հոդվածներ

Իշխանության ձևավորում ընտրությունների միջոցով - հասարակության առանցքային քաղաքական գործառույթը

  1. Ազատ ընտրությունների ֆենոմենի ակտուալությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում

Ակնհայտ է, որ ժողովրդավարացման (ըստ էության` Հայաստանում սահմանադրական իրավական պետության հաստատման) գործում առկա հիմնական բարդություններն առաջին հերթին կապված են իշխանությունների ձեւավորման ազատ ընտրությունների մեխանիզմը հաստատելու հայաստանյան հանրության անկարողության հետ: Դրա վկայությունն է անկախ Հայաստանի պետական շինարարության ապարդյուն փորձը:

Պետական մարմինների եւ հանրային-քաղաքական կազմակերպությունների կառավարման օղակները սեփական շահերի սպասարկման գործիքի վերածելու որոշակի խմբերի եւ գործիչների մղումը սահմանադրական նորմերը դարձրել են ձեւականություն: Ավելին, ստեղծված իրավիճակի կայունությունն ապահովելու նպատակով նշված կորպուսի կողմից վարվում է երկրում ազատ ընտրությունների մեխանիզմի հաստատումը խոչընդոտելու քաղաքականություն: Այն իրենից ներկայացնում է մարդկանց կախման մեջ գցող ստվերային մեխանիզմների գործածում, ինչպես նաեւ քաղաքացիներին ապակողմնորոշելու յուրահատուկ պրակտիկա:

Այս երեւույթի հաջողությունը պայմանավորված է մի կողմից քաղաքացիների մոտ իրավական գիտակցության բացակայությամբ, իսկ մյուս կողմից` էթնոկրիմինալ առասպելաբանությամբ վարակված հանրային գիտակցության առկայությամբ: Հանրությունը քաղաքական իրողությունները ռացիոնալ գնահատելու եւ դրանց վրա ազդելու գործում ցույց է տալիս իր անկարողությունը: Մասնավորապես, Հայաստանի քաղաքացիները չունեն քաղաքական գործիչների գործունեության օրինականության եւ պատասխանատվության աստիճանը չափելու հասկանալի սանդղակ: Դրա արդյունքում, քաղաքացիների կողմից կառավարման մարմինների ձեւավորման ցանկացած գործընթացի ժամանակ մշտական նորմ է դարձել ոչ միայն ընտրություն կատարելու անհնարինությունը, այլեւ` սխալ ընտրություն կատարելու անխուսափելիությունը:

  1. Հանրային գիտակցության ապակողմնորոշումը որպես ընտրական մեխանիզմը չեզոքացնելու մեթոդ: Ընտրության առարկայի խեղաթյուրումը:

Հանրային գիտակցությունում իշխանության ֆենոմենը առասպելականացված է: Քաղաքացիների գիտակցության մեջ վաղուց է ներմուծվել «իշխանության իրավունքի» կեղծ բայց ազդեցիկ գաղափարը: Հանրությանը պարբերաբար ներշնչվում է, որ հատուկ արժանիքների շնորհիվ ինչ-ինչ մարդկանց տրված է իշխելու իրավունք եւ օրենքի ու ժողովրդի որոշելիքը չէ դա: Ինչպես իշխանություն ունեցող, այնպես էլ իշխանության ձգտող գործիչները հիմնականում այդ հիմնարար գաղափարի վրա են խաղադրույք կատարում: Հենց դրա միջոցով է, որ էթնոքրեական կոնսոլիդացնող գաղափարները նպատակաուղղված դուրս են մղում հանրային-քաղաքական դաշտից իրավական գաղափարները: Այդ ապակողմնորոշող գաղափարների մշտական թելադրանքը խոչընդոտում է քաղաքացիների գիտակցության մեջ ձեւավորել քաղաքական իրականությունը գնահատելու իրավական սանդղակ: Մասնավորապես, ապակողմնորոշող դեր ունի համառորեն քարոզվող եւ կեղծ համոզմունք ձեւավորող այն թեզը, որ պետականության ու, հատկապես, ընտրովի իշխանությունների ձեւավորման գործընթացում ընդունելի են բոլոր տեսակի կոնսոլիդացնող գաղափարները (այդ թվում` պետական իշխանությունը յուրացնելու օրինաչափությունը կամ նպատակահարմարությունը): Եւ ուստի, իրավունքը, օրենքը այս գործում մենաշնորհ չեն...

Նույնիսկ երկրում սահմանադրական կարգի հաստատման կողմնակից համարվող քաղաքական ուժերը, իրենց գործունեության ընթացքում չեն խորշում զինվել հանցավոր աշխարհի եւ էթնոկրիմինալ առասպելաբանության ոլորտի «համախմբող» գաղափարներով: Այդ հանգամանքը լայն ճանապարհ է բացում պետական իշխանության լծակներին տիրանալ ձգտող հանցավոր տարրերի եւ տարբեր բնույթի քաղաքական ավանտյուրիստների համար: Փաստորեն տեղի է ունենում ընտրության առարկայի եւ իմաստի խեղաթյուրում:

Որպես արդյունք մենք ունենում ենք այն անմխիթար իրականությունը, որն առկա է Հայաստանում մոտ երկու տասնամյակ` պետական համակարգի պերմանենտ ուզուրպացված վիճակ: Անօրինական իշխանությունը դառնում է մշտական երեւույթ` ժամանակի ընթացքում փոխակերպվելով պետական իշխանության խորհրդանիշերի ներքո գործող ու հստակ կառուցվածք ունեցող կրիմինալ կազմավորման: Երկրի սահմանադրական կարգի փոխարեն հաստատվում է կլանային-կրիմինալ կայուն համակարգ:

3. Հանրության ապակողմնորոշման տեխնոլոգիան

Պետական շինարարության գործընթացում ընտրությունների ֆենոմենի սկզբունքային նշանակության վերաբերյալ վերոնշյալ մտորումների ակտուալությունը բխում է այն փաստից, որ յուրաքանչյուր հանրության հիմնարար քաղաքական գործառույթը ընտրությունների հիման վրա իշխանության ձեւավորումն է եւ վերջինիս նկատմամբ վերահսկողություն իրականացնելը: Պետության քաղաքացիները չունեն նույնչափ կարեւորություն ունեցող այլ քաղաքական գործառույթ:

Իրավագիտակցության բացակայության հետեւանքով հանրության կողմից սեփական առանցքային գործառույթի չգիտակցումը հանգեցնում է ժողովրդի իշխանության ձեւավորման իրավունքը ուզուրպացնող հակաիշխանական միավորումների (օրենք չճանաչող կրիմինալ տարրերի) ակտիվացմանը: Արդյունքում ի հայտ են գալիս ապակողմնորոշված հանրություններ, իսկ քաղաքացիների հիմնական հատվածը օտարված է մնում ազգային իշխանությունների ձեւավորման հնարավորությունից:

Կրիմինալ համակարգին բնորոշ` հանրությանը շանտաժի ենթարկելու եւ գնելու միջոցով նրան չեզոքացնելու հատկությունն անհնարին է կյանքի կոչել առանց նպատակաուղված արդյունավետ ապատեղեկատվության: Անհնար է վախեցնել եւ գնել հանրությանը, եթե վերջինս ապակողմնորոշված չէ: Համապատասխանաբար, կրիմինալը մեծ էներգիա եւ միջոցներ է ծախսում այդպիսի հմուտ համակարգի ձեւավորման համար: Հանրությունը, հաճախ չի էլ կասկածում նման նպատակաուղված գործունեության գոյության մասին: Ինչպես ցույց են տալիս դիտարկումները, կիրառվող քարոզչական մեխանիզմները հետեւյալն են`

- «իշխանության իրավունքի» քարոզը,

- իշխանության ձեւավորման հարցում քաղաքացիների գործառույթի արժեզրկումը,

- «ազգի փրկիչների» կերպարի քարոզը,

- «իշխանավորի անփոխարինելիության» քարոզը,

- «արտաքին վտանգի» շանտաժը,

- «կորուստների անխուսափելիության» շանտաժը:

Բոլոր նշված թեզերը հիմնվում են քաղաքացիների մոտ իրավական գիտակցության բացակայության եւ հանրային գիտակցությունում էթնոքաղաքական առասպելաբանության տարածվածության փաստի վրա: Այդ թեմաների վրա հանրային ուշադրությունը բեւեռելու միջոցով, քաղաքականացված խավը չի թողնում որպեսզի հանրությունը կենտրոնանա ընտրությունների իրավական տեխնոլոգիաների, պետական մարմինների ձեւավորման եւ նրանց վերահսկելու իրավական մեխանիզմների վրա: Հանրությանը չի թույլատրվում քննարկել ազգային իշխանության գործառույթների խնդիրները, չի թույլատրվում նախընտրական ծրագրեր պահանջել կամ հետեւել իշխանության ձեւավորման օրինականությանը:

Քարոզչական այս ամբողջ գործունեությունը նպատակ ունի հանրության մեջ ստեղծել անզորության վիճակ, որպեսզի վերջինս հնազանդվի իրեն բաժին հասած ճակատագրի հետ: Չհնազանդվելու դեպքում կորուստների եւ պատժի ենթարկվելու անխուսափելիության առասպելները ստիպում են հանրությանը ինքնամեկուսանալ իշխանությունը ձեւավորելու խնդրից եւ դրա իրավատերը ճանաչել անօրինական վարչախմբին: Դրան զուգահեռ ընդդիմադիր կուսակցությունների դերում հանդես եկող խմբավորումները, օգտվելով ստեղծված վիճակից, նպատակաուղղված նսեմացնում են ցանկացած քաղաքական ծրագրի նշանակությունը: Նրանք իրենց «փրկարար» ամբողջ գործունեության էությունը հակված են ներկայացնել որպես «ազգի փրկություն», այն էլ միայն մի ձեւով` իշխանափոխության: Իրականում այն իշխանության յուրացման ձեւերից մեկն է: Փաստորեն հանրային գիտակցության վրա խաղում են «երկու ձեռքով»:

Վերջին տարիներին այդ խաղը հասել է այնտեղ, որ հայաստանյան քաղաքական դասը ընդհանրապես տարրալուծել է վարչախումբ-ընդդիմություն հասկացությունները: Քաղաքական յուրաքանչյուր ուժ (կուսակցություն) սկսել է հանրությանը մատուցել իր ուժի (կուսակցության) առանձնահատուկ դերի ֆենոմենը` հանդես գալով որպես «այլընտրանք», «միակ ընդդիմություն» կամ «կառուցողական ընդդիմություն»: Նման վարքի նպատակն է իշխող ռեժիմի կամ մյուս ուժերի հետ իր ամեն տեսակ գործարքների արդարացումը: Այն է` ուզուրպատորական ցանկացած նախագիծ հանրությանը ներկայացնել որպես իշխանության հասնելու ընդունելի ուղի: Հայաստանյան քաղաքական դասի սեփական գործողությունների նման անպատասխանատու վարքի պատճառով է, որ երկրում պետական կարգը մխրճվել է խոր ճգնաժամի մեջ:

Պարզ է, որ կեղծ քաղաքական վերնախավի նկարագրված գործունեությունը հանրությանը այլընտրանքային քաղաքական ակտիվություն ցուցաբերելու ոչ մի հնարավորություն չի թողնում: Նման քարոզչական էքսպանսիայի ենթարկվելու դեպքում հանրությանը պատում է անզորության զգացումը, քանի որ այդ երեւույթի քաղաքական էությունը չի կարողանում գնահատել: Նման իրավիճակում խոսել հանրության կողմից իր քաղաքական գործառույթները կատարելու մասին` անիմաստ է դառնում:

4. Ընտրության իրավական սանդղակը

Այսպիսով, երկրում սահմանադրական կարգի հաստատման անհնարինության առանցքային պատճառը դառնում է քաղաքացիների գիտակցության մեջ երկրի քաղաքական իրողությունների չափման սանդղակի բացակայությունը: Նման պայմաններում հանրությունն ինքն է նպաստում հակասահմանադրական կարգերի գոյությանն ու պահպանմանը: Անհնարին է դառնում հենց հանրության ընտրությունը: Ցանկացած ընտրություն դառնում է սխալական, իսկ առավել հաճախ` հանրությունը ինքնամեկուսանում է իր քաղաքական գործառույթը կատարելուց: Սահմանադրական կարգը մնում է առանց իր ձեւավորման առանցքային մեխանիզմի, վերագործարկման ու գործառնության:

Այն սովորական ճշմարտությունը, որ սահմանադրական կարգը կարելի է կառուցել միայն սահմանադրական նորմերի հիման վրա, առայժմ անհասանելի է թե հանրությանը, թե` Հայաստանի քաղաքական խավին: Չկա այն հանգամանքի գիտակցումը, որ նշված սոցիալ-քաղաքական ֆենոմենները կարելի է ձեւավորել միմիայն իրավունքի եւ օրինականության «զինանոցում» եղած գաղափարների հենքի վրա: Իսկ դա հնարավոր է իրականացնել միայն քաղաքացիների գիտակցության մեջ քաղաքական իրողությունների գնահատման իրավական սանդղակ ու առաջին հերթին ընտրության իրավական տեխնոլոգիան (ընտրության սանդղակ) ներմուծելու միջոցով: Միայն այդ դեպքում է հնարավոր չեզոքացնել քաղաքական կյանքում գործող ապատեղեկատվության մեքենան:

5. Բովանդակային ընտրություն կատարելու տեխնոլոգիական սանդղակը

(ընտրողից եւ ընտրվողից պահանջվող իրավաքաղաքական որակների ու կարողությունների չափման սանդղակ)

Ընտրություն կատարելու իրավական տեխնոլոգիան պետք է կոնկրետացված լինի այն աստիճան, որ հանդես գա որպես գործնական նշանակության մեխանիզմ (տեխնոլոգիական սանդղակ): Զարգացած իրավական երկրների քաղաքացիների համար ընտրությունների հետ կապված հանրային ճշմարտությունները, այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, կարող են ընկալվել ու, առավել եւս, իրական կյանքում ներդրվել, միայն մաքսիմալ պարզեցված սխեմաների ձեւով: Ընտրությունների անցկացման գործընթացի նման սխեման ունի հետեւյալ տեսքը՝

Ընտրողի համար նախատեսված բովանդակային ընտրություն կատարելու տեխնոլոգիական սանդղակը (ընտրողի կողմից ընտրություն անցկացնելու հաջորդական գործողությունները)

Ա. Այս կամ այն ընտրովի պաշտոնին վերաբերող պետական օրենքի հետ ծանոթացումը,

Բ. Տվյալ օրենքից ընտրվող անձի գործառույթների ցուցակի վերհանումը,

Գ. Հանրությանը հուզող ակտուալ խնդիրների սեփական տեսլականի կազմումը,

Դ. Ընտրողի կողմից ընտրվող պաշտոնի համար ի հայտ եկած թեկնածուների տեստավորումը, պարզելու համար՝

ա. թեկնածուի կողմից օրենքով իրեն վերապահված գործառույթների իմացությունը,

բ. հանրությանը հուզող ակտուալ խնդիրների իմացությունը,

գ. իր պարտականությունների շրջանակում հանրության ակտուալ խնդիրները լուծելու մեթոդների իմացությունը (թեկնածուի նախընտրական ծրագիր),

դ. թեկնածուի ծրագրային դրույթների համապատասխանությունը օրենքին:

Ե. Եթե թեկնածուն պահանջների բավարարման տեստավորումն է անցնում, ընտրողը հարցեր առաջադրելու ճանապարհով չափում է, թե թեկնածուն հանդիսանում է իր կողմից հրապարակված գաղափարների կրողը (քանի որ խոսքերը կարող են չհամապատասխանել դրվածքներին): Այդպիսով, չեզոքացվում է թեկնածուի կողմից ընտրողին ապատեղեկացնելու վերջին հնարավորությունը:

Վերը բերված տեխնոլոգիային տիրապետումը Հայաստանի քաղաքացիներին կարող է հնարավորություն ընձեռել կատարել անսխալական ընտրություն: Քաղաքացիներին ապակողմնորոշելն այլեւս դյուրին չի լինի: Համապատասխանաբար, իշխանության յուրացման տեխնոլոգիան կսպառվի ու կչեզոքացվի: Երկրի քաղաքական կյանքում կարմատավորվի լիազորությունները պատվիրակելու, ընդունելու եւ այդ պարտականություն դարձած լիազորությունները երաշխավորված կատարելու ինստիտուտը: Այն է՝ կարմատավորվի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը: Դա էլ կհանդիսանա երկրում լիակատար սահմանադրական կարգ հաստատելու պատադիր ու առաջնահերթ պայմանը: