հոդվածներ

Ղզլբաշների սհաթն ու մեր ժամանակը

«Իսկ ամենակարեւորը, 49 տարի եւ հետագայում նույնպես Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության ապահովումը շարունակելու են պահպանել հայ եւ ռուս զինվորները:

Այդ պայմանագրով էլ ավելի ամրապնդվեցին հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր եղբայրական բարեկամությունը, տնտեսական, հոգեւոր-մշակութային կապերը: Նոր պայմանագրով ՌԴ-ում ապրող ավելի քան երկու միլիոն հայերն իրենց ավելի լավ եւ ուժեղ, եղբայրական ընտանիքում կզգան:

Մենք երբեք չպետք է մոռանանք մեծ լուսավորիչ, դեմոկրատ Խաչատուր Աբովյանի խոսքը. «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց...»:

Այո՛, թող միշտ օրհնվի այդ ոտքը...»:

Այս տողերը ծաղկաքաղ չէ, այլ` Աբովյան քաղաքում պետական աջակցությամբ հրատարակվող «Կոտայք» անկախ թերթի 2010թ. օգոստոսի 30-ի համարի խմբագրականի վերջաբանը: Ամենայն հավանականությամբ պետական աջակցությունը պետական պատվեր էլ է ենթադրում: Ինչեւէ:

Այս տողերը կարդալիս մի պահ մանկությանս տխուր հուշերը զարթնեցին ու թվաց, թե մի 25 տարով հետ եմ գնացել: Մնում էր կարդայի` «եղի՛ր պատրաստ», որին առանց ուշացնելու պետք է հետեւեր` «մի՛շտ պատրաստ»-ը:

Մի քանի ամիս Աբովյանում չեմ եղել: Ընկերներիս կխնդրեմ արձագանքեն` արդյո՞ք Աբովյանում սովետական կարգերն են վերադարձել ու մեր թագավոր ախպորը այսուհետ ընկերով պետք է դիմենք:

Ռսի օրհնած ոտով կառուցենք ծովից ծով Հայաստան

Հարցի ողբերգականությունը մի կողմ թողնելով` խնդիր կա տեսնելու, թե որտեղից են սնվում օտար զինվորի միջոցով սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու գաղափարն ու նման զառանցանքները: Ու խնդիրն այն չէ, որ օբյեկտիվորեն ներկայումս հնարավոր չէ հայ զինվորի ուժով մեր երկրի անվտանգությունը լիարժեք ապահովել, այլ այն, որ գավառական հայի մտքով անգամ չի անցնի մեր հաջորդ սերունդներին մաղթել սեփական հաղթանակած զինվորի բազկով ժողովրդի անվտանգության ապահովում:

Ինչպես ցանկացած կայսրություն, Ռուսական կայսրությունը (ներառյալ` ՍՍՀՄ շրջանը) հարյուրամյակների ընթացքում լծված էր կայսրության բնակչությանն ամեն օր ապացուցելու, որ ռուսական արջին հնարավոր չէ հաղթել: Ահա այս կայսերական գաղափարը այսօր նստած է գրեթե յուրաքանչյուր հայաստանցու մտքում: Առօրյայում այն հստակ դրսեւորումներ ունի` վկայակոչված Նապալեոնով, Հիտլերով, Սիբիրի առկայությամբ կամ էլ ռուսական զենքի անպարտելիությամբ: Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի ներկայացմամբ «անպարտելի Ռուսաստանի» գաղափարը ավելի խոր արմատներ է ձգում: Նորից վերադառնում ենք 19-րդ դար ու ասում «օրհնվի են սհաթը»: Վտանգներով շրջապատված ու լեցուն Հայաստանում` ընդդեմ սեփական պետությանը սպառնացող այս մի վտանգի չի առաջանում անհրաժեշտ դիմադրողականություն: Ռուսն անպարտելի է եւ վերջ: Իսկ իրականում վերջը այդպես մտածելն է, քանի որ այդպես պետք է մտածեն ռուսը եւ նրա տիրապետության տակ գտնվող ժողովուրդները: Իսկ պետության առկայության պայմաններում հայի համար գլխավոր ճանապարհը` անփոխարինելի սկզբունքներով չկաշկանդված շահերի գիտակցումն է ու հստակ ծրագրերով դեպի սեփական անպարտելիության հասարակական ընկալման ու գիտակցման ուղին հարթելը:

21-րդ դարում Հայաստանի հասարակությունը շարունակում է ապրել 19-րդ դարի հասարակական-քաղաքական կյանքի ռիթմով: Վերը բերված մեջբերման օրինակով կարելի է նկատել, որ հայոց հանրության մեջ նորից նույն առաջնահերթություններն են դրված, ինչ` 19-րդ դարում: Նույն ռուսական օրիենտացիայի ու ծովից ծով Հայաստանի գաղափարներն են, դրանց կյանքի կոչմանը լծված ազգային գործչի կերպարը եւ այլ նույնաբովանդակ «ազգային բրենդներ»: Ու այս ամենի արդյունքում հասարակական-քաղաքական գործընթացներում գերիշխող են շարունակում մնալ արտաքին հասցեագրողից մեզ «կամավոր» պարտադրած ապազգային ու ապապետական շատ ու շատ ծրագրեր: Օգտվելով հասարակության սեփական խնդիրները գիտակցելու կամ նոր ծրագրեր առաջադրելու անկարողությունից` հայ-թուրքական արձանագրությունների տեսքով, ինչպես տեսանք, նման մի ծրագիր եւս մեկ շրջան գործեց ոչ վաղ անցյալում ու որպես հետեւանք վավերացրեց թուրքական կառավարության առաջադրած «Կովկասյան պլատֆորմի» կործանումն ու կատարեց նոր «ռուսական գուբերնիայի» հիմնարկեքը: Սակայն նման նախագծերի կասեցումը պետք է գտնվի հենց մեր` քաղաքացիներիս մտքում ու ձեռքում, քանի որ պետական մեքենան չի գործում արդեն մի քանի տարի:

Մեկ այլ «ազգային գաղափար»` ծովից ծով Հայաստանի տեսլականը, իր ժամանակակից կերպարանափոխություններով, ուղղակի ծիծաղ է առաջացնում բանական շրջահայաց յուրաքանչյուր քաղաքացու մոտ: Մեր ներքին` սահմանադրական կարգի ու օրինականության վրա հիմնված պետության սահմանները չգծած, երազներում ամեն օր գծում ենք սին սահմաններ Բաքվից մինչեւ Ադանա ու անգամ այն կողմ: Կարելի է անգամ նոր բժշկական ախտորոշում սահմանել` կործանարար խրոնիկ ինքնավեհացում: Միգուցե 22-րդ դարում էթնոհոգեբաններն այս հարցում դիսերտացիաներ պաշտպանեն` հիմք ընդունելով հայի տեսակի մասին ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած ղզլբաշի վերջին դիտարկումները կամ քաղաքացիներիս համար այդպես էլ անհասկանալի վարչապետի մեգածրագրերը:

Մեր ժամանակների օրհնանքը

Հասարակությունում պետության ու պետականության դերի ոչ բավարար գիտակցվածությունն է այն հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս կազմակերպել նոր գաղափարներ ու ծրագրեր առաջադրող այնպիսի քաղաքացիական հասարակություն, որն ընդունակ կլիներ իր մտահղացումների պաշտպանությանն ուղղված անկասելի ակտիվությամբ հասնել դրանց իրագործմանը: Այդ իսկ պատճառով հասարակության մեջ շարունակում են գերիշխել նախկինում պարարտ հող գտած ու կարծրացած շատ ու շատ գաղափարներ, որոնք սովորույթի ուժով ներկայումս կազմում են մեր գերբեռնված մտքի առօրյան: Օգտվելով այս հանգամանքից` տարբեր շրջանակների կողմից գիտակցված մանիպուլացվում կամ ինքնաբերաբար շրջանառվում են հասարակության մեջ խոր արմատներ ձգած շատ ու շատ գաղափարներ, որոնք ներկայումս ոչ միայն ժամանակավրեպ են, այլ նաեւ` կործանարար: Կարելի է ասել, որ հենց այդ գաղափարներով սնելու միջոցով է, որ պետության ղեկը բռնազավթած իշխանիկներն ու նրանց տերերը հասարակության շատ ու շատ շերտերի դուրս են մղում իրական քաղաքացիական եւ հետեւաբար նաեւ քաղաքական կյանքից:

Հայի առջեւ 21-րդ դարում սեփական պետությունը ինքնիշխան պահելու ու պետականության կառուցման խնդիր է դրված: Պետություն` սա պետք է դառնա մեր առօրյա մտահոգության գլխավոր խնդիրը: 19-րդ դարից եկող արդեն նշված երկու գաղափարների ազդեցության տակ տարածաշրջանում մեր զբաղեցրած կենսական տարածքները ժամանակի ընթացքում հասցվեցին սահմանագծին, որից հետո հերթական սայթաքման դեպքում անդունդն է:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության զբաղեցրած ու նրա անմիջական վերահսկողության տակ եղած տարածքները գրեթե համընկնում են հայկական տարրի տարածաշրջանում ունեցած դեմոգրաֆիական պատկերին: Այսքանից հետո մեկ այլ «ազգային բրենդի»` ազգային գործչի տեսլականը ուղղակի անախրոնիզմ պետք է դիտվի Հայաստանի Հանրապետության քաղաքական բեմահարթակում: Ունենք հաստատելու գործչի մի տեսակ` պետական գործիչ, որի առաջնահերթությունները պետության ամրապնդմանն են վերաբերում եւ ոչ երբեք ազգային գործչի ծովից ծով Հայաստանի տեսլականին կամ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր եղբայրության գովերգմանը: Պետական այր, որն իր բարոյական ու կամային նկարագրով ու հատկապես խոհեմությամբ ու շրջահայացությամբ խաչ կքաշի դարն ապրած «ազգային գաղափարների» վրա:

Պետական գործիչը, որքան էլ տարօրինակ է, ներկայումս, չնայած դեռեւս իր «մանուկ» հասակին, գտնվում է Հայաստանի հասարակական դաշտում: Պետական մեքենան, անշեղորեն ընթանալով կամ «օրհնվի են սհաթը» սկզբունքով, կամ էլ` վարչապետի երազում եւ հարթմնի երեւացող «Հայկական աշխարհի» թռիչքները նախագծելով, նոր վարորդների կարիք չունի: Պահանջված են միայն հաճախորդներ, ովքեր ազգային անվտանգության հիմքերը խարխլած Արթուրիկի օրինակով կանցնեն սրի տակով ու կնշանակվեն Ազգային անվտանգության խորհրդի այլեւայլ քարտուղարների պաշտոններում: Քանզի ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած ղզլբաշ մեկը դեռեւս երկու տարի առաջ հասցրել էր մի «հրովարտակ արձակել» ու ազդարարել` «Ես միայն ուրախ կլինեմ, որ պետական համակարգում պատրաստված ու լուրջ կադրեր աշխատեն, սակայն նրանք պիտի առաջարկեն իրենց ծառայությունները: Պետական ծառայությունը բանակ չէ, այնտեղ չեն զորակոչում»:

Իսկ նվաստս կարծում էր, որ ղեկավարի ու հատկապես պետության ղեկավարի կադրային քաղաքականություն ասածը ենթադրում է նշանակովի պաշտոններում անձի մասնագիտական կարողություններով ու բարոյական նկարագրով պայմանավորված կամընտրություն: Պարզվում է այս մի նախագահը օրիգինալ է նաեւ այսպիսի հարցերում: Պատրաստված ու լուրջ կադրերը նախ պետք է իրենց ծառայություններն առաջարկեն, իսկ եթե ոչ` վերջին տարիների փորձը գալիս է վկայելու, որ նախագահն ինքը նույն այդ կադրերին կառաջարկի առաջարկել իրեն` իրենց ներգրավելու պետական ծառայության մեջ:

Ու այսքանից հետո մնում է մի մաղթանք կրկնել` օրհնվի՛ այն ժամանակը, երբ հայ զինվորի ոտքը, պետական գործչի միտքն ու Հայաստանի Հանրապետության համար հոգատար, նրա ինքնիշխանությամբ մտահոգ, իր ու այլոց իրավունքների համար պայքարող քաղաքացու կամքը ՏԵՐ կկանգնեն Հայոց լույս աշխարհին ու մեր երկրից կհալածեն ամեն տեսակ անիծած ղզլբաշների չար շունչը: