան պատասխանատվություն եւ վստահություն:

Որեւիցե մեկը համաժողովի ընթացքում արտաբերե՞ց «իրավունք» բառը: Եթե նույնիսկ արտաբերեց, ապա քչերն այդ բառին լուրջ վերաբերվեցին: Այստեղից էլ սկսվում են ներազգային անվերջանալի տարաձայնություններն ու գժտությունները: Թերեւս հեշտ չէ հասկանալ արված պնդման էությունը, որն առաջին հայացքից սկզբունքային չի թվում: Սակայն ցանկության դեպքում կարելի է քայլ առ քայլ փորձել հասկանալ ցանկացած ազգային ռազմավարության «սկիզբների սկիզբը»: Դատապարտելի ոչինչ չկա հայերի գիտակցության մեջ ամուր արմատներ ձգած համոզմունքների աշխարհից կտրվելու մեջ՝ կասկածելով, թե այդ համոզմունքները կարող են կեղծ լինել եւ կարող են լինել շարունակական ազգային անհաջողությունների պատճառ:

Այս թեմայով խոսակցությունը չի կարող կարճ լինել: Նախ՝ տեսնենք, թե 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինչպես էր ընկալում իր պետության կառուցման ուղիները: Այս հարցը հասկանալու փորձն իսկ ցույց կտա, թե ինչու 26 տարի անց մենք դեռ դոփում ենք միասնության, վստահության եւ պատասխանատվության հասնելու խնդրի առջեւ: Նախապես նշենք, որ հայերը 20-րդ դարի սկզբին ազգային աղետի ենթարկված ժողովուրդ են, ինչն էլ կանխորոշել է հաջորդ սերունդների աշխարհընկալումը: Այս հանգամանքը չափազանց կարեւոր է հետագա դատողությունների համար: Առնվազն անիմաստ է ժխտել, որ Հայաստանն իր անկախության շեմը թեւակոխեց պատմական խնդիրների ծանր բեռան առկայությամբ: Ընդ որում՝ զգալի դեր ստացավ այն սերունդների աշխարհընկալումը որոշող հոգեբանական խնդիրների բեռը, որոնց վիճակված էր դուրս գալ անկախ պետության կառուցման ուղի:

Իրողություններն այնպիսին են, որ Հայաստանում անկախ պետականության ստեղծման առաջին օրվանից երկրի քաղաքական ընտրախավը «խաղադրույքը» դրել էր նորաստեղծ Հայաստանի Հանրապետության քաղաքականության կայացման գործում պատմական խնդիրներից առավելագույնս սահմանազատվելու եւ այդ խնդիրների գործոնի նշանակությունն արհամարհելու վրա: Համարվում էր, որ անկախ Հայաստանի Հանրապետության կառուցման ուղեգիծը չէր կարող կապվել համազգային նշանակության պատմական հիմնախնդիրների հետ՝ ռազմավարական որեւէ նշանակություն այդ խնդիրների մեջ չէր դիտարկվում: Թվում էր՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խնդիրները հար ու նման են 1918-20 թթ. Առաջին հայկական հանրապետության խնդիրներին, եւ մենք ունենք միայն մեկ խնդիր`«չկրկնել անցյալի սխալները» եւ ցանկացած գնով համաձայնության հասնել Թուրքիայի հետ: Ընդ որում՝ «անցյալի սխալների» եղած գնահատականները ոչ մի կասկածի տակ չէին դրվում: Ենթադրվում էր, որ բավական է Ցեղասպանության խնդիրը դուրս բերել պետական քաղաքականությունից, ինչպես նաեւ իրավաբանորեն սահմանազատվել Լեռնային Ղարաբաղի հարցից՝ ռազմավարական խնդիրը (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը) կլուծվի:

Սակայն 1980-ականների կեսերից աշխարհում սկսված գլոբալ քաղաքական փոփոխությունների իմաստը չէր գիտակցվել: Հայաստանի նոր քաղաքական ընտրախավը հայտնվել էր «սառը պատերազմի» ժամանակների մտածողության ճիրաններում՝ միախառնված «պատմության վախի» գործոնին: Արդյունքում ի սկզբանե աշխարհաքաղաքականության ռազմավարական ուղիներում ամուր հաստատված հանգուցային հայկական խնդիրները (Ղարաբաղի խնդիրը եւ Ցեղասպանության խնդիրը) դուրս էին եկել ՀՀ ղեկավարության՝ ոչ միայն դրանք վերահսկելու, այլեւ դրանց վրա նվազագույն իսկ ազդեցություն գործելու ունակությունների ու հնարավորությունների շրջանակներից: Այն գաղափարը, թե գոյություն ունի արտաքին ազգային սուբյեկտների ճանաչման եւ նրանց հետ հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտություն, ոչ մի կերպ չէր արմատավորվում Հայաստանի ղեկավարության քաղաքական գիտակցության մեջ: Քաղաքական հարաբերությունների օբյեկտիվ իմաստի նման ընկալումը մինչ օրս պարզապես բացակայում է: Համապատասխանաբար, ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը ենթարկվել էր այդ արտաքին գործոնների էքսպանսիային: Հայաստանում քաղաքական իշխանությունը, հասարակությունը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությունը հայտնվել էին զգալի վերահսկողության տակ եւ արտաքին հայկական խնդիրների ու այդ խնդիրները շահարկող արտաքին ատյանների պատանդի կարգավիճակում:

Այս հանգամանքը Հայաստանի ղեկավարության միջավայրում հանգեցրեց հերթական վիճելի հետեւության առաջացմանը. համազգային բնույթի խնդիրները սկսեցին դիտարկել որպես պետականաշինության ճանապարհի ռազմավարական խոչընդոտ: Ժամանակը ցույց տվեց, որ այս գնահատման իրական հետեւանքները եղան այն, որ անկախ Հայաստանի Հանրապետության առաջացման պահից նրա ղեկավարությունը սկսեց իր իշխանությունը տարածել այն բոլոր կետերի ու ազգային աղբյուրների նկատմամբ, որոնք Հայաստանի վրա արտաքին ճնշման հիմնական գործոններն էին: Սփյուռքի ներկայացուցիչների բաժանումը յուրայինների եւ օտարների, դաշնակցական կուսակցության անիմաստ մեկուսացումը, Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների մեկուսացումը այս քաղաքականության հիմնական ապացույցներն են: Այդպիսի քաղաքական էքսպանսիայի նպատակը (որը մինչեւ հիմա շարունակում է մնալ) այդ ռեսուրսային բազաների նկատմամբ խիստ վերահսկողության սահմանումն էր՝ զսպման քաղաքականության տեսքով: Թվում էր՝ դա հնարավոր է եւ կարող է լինել Հայաստանի Հանրապետության ազատությունը պաշտպանելու արդյունավետ մեխանիզմ:

Սակայն երկրում եւ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները զարգանում են իրենց տրամաբանությամբ: Այսօր արդեն կարելի է ամրագրել, որ ցաքուցրիվ եղած հայ ժողովրդի ազգային-քաղաքական իրողություններն ի սկզբանե կտրուկ հակասում էին Հայաստանի Հանրապետության իշխանությունների ընդունած քաղաքական հայեցակարգին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընդունած իրավական դաշտին (դրա իրական քաղաքական եւ իրավական կարգավիճակին): Համաշխարհային կարգի արմատական վերափոխման խորապատկերին հայկական խնդիրների ռազմավարական իմաստն անտեսելու փիլիսոփայությունը, փաստորեն, ընդհակառակը, խթանեց այդ խնդիրների ազդեցությունը ինչպես համաշխարհային քաղաքականության վրա, այնպես էլ իբրեւ Հայաստանի վրա ազդեցության գործոն: 1998 թվականից այս փիլիսոփայությունը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի փլուզմանը եւ երկրի ամբողջական ենթակայությանը արտաքին գործոններին: Հայաստանում աստիճանաբար տեղի ունեցավ իշխանության բռնազավթում ղարաբաղյան ռազմաքաղաքական կառույցի կողմից, խորացան հայ-թուրքական հարաբերություններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային հիմնախնդիրները, իրագործվեց Հայաստանի Հանրապետության լիակատար ռազմական ենթակայությունը Ռուսաստանի գործոնին, ինչպես նաեւ ԱՄՆ-Ռուսաստան-Ֆրանսիա եռյակի թելադրանքի տակ հայտնվեցին անվտանգության համակարգը եւ արտաքին քաղաքականությունը (Մինսկի գործընթացի շրջանակներում): Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ոչ բարյացակամ վերաբերմունքը կտրուկ աճեց:

Երկրի ներսում հասարակությունը նույնպես բեւեռացվեց, դրա արդյունքում, ի վերջո, ստեղծվեց քրեաօլիգարխիկ վարչակարգ, ինչը խթանեց երկրի կախվածությունը այս վարչակարգի արտաքին հովանավորներից: Երկրի հասարակությունը զուրկ էր եւ է իր պետության ճակատագրի վրա ազդելու հնարավորություններից: 1990-ականների սկզբից սկսած՝ Հայաստանի բնակչության արտահոսքը չի դադարում: Այս հանգամանքը դարձավ ներքին պաշարամիջոցների սպառման գործոն, ինչպես նաեւ Հայաստանի համար արտաքին հիմնախնդիրների որակի փոփոխության նոր գործոն: Հայկական սփյուռքը սկսեց նոր որակներ ձեռք բերել եւ նոր հետաքրքրություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքի մասնակցության եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում: Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջեւ տարաձայնությունները միայն խորացան: Նկատելի են ավելի շատ վեճեր են ծագում կամայականորեն ներկայացվող պահանջների մասին, քան՝ իրավունքների ու պատասխանատվության:

Մի բան պարզ է. անհրաժեշտ է բոլոր գնահատականների եւ հայոց պետականության մոտեցումների արմատական վերանայում: Պետք է գտնել ՀՀ ռազմավարորեն արդարացված ինքնորոշման իրավական շրջանակների նոր գծապատկերը: Այս ամենին համապատասխան, անհրաժեշտ է գտնել այն սահմանը, որը տարբերակում է Հայաստանի Հանրապետության խնդիրները ռազմավարական նշանակության համահայկական խնդիրներից: Վերջապես, հարկավոր է գտնել իրավական պրակտիկայի եւ քաղաքականության մեջ այդ խնդիրներն առանձնացնող գործիքակազմեր: Այսինքն`գտնել այդ խնդիրների բեռից Հայաստանի Հանրապետության ազատագրման մեխանիզմը: Միեւնույն ժամանակ՝ հարկ է խոստովանել, որ ռազմավարական նշանակություն ունեցող համահայկական խնդիրները պետք է մտցվեն հատուկ խնդիրների կարգը, որոնց լուծումը Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավունքը չէ: Այս խնդիրները պետք է լուծվեն հայ ժողովրդի առանձին հատվածների իրավունքներին ու պարտականություններին լիովին համապատասխան:

Նման վերանայման էությանն ու հնարավորություններին մենք կանդրադառնանք հաջորդ հոդվածներում: