«Կողբ» հիմնադրամն ու «Մարտական եղբայրություն» միաբանությունն արդեն երկրորդ տարին հայտարարում են Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին նվիրված՝ Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ:
Այն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:
Մրցույթի նպատակներն են՝
ա. Պատերազմի՝ որպես ազգային կյանքի կարևորագույն, առանցքային իրադարձության, հանրային իմաստավորումն ու վերապրումը, ինչպես նաև պատերազմ անցած հանրության հոգեբանական, գեղարվեստական, վավերագրական ու վերլուծական փորձի ամրագրումն ու փոխանցումը, դրա տեղադրումը հանրային օրակարգի և ուշադրության կենտրոնում:
բ. Պատերազմի մասնակցի ձայնը, տեսակետը, ապրումը լսելի ու ընկալելի դարձնելը, հանրային ուշադրության կենտրոն բերելը:
գ. Պատերազմի մասնակիցների մեջ տաղանդների բացահայտումը՝ գրական, վերլուծական և այլն:
դ. Պատերազմի վավերագրումը, որը հետագայում պետք է նյութ դառնա պատմագիտության, հասարակագիտության, ռազմագիտության, ինչպես նաև արվեստի համար:
Մրցույթին կարող են մասնակցել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին, ինչպես նաև սահմանային ռազմական բախումներին մասնակցած զինվորականները՝ զորակոչիկ, կամավոր, պահեստազորային, սպաներ և ենթասպաներ, բժիշկներ և այլն:
Կարող են ներկայացվել նաև պատերազմի ընթացքում զոհվածների նյութերը:
Մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու և պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.kamq.org։
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ` հնի և նորի, դասականի ու ժամանակակիցի, ալեհեր ծերունու ու ամենախենթ երիտասարդի մտքի թռիչքի և, վերջապես, երաժշտության և խոսքի համարձակ սինթեզ:
Մրցույթի առաքելությունն է տաղանդավոր երաժիշտների բացահայտումը, դարավոր հայ գրական ժառանգության վերհանումն ու վերածնունդը, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։
Մրցույթ, որը կրում է հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի` մաեստրո Տիգրան Մանսուրյանի անունը:
Մանսուրյանական երաժշտությունն արտացոլում է հայ երաժշտական ավանդույթի ամբողջ ժառանգությունն` իր ավելի քան հազար տարվա վաղեմությամբ ու հագեցած գունապնակով` միջնադարյան եկեղեցական մեղեդիներից մինչև մերօրյա ամենաարդի զարգացումները:
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք www.mansuriancompetition.org:
«Մեր պայքարը» շարքը հանդիսանում է «Ռուս-թուրքական վանդակ» շարքի տրամաբանական շարունակությունը։
Այն նվիրված է մեր ժամանակներին՝ 2015 թվականից սկսած: Նպատակ ունի դիտարկել, թե ինչպես ձևավորվեց մեր ժամանակների ռուս-թուրքական դաշինքը և ինչպես արմատապես փոխեց մեր կյանքը։
Շարքը կարող եք դիտել մեր ալիքում։
«Կողբ» հիմնադրամի գրահրատարակչական նախագծերը նպատակ ունեն խթանել արժեքավոր և արդիական գրականության հրատարակությունը և հասանելիությունը հայերենով, հնարավորություն տալով ընթերցողին բացահայտել նոր գաղափարներ, տեսակետներ, խրախուսել ազատ մտածողությունը և նպաստել ինտելեկտուալ դիսկուրսին ու հասարակական առաջընթացին:
«Կողբ» հիմնադրամի հրատարակչական ծրագրի շրջանակներում լույս են տեսել հետևյալ գրքերը՝
• «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն», Օլիվեր Բոլդուին (2022)
• «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության համակարգի կերտմանը», Հրաչյա Արզումանյան (2023)
• «Մեծն Վասակ Սյունի», Համլետ Դավթյան (2023)
• «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը․ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և մեր պատմության ընթացքը», Համլետ Դավթյան (2024)
• «Մամիկոնյաններ. առասպել և իրականություն», Համլետ Դավթյան (2024)
Արդեն երրորդ տարին է «Կողբ» հիմնադրամը կազմակերպում է Վարդավառին նվիրված մեծ տոնակատարություն Կողբ գյուղում։
Տեղացիները, ինչպես նաև հյուրեր ամբողջ Հայաստանից և արտերկրից այս օրերի ընթացքում հնարավորություն ունեն մասնակցելու կրթական, մշակութային և ժամանցային մի շարք միջոցառումների, վայելելու Վարդավառի բուն տոնակատարությունը, լիցքավորվելու, ստանալու վառ էմոցիաներ և հիշողություններ։
ԿողբxՎարդավառ նախագծի նպատակը հայկական ազգային արժեքների, ավանդույթների և տոնակատարությունների վերածնունդն է, մշակութային փոխանակությունը, սահմանամերձ տարածաշրջանի տնտեսական ակտիվությունն ու զարգացումը։
Այս տարի հուլիսի 5-ին, 6-ին և 7-ին ուղևորվում ենք Կողբ՝ ամենաՎԱՌ գույներով Վարդավառ նշելու։
«Կողբ» հիմնադրամը և «Իմ Անտառ Հայաստան» ՀԿ-ն միավորվում են բնապահպանական նոր նախաձեռնության շուրջ։
ArtForest նախագծի միջոցով այս տարի նպատակ ունենք Տավուշի մարզում վերականգնել 77 հա դեգրադացված տարածք՝ տնկելով 30,000 ծառ անտառի երեք գոտիներում, որոնք կրում են հայ մշակույթի մեծագույն գործիչների՝ Կոմիտասի, Մարտիրոս Սարյանի և Կոստան Զարյանի անունները։ Այս եզակի նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, այլև միավորում է մարդկանց և համայնքները արվեստի և բնության գնահատման միջոցով:
Բեղմնավոր համագործակցության շնորհիվ կօգնենք վերականգնել անտառները և կենսաբազմազանությունը, պայքարել հողի և ջրային ռեսուրսների կորստի, կլիմայի փոփոխության դեմ, և կստեղծենք մնայուն ժառանգություն ապագա սերունդների համար:
Նախագծին կարող եք աջակցել Ծառատունկ բաժնում:
«Կողբ» հիմնադրամը կազմակերպում է հայ-բրիտանական հարաբերություններին նվիրված համաժողով, որի շրջանակներում տեղի կունենա նաեւ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտ եւ երկու հեղափոխություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը։
Կազմակերպվող համաժողովի նպատակն է բացահայտել և ներկայացնել Մեծ Բրիտանիայի իրական դերակատարությունը մեր տարածաշրջանում և մասնավորապես վեջինիս ազդեցությունը Հայաստանի վրա։
Համաժողովի շրջանակներում Հայաստանից եւ Մեծ Բրիտանիայից մի շարք գիտնականներ ու հետազոտողներ կներկայացնեն թեմայի վերաբերյալ իրենց զեկույցները։
Զեկույցները կարող եք դիտել մեր ալիքում։
«Ռուս-թուրքական վանդակ» բանախոսությունների շարքը նպատակ ունի դիտարկել ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանի նշանակությունը նրանց վանդակում։
Շարքը կարող եք դիտել մեր ալիքում։
2016թ.-ին «Կողբ» հիմնադրամը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ միասին նախաձեռնեց «ԹումոxԿողբ» նախագիծը, համաձայն որի սահմանամերձ Կողբ համայնքում կառուցվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ավելի քան 1,000 ուսանողի համար, որը սպասարկելու է Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան և հարակից ավելի քան 10 սահմանամերձ համայնքների երիտասարդությանը:
Համաձայն կնքված Հուշագրի` նախագծի ընդհանուր բյուջեն, ներառյալ մինչև 2025 թ. ընթացիկ գործառնական ծախսերը, կազմում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար:
Կենտրոնում իրականացվելու է «Թումո» կենտրոնի հիմնական կրթական ծրագիրը, որտեղ դասավանդելու են ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ արտերկրից:
«Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի» հետ իրականացնում ենք «Համադիր» բանախոսությունների շարքը, որը նպատակ ունի առաջին հայացքից հակադիր դիրքորոշումներ ունեցող գործիչների հրավիրել քննարկումների համադրելու նրանց դիրքորոշումները։ Շարքը վարում է ՔՄՀԿ ավագ գիտաշխատող Աննա Գևորգյանը։
Շարքը կարող եք դիտել մեր ալիքում։
2020 թվականի հոկտեմբերին լրացավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակը, ինչի առթիվ Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքոմ գտնվող «Զիկատար» պետական արգելավայրի տարածքում 5 հեկտարի վրա տնկվեց ընդհանուր 7․000 անտառային, անտառային-պտղատու եւ գեղազարդ ծառ:
Միջոցառումը բաց էր հիմնադրամի աջակիցների, բնության սիրահարների և լայն հանրության համար։ 2020թ. հուլիսից սկսած մասնակիցները հնարավորություն ունեցան հիմնադրամի կայքում տարածքի սխեմատիկ քարտեզի վրա առցանց ամրագրել իրենց տնկելիք ծառը և դրա տեղադրությունը, իսկ ծառատունկի օրը, անձամբ տնկել այն։
Նախագիծը կնպաստի ՀՀ-ում անտառածածկ տարածքների ավելացմանը, ինչպես նաև կօգնի ավարտին հասցնել Կողբում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարությունը, քանի որ միջոցառման ամբողջ հասույթը ուղղվել է այդ նպատակին։
2020 թվականի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, «Կողբ» հիմնադրամը մեկնարկեց հերթական կրթական նախագիծը՝ հայտարարելով ժամանցային տեսախաղի ստեղծման և մշակման բաց մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ստեղծարար անձինք, թիմերը եւ կազմակերպությունները՝ մինչեւ օգոստոսի 1-ը ներկայացնելով տեսախաղի սեփական կոնցեպտն ու սյուժեն՝ ուղղված 10 տարեկանից բարձր երեխաների հետեւյալ կարողությունների զարգացմանը.
✅ Մտածել եւ հասկանալ
✅ Որոշում կայացնել
✅ Ստեղծագործել և ստեղծել
✅ Չվնասել ու պահպանել բնությունը
Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
2019 թվականի նոյեմբերին «Կողբ» հիմնադրամը «Բուն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկեց ամենաարժեքավոր նախագծերից մեկը՝ «Քաղաքագիտության ալգորիթմ» բանախոսությունների շարքը։ Նպատակը մեր իմացածը հասկանալն ու (վերա) իմաստավորելն է, քանի որ միայն այդ պարագայում կկարողանանք այն ծառայեցնել առաջընթացին ու կայուն զարգացմանը: Շարքի բանախոսն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
«Կողբ» հիմնադրամը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը» 2019 թվականի նոյեմբերին մեկնարկեցինք բանախոսությունների նոր շարք՝ «Ինքնիշխանության անատոմիա»։ Բանախոսությունների շարքում անդրադարձ է լինելու ինքնիշխանության խնդրի տարբեր ասպեկտներին։ Ինքնիշխանությունը դիտարկվելու է փիլիսոփայական, քաղաքական, մարդաբանական, տնտեսական, մշակութային, կրթական ասպեկտներով։ Գլխավոր հարցադրումն այն է, թե ալգորիթմների ու տվյալների դարաշրջանում մարդիկ ու հասարակությունները որքանով կկարողանան դառնալ կամ մնալ ինքնիշխան։
Արդյո՞ք տոտալ վերահսկողության ժամանակներում մտածելու և գործելու խիզախությունը վտանգված է։ Խնդիրը հատկապես արդիական է Հայաստանում, որտեղ արմատացած է այն պատկերացումը, որ մեր շուրջը հյուսված են դավադրության տեսություններ, և ամեն ինչ այդ տեսությունների շրջանակում է ընթանում։ Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս տեղապտույտից, որը կոչվում է «վարժեցված անօգնականություն»։ Մի մտածելակերպ, երբ մարդիկ չեն հավատում, որ իրենք և մյուսները կարող են ինչ-որ բան փոխել։
Նախագծի համակարգողն է Սերոբ Խաչատրյանը։
«Կողբ» հիմնադրամի և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի 2017 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրով հաստատված համագործակցությունը շարունակվեց բանախոսությունների երկրորդ շարքի՝ «Ի՞նչ անել, ինչպե՞ս անել» նախագծի շրջանակներում։ Շարքը նպատակ ունի քննարկել արժեքների գործնական կիրառման շնորհիվ այսօր առկա խնդիրների լուծման տարբերակները։
Արժեքների հեղափոխությանը պետք է հետեւի գաղափարներինը, հետևաբար արժեքների մասին խոսքին պետք է հաջորդի ոլորտային կոնկրետ գաղափարների եւ առաջարկների վերաբերյալ խոսքը։
Շարքի բանախոսն է Արման Բարսեղյանը։
Կողբ հիմնադրամի և Ռեֆրութ ՍՊԸ–ի համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացվում է գյուղատնտեսական ինկուբատորի ստեղծման նախագիծը, որի հիմնական նպատակներն են․
✅Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական մթերքի նկատմամբ կայուն պահանջարկի ձեւավորում,
✅Ուսուցման եւ պրակտիկ աշխատանքի միջոցով համապատասխան գիտելիքների և հմտությունների տիրապետող երիտասարդ մասնագետների պատրաստում, ովքեր հետագայում կարող են միավորվել և ինքնուրույն գյուղատնտեսական կոոպերատիվներ կամ այլ տնտեսություններ ստեղծել։
✅Այդ տնտեսությունների արտադրանքի միասնական մարքետինգի և իրացման կազմակերպում,
✅Գյուղատնտեսական ինկուբատորի գործունեության արդյունքում ձեւավորվելիք միջոցներով (նաեւ Կողբ համայնքում կառուցվող Թումո կենտրոնի) ընթացիկ ծախսերի մասնակի ֆինանսավորում։
«Կողբ» հիմնադրամը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը 2017 թվականին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր և սկսեցին իրենց համագործակցությունը «Արժեբանություն» նախագծի շրջանակներում։ Նախագիծը իրենից ենթադրում է 11 բանախոսություն-քննարկումներից բաղկացած հանդիպումների շարք, որը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը։ Այն նպատակ ունի նման քննարկումների շնորհիվ նպաստել արժեքահեն հասարակության ստեղծմանն ու կայուն զարգացմանը։ Նախագիծը համակարգում է արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։
Բունուս կրթական հարթակում մեկնարկել է «Բուն» հիմնադրամի հետ համագործակցության հերթական արդյունքը՝ Հասարակագիտության 10-րդ դասարանի դասընթացի առցանց տեսաշարը առաջին մասը «Անձնական ֆինանսներ», երկրորդը՝ «Ձեռնարկատիրություն» թեմաներով։
Չափազանց արդիական եւ բարձրորակ բովանդակությամբ այդ կրթական տեսանյութերը հասանելի են ոչ միայն Հայաստանի բոլոր բնակավայրերի աշակերտներին, այլ նաև երկրից դուրս հայկական համայնքների մեր հայրենակիցներին:
Արդեն մի քանի տարի շարունակ «Կողբ» հիմնադրամը կրթաթոշակներ է շնորհում «Քվանտ» վարժարանի «Օժտված երեխաներ» մրցույթի հաղթողներին՝ խրախուսելով նրանց լավագույնս դրսևորել իրենց գիտելիքները և հաղթանակներ տանել տարբեր օլիմպիադաներում։
Հիմնադրամը տարածաշրջանի ավելի քան 10 համայնքների պատանիներից կազմավորել է Զիակատար ֆուտբոլային թիմը, որը մասնակցում է ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը։ Թիմը նախորդ տարի դարձավ իր ենթախմբի չեմպիոն՝ իրենից հետ թողնելով մայրաքաղաքի մի շարք անվանի թիմերի, և դուրս եկավ մինչև 16 տարեկանների բարձրագույն լիգա, որտեղ և հիմա թիմը հանդես է գալիս։ Թիմը մարզում է ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Սամվել Ադամյանը։
Հայաստանում և Արցախում «Կողբ» հիմնադրամի շնորհիվ շուրջ 90 կրթական և մշակութային ծրագրեր են ֆնանսավորվել ընդհանուր 100 միլիոն դրամ ֆոնդով։ Մեր դիմորդները հնարավորություն են ստացել սկսել կամ շարունակել իրենց կրթությունը ոչ միայն հայաստանյան կրթական հաստատություններում, այլ նաև աշխարհի այլ բուհերում, ինչպես Բերքլիում, Օքսֆորդում, Սորբոնում և այլն։
2023 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի «Մեծն Վասակ Սյունի» գրքի շնորհանդեսը։
Այս աշխատության առանձնահատկությունն այն չէ, որ վերաքննում է Հայոց V դարը, այլ որ ընթերցողին առաջարկում է մտորել մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին։
«Չենք ցանկանում ընդունել, որ Վասակ-Վարդանի առումով սխալ պատկերացումներ ունենք, որ ավելի շատ խորացել ենք այդ հակադրության միջոցով մեղավոր գտնելու հարցում, քան փորձում ենք հասնել բուն ճշմարտությանը, ըստ այդմ՝ մեղավորի փնտրտուքը դարձնելով ազգային բնավորություն»։
Շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, որից հետո խոսքը փոխանցվեց գրքի հեղինակին՝ գիրքը ներկայացնելու և մասնակիցների հարցերին պատասխանելու նպատակով։
2023 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը նվիրված է 21-րդ դարում ձևավորված աշխարհաքաղաքական միջավայրում պաշտպանության ու անվտանգության հարցերին։ Հեղինակը գրքում համակողմանի վերլուծում է մի շարք երկրների պաշտպանական և անվտանգային համակարգերը, հիմնավորում համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի մշակման և Հայաստանում ներդրման անհրաժեշտությունը։
Գրքում քննարկվում են նաև հիբրիդային պատերազմների ժամանակաշրջանում ագրեսիան զսպելու և զինված հարձակումներից պաշտպանվելու մեխանիզմներն ու գործիքակազմը։
Շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, որից հետո ելույթ ունեցավ «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Արման Պողոսյանը։
Այնուհետև խոսքը փոխանցվեց գրքի հեղինակին՝ գիրքը ներկայացնելու և մասնակիցների հարցերին պատասխանելու նպատակով։
2022 թվականի նոյեմբերի 3-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը:
Ալեքսանդր Խատիսյանի հրավերով 1920թ.-ի աշնանը Հայաստան ժամանած և ՀՀ բանակում որպես փոխգնդապետ ծառայության անցած՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ստենլի Բոլդուինի որդու՝ Օլիվեր Բոլդուինի՝ «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գիրքը Հայաստանում իր տեսածի և իր հետ պատահածի մասին է։
Գրքի առաջին հրատարակությունից 100 տարի անց այն հայ ընթերցողին է ներկայանում Լեոնիդ Զիլֆուգարյանի թարգմանությամբ, Լեռնիկ Դալլաքյանի խմբագրությամբ և Հրանտ Տեր-Աբրահամյանի նախաբանով։
Շնորհանդեսի սկզբում բացման խոսքով հանդես եկան Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
Այնուհետև պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց «Հակաբրիտանական քարոզչության կաղապարը ռուսական, սովետական, սովետահայ պատմագիտությունում և հետսովետական Հայաստանում» թեմայով զեկույցը:
2021 թվականի հոկտեմբերի 7-ին Մերիդիան էքսպո կենտրոնում «Կողբ» հիմնադրամը և Անտարես ՀԿ-ն կազմակերպեցին աշխարհահռչակ գրող, մաթեմատիկոս, թրեյդեր Նասիմ Թալեբի Incerto գրքերի շարքի շնորհանդեսը։ Շնորհանդեսը բաղկացած էր երեք մասից՝ երաժշտամշակութային, որը նախագծել և կազմել էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը, կազմակերպիչների խոսք, գրքերի ներկայացում, Նասիմ Թալեբի ուղերձի ցուցադրություն, թարգմանիչների և խմբագրի խոսք, ջազ համերգ Վահագն Հայրապետյանի և տիրոյի մասնակցությամբ։
Միջոցառման հինգ գործընկերներից յուրաքանչյուրը ներկայացրեց շարքի գրքերից մեկը և իր կողմից մեկ խորհրդանշական նվեր՝ Նասիմ Թալեբի, Տիգրան Մասնուրյանի, Վահագն Խաչատրյանի և Վահագն Հայրապետյանի ստորագրությամբ գրքերը աճուրդի ներկայացնելով։
Շնորհանդեսի հինգ գործընկերներն էին՝ Երևանի կոնյակի գործարանը, «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը, «Ֆորա Պրեմիում» ընկերությունը, «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությունը և «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցը։ Աճուրդից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանի մարզերում ֆիզիկամաթեմատիկական-ինժեներական կրթության զարգացմանը։
2021 թվականի հունիսի 27-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Նասիմ Թալեբի Incerto շարքի հայերեն թարգմանությամբ "Սև կարապը" և "Պրոկրուստյան մահիճը" գրքերի շնորհանդեսը, ինչը մեկնարկեց հեղինակի՝ հայ ընթերցողին ուղղված տեսաուղերձով։ Դրան հաջորդեց Թալեբի կոնցեպտների և մեր իրականության մեջ դրանց դրսեւորումների վերաբերյալ քննարկումը։ Քննարկում-շնորհանդեսի հրավիրյալ հյուրերն էին Սերոբ Խաչատրյանը, Վահագն Խաչատրյանը, Տիգրան Մանսուրյանը։
«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։
Անվանակոչության միջոցառմանը մաեստրո Մանսուրյանի ներկայությունն ու հուզիչ խոսքը այն դարձրին էլ ավելի ջերմ ու հիշարժան։
Միջոցառումը շարունակվեց դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։
Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված եւ արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը։
2019 թվականի նոյեմբերի 16-ին «Կողբ» և «Բուն» հիմնադրամները նշեցին իրենց համագործակցության 2 տարին, ինչով էլ մեկնարկեցին բանախոսությունների երկու նոր շարք՝ «Ինքնիշխանության անատոմիա», «Քաղաքագիտության ալգորիթմ»։ Հիմնադրամների երկամյա համագործակցությունը սկիզբ դրեց ևս մեկ համագործակցության «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի» հետ։
2017թ.-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի առաջին բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքագրված միջոցները ուղղվեցին Տավուշի մարզի սահմանամերձ տարածաշրջանում իրականացվող "ԿողբxԹումո" նախագծի մեկնարկին։
2017թ. հունիսի 6-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ "ԹումոxԿողբ" նախագծի շինարարության հանդիսավոր մեկնարկը հաստատող առաջին քարի տեղադրման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, բազմաթիվ հյուրեր արտասահմանից և Հայաստանից:
2024 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի և «Իմ Անտառ Հայաստան» ՀԿ-ի կողմից կազմակերպված ArtForest նախագծի մեկնարկային միջոցառումը։
Երկարաժամկետ համագործակցության մեկնարկը տրվեց համագործակցության հուշագրի ստորագրմամբ։
Նախագծի նպատակն է վերականգնել Հայաստանի անտառածածկ տարածքները և դրանց կենսաբազմազանությունը։ Այս տարի համատեղ ուժերով վերականգնելու ենք Տավուշի մարզի շուրջ 80 հա տարածք՝ տնկելով 30,000 ծառ «մշակութային անտառի» 3 գոտիներում, որոնք կրում են հայ մշակույթի մեծագույն գործիչների՝ Կոմիտասի, Մարտիրոս Սարյանի և Կոստան Զարյանի անունները։
Այս ընտրությունը պատահական չէ, մշակույթի վերը նշված ուղղությունները «Կողբ» հիմնադրամի մշակութային գործունեության 3 հիմնական առաջնահերթություններն են, որոնց ներքո իրականացվել և իրականացվելու են բազմաթիվ նախագծեր, իսկ այս նախագծի միջոցով մենք փորձում ենք բնապահպանությունը դարձնել մեր մշակույթի անբաժանելի մասը։
Միջոցառման հատուկ հյուրերն էին մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Սոֆյա Սարյանը և Երվանդ Քոչարի որդին ու դուստրը՝ Ռուբեն և Նարինե Քոչարները։
Դուք էլ կարող եք աջակցել նախագծին ամրագրելով Ձեր ծառը՝ Ծառատունկ հարթակում:
Մուտքագրեք այն էլ-փոստի հասցեն, որով գրանցվել եք։ Գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ ցուցումները կուղարկվեն այդ հասցեին։