հոդվածներ

Հայկական պետականության խնդիրները| Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը (մաս 2)

2017-10-06

Մեր հոդվածի առաջին մասում արված դատողություններից պարզ է դառնում, որ երկրում առկա կարգի եւ ներկա միջազգային իրավիճակի պահպանումը օբյեկտիվ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար: Սահմանադրական կարգի արմատավորումը, ինչպեսեւ հանրապետության իրավաքաղաքական կարգավիճակի փոփոխումը ազգային անվտանգության պահանջն են:

Որտե՞ղ են կուտակվում խնդիրները եւ ո՞րն է անհրաժեշտ փոփոխությունների իմաստը:

Ա. Պետական ​​հիմքերի իրավական անորոշությունը՝ հիմնական ժողովրդավարական հաստատության՝ ազգային իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի կաթվածահարության հետ մեկտեղ, Հայաստանում օրենքի ու արդարադատության համակարգի հաստատման գլխավոր խոչընդոտն է: Վերոնշյալ ժողովրդավարական ինստիտուտի բացակայության հետեւանքով մշտապես տեղի են ունենում պետական ​​իշխանության բռնազավթում եւ իշխանության ու բիզնեսի լիակատար սերտաճում: Հայաստանի Սահմանադրությունը իշխող վարչակարգի կողմից վերածվել է անօրինականությունն օրինականացնելու եւ քաղաքացիներին ապօրինաբար հալածելու յուրահատուկ մեխանիզմի:

Բ. Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ չնորմավորված հարաբերություններն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում ստվերային գործիքակազմեր կիրառելու՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ համայն հայության իրավունքները ճնշելու համար: Միաժամանակ՝ Հայաստանի իշխանությունների ցանկացած անօրինություն արդարացումներ է գտնում Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի գործոնի մեջ: Հայկական խնդիրները գնալով ավելի են վերածվում միջազգային քաղաքականության արգասավոր մեխանիզմների, որոնց վրա Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ազդել: Երկրի արտաքին քաղաքականությունն ավելի ու ավելի է կորցնում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի արդյունավետ պաշտպանության քաղաքական եւ իրավական հիմքերը:

Գ. Իշխանակարգը եւ երկրում առկա կուսակցությունների գործունեությունը ընտրական գործիքակազմերի կաթվածահարության պայմաններում նպաստում են երկրից դուրս հովանավորների որոնմանը: Այս հանգամանքը խաթարում է պետության ինքնիշխանությունը եւ խթանում արտաքին ուժերից կախվածության աճը: Քաղաքական համակարգն աստիճանաբար էլ ավելի է հեռանում հասարակությունից՝ չկարողանալով արտահայտել հասարակության ակնկալիքները:

Երկիրն անզոր է դառնում տարբեր արտաքին գործոնների էքսպանիսայի առջեւ:

Ահա այս խնդիրներին պետք է լուծում տալ: Դրա համար անհրաժեշտ է կողմնորոշվել երկու առումով.

Ա. Ճանաչել համազգային նշանակության խնդիրների ապակառուցողական բնույթը եւ մերժել քաղաքական կյանքում արմատավորված՝ խնդիրների ռազմավարական կարեւորության անտեսման սկզբունքը: Միաժամանակ՝ ընդունել որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նշյալ խնդիրների էքսպանսիան առնչվում է երկրի պաշտոնական իշխանությունների կողմից այդ խնդիրների աղբյուրները նպատակաուղղված կերպով ճնշելու եւ արժեզրկելու քաղաքականությանը, ինչպես նաեւ գիտակցել, որ անընդունելի է պահպանել առկա օլիգարխիկ վարչակարգի գործելակերպը եւ իրավական գործիքակազմերը, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերի վերացմանը, քանի որ սա դիտարկվում է իբրեւ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարում եւ երկրի անվտանգության սպառնալիք:

Բ. Ընդունել Հայաստանի Հանրապետության արտաքին հայկական ատյանների հետ հարաբերությունները կարգավորելու ռազմավարական սկզբունքը, որը իրավունքների եւ պարտականությունների բաժանման մեջ է: Ռազմավարական նշանակության ազգային խնդիրները պետք է մտցվեն հատուկ խնդիրների կարգը, որոնց լուծումը Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավունքը չէ: Այս խնդիրները պետք է լուծվեն հայ ժողովրդի առանձին հատվածների իրավունքներին ու պարտականություններին լիովին համապատասխան` դրանք վերհանելով ազգային համակարգող մարմնի ասպարեզ: Այս սկզբունքով զինվելը կարող է հիմք ստեղծել համազգային էթիկայի առաջացման համար:

Ենթադրենք, որ գիտակցել ենք եւ ընդունել: Արդյո՞ք հնարավոր է դրան հասնել: Եվ հակառակը. ընդունենք, որ այս հոդվածում բարձրացված բոլոր խնդիրներն անտեղի են, եւ հայոց պետականության խնդիրները գտնվում են բոլորովին այլ տեղում:

Այստեղ ժամանակն է խորհել հետեւյալ թեմայի շուրջ. ի՞նչ են Հայաստանի համար հայկական սփյուռքը եւ Ղարաբաղի խնդիրը քաղաքական տեսակետից, եւ ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունը Արցախի եւ Սփյուռքի համար: Միանգամից նշենք, որ այնպիսի պատասխանները, ինչպիսիք են «գլխացավանք՝ միմյանց համար» կամ՝ «հայ ժողովրդի հույսերն ու ձգտումները», ի սկզբանե մերժվում են: Մերժվում է նաեւ այն կարծիքը, թե «ամեն ինչ առանց այն էլ պարզ է»: Պարզ լիներ՝ չէին լինի ներկայիս անվերջանալի ազգային գժտությունները:

Մեր կարծիքով՝ արծարծված հարցերում պարզություն մտցնելու փորձը կարող է հաջող լինել, եթե «հայկական քաղաքական խնդիրների աշխարհը» հասկացությունը ներկայացվի ճանաչողական մեթոդաբանության մեջ: Նման աշխարհը, որպես քաղաքական երեւույթ, առարկայորեն գոյություն ունի, քանի որ աշխարհում գոյություն ունեն հայերի քաղաքական մտադրությունները եւ միջազգայնորեն ճանաչված հայկական խնդիրները: Այլ հարց է, որ հայերն այս հանգամանքի նկատմամբ հակասական վերաբերմունք են դրսեւորում: Բայց դրանից խնդրի սրությունը չի վերանում: Ավելին՝ «հայկական խնդիրների աշխարհի» տարբեր դերակատարների դիրքորոշումների ու գործողությունների հանդեպ անթաքույց հակադրություն է դրսեւորվում: Քննարկվող թեման պարզաբանելու համար անհրաժեշտ է առնվազն քննարկումների միասնական էթիկա:

Այդ մասին՝ հաջորդիվ: